Գլուխ  11

Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղի (11։1).
   
   Ոմանք ասում են, թե այս խոսքը վերաբերում է Եզեկիային, ինչը խիստ անպատշաճ է, որովհետև երբ ասում է՝ «պիտի ընձյուղի», ապագան է ցույց տալիս։ Սակայն հայտնի է, որ այս մարգարեությունը Աքազի թագավորության ժամանակ էր տեղի ունեցել, իսկ Եզեկիան Աքազի թագավորելուց ինը տարի առաջ էր ծնվել: Ուստի այս խոսքի բոլոր մտքերը վերաբերում են Քրիստոսին, Որը Եզեկիայի Տերն է: Ասում է՝ «ընձյուղելու» է, և չի ասում, թե՝ «բուսնելու» է, որպեսզի չկարծվի, որ սերմից է. այլ՝ «ընձյուղելու» է, ըստ այն խոսքի, որ«Աստված ասաց. «Թող երկիրն ընձյուղի դալար բույս»» (Ծննդ. 1։11): Իսկ «ընձյուղելը» ճյուղավորումն ու դալարումն է: Իսկ գավազանը Քրիստոսին է խորհրդանշում։Այդպես է կոչվում շատ պատճառներով. նախ՝ որովհետև գավազանը ցեղ է նշանակում, ըստ այն խոսքի, որ ասաց Սավուղը. «Եմինացիներից եմ ես» (Ա Թագ. 9։21)։ Այս պատճառով այստեղ Հեսսեի գավազան ասելը ցույց է տալիս Հիսուսի՝ Հուդայի ցեղից լինելը: Երկրորդ՝ գավազանը ցույց է տալիս թագավորության իշխանությունն ու փառքը: Այս պատճառով թագավորներն իրենց ձեռքում ունեն ոսկի գավազան, որպեսզի ցույց տրվի թագավորի տերությունն ու փառքը,։ Դրա համար նաևվերադարձին Եզեկիան տեսնում է, որ երկու գավազաններ կցվում են իրար և դառնում մեկ գավազան, որ նշանակում էր Հուդայի ու Եփրեմի թագավորությունների միացումը: Եվ քանի որ մեր Տերը թագավորում է անվախճան, մարգարեն ասում է. «Քո գահը հավիտյանս հավիտենից է, Աստվա՛ծ, Քո արքայական գավազանն արդարության գավազան է» (Սաղմ. 44։7):
   Երրորդ՝ ցույց է տալիս այն արդարությունը, որն ունեին քահանաները։ Նաև, վարդապետները ևս այն կրում են իբրև արդարության նշան: Իսկ մեր Տերը Վարդապետ և Տեր է, քանզի բոլորին ուսուցանում էր աստվածպաշտության ճշմարիտ գիտությունըըստ այն խոսքի, թե՝ «Հիսուս կատարում և ուսուցանում էր» (Գործք 1։1): Իսկ Քրիստոսի թագավորության գավազանի նախատիպը Մովսեսի գավազանն էր, իսկ քահանայության խորհրդանիշն էր Ահարոնի գավազանը:
   Չորրորդ՝ որովհետև ցուպն ու գավազանը հովիվների և անբան անասունների համար է, իսկ մեր Տերը Հովիվ է բանավոր հոտի համար, համաձայն այս սաղմոսի. «Դու, որ հովվում ես Իսրայելին, նայի՛ր, որ առաջնորդում ես» (Սաղմ. 77։2)։ Հիսուս էլ ասում է. «Ես եմ բարի Հովիվը և Իմ կյանքը տալիս եմ Իմ ոչխարների համար» (Հովհ. 10։11): Քանզի ըստ մարգարեի. «Նա ինձ բնակեցրեց դալար վայրերում» (Սաղմ. 22։2), այսինքն՝ շնորհ արեց կերակրվելու Նրա մարմնով և արյամբ, իսկ «հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց» խոսքը նշանակում էր, որավազանի ջրով հանդարտեցրեց, քանզի մեր մեղքերը քավեց մկրտության ջրով:
    Հինգերորդ՝ գավազանը տկարների հաստատությունն է, և մեր Տեր Հիսուս Քրիստոս հավատով հույս և հաստատություն եղավ տկարացած մարդկային ցեղի համար: Ինչպես ասում է Սողոմոնը հանձին Քրիստոսի. «Կենաց փայտ է բոլորի համար, ովքեր պատսպարվում են և ովքեր հաստատությամբ հենվում են նրան որպես Տիրոջ» (Առակ. 3։18):
   Վեցերորդ՝ քանի որ գավազանը ճանապարհի առաջնորդ է կույրերի համար: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իրեն «Ճշմարտության ճանապարհ» անվանեց, ըստ այն խոսքի, թե՝ «Ես եմ ճանապարհն ու ճշմարտությունը» (Հովհ. 14։ 6), որովհետև Նրանով ենք ընթանում դեպի Հայրը, ինչպես և ասում էր. «Ոչ ոք չի գնում Հոր մոտ, եթե ոչ Ինձնով» (Հովհ. 14։6):
   Յոթերորդ՝ գավազանը պատուհաս և տանջանք է նշանակում, ըստ այն խոսքի թե՝ «հարվածելու եմ գավազանով» (Սաղմ. 88։33), այսինքն՝ անիրավներին՝ տանջանքով, և ովքեր չեն հավատում մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մատնվելու են տանջանքի, ըստ այս խոսքի. «Ով չհնազանդվի Որդուն, կյանք չի տեսնի, այլ բարկությունը նրա վրա կմնա» (Հովհ. 3։ 36):
Այսքանն այս մասին:

   Իսկ «Հեսսեյի արմատից» խոսքը նախ ցույց է տալիս Հեսսեյի տնից լինելը, այսինքն՝ թագավորական շավղից, Հուդայի ցեղից սերելը, ինչի մասին նաև Ղուկասն է պատմում, թե՝ «Գաբրիել հրեշտակն ուղարկվեց Կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից» (Ղուկ. 1։26-27): Եվ ամեն ոք իր ցեղից էր կին առնում: Երկրորդ՝ նշանակում է, թե արմատն Աբրահամից էր, և ավելի վեր՝ Ադամից ու նրանց զավակից, ըստ որի նաև Ղուկասը, ազգատոհմը թվարկել սկսելով, Հովսեփից ետ գնալով հասնում է մինչև Ադամ:
   Երրորդ՝ արմատը ցույց է տալիս, թե ծնունդը ամուսնությամբ չէ, այլ անմիջապես արմատից է սերում, և այս խոսքը վերաբերում է կույս Մարիամին, ինչպես ասում է նույն մարգարեն. «Ահա Կույսը պիտի հղանա և Որդի ծնի» (7։14):
   Չորրորդ՝ «արմատից» ասելը հերքում է բազմաթիվ ու զանազան հերձվածներ, որոնք ասում էին, թե Բանը Կույսից չի վերցրել, այլ Կույսի միջով անցել է իբրև մարմին՝ մարմնի միջով, ինչպես ջուրը՝ խողովակի միջով, կամ ոսկին՝ կաղապարի 1: Ընդդեմ նրանց հերձվածի մարգարեն ասում է՝ «արմատից ընձյուղված», որը կույս Մարիամի բնությունից է: Ուրիշներ ասում են, թե երկնքից է բերել մարմինը 2, այլք, թե՝ նոր արարած է: Նրանց բերանը փակում է՝ ասելով. «Հեսսեյի արմատից», ևմերժում է նրանց դավանությունը: Ոմանք ասում էին, թե Աստծո մարդեղությունը եղել է փոփոխմամբ. ընդդեմ նրանց ասում է. «Գավազանն ընձյուղել է արմատից», քանզի արմատից դուրս եկած ճյուղը նույն բնությունն ունի և փոփոխված չէ: Մյուսներն էլ, ինչպես Նեստորը, ասում էին, թե նախ մարդը գոյացավ արգանդում և մորից ծնվեց իբրև լոկ մարդ, իսկ ապա՝ մկրտությունից հետո, Բանն Աստված բնակվեց նրա մեջ, և նրանով կատարեց տնօրինությունը՝ կարծես գտնվելով տաճարում կամ հանդերձանքի մեջ։ Մարգարեն արմատախիլ է անում այս նորահնար հերձվածն՝ ասելով, թե գավազանն ընձյուղեց արմատից, որը թագավորությունն ու ամեն ինչի վրա Տեր լինելն է խորհրդանշում, այլև (Աստվածության-Հ.Ք) Կույսի արգանդում նյութին միավորվելը, այսինքն՝ Բանի մարդ լինելը, ինչպես ասում է Պողոսը. «Աստված Իր Որդուն առաքեց, Որ եղավ [մարմնի նմանությամբ] (Հռոմ. 8։3): Իսկ Հեսսեին հիշում է այն պատճառով, որ չկարծվի, թե սոսկ գավազան է, այլ որ մարդկային արմատից բխած գավազան է: Իսկ ինչու՞ չի հիշում Դավթին, որն ավելի նշանավոր էր. որպեսզի ցույց տա, որ Տերը չգարշեց որևէ մեկից, ինչը ցույց է տալիս Ավետարանը՝ առավելագույնս հայտնի դարձնելով Նրա խոնարհությունը. «Խանձարուրի մեջ ամփոփվեց ու դրվեց մսուրում» (Ղուկ. 2։7):

   «Ծաղիկ է բուսնելու այդ արմատից». բուսնելը աստվածավայելուչ մարմնի բնական աճումն է ցույց տալիս: Իսկ «ծաղիկ» է կոչվում Քրիստոս, և այդ մասին ասվում է նաև Երգ Երգոցում. «Ես դաշտերի ծաղիկն եմ, հովիտների շուշանը» (Երգ. 2։1): Եվ սա բազում պատճառներով է. Նախ՝ որովհետև բորմունքը անմարմին ու նուրբ մի բան է, որը բխում է ենթակայից՝ ծաղկից՝ անբաժանելի լինելով նրանից, ինչը խորհրդաննշում է Բանի՝ մարմնից անբաժանելի լինելը: Երկրորդ՝ որովհետև ինչպես ծաղիկն է անուշ բուրմունք տարածում չորս բոլորը, այդպես էլ Քրիստոսից եղած անուշահոտությունը բուրեց մեր բնության մեջ, ինչպես Պողոսն է ասում Կորնթացիներին հղած թղթում. «Արդ, գոհություն Աստծո, որ Քրիստոս Հիսուսով մեզ միշտ հաղթության է տանում և իր գիտության բուրմունքը մեզնով սփռում է ամեն տեղ, քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծո առջև» (Բ Կորնթ. 2։14-15): Երրորդ՝ որովհետև քանի դեռ պատյանի մեջ է, բուրմունքն իր ներսում է պարունակվում, բայց բուրում է հետո, երբ պատյանը բացվում է: Նույնպես մեր Տեր Հիսուս Քրիստոս Կույսի արգանդում սքանչելի զորությամբ մեր բնությունը միավորեց Իր Աստվածությանը  : Չորրորդ՝ ինչպես ծաղկի սերմերը սկզբնական տկար վիճակից վստահորեն դուրս են գալիս և աճում են՝ հասնելով զորության, այդպես էլ Քրիստոսի մարմինը աճում էր համաձայն բնական հասակի՝ Աստվածության հետ զուգահեռ՝ ամբողջը ամբողջի հետ, և այդպես՝ մարմնի յուրաքանչյուր անդամը, ինչպես ասում է Ավետարանը. «Մանուկն աճում և զորանում էր Աստծո իմաստությամբ և շնորհքով լի» (Ղուկ. 2։40): Հինգերորդ՝ ինչպես բոլոր բույսերից ավելի գեղեցիկ է ծաղկի տեսքը որ զանազան գույների համակցություն, նույնպես մեր Տեր Հիսուս Քրիստոս «տեսքով գեղեցիկ էր բոլոր մարդկանց որդիներից» (Սաղմ. 44։3),- ասում է սաղմոսը: Եվ ինչպես ասվում է Երգ Երգոցում. «Իմ եղբորորդին սպիտակ է և կարմիր՝ ընտրված շատերի մեջ» (Երգ 5։10-11): Վեցերորդ՝ ծաղիկը խորհրդանշում է Քրիստոսի անսերմ ծնունդը, որ նախապատկերվեցԱհարոնի գավազանի միջոցով, որովհետև ինչպես այն գավազանը ծաղկեց առանց տնկվելու, այդպես էլ կույս Մարիամ Աստվածածինը առանց ամուսնության, անսերմ հղացումով ծնեց անապական ծաղկին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Յոթներորդ՝ ինչպես ծաղիկը բժշկություն և առողջություն է հիվանդների համար, նույնպես մեր Տեր Հիսուս Քրիստոս բժշկություն եղավ մեղքով և անհավատությամբ հիվանդացածների համար, ինչպես Սողոմոնն է ասում․ «Կյանքի ծաղիկ է նրա լեզվի բժշկությունը» (Առակ. 14։4): Եվ Եսային ասում է. «Նա մեր մեղքերը և ցավերն իր վրա վերցրեց» (53։11)։ Ինքը՝ Քրիստոս էլ ասում էր. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին»(Ղուկ. 4։31), և այլն: Ութերորդ՝ որովհետև ինչպես ծաղիկը բույսի «լրումն» է, ըստ որում բուսական աշխարհի օրենքի համաձայն այն տեսանելի է դառնում միայն վեր բարձրանալուց և ծաղկելուց հետո, այդպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս թեպետ ուշ ժամանակներում ծագեց ու ծաղկեց Կույսից, բայց «Նա է աշխարհի ակնկալությունը» (Ծննդ.  49։10-11): Եվ Նա է լրումն օրենքի ու մարգարեների, համաձայն առաքյալի խոսքի. «Օրենքի լրումը Քրիստոս է» (Հռոմ. 10։4)։Նա Ինքն էլ ասում է. «Չեկա լուծարելու օրենքները, կամ մարգարեներին, այլ՝ լրացնելու» (Մատթ. 5։17): Այլև Նա է մեր գլուխը, համաձայն այն խոսքի, թե՝ «ամեն մարդու գլուխը Քրիստոս է» (Ա Կորնթ. 11։3): Իններորդ՝ որովհետև բույսը նախ ծաղկում է և հետո պտղաբերում, ինչպես ասում է նաև սուրբ հայրերից մեկը՝ «Պտղաբերության սկիզբը ծաղիկն է», այդպես և մեր Տեր Հիսուս Քրիստոսի երևալուց հետո արդյունավորվեցին բոլոր բարեգործությունների պտուղները, քանզի Քրիստոսից առաջ բարեգործություններն անշահ և անպտուղ էին, որովհետև «մեկը չարդարացավ օրենքի գործերով» (Գաղատ. 2։16),-ինչպես ասում է Պողոսը, իսկ Կորնթացիներին հղած թղթում էլ հորդորում է հավատացյալներին՝ ասելով․ «Ձեր աշխատանքներն այժմ անօգուտ և իզուր չեն» (Ա Կորնթ. 15։58): Տասներորդ՝ որովհետև ինչպես ծաղիկն է միջակա տեղ զբաղեցնում բույսի և պտղի միջև, քանզի նախ բույսն է առաջ գալիս արմատից, և հետո՝ ծաղիկը, ապա՝ պտուղը, նույնպես բնական օրենքից հետո, որ մեր բնության մեջ տնկվեց իբրև արմատ, նախ տրվեց Մովսեսի գրավոր օրենքը, ապա միջնահատվածը՝ ավետարանական պատվիրանները, ու հետո՝ հավիտենականը, որին դառնալու է մեր բնությունը, որից հետո միայն բարեգործության պտուղները ժողովելու է երկնքի արքայության շտեմարաններում: Եվ դա կատարվեց Քրիստոսի ձեռքով, Որը ծաղկեց սուրբ Կույսից, ինչպես ասում է. «Ծաղիկ բուսնեց այն արմատից» և «Նրա վրա հանգչելու է Աստծո Հոգին» (11։2): Այստեղ հերձվածողներն ասում են, թե Քրիստոս Աստված է և կարիքավոր չէ, ուստի ինչո՞ւ է Նրան լիալրում Աստծո Հոգին: Այս կապակցությամբ կասենք. եթե համաձայն ձեր հայհոյության համարենք, թե Որդին ցածր է ու երկյուղում է Հորից, ըստ ձեր ասելու, թե՝ «Հոգին նրան կլցնի Աստծո երկյուղով» (11։3), ապա համաձայն ձեր հայհոյության, ո՜վ արիոսականներ, Հոգին ցածր կլինի Որդուց: Եվ ինչպե՞ս մեծը կարիք կունենա նրան, ով ցածր է իրենից. ուրեմն հայտնի է, թե դուք ձեր իսկ խոսքերով հանդիմանվեցիք: Արդ, Որդին ընդունում է Հոգին ոչ թե իր կարիքի պատճառով, այլ՝ հանուն մեր, որպեսզի մենք դրանից հետո կարիքն ունենանք այն բանի, որի հետևանքով զրկվեցինք Աստծո Հոգուց, ըստ այս խոսքի. «Թող իմ Հոգին դրանց վրա չմնա՝ դրանց մարմին լինելու պատճառով» (Ծննդ. 6։3): Եվ արդ Նա, մեր գլուխը լինելով, ընդունում է Սուրբ Հոգին և սփռում է Իր անդամների, այսինքն՝ Իր հավատացյալների վրա: Եվ ինչպես որ Նա մարդ եղավ ոչ թե Իր կարիքի պատճառով, այլ որպեսզի մեզ Աստծո որդիներ դարձնի, ճիշտ այդպես էլ ընդունեց Սուրբ Հոգին, որպեսզի Սուրբ Հոգով մեզ բաշխի իմաստության, հանճարի, խորհրդի, զորության, գիտության, աստվածպաշտության և Աստծո երկյուղի հոգին: Եվ քանի որ մենք կարիք ունեցանք այսպիսի շնորհների, ուստի Քրիստոսի մեջ [իսկ] հայտնվեց իմաստության հոգին, որի մասին հրեաներն ասում էին. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունը» (Մատթ. 13։54): Իսկ գիտության համար ասում էին. «Սա որտեղի՞ց գիտե գրերը, որովհետև ամենևին չի ուսանել» (Հովհ. 7։15)։ Զորության համար էլ ասում էին. «Բազում զորություն է դուրս գալիս նրանից» (Ղուկ. 6։19):
   

Եվ դարձյալ Հոգին նրան լցնելու է Աստծո երկյուղով (11։3)
   
   Ուր Տիրոջ երկյուղն է, այնտեղ բոլոր պատվիրանների պահպանությունն է: Քանզի երկակի է երկյուղը. մեկը ծառայական ու վատթար, ինչպես ասում է Հովհաննեսը, թե՝ «Ով վախենում է, նա կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ. 4։18): Մյուսը մեծարելի երկյուղն է. այն, որի մասին ասում է մարգարեն. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 22։4): Ավելին. տե՛ս, որ Որդին Հորը ոչ մի տեղ չի ասում, թե՝ «վախեցա Քեզանից», այլ թե՝ «սիրեցի Քեզ», քանզի Որդին սիրում է Հորը և ոչ թե վախենում Նրանից, ինչպես ասում է Մաղաքիան. «Որդին փառավորում է Հորը, իսկ ծառան վախենում է Տիրոջից» (Մաղաք. 1։6): Իսկ որ ասում է՝ «Հոգին նրան կլցնի», երկու իմաստ ունի։ Նախ՝ որպեսզի ցույց տա, թե Քրիստոս ընդունեց ոչ թե Սուրբ Հոգու մասնակի, այլ՝ բովանդակ լրումը, ինչպես Ավետարանն է ասում. «Աստված ոչ թե չափով է տալիս Հոգին Որդուն․․․» (Հովհ. 3։34): Մինչդեռ բոլոր մարդկանց չափով և մասնակիորեն է տալիս Հոգին, ինչպես գրում է Պողոսը. «Հոգու կողմից մեկին տրված է իմաստություն, մյուսին գիտություն» (Ա Կորնթ . 12։8): Երկրորդ՝ ցույց է տալիս Հոգու՝ Որդու հետ հավասարությունը, որովհետև Որդուն կարող է ամենայն ինչ լիալրել, իսկ եթե Որդին մեծ լիներ Հոգուց, տկարը չէր կարող մեծին լիալրել: Սակայն ի՞նչ է իմաստությունը և ի՞նչ է հանճարը. իմաստությունը համաձայն նկարագրի այն է, երբ գիրը [ճանաչվում է] իմացությամբ և մտքով, իսկ հանճարն այն է, երբ գտնում է դժվարին և խորին խոսքերի պատասխանը, իսկ խորհուրդը բարին չարից զանազանելն է: Եվ գիտությունը արվեստ է, որ իմանում ենք զգայարանների միջոցով:
   
Գայլը արածելու է գառան հետ (11։6)
   
   Գազանաբարո մարդկանց գայլ է անվանում, իսկ զգոններին՝ գառ: Այսինքն՝ թե՛ զորականները, թե՛ սպարապետները, թե՛ շինականները, թե՛ ռամիկները մեկ հոտ են, այն է՝ մեկտեղված են իբրև եկեղեցի, և մեկ օրինակով բարեգործում են միասին և մեղք են գործում իրար հանդեպ:
   Դարձյալ որթը, ցուլը և առյուծը միասին են արածելու (11։6ա)
   Այսինքն՝ իմաստունները, խորհրդականները, իշխանները, տգետներն ու փոքրիկները միասնաբար պիտի հոժարեն և ունկնդիր լինեն ավետարանական խոսքին, որ քարոզում է միամիտ հովիվը՝ ակնարկելով մանուկ տղային:
   Եզը և արջը միասին են արածելու, այսինքն՝ արդարներն ու մեղավորները միասին պիտի կերակրվեն խորհրդական Սեղանից՝ Քրիստոսի մարմնից և արյունից։ Այսինքն՝ ավազակները, գողերը, զրկողները, հափշտակողները, որոնք այլոց ինչքերն էին շռայլում լափելով և հարբեցողությամբ, պիտի սկսեն պահք պահել և գոհանալ չափավոր կերակուրներով։ Այդժամ կհիշես մարգարեի խոսքը, թե՝ «Առյուծը եզան պես հարդ է արածելու» (11։7):