Եվ ես տեսա երկու հեծյալ. մի հեծյալը՝ էշի վրա, մյուս հեծյալը՝ ուղտի (21։7)
Համաձայն գրության, էշին հեծածը ակնարկում է Մարաց թագավորին, ուղտին հեծածը՝ ելիմացիների, որոնք ավերեցին ու գերեցին Բաբելոնը, բայց անարգ զորքերի միջոցով կործանվեցին: Նաև, էշով ցույց է տալիս բաբելացիների խառնակեցությունը, իսկ ուղտով՝ բարձր հպարտությունը: Դարձյալ, էշին հեծածը խորհրդանշում է Քրիստոսին, Որը նստեց ավանակի և էշի վրա, ըստ Զաքարիայի մարգարեության. «Ահա քո թագավորը գալիս է նստած ավանակի վրա» (Զաք. 9։9-10), իսկ ուղտի հեծյալը խորհրդանշում է Հովհաննեսին, որ հագել էր ուղտի մազից հագուստ: Եվ սա հետևյալն խորհուրդ ուներ․ Քրիստոսի գալստյամբ սուրբերն ու անսուրբները կմիավորվեն, քանզի մկրտության միջոցով բոլոր մարդիկ դառնում են անդամները և միավորվում գլխին՝ Քրիստոսին: Ինչպես ասում է Պողոսը. «Որեմն խտրություն չկա ոչ հրեայի և ոչ հեթանոսի, ոչ ծառայի և ոչ ազատի, ոչ արուի և ոչ էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3։28): Կան նաև երկու ձիավորներ, որոնք հետևյալն են խորհրդանշում. նախ՝ Քրիստոսին, Որը մարդկանց ավետիս տվեց սատանայի և դժոխքի կործանման մասին՝ ասելով. «Քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33): Իսկ երկու ձի ասելով նկատի ունի մարգարեներին կամ առաքյալներին, որոնք Աստծո Խոսքը կրեցին ու պատմեցին այլևայլ տեղիներում, ինչպես Ամբակումն է ասում. «Որպեսզի բարձրանաս քո ձիու վրա, իսկ քո հեծնելը փրկություն է» (Ամբ. 3։8), կամ էլ երկու ձիերը հրեաներն ու հեթանոսներն էին, ովքեր լծվեցին Նրա խոսքի կառքին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: