Հարց. Արուսյակն ինչպե՞ս ընկավ երկնքից, որ ծագում էր առավոտյան (14։12)
Պատասխան. Ոմանք այս խոսքերը բացատրում են՝ նկատի ունենալով բաբելացիներին, որոնք հպարտանալով բարձրամիտ էին դարձել և կարծում էին, թե իրենք աստղի նման փառավոր են: Սակայն այն ընկավ և խորտակվեց առավոտյան, այսինքն՝ երբ Իսրայելի գերության առավոտն ու դարձը եղավ, նրանք (բաբելացիները-Հ.Ք) կորստյան մատնվեցին ու ջախջախվեցին մարերի ու պարսիկների կողմից: Սակայն բոլոր վարդապետները Արուսյակը բացատրում են իբրև սատանա, որ երկնքից ընկավ կայծակի նման՝ ըստ Տիրոջհրամանի: Նա Արուսյակ է հորջորջվում բազում պատճառներով. նախ՝ որովհետև ասում է, թե Արուսյակն ընկավ կարծեք թե լույսի փառքից, որ ուներ, և զրկվեց ու դարձավ խավար, ինչպես ասում է Հովհաննեսը. «Խավարը նրան չհասավ» (Հովհ. 1։5): Երկրորդ՝ որովհետև հրեշտակները լույսից կազմվեցին, ու թեպետ ոտնահարեցին բնության պարգևները, Աստված նրանցից չվերցրեց ո՛չ անմահությունը, ո՛չ էլ անմարմին լինելը, նաև հայտնի է, որ «Դևերը լույսի հրեշտակների նման են» (Բ Կորնթ. 11։14), ինչպես ասում է Պողոսը: Երրորդ՝ Արուսյակ են կոչվում մշտնջենավորության պատճառով, քանզի ինչպես անապական է աստղերի բնությունը 1, այնպես էլ սատանան չունի ապականություն, այսինքն՝ վախճան, քանզի անմահորեն միշտ տանջվելու է: Չորրորդ՝ Արուսյակ է կոչվում, որովհետև ուրիշ (աստղերի-Հ.Ք.) լույսից իր լույսի գեղեցկությունն առավելագույն չափով կուրացրեց իրեն, որից հայտնի է, որ չկարողացավ տեսնել [Աստծո] փառքը, այլ կույր մտքով կարծեց, թե այդ փառքն իրենն է: Հինգերորդ՝ Արուսյակ է կոչվում, որպեսզի ցույց տրվի, որ սադայելը իշխան և գլխավոր էր յուրայինների դասում, ովքեր նրա հետ կործանվեցին, որովհետև համաձայն ոմանց խոսքի անկյալ հրեշտակների տասներորդ դասից էր: Բայց այսպես ևս հստակորեն չի իմացվում, թե հրեշտակները տասը դասե՞ր էին և նրանցից մե՞կն ընկավ, թե՞ բոլոր դասերից ընկածները մեկ դաս են կազմում:
Որ ծագում էր առավոտյան (14։12)
Այսինքն՝ աշխարհի արարման սկզբում: Լույսի ու խավարի բաժանման ժամանակ միայն ծագեցին և ընկան երկնքից այդ հրեշտակները, և մեր Տերը այդ Արուսյակին, որ նրանցից մեկն էր, փայլակ է անվանում արագընթաց լինելու պատճառով: Դարձյալ, առավոտն այս հավիտենության վախճանն է, երբ սկսվում է անվախճան օրը, ինչպես Դավիթն է ասում. «Առավոտյան սպանում էի երկրի բոլոր մեղավորներին» (Սաղմ. 100։8): Արդ, (աշխարհի .ՀՔ.) վախճանին մոտ ժամանակներումսատանան դարձյալ մարդկանց վրա է հարձակվելու Նեռի միջոցով, և ապա ընկնելու է երկրի վրա, և կորչելու է նրա խաբեությունը: Ասում է. «երկնքից ընկավ»: Անմարմինն ինչպե՞ս կընկնի, քանզի ընկնելը մարմնին է (բնորոշ). նրա ծանրությունը ներքև է հակում. մեղսալից հպարտությունը, որը երկնային ախտ է, ծանրացավ ու երկիր ընկավ: Նա, որ մարդկանց բոլոր ազգերի վրա տարածեց ամբարտավանության ախտը, ասում է, թե նույն կորստյամբ, որով ինքն ընկավ, ցանկացավ նաև նրանց կորստյան մատնել, ինչպես նախ Ադամին աստվածանալու ցանկության պատճառով երկիր նետեց, և երկրորդ՝ աշտարակը կառուցողներին՝ ամբարտավանությամբ Աստծուն հակառակ լինելու հետևանքով: Այդ պատճառով իրենք իրենց ցրվեցին ու նրանց գործը ոչինչ եղավ: Այսպես և Սենեքերիմը հպարտացավ, թե ինքը միայն պետք է իշխան լինի: Եվ ասում էր, թե բովանդակ տիեզերքն իր ձեռքում է լինելու, ինչպես ձվերը թռչունների բներում, որի պատճառով նրա զորությունն ու փառքը Երուսաղեմի դարպասների մոտ մի գիշերվա մեջ խորտակվեցին՝ հարյուր ութսունհինգ հազար հեծյալների հետ միասին 2: Նույնպես և բաբելացին, որն իր սրտում ասում էր,թե՝ «Բարձրանալու եմ երկինք, նմանվելու եմ բարձրյալին», սակայն կորուստ և ոտքի կոխան եղավ (14։13-14) մյուս թագավորների առջև։ Չէ՞ որ ասվում է․ «Ահավասիկ, դժոխք ես իջնելու և երկրի խորքերը» (14։15): Եվ մեր Տերն էլ ասում է. «Ով բարձրացնի իր անձը, խոնարհվելու է» (Մատթ. 23։12), որովհետև Տերն ամբարտավաններին հակառակ է, ինչպես ասում է Սողոմոնը: Եվ մեր Տերը եկավ, որպեսզի մեղքերի ախտը վերցնի մարդկանց վրայից. Նա խոնարհությամբ կատարեց Իր տնօրինությունը, քանզի Աստծո Խոսքը մարդ եղավ, ծվեց իբրև աղքատ, առաքյալներ ընտրեց խոնարհներից ու ձկնորսներից, [կրեց] խաչի տառապանքը, թուքը, ապտակը և մնացյալ ամեն ինչ, որպեսզի ամենայն ինչով մեզ խոնարհություն սովորեցնի: Դու քո մտքում ասում էիր՝ «բարձրանամ երկինք»: Իսկ Տերը խայտառակում է սատանայի չար խորհուրդները, որպեսզի ցույց տա, որ չար խորհուրդների համար ևս վրեժխնդրություն ու պատուհասի պատիժ կա:
Նստելու եմ բարձր լեռան վրա (14։13ա). այսինքն՝ հրեշտակներից վեր:
Հյուսիսի բարձր լեռների վրա, այսինքն՝ նրա ցուրտ և սառնասառույց չարության վրա, քանզի սառչելով՝ հեռացել էի Աստծուց:
Բարձրանալու եմ ամպերից էլ վեր, նմանվելու եմ Բարձրյալին (14։14)
Այսինքն՝ մարդկանցից երկրպագություն է ստանալու: Ամպերից էլ վեր ասելը աթոռը դնելն է: Նախ՝ ամենքից բարձր լինելն է ցույց տալիս, ինչպես ամպն է մեզանից վեր: Երկրորդ՝ ամպերը խորհրդանշում են մարգարեներին, որոնք Աստծո պատգամավորներն են, ըստ այն խոսքի թե՝ «Հրաման եմ տալու իմ ամպերին, որպեսզի չանձրևեն իմ այգու վրա» (5։6), և այդ կարողությամբ նմանվելու է Բարձրյալին: Երրորդ՝ ամպ ասելով երկինքն է ակնարկում, որովհետև ոմանք ասում են, թե երկինքը օդեղեն է, ուստի սրանով կամենում էր Աստծուն նմանվել, ինչպես ասաց նաև մարգարեի միջոցով. «Երկինքն իմ աթոռն է (66։1), իմ ոտքերի պատվանդանը»: Չորրորդ՝ որովհետև ասվում է, թե Աստված շրջում է ամպով և հողմով, ըստ այն խոսքի. «Ո՞վ հաստատեց ամպերի ընթացքը և շրջելը հողմերի թևերի վրա» (Սաղմ. 103։3), որոնք հրեշտակներն են, և սրանով նմանվում է Աստծուն, Ով շրջում է ամպերի ու հրեշտակների վրա:
Հարց. Ինչո՞ւ է Աքազին օձ համարում, իսկ Եզեկիային՝ իժ:
Պատասխան. Որովհետև օձը սողալով է հասնում իր թշնամուն, ու երբ հարվածում է, շրջվում է և հետո կարողանում փրկվել, կամ թռչում և հարվածում է, կամ էլ միայն նայելիս շնչով սպանում: Այսպես, Աքազ թագավորը նախ տևապես պատրաստվում էր և հետո միայն հարվածում փղշտացիներին, իսկ Եզեկիան արագորեն կամ էլ տանը նստելով լոկ աղոթքով հալածում էր նրանց:
Հարց. Այս մարգարեն ինչո՞ւ է սպառնում այլազգիների՝ բաբելացիների, դամասկացիների, մովաբացիների և այլոց գերությամբ ու ջախջախմամբ։
Պատասխան. Առաջին պատճառն այս է. որպեսզի ի մտի ունենան մարգարեի ասածը, ու կարողանան ապաշխարությամբ փրկվել պատուհասից, ինչպես նինվեացիները փրկվեցին: Երկրորդ՝ որպեսզի Իսրայելը չիմանա, թե իր հաճախորեն գերվելը կուռքերի զորությունից է, կամ հակառակորդի զորավոր այրերի զորությունից. այդ պատճառով էլ նրա վրա պատուհաս է բերում: Երրորդ՝ դա սուտ մարգարեներին հանդիմանելու նպատակով է, նրա՛նց, ովքեր ասում էին իսրայելացիներին, թե դուք միշտ գերության եք մատնվում, որովհետև անարգում եք կուռքերին. այդ պատճառով էլ նրանց, ովքեր կուռքերի երդվյալ պաշտոնյաներն էին, գերության է մատնում: Չորրորդ՝ որովհետև երբ Աստված կամենում էր մեղքերի համար պատժել Իսրայելին, նրան այլազգիների ձեռքն էր հանձնում: Իսկ այլազգիները Աստծո թույլատրածից առավել մեծ չափով էին չարչարում նրանց, այսինքն՝ հրեաներին իրենց խիստ և անողորմ բարքերի պատճառով գերության է մատնում, իսկ այլազգիներին փոխարինաբար հատուցում էիրենց չափազանց դաժանության համար:
Աշխարհը անապատ դարձնել (14։17)
Տե՛ս, ասում է՝ աշխարհները անապատ են լինելու, քանզի արդարներին ընդունելու է արքայությունը, իսկ մեղավորներին՝ գեհենը, ըստ այն խոսքի, թե՝ «Երկրում պակասելու են մեղավորները» (Սաղմ. 105։35): Քանզի այն գալուստը առաջինի նման, երբ եկավ մեղքերը վերցնելու, առանց ոտնաձայնության չի լինելու, «ասես անձրևը բրդի վրա» (Սաղմ. 71։6),: Այլ գալու է արդարության համար վրեժխնդիր լինելու, որի պատճառով երկինքն ու երկիրը, բոլոր արարածները դողալու են: Եվ այն օրը ոչ միայն բարկության, այլև՝ պարգևների համար է: Ինչո՞ւ է չարի անունով կոչվում և ոչ թե՝ բարու. սա երեք բանի պատճառով է. նախ՝ մեր ծուլության, որպեսզի գոնե այդպես զգաստանանք, երկրորդ՝ այն, որ դա պարգևների օր է՝ բոլորը գիտեն, բայց որ դա նաև պատիժների օր է՝ տեղյակ չեն, երրորդ՝ որովհետև հավատում են մեծարանքին, իսկ տանջանքներին՝ ոչ, որի պատճառով մշտապես հիշատակում է տանջանքները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: