Գլուխ 31

Տերն ասում է. «Երանի նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են» (31:9).
   
   Ոմանք ասում են, թե լույսը Սիոնում է, և փրկությունն է խորհրդանշում, իսկ հուրը Երուսաղեմում է և խորհրդանշում է ասորեստանցիների կողմից պատուհասած սաստիկ տանջանքը: Մեկն ուրիշն էլ ասում է, որ Սիոնը և Երուսաղեմը վերինն ու հոգեղենն են, ըստ այս խոսքի, որ  ասում է. «Որ մեր բոլորի մայրն է» (Գաղ. 4:26-27): Եվ եթե մարդիկ, որ փրկվում են մարմնավոր տանջանքներից, կոչվում են երանելի, որչափ ևս առավել երանելի են նրանք, ովքեր փրկվում են անդենական կրակի տանջանքներից, որոնք այրում են սատանային՝ մեր թշնամուն: Իսկ զավակ է անվանում բարեգործությունների հոգևոր ծնունդին, քանզի հղանում ենք Աստծո երկյուղով, երկնում համբերությամբ՝ ճգնության մեջ, և ծնում հոգու փրկություն, որ միշտ ուրախացնում է ծնողին, համաձայն այն խոսքի, թե՝ «Ամուլին բնակեցնում է տան մեջ, իբրև մայր, որ հրճվում է զավակներով» (Սաղմ. 112:9): Այլև տանեցիներին ընդունում ենք զգալի եկեղեցում, որ նոր Սիոնն ու Երուսաղեմն է իբրև պատարագի ընծա, որ միշտ մեր փոխարեն եղած անմոռաց հիշատակն է: Եվ տանեցիները հարազատ են Աստծուն՝ անուշահոտ բուրմունքով և անշեջ լույսով բնակվելով Աստծո աչքի առջև, նաև եկեղեցիներում զանազան այլ պտուղներ տալով։