Քանզի, ահավասիկ, հասել է Տիրոջ օրը՝ անբժշկելի, լի բարկությամբ (13։9)
Այս խոսքի մասին Ոսկեբերանն ասում է, թե այստեղ հոգիներն ապաշխարությամբ հնար ունեն բժշկվելու, իսկ երբ մեղքերի վերքերով այնտեղ գնանք, տանջանքներին վախճան չի լինելու: Այս պատճառով այդ օրը անբժշկելի է անվանում, որպեսզի առանց բժշկվելու այստեղից այնտեղ չգնանք: Իսկ թե ինչո՞ւ է անբժշկելի կոչվում՝ կարդա՛ հարուստի և Ղազարոսի պատմությունը և սովորի՛ր: Թող փակվեն հերձվածողների բերանները, ովքեր ասում են, թե մահից հետո հոգիների համար ապաշխարության և բժշկության հնարավորություն կա:
Հարց. - Ի՞նչ է, որ ասում է՝ արաբացիների տեսիլ/հմմտ.13։20/.
Պատասխան. Տեսիլն այն է , որ կամ մտքի մեջ է տպավորվում առարկայի տեսքը, կամ միայն աչքի մեջ է տպավորվում, կամ էլ որպես մարմին է ձևանում ու երևում: Իսկ պատգամն այն է, որ միայն ձայն են լսում աներևույթ կերպով: Իսկ առածը ոչ տեսքով է երևում, ոչ ձայնով լսվում, այլ միայն ազդմամբ է լինում,այսինքն՝ երբ Սուրբ Հոգին ազդում է մարգարեին ու մղում է նրան խոսել, ինչպես երգիչը մատներով ազդում է քնարին և ձայն է առաջացնում, կամ ինչպես կրակի ջերմությունը ազդում է մարմնին, կամ էլ ինչպես հանկարծակի տապացավը ազդում է մարմնին և առաջացնում դող և ատամների կափկափոց:Ինչպես վշտերի մեջ ոմանք պիտանի են լինում, ոմանք՝ անպիտան: Պիտանի են նրանք, որ տարվում են համբերությամբ և գոհությամբ, ինչպես Հոբը և նրանք, ովքեր զանազան տանջանքներ կրեցին հանուն Քրիստոսի անվան, և անպիտան են նրանք, ովքեր նեղսրտությամբ ու դժգոհությամբ են [տանում] վշտերը, կամ չեն համբերում մինչև վերջ:Նույնպես և պատիվներն ու մեծարանքն են. դրանցից ոմանք պիտանի են լինում, ոմանք՝ անպիտան:Պիտանի են նրանք, ովքեր փառքի ու մեծության մեջ հեզություն և խոնարհություն են ստանում,ինչպես Աբրահամը, Դավիթը, Կոստանդիանոսը, Տրդատը և Թեոդոսը, ինչպես ասում է Սողոմոնը.,, Ինչպիսի մեծության էլ որ հասնես, դու քեզ խոնարհ պահիր,,/Առակ. 16։3/, և անպիտան են նրանք, ովքեր իրենց պատվի մեջ ամբարտավան են դառնում, և պատիվը չեն վերապահում Տվողին, ինչպես սատանան, որ հպարտությամբ զրկվեց պատվից, և Ադամը զրկվեց դրախտից, և Նաբուգոդոնոսորը ու Սենեքերիմը կորան հպարտության պատճառով:Ստացողին առավել անհրաժեշտ է գոհանալ պարգևների խոստման ժամանակ, քան պարգևները ստանալուց հետո, որովհետև անկատար է գոհանալ ստացված պարգևի համար, քանզի այն վստահության պակաս է ենթադրում. որովհետև երբ տեսնում և ստանում է, միայն այնժամ է գոհանում, մինչդեռ նախքան ստանալը, այսինքն՝ բարիքի խոստման ժամանակ գոհանալը հավաստիքն է առավել հաստատուն և աներկբա հավատի, ինչպես Աբրահամինը, որովհետև Աստծո բոլոր պարգևների խոստումն աներկբայորեն ընդունում էր որպես արդեն ստացված [ընծա]:Նույնպես և Եսայի մարգարեն Հռափսակի ձեռքից ժողովրդի փրկությունից առաջ գոհանում էր Աստծուց և ասում.,, Տեր Աստված իմ, փառավորում եմ քեզ և օրհնում քո անունը,,/25։1/:
մյուսները Աստծո սուրբ պատվիրանների խախտումն են. իսկ կռապաշտությունը մեղանչումն է ընդդեմ Աստծո էության և փառքի:
Երկրորդ՝ ամեն ոք ինչ մեղք էլ որ գործում է ՝ Աստծո երկյուղն ունի իբրև սանձ և պահապան, որի պատճառով, այդ երկյուղն ունենալով, հետո զղջում է: Եվ սրանից հայտնի է դառնում մեղքի մեծությունը, որովհետև հնում մարդ ինչ մեղք որ գործում էր, համաձայն մեղքի ծանրության, մեծ ու փոքր պատարագով սրբվում էր, այսինքն՝ զվարակով, նոխազով, ուլով և այլ բաներով, մինչդեռ կռապաշտության հանցանքի մեծությունն այնքան է, որ Աստծո Միածին Որդին իր մարմնով պատարագվեց խաչի վրա, որից հետո [միայն ] աշխարհից վերացավ ու քավվեց կռապաշտության մեղքը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: