Գլուխ 38

Հարց. Երբ Եզեկիան աղոթում էր, ինչո՞ւ Աստծո հանդեպ իր արդարությունը ցույց տվեց. «Հիշիր ինձ, Տե՛ր, քանզի Քո առջև քայլեցի արդարությամբ» (38։3)
   
   Պատասխան. Ոմանք ասում են, թե դա արեց, քանի որ մահվան վիշտը տեսավ, ուրիշներն էլ ասում են, թե՝ իբրև Աստծո սիրելի իր ունեցած սերն է հիշատակում, որպեսզի դրանով իր սիրելիի գութը շարժի, ըստ այդմ նա ցույց տվեց իր անկեղծ սերն Աստծո նկատմամբ, որպեսզի ստանա իր խնդրածը։ Սա հայտնի է նրանից, որ ասում է. «Քո աչքի առջև քայլեցի արդար ու ճշմարիտ հավատով, և ոչ թե ի ցույց մարդկանց»: Դարձյալ, հիշեց արդարությունը և արտասվեց: Արդարություն արեց Աստծո արդարության համար և արտասվեց՝ ողորմության համար, որպեսզի թե՛ արդարության և թե՛ ողորմության շնորհիվ չանտեսվի իր խնդրանքը: Եվ եթե մեկը տարակուսի այն հարցում, որերբ Եզեկիան ու օրենքի պաշտոնյան, այսինքն՝ փարիսեցին, նմանապես նույն խոսքն ասացին, այսինքն՝ իրենց արդար  գործերը հիշատակեցին, սա ինչո՞ւ մեծարվեց, իսկ նա պատժվեց, այդպիսի հարցադրում անող մեկը իր տարակուսանքին ի պատասխան թող ունկնդրի հետևյալը. Նախ՝ թեպետ երկուսի արարքներն էլ նույնն են, բայց ըստ իրենց ունեցած մտադրության նրանցից մեկը մեծարվում է, մյուսը՝ պատժվում, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, թեպետ ասվում է, որ «Պոռնիկները Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6։9), բայց Ովսէէ մարգարեն պոռնկություն արեց ու չպատժվեց։ Նաև, թեպետ ասվեց՝ «մի սպանիր», սակայն Փենեհեսը սպանեց պիղծերին, իսկ Եղիան՝ սուտ մարգարեներին, բայց նրանք երկուսն էլ արդար են: Դարձյալ, երկու պահեցողներից մեկը վարձ ստացավ, իսկ մյուսը՝ ոչ՝ կեղծավորության պատճառով, քանի որ թեպետ նրանց խոսքը նույնն է, բայց նույնը չէ դիտավորությունը, որովհետև փարիսեցին պարծենալով և ամբարտավանությամբ էր խոսում մաքսավորի վերաբերյալ, մինչդեռ Եզեկիան խոնարհությամբ և աղաչանքով էր [դիմում] Տիրոջը՝ ասելով. «Տե՛ր, հիշիր ինձ»: Միանման չէր նաև խոսքի ձևը, որովհետև Եզեկիան աղերսում էր Աստծուն, թե՝ Դու հիշիր գործերի արդարությունը, մինչդեռ փարիսեցին ինքն իրեն էր հիշում, թե՝ «Շաբաթը երկու անգամ պահում եմ» (Ղուկ. 18։12) և այլն: Նաև, Եզեկիան արտասուքով մեծապես լաց եղավ, մինչդեռ փարիսեցին իրեն ամբարտավան էր պահում: Գուցե նաև մեկն ասի, որ եթե արդարներն առավել մեռնել են ցանկանում, ըստ Պողոսի «Ցանկանում եմ դուրս գալ մարմնիցս ու մտնել Աստծո մոտ» (Բ Կորնթ. 5։8) խոսքի, ապա ինչո՞ւ է Եզեկիան կյանք խնդրում: Պատասխանեմ. Պողոսի և Եզեկիայի ցանկություններն իրար հակառակ չեն, որովհետև Եզեկիան նմանապես ցանկանում էր հոգևորը և կյանք էր խնդրում, նախ՝ որովհետև որքան երկարում էր նրա կյանքը, առավել մեծանում էր առ Աստված եղած արդարության պսակը: Երկրորդ՝ նա չուներ մարմնավոր զավակ, որի տոհմից լինելու էր օրհնության ողկույզը՝ Քրիստոս. այդ պատճառով ասում էր.
   
   Հարց. Տերն ինչո՞ւ Եզեկիայի կյանքի տարիները տասնհինգով ավելացրեց, և ճի՞շտ է, որ ասում են, թե նույնքան ավելացրեց Ղազարոսինը՝ նրա հարությունից հետո: (38։5)
   
   Պատասխան. Որովհետև այս կյանքը զգայական է, և համաձայն զգայարանների թվի այն եռապատկվեց: Եվ հիրավի ամեն զգայարան երեք կերպ է մեղանչում․ նախ՝արտաքին տեսքով, երկրորդ՝ իրենք իրենց մեջ են հեշտանք ապրում, երրորդ՝ գործով են մեղանչում: Նույնպես և այս երեքը զղջում են առաջացնում, որով և մարդ երեք պարգևներ է ստանում, ինչպես այնժամ, երբ Աստված խորտակեց զորքը՝ ճանաչվեց, թե մահվան Տերն է, իսկ երբ առողջացրեց Եզեկիային՝ ճանաչվեց, թե կյանքի իշխանն ու պարգևատուն է, համաձայն այն խոսքի, թե՝ «Ես եմ սպանում ու Ես՝ ապրեցնում, Ես եմ հարվածում ու Ես՝ բժշկում» (Բ օր. 32։39):

   Հարց. Ինչո՞ւ մեղմությամբ, և ոչ թե կտրուկ շրջեց հնգահեղյանը (արեգակը) (Հեսու 10։12).

   Պատասխան. Նախ որպեսզի բովանդակ աշխարհում հրաշքը բացահայտ երևա: Երկրորդ՝ որպեսզի երևա, թե ումից է հրամանը: Երրորդ՝ որպեսզի աշխարհը չվնասվի արեգակի հանկարծակի ծագումից: Հեսուն կապեց արեգակը, Աստված շրջեց այն, Քրիստոս խավարեցրեց Խաչի վրա, որպեսզի երևա Արարչի գործը, Նրա՛, Ում հրամանով են [լուսատուները] շարժվում ու լուսավորում աշխարհը: Արեգակը կասեցվեց տասներորդ աստիճանում, այսինքն՝ տասը ժամ շարունակ, ու տասով ետ շրջվեց, և տասը ժամ անց դարձյալ եկավ նույն կենդանակերպի ժամի վրա, և այդ օրը տևեց երեսուներկու ժամ: Թեպետ երկինքը ևս արեգակի հետ շրջվեց ու կանգ առավ, բայց իմացավ իր ընթացքով գնալ, որ խոսում է Աստծո հրաշագործության մասին, որ հեռու է մեր կարողությունից։ Եվ հնգահեղյանն (արեգակի ընթացքն) այն է, որ տասը ժամերի ընթացքում հինգ կենդանակերպերի վրա հեղվեց:

   Իսկ պաղատիտը թզի կաթն է, կամ չոր թուզն է, որ մանրեց ու դրեց վերքի վրա (Եսայի 38։21). բժշկությունը ոչ թե թզի զորությունից էր, այլ Աստծո խոսքից: Սակայն թուզը դրեց իբրև հրաշքի նշան, ինչպես Նեեմա Ասորու պարագայում, երբ նան երկրի հողից վերցրեց, իսկ Տերը կավ վերցրեց և ծեփեց կույրի աչքերը: Բայց քանի որ կավը կուրացնում է աչքերը, այսու հայտնի է, որ զորությունը բժշկողից է, և ոչ թե նյութից: Դարձյալ, Տերը ամեն պարագայում հօգուտ մեզ զիջումների է գնում և մեզանից այլ բան չի խնդրում, բայց միայն՝ հավատ, որի առկայության դեպքում միայն ասում է. «Կամենում եմ, սրբվի՛ր» (Մատթ. 8։3) ։ Նաև սոսկ Իր ձեռքը երկարեց ու չմտավ հարյուրապետի տուն, քանզի մեծ էր նրա հավատքը, մինչդեռ քահանայապետի մոտ մտավ աշակերտների հետ, որովհետև քահանայապետի հավատը փոքր էր:

   
«Նվազեցի ես իմ ազգատոհմից» (38։12):
   
   Դրանից երեք տարի անց նա ծնեց Մանասեին՝ դառնալովօրհնության հայր, ինչպես ասում էր.
   
«Այսուհետև մանուկներ եմ ծնելու, որպեսզի պատմեն Քո արդարությունը, Տեր իմ փրկության» (38։19)
   
   Եվ ահա պատասխանը․ «Ահավասիկ քո ժամանակի վրա ավելացնում եմ տասնհինգ տարի» (Եսթ․ 14։5): Այստեղից մի մեծ ճշմարտություն ենք սովորում, այն, որ օրհասական մահ լինի, թե բնական, դաժան հիվանդությունից լինի, թե այլ պատճառով՝ հարկ է այս ամենը խնդրել Աստծուց: Բնականն այն է, երբ հառաջացած ու ծերացած են մեռնում, որի վերաբերյալ Դավիթն ասում է. «Մարդկանց կյանքի տարիները յոթանասուն տարի են և կամ առավելագույնս ութսուն տարի» (Սաղմ. 89։10)։ Ասում են՝ դա է մարդկային բնության չափը, քանզի տարրերն այդքան են միասին մնում:

   Հարց. Ինչո՞ւ էին նախահայրերը երկարակյաց, ինչպես Ադամը, որն ապրեց ինն հարյուր երեսուն տարի, իսկ Մաթուսաղան՝ ինն հարյուր վաթսունիննը, ինչպես նաև մյուս բոլորը:

   Պատասխան. Ոմանք ասում են, թե Դավիթն այդ տարիների քանակը հաշվում է  ըստ իր ապրած ժամանակում ընդունված միավորների, ուրիշներն ասում են, թե նախահայրերի տարիքը հաշվում էին ամիսներով կամ շաբաթներով, իսկ ինձ թվում է, որ ինչպես, ըստ փիլիսոփաների, մարդու հասակը չորս կանգուն է, և ավելին ու նվազը սխալմունքից է, նույնպես և այն է մարդկային բնության ապրելու ժամանակի չափը, իսկ երկարելը կամ պակաս մնալը Աստծո խնամքից է [կախված], որովհետև Տերը կամենում էր, որ առաջինները երկարակյաց լինեն, որպեսզի շատ ազգերի մեջ իրենց ծնունդներին պատմեն Աստծո զորությունն ու ողորմությունը, իսկ վերջիններին, մեղքերի պատճառով, սակավակյաց է դարձնում: Եվ մահը լինում է մեղքերի պատճառով, ըստ այն խոսքի, թե՝ «Մի եղիր խիստ, որպեսզի անժամանակ չմեռնես» (Առակ. 3։1-2): Արդ, սրանք են մարդկանց անժամանակ, օրհասական մահվան, ինչպես նաև երկարակեցության պատճառները, որոնք են արդարությունն ու մեղքը: Բայց գիտենանք, որ արդարությունը լինում է կյանքի ու մահվան պատճառ, նույնպես նաև մեղքն է մահվան ու կյանքի պատճառ: Ինչպես որ, օրինակ, Եզեկիայի արդարությունը կյանքի պատճառ եղավ, որպեսզի ավելացներ արդարությունն ու վարձը՝ բարու օրինակ լինելու համար: Իսկ Հովսիայի արդարությունը մահվան պատճառ եղավ, որպեսզի գերություն չտեսնի ու չբարեխոսի ժողովրդի համար: Նույնպես և Կայենի մեղքը կյանքի պատճառ եղավ, որպեսզի ապրելով տանջվի, իսկ Սավուղինը, որպեսզի չարչարի այն ժողովրդին, որը խնդրեց թագավորներ ունենալ: Եվ սոդոմացիների ու ջրհեղեղի մեղքը մահվան պատճառ եղավ, որպեսզի մեղավորները պատիժ կրեն և այլոց երկյուղի [պատճառ] դառնան: Արդ, սրանք են բոլոր մարդկանց՝ աշխարհից անժամանակ հեռանալու և աշխարհում մնալու պատճառները՝ մեղքը և արդարությունը: Այլև, ինչպես ասվեց, Աստված մեղավորներին էլ երկար ժամանակ է տալիս, որպեսզի ապաշխարեն, ըստ այն խոսքի, թե՝ «Չեմ կամենում մեղավորի մահը» (Եզեկ. 8։23): Դարձյալ, արդարներն ու մեղավորները կարող են շրջանցել անժամանակ մահը, եթե կամենան. արդարները, ինչպես օրինակ Եզեկիան, արտասուքով փոխեն Աստծո հրամանը, և մեղավորները, ինչպես օրինակ նինվեացիները, որոնք ապաշխարությամբ փրկվեցին մահից: Եվ սա Աստծո մարդասիրության [պատճառով] է, որովհետև երբ աշխարհի դատավորները մահվան վճիռ են տալիս, դատապարտվածներն իրենք չեն կարող ետ շրջել հրամանը, եթե մեկը չլինի, որը միջնորդի այդ հարցում: Մինչդեռ Աստծո պարագայում այդպես չէ, այլ հենց նրանք, ովքեր մահվան վճիռ են ստանում, փոխում են Աստծո հրամանն ի շահ իրենց, ինչպես արեցին Եզեկիան ու նինվեացիները: