Գլուխ 34

Երկինքը մագաղաթի նման գալարվելու է (34։ 4)
   
   Սա ոչ թե նշանակում է, որ հաստատության վարագույրը գալարվելու է, որպեսզի իբր թե երևա վերին հանդերձյալ աշխարհը, ինչպես ոմանք են կարծում այս տողերի առթիվ, այլ մարգարեի խոսքերը նշանակում են, որ ծալված մագաղաթի նման խոնարհվելու են երկնքի բոլոր հրեշտակները՝ դատաստանի համար Տիրոջ հետ երկնքից վար իջնելով: Կամ ինչպես մագաղաթը գալարվելով՝ նվազում ու մարում է, այդպես էլ արեգակի լույսը նվազելու է և անտեսանելի է դառնալու հոգևոր լույսի պայծառության պատճառով: Մագաղաթ է ասում և ոչ թե այլ նյութ, քանզի երբ կրակը մոտեցնում ենք մագաղաթին, այն գալարվում է․ նույն կերպ նաև երկինքն է գալարվում այն ժամանակ, երբ երկինքն ու երկիրը կրակով են վառվում: Այդ մասին են վկայում նաև աստղերի թափվելը, քանզի աստղերը խամրելու են արդարության Արեգակի ու Նրա սրբերի զորավոր ծագումից, քանզի վերջիններս փայլելու են արեգակի նման, ինչպես ասում է Տերը (Մատթ. 13։43): Եվ ինչպես օրինակ արևի ծագելու ժամանակ ճրագի կամ աստղերի լույսը ոչ թե կորչում, այլ ծածկվում է, նույնպիսին կլինի նաև վախճանի ժամանակ լուսատուների վիճակը: Չէ՞ որ եթե «անլուսատուները» սկսեն լուսավորվել, ապա որքա՜ն ավելի պայծառ կշողան լուսատուները, համաձայն այն խոսքի, որ սկզբից ասվեց. «Լուսնի լույսը լինելու է արեգակի լույսի նման և արեգակինը՝ յոթն անգամ ավելի» (Ծննդ. 1։16):

   Ասում է՝ որթատունկի տերևի նման, որովհետև ինչպես տերևներն են իրենց ժամանակին թափվում, նույնպես վախճանի վերջին ժամանակներում ծածկվելու են լուսատուները:
   
Տերը հրամայեց նրանց, և Նրա ոգին հավաքեց նրանց; Եվ Նրա ձեռքը,- որ Որդին է,- նրանց ուտելիք բաժանեց (34։16-17)
   
   Այստեղ հայտնապես Երրորդությունն է ակնարկում. ի մտի ունեցի՛ր սա: