Հարց. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. Իսրայելի լույսը լինելու է կրակի նման, ու սրբելու է նրանց և այրելու է նրանց իբրև անտառի խռիվ (10։17-18).
Պատասխան. Այս խոսքը Երուսաղեմի դարպասի մոտ Հռափսակի զորքերի կորուստն է ցույց տալիս, երբ Աստծո բարկության կրակը լափեց նրանց, և «մեկ գիշերվա ընթացքում հրեշտակը ելավ ու սպանեց հարյուր ութսունհինգ հազար զորական» (37։36): Այս խոսքի իմաստը նախևառաջ հետևյալն է. ասում է՝ Աստծո պատգամը թող Իսրայելի համար լինի կրակի նման, և թող արդարներին մաքրի բոցի նման, ու թող նրանց այրի իբրև խռիվ: Երկրորդ՝ Տիրոջ լույսը օրենքն է, որ լուսավորիչն է այն կատարողների, համաձայն այն խոսքի, թե՝ «Տիրոջ օրենքները լույս են և լույս են տալիս աչքերին» (Սաղմ. 18։9): Իսրայելի այս լույսը թշնամու համար կրակ ու խորտակիչ եղավ և Աստծո ժողովրդին սրբեց, այսինքն՝ նրան զատեց Իր համար, որովհետև սուրբը ոչ միայն արդարն է, այլև նվիրյալը: Սա երկրորդն էր՝ ըստ այն խոսքի, որ «ով բացում է արգանդը, Տիրոջ սուրբ է կոչվում (Ղուկ. 2։23), այսինքն՝ Տիրոջ նվիրյալ: Երրորդ միտքը. մեր Տեր Հիսուս Քրիստոս Իսրայելի լույսը եղավ ու ծագեց հեթանոսների վրա ըստ այս խոսքի՝ «որպես լույս հայտնվեցիր»: Նա նաև բանսարկության այրիչ կրակն է, քանզի կորստյան մատնեց կռապաշտությունը և մարդկանց սրբեց Հոգու կրակով ու նվիրեց Հայր Աստծուն: Չորրորդ՝ սիրո ջերմ ցանկությունը, որ Աստծո հանդեպ բորբոքվում է հոգում, լուսավորում է նրան բարի գործերով և ցանկության աղտեղի ժանգը մաքրում է նրա վրայից ու հեռացնում ըստ այս խոսքի. «Լուսավոր ու անթառամ է իմաստության ցանկությունը» (Իմաստ. 6։13): Տերն Իր արդարությունը բովանդակ տիեզերքի հանդեպ է ցուցաբերում մի հակիրճ և համառոտ խոսքով. նախ՝ սա ցույց է տալիս ոչ թե Աստծո ներելն ու համբերելը, այլ կարճիկարճո վճիռ տալը: Երկրորդ՝ խոսում է հանդերձյալ դատաստանի վերաբերյալ, որ կարճ է լինելու ըստ այն խոսքի, թե՝ «Աստված մի անգամ խոսեց», և այլն: Երրորդ՝ Ավետարանը զանազանում է Օրենքից, որովհետև Մովսեսի օրենքը երկարաբան է, և առակով ու ստվերով փոքրագույն օգուտ էր ցույց տալիս: Մինչդեռ ավետարանական խոսքը ճշմարտությունն ունի հայտնի և պարզ ձևով ըստ այն խոսքի, որ՝ «Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, կփրկվես» (Հռոմ. 10։9):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: