Գլուխ  19

Ահավասիկ Տերը, բազմած թևթևասահ ամպերի վրա, գալու է Եգիպտոս (19։1).

   

   Թեթև ամպ է կոչում կույս Մարիամ Աստվածածնին: Եվ սա բազում պատճառներով է.
նախ քանի որ այդ ամպը թեթև է, այդ պատճառով էլ բարձր է երկրի բոլոր բարձունքներից: Նույնպես և սուրբ կույս Մարիամն իր ամենամաքուր սրբությամբ հույժ թեթևացած ու զերծ է մնացած ամեն տեսակ երկրաքարշ խորհուրդներից: Հանձին նրա իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Սուրբ է քո տաճարը սքանչելի արդարությամբ» (Սաղմ. 64։5,6):    Երկրորդ՝ որովհետև այդ ամպը նվազագույն աղտեղություն իսկ չունի: Նույնպես և սուրբ կույս Աստվածածինը չուներ աղտեղի մարմնական ցանկություն, որի պատճառով Եսայի մարգարեի կողմից Կույս է անվանվում. «Ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի» (7։14): Քանզի կույս բառը լիակատար սրբություն է նշանակում, ըստ որում առանց սերմի հղիացավ և անապական մարմնով ծնեց Աստված Բանին:
   Երրորդ՝ որովհետև այն ամպը պայծառ և լուսավոր է՝ ուրիշներից առավել իր կողմը ձգած լինելով արեգակի ճառագայթները: Նույնպես և սուրբ կույս Աստվածածինն իր մեջ կրելով արդարության հոգևոր արեգակին՝ Քրիստոսին, պայծառագույն ու գերազանց եղավ բոլոր ազգերի մեջ, ինչպես Աստծո Մայր լինելու պատիվն առավել է բոլորից: Նույնպես առավել են նրան տրված շնորհները, քան բոլոր արարածների վրա հեղված շնորհները, որի պատճառով ասում է. «այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան» (Ղուկ. 1։48):
   Չորրորդ՝ որովհետև  ամպն արագընթաց է և արագորեն աճում է: Նույնպես սուրբ կույս Մարիամը փութկոտ է ամեն տեսակ բարեգործության մեջ, մինչ օրըստօրե ներգործական փառքն աճում և զորանում է շնորհական [փառքի] նկատմամբ:
   Հինգերորդ՝ որովհետև ամպը հովանի է լինում տոթ ժամանակ: Նույնպես և սուրբ կույս Տիրուհին հովանավորվելով Հորից, համաձայն հրեշտակի, տոթ ժամանակ, երբ  սատանայի փորձությունների տապը տագնապի էր մատնել մեր բնությունը, ծնեց մեր Փրկչին՝ Քրիստոսին՝ բովանդակ աշխարհի հովանուն: Այս պատճառով մարգարեն ասում է.«Քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ» (Սաղմ. 62։8): Սրա մեջ խորհրդանշորեն պատկերվեց ամպի սյան խորհուրդը, որ հովանի եղավ Իսրայելին, և լույս էր տալիս նրան գիշերը, այսինքն՝ անգիտության խավարից բերեց դեպի աստվածգիտության լույսը ու վերացրեց սատանայի բռնությունը:
   Վեցերորդ՝ ամպը ծածուկն ու անգիտելին է նշանակում, այդպես էլ՝ տնօրենության բովանդակ խորհուրդը, ծածուկ ու թաքուն կատարվեց սուրբ Կույսի մեջ, նախ որովհետև սրբությամբ սնվեց տաճարում, համաձայն կույսերի օրենքի և հետո նշանվեց արդար Հովսեփի հետ, որ վախենում էր հղիությունից, բայց հրեշտակը փարատեց [նրա վախը]. «Մի վախեցիր Հովսեփ Դավթի որդի» (Մտթ. 1։20): Եվ սա եղավ, որպեսզի նրան չտեսնի անարժան աչքը (հմմտ. Հոբ 3։9), ասում է Հոբը:
   Յոթերորդ՝ որովհետև ինչպես երբեմն ամպը ծածկում է արեգակի լույսը, նմանապես և սուրբ Կույս Տիրամայրը իննամսյա ժամանակով իր մեջ քողարկում էր բովանդակ աշխարհի լույսը, և հետո եղավ հոգևոր արևելք ու ծննդյամբ ծագեցրեց արդարության արեգակին երկրի վրա, համաձայն այն խոսքի, թե արեգակը մեզ այցելեց բարձունքից (Ղուկ.1։78), որպեսզի լույս ծագեցնի մեզ վրա ու մեր ոտքերն ուղղի դեպի խաղաղության ճանապարհները:
   Ութերորդ՝ որովհետև ամպը ծովից աներևութապես առնելով, այնուհետ հայտնպես անձրև է ցողում և այն լցնում ամեն տեսակ բարիքով, այդպես էլ սուրբ Կույսը երկնավոր և իմանալի ծովից այսինքն՝ Հայր Աստծո ծոցից իր մեջ կրեց կենդանի Ջուրը և հեղեց մեր բանական երկրի ցամաք բնության վրա և առատապես լիացրեց մեր կարոտությունն ամեն տեսակ բարիքով, ինչպես ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհ. 7:37):
   Իններորդ՝ համաձայն այլ օրինակի, երբ ամպը գոյանում է ջրի խոնավ գոլորշիներից, և ջուրն ունի բնական դառնություն֊աղիություն, սակայն քամիների հետևանքով այս դառնությունը մեղմվում է, և հեղվելով երկրի վրա, քաղցր և ախորժելի է դառնում: Սրա նման էլ Կույս Մարիամը Ադամի բնության դառնացած զանգվածից էր, և Սուրբ Հոգու գալստյամբ ձերբազատվեց սկզբնական մեղքից ևս, ապա ամենամաքուր Կույսից քաղցր ցողը՝ Քրիստոս իր քաղցրաբուխ վարդապտությամբ սփռվեց հավատացյալների սրտի մեջ, ըստ այն խոսքի, թե «Իմ քիմքին մեղրից քաղցր են քո խոսքերը» (Սաղմ.///): Եվ ինքն ասում էր. «Իմ լուծը քաղցր է» (Մատթ. 11:29) և այլն:
   Տասներորդ՝ որովհետև ամպը ոչ միայն ցող է անձրևում, այլև՝ ձյուն, կարկուտ և կրակ է իջեցնում: Այսպես էլ սրբուհի Կույսից ծնված Աստված հավատացյալների համար կյանքի ու պտղաբերության անձրև եղավ, իսկ անհավատների և սատանայի համար՝ հրախառն կարկուտ և անպտուղ ձմեռ: Համաձայն այն խոսքի,թե ՝«Բարձրյալը  ձայն տվեց» (Սաղմ. 45:7), որ Քրիստոս է. նա կարկուտ և կայծակ, հուր եղավ, այսինքն՝ սատանայի վրա, քանզի  կործանելով այրեց և աշխարհից վերացրեց դիվամոլ կռապաշտությունը, ինչպես և այստեղ ասում է մարգարեն, թե՝ պիտի շարժվի, այսինքն՝ կործանվելու են Եգիպտոսի ձեռագործները, որ կուռքերն էին, և «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են» (Սղմ. 95:5), ասում է մարգարեն: Եվ ինքը՝ Տերը սպառնում է անհավատներին. «Ով չի հնազանդվում Որդուն՝ Աստծո բարկությունը նրա վրա կմնա» (Հովհ. 3:36): Որովհետև «Նա կա ի կանգնումն և ի գլորումն շատերի» (Ղուկ. 2:34), ասում է Սիմեոն ծերունին: Եվ այլ կերպ. որովհետև Քրիստոսի առաջին գալուստը բրդի վրա իջած ցողի նման է: Իսկ երկրորդն ահագին և զարհուրելի է, քանզի կրակի նման սաստիկ որոտմամբ ու փողի ձայնով է հայտնվելու դատաստանն ու պատիժը, համաձայն գործերի: