Տեր, ողորմի՛ր մեզ, քանզի Քեզ հուսացինք (33։2)
Տե՛ս, որ ողորմելին չպիտի հուսալքվի արդարություն չունենալու, այսինքն՝ ողորմության արժանի գործեր կատարած չլինելու պատճառով, որը նրա աղքատության, պահք չպահելու և տկարության հետևանքն է, այլ այդուամենայնիվ, պիտի հույսով դիմի Տիրոջը, և Տերը կկատարի նրա խնդրանքը, համաձայն այրու առակի, որի «հերոսը» ստացավ իր խնդրածը (Ղուկ. 18։1-8), նաև նա, ով պարտք էր բյուր դահեկան, խնդրանքի շնորհիվ անպարտ համարվեց (Ղուկ. 16։1-8):
Բայց դրան հասնելու համար չորս բան է անհրաժեշտ. նախ՝ ամեն կողմից պետք է զսպի մարմին ու զգայարանները և մտքի զորությամբ առաջնորդվի, այլև հոգով ու մտքով ձգտի Աստծուն, ըստ այն խոսքի, թե՝ «Սաղմոս ասենք հոգով և մարմնով» (Ա Կորնթ. 14։15):
Երկրորդ՝ պիտի հավատով խնդրի՝առանց երկբայության, ըստ այն խոսքի, թե՝ «Ամեն ինչ, որ խնդրեք հավատով՝ կստանաք, որովհետև երկմիտ մարդը չի կարող ակնկալել Աստծուց ինչ-որ բան ստանալ» (հմմտ. Հակոբոս 1։7-8):
Երրորդ՝ պետք է խոնարհությամբ խնդրի, ինչպես մաքսավորը, և ո՛չ թե հպարտությամբ, ինչպես փարիսեցին. «Տերը նայեց խոնարհների աղոթքին ու չարհամարհեց նրանց խնդրանքները» (Եսայի 63։9), այսինքն՝ մշտապես հարկ է հիշել նախածնողների նկատմամբ Աստծո մեծ գթության ու մեր բնության տկարության մասին:
Չորրորդ՝ անհրաժեշտ է, որ մարդ օգտակար բաներ խնդրի հոգու, կամ եկեղեցու, կամ իշխանների, կամ աշխարհի համար, և ո՛չ թե անօգտակար, այսինքն՝ մարմնավոր բաներ, ըստ աշխարհային ցանկությունների, որովհետև դրանք հեթանոսների խնդրանքն են: Այդ պատճառով ասում է, թե՝ «Նախ Աստծո արքայությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ ավելիով» (Մատթ. 6։3): Խնդրելիս անհրաժեշտ էայս չորս «պահանջները» կատարել, սակայն դրանք օգտակար են, երբ տեղին ու ժամանակին են կատարվում: Եվ եթե մեկը լիարժեք կատարի այս ամենը, ինչ որ խնդրի՝ կստանա, և ինչ որ փնտրի՝ կգտնի: Ուստի մի՛ ասա, թե՝ մեղավոր եմ, քանի որ քո մեղքը Աստծո ողորմությունից մեծ չէ, ու չի կարող քո մեղքը հաղթել Աստծո ողորմությանը, քանզի քո մեղքը կրակի մի կայծի նման է Նրա ողորմության անդունդի մեջ: Տե՛ս, թե ինչպես Աստծո ողորմությունը հուսահատված ու դատապարտված մեղավորին Աստծո որդի և Իրեն ժառանգակից դարձրեց: Տե՛ս նաև Աստծո զորությունը մեղքի նկատմամբ. «Եթե ձեր մեղքերը արյան պես լինեն՝ ձյան նման ճերմակ կդարձնեմ» (Եսայի 1։8): Տե՛ս նաև դյուրությունը. «Ցողիր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա ու ձյունից ճերմակ կլինեմ» (Սաղմ. 50։9): Մեծ է քո մեղքը, մեծ է նաև Նրա ողորմությունը, [և հասնում է] մինչև երկինք։Խորն է քո վերքը՝ մարդասեր է Բժիշկը ու ձրի բժշկում է: Ահագին է քո մեղքի ծովը՝ իմաստուն է Նավապետը, խորն է մեղքիդ վիհը՝ ամենազոր է Աստծո ձեռքը, բոլոր մեղքերից մեծ է հուսահատությունը, սակայն հուսահատությունից դուրս գալու դեղահաբը Աստծո ձեռքում է: Նրան հուսա՛, և հույսն երբեք չի ամաչեցնի (Հռոմ. 5։5). «Տեր, Քեզ հուսացի, թող հավիտյան չամաչեմ» (Սաղմ. 30։2):
Անհավատների սերունդը կործանվեց (33։2)
Նկատի ունի Հռափսակի զորքին, որ կորավ ու ջախջախվեց Երուսաղեմի դարպասի մոտ: Սակայն այժմ անհավատների բոլոր ծնունդներին կորստյան չի մատնում ու չի լքում, այլ ոմանց թողություն է տալիս և ոմանց կորստյան մատնում: Ինչո՞ւ է այսպես. ոմանց թողություն է տալիս, որպեսզի նրանցով երևան ու նրանց միջոցով փորձվեն ընտիրները, իսկ ոմանց կորստյան է մատնում, որպեսզի առաքինիները հուսահատված չծուլանան: Դարձյալ ոմանց թողություն է տալիս, քանզի ներող ու քաղցր է Տերը, և ոմանց վերացնում է, քանզի արդար ու հատուցող է Նա:
Ձեր մեծ ու փոքրի կողոպուտը հավաքվելու է (33։4)
Համաձայն պատմության, Հռափսակի զորքերն ուժեղացան՝ հավաքելով կողոպուտը, իսկ երբ նրանք ոչնչացան, Հուդայի ցեղը հավաքեց թե՛ իր և թե՛ նրանց կուտակած գանձերն առհասարակ: Իսկ հոգևոր առումով՝ որովհետև առաջին մարդն ուներ բազում հարստություն, այսինքն՝ նախևառաջ՝ անմահություն, երկրորդ՝ սրբություն, երրորդ՝ Աստծուն տեսնելու, չորրորդ՝ նրան խոսակից լինելը կարողություն, հինգերորդ՝ դրախտի փափկությունը, վեցերորդ՝ կերակուրների անաշխատ վայելումը: Բանսարկուն այս ամենից զրկեց ու կողոպտեց, իսկ մեր Տիրոջ միջոցով վերստին ժողովեցինք այս ամենը, այսինքն՝ Քրիստոսի հարության միջոցով վերագտանք անմահությունը, այլև սրբությունը՝ ավազանով։ Աստծուն տեսնելն այժմ հավատով է, իսկ հետո դեմհանդիման պիտի լինի։ Աստծուն խոսակից լինելն այժմ Ավետարանի միջոցով է, դրախտի փոխարեն վերին արքայության ժառանգությունն է, կերակրի [փոխարեն] այժմ Կենարարի մարմնի և արյան հաղորդությունն է, իսկ հանդերձյալ կյանքում՝ Հոր սեղանից ճաշակելու հնարավորությունը, ինչպես խոստացվեց:
Սուրբ է մեր Տեր Աստվածը, որ բնակվում է բարձունքներում (33։5)
Սուրբ և սրբարար է ու սրբերի մեջ է հանգչում Աստված: Ոչ միայն երկնքի բարձունքներում է բնակվում, այլև խոնարհների վսեմ հոգիներում, ըստ այն խոսքի. «Ես որտե՞ղ պիտի հանգչեմ, եթե ոչ հեզերի ու խոնարհների մեջ» (Եսայի 66։2), և «Ով խոնարհեցնի իր անձը՝ կբարձրանա» (Ղուկ. 14։11), «Խոնարհ եղբայրը պիտի պարծենա իր բարձրությամբ» (Հակոբ 1։9): Այլև, Աստված բնակվում է Իր պատվիրանները պահողների մեջ, ինչպես ասում է. «Ես և իմ Հայրը նրա մոտ կգանք և նրա համար օթևան կպատրաստենք» (հմմտ.Հովհ. 14։23):
Սիոնը լցվեց իրավունքով և արդարությամբ. Աստծո զորությունը, արդարությունն ու ճշմարտությունը երևաց զորքը ոչնչացնելիս. զորությունն այն բանում է, որ մի հրեշտակ բազում բյուրավորների ոչնչացրեց, արդարությունը նրանում է, որ բազմիցսգերված ու սատկացված էին, ու քանի որ Աստծուն էին հայհոյել, իրավամբ սատկացվեցին, իսկ հետո ամենքն էլ իմացան, որ Նա է միայն ճշմարիտ Աստված, Ով փրկեց Իր ժողովրդին: Դարձյալ, Սիոնը նոր եկեղեցին է, որովհետև սրա մեջ է յուրաքանչյուր հանցանքի չափի համաձայն հատուցման իրավունքն ու բժշկությունը: Եվ արդարությունն ամեն տեսակ առաքինության մայրն է: Ասում է՝ լցվեց արդարությամբ, որովհետև արդարություն է ոչ միայն չզրկելը, այլև բոլոր զգայարաններն անարատ պահելը և յուրաքանչյուրին հատուցելը, մեկին՝ պարտքերը, մյուսին՝ պատիվն ու մնացյալը համաձայն առաքյալի (Հռոմ. 13։7):
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, և գանձերով է լինելու մեր փրկությունը (33։6)
Իրավացիորեն, սակայն ո՞ր իրավունքով, Ադամի՞, թե՞ Մովսեսի։ Թվում է, թե երկուսի էլ, որովհետև երբ Մովսեսի օրենքը չէին պահում՝ մատնվում էին թշնամիների ձեռքը, իսկ գանձերով, այսինքն՝ Աստծո ծածուկ զորությամբ փրկվում էին: Նաև Ադամը, որովհետև օրենքի դեմ հանցանք գործեց ու մատնվեց մահվան. «Որ օրը ուտես՝ մահվամբ ես մեռնելու» (Ծննդ. 2։17),- ասում է Տերը: Եվ գանձերով է լինելու փրկությունը, այսինքն՝ Քրիստոսի անարատ ու անբիծ արյամբ: Փրկությունը դարձյալ լինում է պատվիրանների պահպանությամբ:
Հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը (33։6ա)
Ասաց, թե գանձերով է փրկությունը, որպեսզի չիմանան, թե՝ մարմնական գանձերով: Ասում է, թե Քրիստոս եկավ ու մեզ հանճարեղ դարձրեց ճշմարիտ աստվածպաշտությամբ, որով փրկվեցինք. ա՛յս է արդարության գանձը: Դարձյալ երկյուղը իմաստության սկիզբն է (Առակ. 1։7), իմաստությունը՝ հանճարի, իսկ հանճարն էլ՝ աստվածպաշտության: Հայտնի է, որ պատիժն ու նեղությունը արդարության գանձերն են, որի երկյուղից հասնում ենք իմաստության, հանճարի ու աստվածպաշտության, և այդպիսով մենք պիտանի ենք դառնում:
«Արդ, ելնելու եմ»,- ասում է Տերը (33։10)
Երբ Տերը թշնամիներին գերության մատնեց, այնժամ վեր բարձրացավ և տեսանելի դարձավ ամենքի աչքին, սակայն այդժամ իրադարձությունները դեռևս պարզված չէին, բայց երբ խորտակեց չարի զորքերին, այնժամ առավել հայտնի դարձավ Աստծո զորությունը: Չի ասում՝ «հարձակվելու եմ նրանց վրա», որովհետև Աստծո «ելնելը» միայն բավական է թշնամիներին ցրելու համար: Ինչպես ասում է Դավիթը. «Աստված ելավ ու ցրվեցին նրա թշնամիները» (հմմտ Սաղմ. 82։2)։Ելնելը նստելու վիճակից ուղղվել է նշանակում, և չնայած դա վայել չէ Աստծո անմարմին բնությանը, բայց Սուրբ Գիրքը Աստծո վրեժխնդրության դրսևորումը «ելնել» և «արթնանալ» է անվանում, իսկ ներելու կարողությունը «նստել» ու «ննջել» է կոչում:
Այժմ փառավորվելու եմ (33։10 ա)
Աստվածային փառքը Նրա սեփականությունն ու բնությունն իսկ է. սա ըստմարդկային պատկերացման: Դարձյալ, Տերն Իր ժողովրդի փառքը Իրենն է համարում: Դարձյալ, չէ՞ որ այժմ Աստծո փառքը հայտնվեց այլազգիների մեջ: Եվ տե՛ս ու ի մտի ունեցի՛ր այն խոսքը, որն ասում է Տերը. «Այժմ փառավորվեց մարդու Որդին» (Հովհ. 13։31), այսինքն՝ այժմ հայտնվեց փառքը, որ ուներ բնությամբ ու սեփականությամբ: «Այժմ բարձրանալու եմ». Նույնպիսին է նաև այս խոսքը, քանզի Աստված ժողովրդի հետ բարձրացավ նրանց մեջ, չնայած մինչ այդ Նրան նվաստ ու խոնարհ էին կարծում: Դարձյալ, մեր Տերը բարձրացավ գերեզմանից ու փառավորվեց երկնքում, երկրի վրա ու բարձունքներում և երկնքում նստեց Հոր աջ կողմում : Ու նրանք տեսան և ամաչեցին, սակայն չմտափոխվեցին:
Նա բնակվելու է հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ (33։16)
Այս խոսքը պետք է երեք կերպ հասկանալ: Նախ՝ խոսում է գերությունից դարձի վերաբերյալ: «Հաստատուն ապառաժը» Երուսաղեմն է, որ հեռվից տեսան, և ամենքը պիտի գան ու բնակվեն այնտեղ:
Երկրորդ՝ սա պատշաճում է Եզեկիային, որովհետև նա Աստծո առջև քայլեց արդարությամբ ու հաստատապես բնակվեց երկնքի արքայության բարձունքներում: Այնտեղ նաև նրա ջրհորը առատ բխեց ու փառքով երևաց այլազգիներին ոչնչացնելուց և արեգակի ընթացքը դադարեցնելուց հետո, այնժամ, երբ առողջացավ (Բ Թագ․ 18-20, Մնաց. 29-32, Եսայի 36-38):
Երրորդ՝ ճշմարտապես [վերաբերում] է մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու Նրա հավատացյալներին, որոնք բոլոր զգայարանների սրբությամբ ու հավատով բնակվեցին հաստատուն վիմաժայռի՝ Քրիստոսի վրա: Նա Ինքն է երկնքից իջած կենաց հացը, որ մեզ բաշխվեց առաքյալների միջոցով, և ջուրը, որ Նրա վարդապետության ուսմունքն ու ավազանի սուրբ ջուրը, որ բխում է անփոփոխ և հաստատուն ապառաժից:
Փառքի թագավորը (33։17) նույն Ինքն է՝ մեր Տերը, Որին Պողոսը «Փառքի Տեր» է անվանում (Եփես. 1։17 հմմտ. Հակ. 2։1), իսկ սաղմոսը՝ «փառքի Թագավոր» (Սաղմ. 23։7), որին այժմ տեսնում ենք հավատով ու խորհրդական մարմնով 1, իսկ այն ժամանակ, երբ գա Իր Հոր փառքով, կտեսնենք դեմ հանդիման (հմմտ. Ա Կորնթ. 13։12):
Ձեր աչքերը հեռվից տեսնելու են երկիրը (33-:17ա)
Թեպետ այժմ մտքով է տեսանելի ողջերի երկիրը, ուր մերժված են ցավերը, տրտմությունները, հեծությունները և այլն, ինչպես որ ասում է հետագայում: Այո՛, այն իրականության մեջ չկան ցավեր, տրտմություններ և այլն, քանի որ ամբարտավան սատանայի ոտքերը հեռու են այդ սուրբ վայրերից, որի պատճառով և այնտեղ չկա մեղք։ Չէ՞ որ այնտեղ չկա մարմնավոր թագավորություն, այլ՝ հոգևոր: Ուստի և այնտեղ չկա մահ, այլ՝ միշտ կենդանություն, համաձայն Հոգու:
Ձեր հոգիները խորհելու են Աստծո մասին (33:18)
Այս բոլորը գերագույն զորություն է, քանզի ուր Տիրոջ երկյուղն է, այնտեղ բոլոր պատվիրանների պահպանությունն է, իսկ ուր պատվիրանների պահպանությունն է, այնտեղ չկա և ոչ մի հանցանք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: