Բազմապատիկ (28։16)
Այսինքն՝ բազմակտոր. նախ՝ որովհետև Նա կրում և ընդունում է ամենքին, ովքեր հաստատված են Նրա վրա: Երկրորդ՝ որովհետև ոչ միայն աստղերի բարեհաճությունը, այլև հանդերձյալ կյանք է պարգևում: Ընտիր է, քանզի ոչ ոք Նրան հավասար չէ, ուստւ երբ լսես «Իմ անդրանիկ որդի Իսրայելը» (Ելք 4։22) խոսքը, կամ մեկի մասին, ով օծված է, ինչպես Քրիստոս, կամ մեկի, ով միածին որդի է, չկարծես, թե հավասար է Նրան, որովհետև Նա է ընտրյալ Որդին, «որին հոժարեց Հայրը» (Մատթ. 3։17), և միայն Նա է հավասար Հորը, քանզի ինչ ասվում է Հոր համար, նույնը վերաբերում է Որդուն:
Պատվական է, որովհետև թեպետև անարգվեց, թուք ու մուր կերավ, չարչարվեց, սակայն Իր հարստությունից ու փառքից չզրկվեց:
Անկյան գլուխը (28։16)`
անկյունաքարն է, և այն երկու գործ է կատարում. նախ՝ երկու քարեր իրար է կապում, երկրորդ՝ պատի բովանդակ [ծանրությունն] իր վրա է ընդունում։ Այդպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս բոլոր մեղքերը և ողջ անեծքը Իր վրա ընդունեց ու կրեց Իր մարդեղությամբ, իսկ հրեաներին և հեթանոսներին կապեց քրիստոնեության նույն հավատին: Եվ պատի կողմերը չորսն են, որ կապում է անկյունաքարը, այսինքն՝ հրեաներին, հեթանոսներին, մարդկանց և հրեշտակներին։ Նա վերացրեց տարբերությունը, որ հրեաների ու հեթանոսների մեջ առաջացրած օրենքի խտրությունն էր, նաև վերացրեց թշնամությունը, որ հրեշտակների ու մարդկանց մեջ եղած կռապաշտությունն ու մեղքն էր, և հաշտեցրեց հրեշտակներին ու մարդկանց, ըստ որի մարդկանցից ընդունած մարմնով նստեց Հոր աջ կողմը, և «Նրան պիտի խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկրավորների, թե՛ երկնավորների» (Փիլիպ. 2։9), և «Ով նրան հավատա՝ չի ամաչելու» (Ա Պետ. 2։6): Հավատով ցույց է տալիս առաջին գալուստը, որովհետև երկրորդ գալուստի ժամանակ հավատքի կարիք չի լինի: Դարձյալ ասում է. «Ով Նրան հավատա՝ չի ամաչելու» (28։16), և ոչ թե նա, ով քննելու է Քրիստոսին։ Սրանից հայտնի է դառնում, որ նա, ով հանդգնի քննել աստվածային տնօրինությունը, ամաչելու է, նախ՝ որովհետև չի կարողանալու դա անել, երկրորդ՝ որովհետև ընկնելու է երկբայության մեջ ու կորչելու է:
Այսքանն այս մասին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: