Գլուխ  40

Անապատում հնչող ձայնը (40։3)
   
   Սա հաստատումն է գերությունից նրանց դարձի, որպեսզի վերստին շինվի նրանց ավերակ երկիրը, և մարդկանց ուրախության ձայնն ու խոսքը լսելի լինեն: Դարձյալ, հնչող ձայնը Հովհաննես Մկրտիչն է, որովհետև մարդկանց ավերակ հոգիների մեջ համարձակությամբ քարոզում և բոլորին մեղադրում էր՝ անվանելով «իժի ծնունդներ» (Ղուկ. 3։7), որովհետև գիտեր, թե նրանց ձեռքերը թաթախված են մարգարեների արյամբ, բայց նա առանց վախի, համարձակությամբ քարոզում էր: Ինչպես Հովհաննեսը ձայն է կոչվում՝ ոչ թե անհոդաբաշխ և ցածր ձայն, այլ հնչեղ, քանզի մարդ և մարգարե էր, այդպես էլ Աստված-Խոսքը կոչվում է Խոսք՝ ոչ թե անանձ ու մեր խոսքի նման սոսկ խոսք, այլ անձնավոր և կատարյալ Աստված: Դարձյալ, ձայնը Հովհաննեսն է, իսկ Խոսքը, որ Բանն է, Քրիստոս է, որովհետև ինչպես ձայնը նախորդում ու բացատրում է խոսքը, նույնպես և Հովհաննեսը՝ Քրիստոսին: Իսկ «անապատում» խոսքը գործածում է, որովհետև քաղաքը լի է ամեն տեսակ չարիքով, իսկ անապատը զերծ է մեղքից, որի պատճառով էլ Հովհաննեսը, թողնելով քաղաքն ու մարդկանց բնակությունը, շրջում էր անապատում: Եվ ի՞նչ էր քարոզում. «Պատրաստեք Տիրոջ ճանապարհները» (40։3), ինչպես թագավորի ճանապարհն են մաքրում, երբ մտնում է քաղաք 1, նույնպես և մեր հոգիներն են պատրաստվում ու սրբվում մեղքերից, որպեսզի ընդունենք Քրիստոսին:

   Հարթեցեք Աստծո շավիղները (40։3)

   Ճանապարհը բազմակոխ է, իսկ շավիղը նոր, նուրբ ու նորահետ է: Արդ, ճանապարհ էին կոչվում հրեաները, որոնք ոտքի կոխան էին լինում օրենքի կողմից, իսկ շավիղ՝ հեթանոսները, քանզի ոտքի կոխան չէին օրենքին ու քարոզությանը: Եվ Քրիստոս նոր շավղով գնալով նրանց մոտ՝ նրանց դարձի բերեց կուռքերի աստվածպաշտությունից, ու մեղավորները, պոռնիկները, մաքսավորները նախաքարոզությամբ դարձան Քրիստոսինը և հնազանդվեցին Նրան:
   
Բոլոր ձորերը լցվելու են և բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվելու են (40։4)
   
   Սա այն նույն խոսքն է, որն ասում է. «Ամեն ոք, ինչ ունի, թող տա նրան, ով չունի» (Մատթ. 25։28-29), և կլինի հավասարություն: Դարձյալ՝ լեռները գերողներն են, իսկ ձորերը՝ գերվողները. թագավորները խոնարհվեցին, արձակեցին գերյալներին ու ամենքը հավասար դարձան: Դարձյալ՝ «ձորերը, լեռները,- ասում է- դժվարին են». սրանք առաքինություններն են, քանզի Քրիստոսից առաջ դժվարին ու բանուկ չէին, մինչդեռ Քրիստոսով դարձան դյուրին ու հարթ, ինչպես ասում է. «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։30): Նաև Պողոսը այժմվա նեղությունները թեթև է կոչում (Բ Կորնթ. 4։17): Որ, [հիրավի,] դժվարին էին Քրիստոսից առաջ, Պողոսն ասում է Հռոմեացիներին [հղած նամակում]. «Ո՞վ ինձ կփրկի այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ. 7։24), որովհետև ամեն ոք, ով ձգտում է կուսության, նահատակության և այլ ամեն տեսակ առաքինության, դյուրությամբ է գործում:

   Դժվարին բաները դյուրին կդառնան (40։4)

   Այս հրաշագործությունն Աստծունն է, քանզի չի փոխում բնությունները, այլ՝ բարքերը և կամքը, որովհետև մեկը մյուսի փոխարեն չի հատուցում, այլ անարդարությունից արդարության է բերում, իսկ հարության ժամանակ հարություն է տալիս նույն փտած ու հողացած մարմնին, և ոչ թե ուրիշ մարմին է դնում մյուսի փոխարեն:

   Եվ քարքարուտ վայրերը դաշտեր պիտի դառնան (40։4 ա)

   Սա նշանակում է, որ ըստ անհրաժեշտության համբերեցին ամեն բանի , այսինքն՝ կերակուրների, շորերի և այլ բաների պակասությանը, որովհետև նրանց սիրտն ու միտքը նույնն էր, ու նրանցից և ոչ մեկն իր ունեցվածքի համար չէր ասում, թե՝ իրենն է, այլ նրանց ամեն ինչն ընդհանուր էր:
   
Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը (40։5)
   
   Նախ՝ մարմնին խառնվելով, երկրորդ՝ հրեշտակների վարքը երկրի վրա հաստատելով, երրորդ՝ երբ բարձրացավ Խաչի վրա:

   Եվ ամեն մարմնավոր տեսնելու է Աստծո փրկությունը (40։5 ա)

   «Աստծո փրկությունն» է ասում, և ոչ թե՝ մի որևէ մարդու, որովհետև «սուտ է մարդու փրկությունը» (Սաղմ. 98։3), իսկ որ ասում է՝ ամեն մարմնավոր՝ նրանք են, ովքեր հավատացին ու ճանաչեցին, իսկ ովքեր չհավատացին՝ լսելով ականատես եղան: Դարձյալ, ապագայի համար է ասում՝ «Ամեն լեզու խոստովանելու է Հիսուսին որպես Տեր» (Փիլիպ. 2։11):
   
Մի ձայն ասում է. «Գոչի՛ր» (40։6)
   
   Գոչելը կամ լսողների հեռավորութան պատճառով է, կամ խուլերի համար են գոչում, կամ էլ նրա համար է ասվում, ով վարանում է, ուստի ասում են. «Գոչիր, մի՛ ամաչիր, մի' վախեցիր, խոսքդ ճշմարիտ է», ինչը և հորդորում է մարգարեն: Եվ ինչպես նավապետները հուսով շահում են և իրենց հանձնում են ծովին, նույնպես և դու մի՛ վախեցիր, որովհետև մեծ է շահը:

   Իմացիր, ամեն մարմին խոտ է, և մարդու բովանդակ փառքը ծաղկախոտի նման է (40։6ա)

   Հարց. Ինչո՞ւ է խոտ ասում:

   Պատասխան. Մի՞թե Արարչից է. ո՛չ, որովհետև Նա կամեցավ, որ մարդն իրեն մոտիկ և անմահ լինի, սակայն մենք մեղավոր գործերով խոտի նմանվեցինք՝ բազում օրինակներով: Նախ՝ որովհետև գարնանը խոտը բուսնում է կարճ ժամանակով և գեղեցկանում է կանաչագեղ գույնով, իսկ երբ շնչում է խորշակահար հողմը, ծաղիկն իսկույն թափվում է: Նույնպես և մեր կյանքն է դյուրաթառամ, որովհետև մի կարճ ժամանակ աճում ենք գեղեցկատես մանկությամբ, բայց մահվան հողմը շնչելիս իսկույն անհետ անցնում ենք, ինչպես Դավիթն է ասում. «Երբ նրա վրա փչի հողմը, նրա տեղն իսկ չի երևա» (Սաղմ. 102։16): Եվ դարձյալ, մեր կյանքը անցնում է այնպես, ինչպես խոտն է իսկույն չորանում, և դալար խոտն է իսկույն անցնում: Երկրորդ՝ ինչպես խոտը բուսնում ու չորանում է, մեկը փոխարինում է մյուսին, որովհետև հինը չորանալով անցնում – լուծվում է հողի մեջ ու լրացնում տարրերի թերին, և հողից դուրս եկած նորը սնվում է նրանից ու լրացնում է հնի տեղը, մինչև ցամաքում է կենդանության հյութը, և ապա լուծվում է հողի մեջ: Նույնպես և մարդկանց մարմինները բաղկացած են տրոհելի տարրերից ու լրացնում են պակասողների տեղը, սնվում նրանցից ու կերակրվում: Եվ երբ «հոգին դուրս է գալիս ու գնում է Աստծո մոտ, Որից եկել էր» (Ժող. 12։7), մարմինը վերստին լուծվում է հողի մեջ, որտեղից առնվել էր, ըստ այն խոսքի, թե՝ «Հող էիր և հողին կվերադառնաս» (Ծննդ. 3։19), և երբ հոգին դուրս է գալիս մարմնից, դարձյալ այնտեղից վերադառնում է հողին: Երրորդ՝ ինչպես խոտը սկզբից առհասարակ կանաչ է, իսկ հետո երանգավորվում է զանազան գույներով ու զարդարվում տարբեր ծաղիկներով, նույնպես և մեր մանկությունը հատուկ է բովանդակ մարդկությանը, սակայն հետո զանազանվում է զանազան փառքերով, այսինքն՝ ոմանք՝ առանձնանում են մեծ ազգությամբ, ոմանք՝ իշխանությամբ, ոմանք՝ հարստությամբ, ոմանք՝ իմաստությամբ, ոմանք՝ գեղեցկությամբ, ոմանք՝ զորությամբ, ոմանք՝ արվեստով և այլ բաներով: Այդ պատճառով Դավիթն ասում է. «Մարդու օրերը խոտի պես են, նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ» (Սաղմ. 102։15): Չորրորդ՝ թեպետև ծաղիկներն ըստ գույների տարբեր են, սակայն բոլորն էլ խոտ են, և հավասարապես չորանում են: Նույնպես և մարդիկ թեպետ տարբեր են անցողիկ փառքով, սակայն նրանց մարմինների մեջ չկա զանազանություն, քանզի բոլորը մեռնում են ու վերադառնում հողին՝թե՛ իմաստունը, թե՛տգետը, թե՛ իշխանը, թե՛ ռամիկը, որի պատճառով ասում է. «Ամեն մարմին խոտ է» (40։6), այսինքն՝ թագավորների, հսկաների, հարուստների, աղքատների և այլոց մարմինները: Դու էլ գնա՛ գերեզմաններ ու տես. մի՞թե բռնակալը կամ ագահը ավելին ունեն, քան մյուսները: Հինգերորդ՝ այսպես է ասում, քանի որ ինչպես խոտը չորանում, ու ծաղիկները թափվում են, այդպես էլերբ մարդիկ մեռնում են, նրանցից հեռանում է փառքը, և ոչինչ չեն կարողանում տանել իրենց հետ. ոչ իշխանները՝ իշխանություն, ոչ հարուստները՝ հարստություն և այլն, ինչպես Դավիթն է ասում. «Մի զարմացիր, երբ մարդ հարստանում է, և մեծանում նրա տան փառքը» (Սաղմ. 48։17) և այլն, որովհետև մեռնելիս ոչ միայն իր հետ չի վերցնում այդ ամենը և ոչ էլ դրանք են իջնում են [նրա հետ], այլև ինչ թողնելու է՝ իր հարստությունը՝ մնում է օտարներին, որովհետև «Կուտակում ու չի իմանում, թե ով է հավաքելու» (Սաղմ. 38։7): Վեցերորդ՝ որովհետև երբ խոտը թոռոմում է, նրա հետ թոռոմում են նաև ծաղիկները, այդպես էլ երբ մարդ մեռնում է, նրա հետ մարում է նրա փառքը, քանզի այլ չէ փառքի մահը, այլ նույնն է թե՛ մարմնի և թե՛ փառքի մահը, ինչպես Դավիթն է ասում. «Հոգին դուրս է գալու նրանցից, և այն օրը կորչելու են նրանց բոլոր խորհուրդները» (Սաղմ. 145։4), այսինքն՝ հարստությունն ու փառքի գովասանքը, հեշտությունն ու մնացյալ ամեն բան: Յոթներորդ՝ ինչպես խոտը չորս անգամ է փոխվում, որովհետև նախ բուսնում է, ապա աճում, հետո ծաղկում, ավելի ուշ դեղնում, դրանից հետո հնձվում կամ չորանում է, նույնպես մեր մարմինները նախ բուսնում են ծննդյամբ, ապա աճում են հասակով և ծաղկում մանկությամբ ու դեղնում ծերությամբ, ապա չորանում ու հնձվում են մահվան մանգաղով, ինչպես Դավիթ մարգարեն է ասում՝ մարդու ժամանակը համեմատելով փոփոխվող օրերի հետ. «Առավոտյան խոտի պես պիտի բուսնեն, առավոտյան խոտի պես պիտի դալարեն ու ծաղկեն, երեկոյան պիտի թոռոմեն, չորանան և ընկնեն» (Սաղմ. 59։5): Եվ Տերը փոփոխվող գիշերվա օրինակով ասում է. «Չգիտեք, թե երբ կգա՝ երեկոյան, գիշերը, աքլորականչին, թե՞ առավոտյան» (Մարկ. 13։13։35): Ութերորդ՝ ինչպես խոտը մեկը մյուսին է հրդեհում, նույնպես և մեղավորները մեկմեկու բորբոքում են խոսքով ու գործով՝ մղելով դեպի չարություն, շնություն, գողություն, սպանություն և այլ բաներ, ինչպես ասում է Առակը. «Ե՛կ մեզ մոտ, կցո՛րդ եղիր արյան» (Առակ. 1։11), և դարձյալ. «Իմ ամուսինը հեռու ճանապարհ է գնացել, անկողինս պատրաստել եմ պաստառակալով» (Առակ. 7։19,17), որի վերաբերյալ Դավիթն ասում է. «Մի նախանձիր չարին և մի նախանձիր նրանց, ովքեր անօրենություն են գործում» (Սաղմ. 36։7): Իններորդ՝ քանզի խոտը ոտքի կոխան ու կերակուր է անասունների համար, նույնպես և մեղսասերները իրենց գործերով կերակուր ու ոտնակոխ են լինում անկյալ սատանայի համար՝ ծառայելով նրան, որովհետև ասում է. «Ով մեղք է գործում՝ մեղքի ծառան է» (Հովհ. 8։34), որովհետև ինչով որ պարտվում է, հենց նրա ծառան է, քանզի ագահը մամոնայի ծառան է, ինչպես ասում է Տերը, և «որկրամոլների աստվածը իրենց որովայնն է» (Փիլիպ. 3։19)՝ ըստ առաքյալի խոսքի: Դարձյալ, «եւ անառակ որդին արածեցնում էր խոզերին» (Ղուկ. 15։15-16)՝ մեղքերի գարշ ցանկություններին, ու սրանցով պարարտանում էր սատանան: Քանզի դևերը կերակրվում և ուրախանում են զանազան մեղքերով, այսինքն՝ երբ ծիծաղում ենք, երբ գիրանում ենք, երբ գողանում ենք, երբ շնանում ենք, երբ սպանություն ենք գործում և այլն: Իսկ որ դևերը ուրախանում են սրանցով, հայտնի է կուռքերի պիղծ տոներից, որովհետև մեկը սպանություն էր խնդրում, մյուսը՝ շնություն, մեկ ուրիշը՝ հարբեցողություն և այլն: Տասներորդ՝ ինչպես խոտը հրո ճարակ է դառնալու, ըստ այն խոսքի, թե՝ «Վայրի խոտը, որ այսօր կա, շուտով հնոց է նետվում» (Ղուկ. 12։28), նույնպես և մեղսասերներն այսօր զվարճալի կյանքով են ապրում, բայց մահից հետո հավիտենական կրակի բաժինն են դառնում, համաձայն այն խոսքի, թե՝ «Հրեշտակները կելնեն, կզատեն չարերին և կրակը կնետեն» (Մատթ. 13։49): Նրանք պիտիայրվեն, ինչպես հարուստն էր պապակում կրակե բոցի մեջ (Ղուկ. 16։19-31): Եվ տե՛ս, որ չի ասում, թե ամեն մարդ, այլ թե՝ ամեն մարմին խոտ է, այսինքն՝ մարմնասերները: Ինչպես Աստված էլ է ասում. «Իմ հոգին թող հավիտյան չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6։3): Իսկ Պողոսն ասում է. «Մարմինն ու արյունը չեն ժառանգելու Աստծո արքայությունը» (Ա Կորնթ. 15։50): Այդ նրանք են, ովքեր հիմնվում են փայտի, խոտի, եղեգի վրա և այրվում են կրակի մեջ, իսկ ովքեր հիմնված են ոսկու, արծաթի և ակնեղենի վրա՝ չեն այրվի, այլ առավելագույնս կպայծառանան, ինչպես Քրիստոսի առաքյալները, նրանց հետևորդները, հայրերը, հայրապետները, վկաները, կույսերը, պարկեշտները և ընտիրները, որոնք անզգամների աչքին թվացին, թե մեռան, սակայն իրականում նրանց հույսը լի է անմահությամբ (հմմտ. Իմաստ. 3։4): Իսկ մեղավորների կյանքը խղճի խայթով է անցնում, իսկ մահը լեցուն է հուսահատությամբ, քանզի ժամանակ չունեն ապաշխարության ու չեն լսում ձայնը, որն ասում է՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներդ» (Մատթ. 11։28), կամ՝ «Եկեք, Իմ Հոր օրհնվածներ» (Մատթ. 25։34): Այլ պիտի լսեն այս խոսքը. «Ինձնից հեռացե՛ք անիծյալներ», և թե՝ «Ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25։41), և թե՝ «Կապեք դրա ձեռքերն ու ոտքերը և հանեք արտաքին խավարը» (Մատթ. 22։13): Դա հաստատում է նաև այս խոսքը, որն ասում է.
   
Արդարև, այս ժողովուրդը նման է խոտի, խոտը չորանում է, ծաղիկը թափվում, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը (40։7-8)
   
   Այսինքն՝ Տիրոջ բարկության ոգին, որ նրանց նետում է կրակի մեջ: Իսկ վերջում ի՞նչ է մնում. Տիրոջ խոսքն է մնում հավիտյան: Ինչպես ասում է Տերը. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ. 24։35), այսինքն՝ ամեն ինչ անհրաժեշտորեն է կատարվում. «Մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, չի անցնի մինչև ամենը կատարվի» (Մատթ. 5։18): Որովհետև եթե Աստծո խոսքը մնա, որքան ևս առավել՝ գործերը պիտի հարատևեն: Այլև խոսքը օրենքն ու պատվիրաններն են, որոնց չեն կարող խափանել ոչ մահը, ոչ հիվանդությունները և ոչ էլ մեկ այլ բան: Խոտի և սերմի մասին այսպես գրված է նաև Կորնթացիներին ուղղված առաջին նամակում (Ա Կորնթ. 15։37):
   
Ո՞վ իր ափով չափեց ջրերն ու կշռեց լեռները (40։12)
   
   Ինչո՞ւ չի ասում, թե ստեղծեց հրեշտակներին ու պետերին: Որովհետև թեպետ նրանք պատվով մեծ են, բայց կամենում է աչքով տեսանելի բաներով ցույց տալ: Եվ ինչո՞ւ չի ասում, թե հաստատեց երկինքն ու երկիրը, այլ թե՝ չափեց. որովհետև իմանալն Աստծո համար գործել է [նշանակում]: Արդ, ո՞րն է «չափեց ջուրը» խոսքի իմաստը. նախ՝ այն, որ երբ ստեղծեց դրանք, միայն Նա գիտեր դրանց մեծությունը, Ով դրանց Արարիչն էր: Երկրորդ՝ չափելն ու կշռելը նախախնամելն է ցույց տալիս, որովհետև արհեստավորները չեն կարող միշտ պահել իրենց ստեղծածը, մինչդեռ Աստված միշտ իր արարածների հետ է՝ պահպանելով [նրանց], որովհետև ամենակալ է և ամեն ինչ կրում է Իր խոսքի զորությամբ, ինչպես որ ասում էլ է: Երրորդ՝ որովհետև անսխալաբար իմանալն այն է, որ մարդ ինչ-որ բան է չափում ու կշռում հավաստիորեն գիտենալու համար, մինչդեռ Աստված ոչ թե չափելով է իմանում, այլ տիրաբար գիտե, քանի որ Նա է ստեղծել նրանց: Ինչպես և այս խոսքն է ասում. «Ով քննում է սրտերն ու երիկամունքները» (Սաղմ. 90։10): Սակայն Նա ոչ թե քննելով գիտե, այլ իմանալը «քննել» է [կոչում], քանզի իմանալը քննելուց է: Նույնպես և այստեղ ամենագետ իմաստության պատճառով լեռների ծանրությունը կշռել է անվանում, նաև՝ երկրի չափը, երկնքի լայնությունն ու ջրերի բազմությունը: Որի պատճառով Հուդիթն ասում է. «Որ ջրերի Արարիչդ ես» (Հուդիթ 9։17): Չորրորդ՝ անչափելի մեծությունն է նշանակում, այնպես որ երկինքը նրա թզի չափ է, երկիրը՝ քլի, իսկ ծովի ջրերը Նրա մի ափի չափ են, իսկ լեռները կշիռ ունեն, այսինքն՝ ոչ միայն հողմերը չեն կարող խորտակել լեռներին, այլև լեռները՝ հողմերին շրջել: Հինգերորդ՝ սա ասում է, որպեսզի չքննվի, թե ինչու է մեզ գերեվարում ու ետ դարձնում: Երբ երկինքն ու երկիրը Իր ափի մեջ ունի՝ ոչ ոք չի կարող իմանալ Նրա խորհուրդները: Վեցերրորդ՝ սա ասում է բաբելացիների համար, որոնք ծովի ջրերի նման բազում էին թվում և անխոնարհելի լեռների նման բարձրացած, ուստի այսպես է ասում, քանի որ թեպետ մեզ այսպես է թվում, սակայն այդ բոլորը Աստծո մոտ ջրի մի կաթիլ են ու կշռի մեկ նիշ:
   
Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը (40։13)
   
   Այս ով-ը անջրպետում է եղական միտքը, մինչդեռ հերձվածողները Որդուն և Հոգուն նույնն են համարում այն պատճառով, որ Որդին ասում է. «Ինչ լսեցի Հորից՝ պատմում եմ ձեզ» (Հովհ. 15։15), իսկ Հոգու համար ասում է. «Ինչ կլսի՝ կպատմի ձեզ» (Հովհ. 16։13): Արդ, որ Որդին հավասար է Հոր գիտությանը, Նա Ինքն է ասում. «Ոչ ոք չգիտե Հորը, եթե ոչ՝Որդին» (Մատթ. 11։28), «Ինչպես գիտե Ինձ Հայրը, այնպես էլ Ես գիտեմ Հորը» (Հովհ. 10։15): Իսկ Սուրբ Հոգու մասին Պողոսն ասում է. «Ոչ ոք չգիտե Աստծունը, եթե ոչ Հոգին, որ Նրա մեջ է» (Ա Կորնթ. 2։11), որովհետև «Հոգին ամեն ինչ քննում է, նաև Աստծո խորքերը» (Ա Կորնթ. 2։11): Եվ որ Երրորդությունը հավասարապատիվ է, նրանից է հայտնի դառնում, որ ասվում է. «Գնացեք մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28։19-20): Իսկ այն, որ ասում է. «լսեցի» և թե՝ «կլսի»՝ պատճառի՝ Հոր համար է ասում:
   
Ի՞նչ է նշանակում մարգարեի խոսքը, որ ասում է. «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը» (40։13), և առաքյալինը, թե՝ «Մենք Քրիստոսի միտքն ունենք» (Ա Կորնթ. 2։16):
   
   Պատասխան. Այս խոսքերը չեն հակասում միմյանց, որովհետև առաքյալը ոչ թե անճառելի ու անհասանելի խորհուրդը նկատի ունի, այլ միտք ունենալը, այն է՝ Հոգու հայտնությունը, երբ ըստ մեր կարողության չափի, Իր Հոգով, ինչպես ասում է, հայտնեց մեզ (Ա Կորնթ 2։10):

   Ո՞վ եղավ Նրան խորհրդակից, այսինքն՝ ստեղծվածներիցս և ոչ ոք, այլ՝ միայն Իր Որդին և Հոգին: Տե՛ս և հիշի՛ր. սա հակառակ է հրեաներին, որոնք ասում են, թե հրեշտակների հետ խորհեց և ասաց. «Մարդ ստեղծենք, համաձայն մեր պատկերի» (Ծննդ. 1։26), բայց մարգարեն ահա ասում է, թե ո՞վ եղավ Նրան խորհրդակից: Իսկ մեզ այս խոսքերից երեք բան է պարզ դառնում. նախ՝ այն, որ ոչ մեկը Աստծո «պատճառ» չէ, որ գիտության խորհրդի մեջ բերեր Նրան: Երկրորդ՝ ոչ ոք համեմատելի չէ Աստծո հետ, որ խորհրդակից դառնա Նրան: Երրորդ՝ որովհետև բոլոր խորհուրդներն ու իմաստությունները Նրանից են մեզ [հասնում]:
   
Բոլոր հեթանոսները մեզ համար նման են ջրի մի կաթիլի (40։15)
   
   Նա սա ասում է խիստ նվազության ու փոքրության համար:
   Երկրորդ՝ որովհետև հեթանոսները, որ նման են ջրի մի կաթիլի ու բերանում եղած կաթիլի, որը խոսելիս դուրս է թռչում, ուստի անպիտան ու ավելորդ են:
   
Բովանդակ Լիբանանը բավական չէ այրելու համար, ու բոլոր չորքոտանիները բավական չեն ողջակեզների ու զոհերի համար (40։16)
   
   Նախ՝ եթե կարիք ունենար զոհերի՝ ասված խոսքերն ամենևին բավական չէին լինի ողջակեզների ու զոհերի համար: Եվ եթե ողջակեզներն արժանի չեն նրան՝ խոսքերը ևս չեն կարող հասնել Նրա գիտությանը և մանավանդ՝ Նրա էությանը: Երկրորդ՝ բոլոր փայտերը չեն, որ պիտանի են այրվելու համար, այլ դրանցից ոմանք պտղաբերության համար են, իսկ մյուսները՝ տարբեր պետքերի: Նաև, բոլոր չորքոտանիները, այսինքն՝ անմաքուրները պիտանի չեն ողջակեզների համար, այլ՝ միայն մաքուրները: Նույնպես բոլոր հեթանոսներն անպիտան են ու ոչինչ են համարված, որովհետև չունեն հավատի ճշմարտություն ու գործերի բարություն:
   
Արդ, ո՞ւմ եք նմանեցնում Տիրոջը (40։18)
   
   Չորս պատճառով պիտի հրաժարվել Աստծո պատկերի նմանությունը կերտելուց: Նախ՝ որովհետև օրենքով արգելվեց. «Աստծո նմանությամբ պատկեր չստեղծես՝ ոչ երկնքում եղածների և ոչ էլ երկրում եղածների համաձայն» (Բ Օր. 5։8):
Երկրորդ՝ որովհետև առաջին նախնիներից և ոչ մեկը չստեղծեց Աստծո պատկերը:

   Երրորդ՝ որովհետև ոչ ոք հավաստիորեն չգիտե Նրա նմանությունը, քանզի ոչ ոք նման չէ Նրան:
   Չորրորդ՝ որովհետև պատկեր ստեղծում ենք ապականացու իրերից, մինչդեռ Աստված անեղծ և անապական բնություն է, ուստի պետք չէ Նրա պատկերը գծել, ինչպես կուռքերինը:

   Հարց. Իսկ եթե մեկը հարցնի՝ ապա մենք ինչպե՞ս ենք նկարում Տերունական, Տիրամոր կամ բոլոր սրբերի պատկերները, ,, կպատասխանենք. Վեց պատճառով. նախ՝ որովհետև Միածին Որդին Հոր էության ճշմարիտ պատկերն ու նկարագիրն է (Եբր. 1։3): Եվ քանի որ Նա մարդացավ ըստ մեր պատկերի, և, հիրավի, մենք հավատում ենք դրան, ուստի Նրա պատկերն ենք նկարում:

   Երկրորդ՝ որովհետև «Աստված մարդուն արարեց Իր պատկերով» (Ծննդ. 1։27), ինչպես ասում է Գիրքը, ուստի մենք էլ նկարում ենք Նրա պատկերի պատկերը 2

   Երրորդ՝ որովհետև Աստված երևաց պատկերի նմանությամբ, ինչպես օրինակ Աբրահամին և Մովսեսին, նաև Դանիելին՝ ծերունու պատկերով, իսկ Եսայուն ու Եզեկիելին՝ «Բարձր Աթոռի»: Տեսան նաև Սուրբ Հոգին, որ Աղավնու ճշմարիտ նմանությամբ իջավ Քրիստոսի վրա (Հովհ. 1։32), այսու համարձակվում ենք Նրա երևալու նմանությունը կերտել:

   Չորրորդ՝ որպեսզի Նրա խոսքերի ձայնը և Նրա երախտիքի հիշատակը աչքի տեսության առջև անմոռաց պահենք: Այս պատճառով նկարում ենք յուրաքանչյուր տնօրինության ու հասակի փրկական պատկերը, դրա հետ նաև՝ Աստվածածին կույսին:

   Հինգերորդ՝ որպեսզի ցանկանանք նրանց երանությանը, նմանվենք նրանց, վախենանք ու փախչենք տանջանքներից: Այս պատճառով սրբերին նկարում ենք խաղաղ վայրերի [ետնախորքի վրա]՝ շրջապատված Աստծով, իսկ չարերի պատկերները՝ դժոխքի տանջանքներում:

   Վեցերորդ՝ որովհետև մեր Տերը և Օրենսդիրն Իր պատկերը ձևագրեց դաստառակի վրա class="commentsPop" data-info="Քրիստոսի անձեռագործ պատկերի վերաբերյալ պատմում են մի շարք աղբյուրներ. Ղեբուբնա Եդեսացի («Թուղթ Աբգարու թագաւորի հայոց եւ քարոզութիւնք սրբոյն Թադէոսի առաքելոյ», Երուսաղէմ, 1868, «Ս.Եպիփան Կիպրացի») Յաղագս սուրբ եւ նկարագրեալ տերունական պատկերին…, տե՛ս «Արարատ», 1868,նաև՝ Ս.Եպիփան Կիպրացի, Ճառք, աշխատ. Հ.Քյոսեյանի, Ս.Էջմիածին, 2013, էջ 724-729, Մովսես Խորենացի,Պատմություն, գիրք Բ, լբ.:">3։ Նաև, Հովհաննես Ավետարանիչը Տիրամոր պատկերը փայտի վրա ձևագրեց: Ուստի և մենք համարձակորեն պատկերենք նրանց իբրև ողջերի, առ Աստված աղերս մատուցենք և նրանց բարեխոս դարձնենք, համաձայն այն խոսքի, թե՝ «Քո անարատ ծնողի պատկերը առջևդ ենք դնում, անոխակալ Տեր» 4 Իսկ եթե մեկը կույր մտքով գայթակղվի՝ սրբերի պատկերները համեմատելով կուռքերի հետ, թող իմանա, որ մեծ տարբերություն կա նրանց միջև: Նախ՝ որովհետև կուռքերը դևերի պատկերներ են, ըստ այն խոսքի, թե «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են» (Սաղմ. 95։5), մինչդեռ սա ճշմարիտ Աստծո պատկերն է:
   Երկրորդ՝ որովհետև նրանք պաշտում էին ձեռագործ նյութը, մինչդեռ մենք ոչ թե նյութը, այլ միայն բովանդակությունն ենք պատվում ու պաշտում:
Երրորդ՝ նրանք սիրում են չարագործներին և անմեղների սպանությունը այսինքն՝ ոճրագործությամբ [ուղեկցվող] նրանց տոները ու մանուկների զոհաբերությունը: Մինչդեռ սրբերն իրենց տոների մեջ սիրում են սրբություն և աղոթք, ու դրանք կատարվում են հոժար կամքով, մաքուր սրտով, պարզ մտքով, ուղիղ հավատով, այլև թողություն են շնորհում մեղքերին և առողջություն՝ մարմիններին:
   Չորրորդ՝ որովհետև սրբերի պատկերները մեծամեծ հրաշքներ ու բժշկություններ են գործում, ինչպես դաստառակը՝ Աբգարի հանդեպ, այլև, Տիրամոր պատկերը փղախտի բորոտությունն է բժշկում, մյուսները՝ նույնպես. որովհետև եթե նրանց ստվերները հարություն են պարգևում մեռելներին, ապա առավել ևս՝ նրանց պատկերները: Իսկ կուռքերի պատկերները ոչ մի հրաշք չեն գործում, ինչն այլուր մեղադրում է մարգարեն՝ ասելով, թե՝ «Ի՞նչ եք խնդրում դուք՝ կենդանիներդ, այդ մեռելներից» (Եսայի 8։19): Եվ այստեղ էլ ասում է, թե գեղեցկությունը խաբում է. դա ճարտար արհեստավորներից է, որոնք պատկեր ստեղծեցին ու ոսկով ձուլեցին: Եվ եթե երկար ժամանակ է տևում՝ դա հնարքներից է, որովհետև անփուտ փայտ ընտրեց ու հաստատեց, որպեսզի չշարժվի (Եսայի 40։20): Ու եղավ, որ ժամանակին ոմանք անարգեցին սրբերի պատկերները, իսկ ոմանք հավաքվելով հերքեցին այդ հերձվածը 5, որի շնորհիվ և մենք՝ հավատացյալներս, չենք մոլորվում հոմանունության պատճառով 6: Ու թեպետ բազմիցս խաչի պատկերը տեսնում ենք կենդանի և անկենդան բաների վրա՝ մենք բոլորը չենք մեծարում ու բոլորը չենք մերժում, այլ մեկը մեծարում ենք, որ Քրիստոսի հետ է, իսկ մյուսները՝ մերժում: Նույնպես տերունական պատկերներն ենք պաշտում, Աստծոսրբերի պատկերները՝ մեծարում, իսկ մյուս պատկերներն անարգում ենք՝ թե՛ մարդկանց, թե՛ դևերի:

Այսքանն այս մասին:

   

   Եվ այստեղ սկզբում եղած իրերի համաձայն, Աստծո հետ ծանոթությունը երեք կերպ է իրականացնում, նախ՝ լսելիքով, երկրորդ՝ իմաստությամբ, երրորդ՝ տեսանելիքով: Քանզի կամ նախնիներից կլսեն, թե՝ «Սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնnդ. 1։1), և եթե ոչ իրերի բնությամբ, ապա մտքով կիմանան, քանզի ամեն ինչի համար պետք է մի սկիզբ ու պատճառ լինի, իսկ եթե ոչ՝ աչքով կտեսնեն երկինքն ու երկիրը: Առաջինի վերաբերյալ ասում է. «Չլսեցի՞ք ու ձեզ չպատմվե՞ց, թե ով հաստատեց երկրի հիմքերը» (40-21): Երկրորդի համար ասումէ. «Չիմացաք ու չգիտեցաք» (40։21):

   Երրորդի համար ասում է. «Վեր բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք, որ Նա է, որ իշխաններին անիշխանության է դատապարտում» (40։26,23):

   Արդ, երկրի վրա չորս բան է երևում. նախ՝ երկրի հաստատությունը և ջրերի ընթացքը: Երկրորդ՝ թագավորների փոփոխվելը, աղքատների հարստանալը և հարուստների աղքատանալը: Երրորդ՝ մարդկանց խորհուրդների ու կամքի խափանումը, քանզի բազում բան ենք խորհում ու կամենում, բայց չեն կատարվում:

   Չորրորդ՝ մթնոլորտի և բույսերի փոփոխումը. առաջինի մասին Դավիթն ասում է. «Երկիրը հաստատեց Իր հաստատության վրա, որպեսզի չսասանվի» (Սաղմ. 103։5), և թե՝ «Աղբյուրներն առաքեց լեռների ծործորներով» (Սաղմ. 103։10): Դարձյալ, Աննան ասում է՝ «Տերն է աղքատացնում և Տերը՝ հարստացնում» (Ա Թագ. 2։7):

   Երրորդի համար [ասվում է.] «Տերը ցրում է խորհուրդներ» (Սաղմ. 32։10), իսկ չորրորդի համար՝ «Նա ձյունը տեղացնում է ինչպես բուրդ և մեգ, ուղարկում է Իր խոսքը ու հալեցնում դրանք, փչում են հողմերը և հոսում ջրերը» (Սաղմ. 147։16,18), և թե՝ «Լեռներում խոտ աճեցրիր ու բանջար» (Սաղմ. 103։14):

   Երկնքում նույնպես տեսանելի է չորս բան. նախ՝ երկնքի լայնատարած մեծությունն ու հաստատուն կամարը, երկրորդ՝ նրա գեղեցկաղարդ լինելը, երրորդ՝ անդադար շարժումը, չորրորդ՝ լուսատուների այլայլումը, այսինքն՝ երբեմն խավարելը, ինչպես Քրիստոսի խաչելության ժամանակ, երբեմն ետ դառնալն ու կանգնելը, ինչպես Հեսուի ու Եզեկիայի ժամանակ: Սրանցից հարկ է իմանալ, թե կա սրանց Արարիչը: Առաջինի համար մարգարեն ասում է, «Երկինքը հաստատեց որպես կամար» (հմմտ. Ամովս 4։13): Երկրորդի համար ասում է. «Ո՞վ ստեղծեց նրա համակարգությունը» (40։26):

   Երրորդի համար Ժողովողն ասում է. «Շրջելով շրջում է երկինքը», և թե՝ «Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը» (Ժող. 1։5):

   Չորրորդի համար Դավիթն ասում է. «Խավարը ստեղծեցիր, ու գիշեր եղավ» (Սաղմ․ 103։20):
   
Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև (40։22)
   
   Տե՛ս ու մտապահի՛ր, որ բոլորակ է կոչում երկիրը: Դեմ է դուրս գալիս փիլիսոփաներին, որոնք, երկիրը նմանեցնում են երկաթի վանդակի, այսինքն՝ քառանկյունու, կամ կարկինի, այսինքն՝ եռանկյունու: Նույնպես նաև երկրի ծիրի մասին է խոսում, որպեսզի չհարցնես, թե ինչի վրա է հաստատված, որովհետև երկրի հաստատուն հիմքը Աստծո Խոսքն է, ըստ այսմ. «Ամեն ինչ կրում է Իր խոսքի զորությամբ» (Եբր. 1։3):

Երկինքը կանգնեցրեց իբրև կամար ու ձգեց իբրև խորան (40։22)

   Ակյուղասն ասում է. «Երկինքը ձգեց իբրև թեթև մի բան»: Սիմաքոսն ասում է. «Երկինքը ձգեց իբրև վրան»: Այստեղ չի ասում, թե ինչու արարչագործեց, և ո՛չ էլ՝ թե ինչից է երկնքի նյութը, ո՛չ այն, թե ինչ նյութից ու մարմնից է, այլ ասում է հորինվածքի մասին, որը կամարաձև հաստատեց: Կամար է ասում, որպեսզի երկրի բնակիչները չվախենան, թե հանկարծակի մեր վրա կընկնի, այլ ասում է. «Մի՛ վախեցիր, հաստատուն է իբրև քարե կամար»: Եվ այն վրան է անվանում թեթևության պատճառով: Նույնպես և ձգելը այն է ցույց տալիս, որ դյուրությամբ տարածեց ու սփռեց, ինչպես մեկն իր շորերն է տարածում ու փռում:
   
Եվ երկիրն արարեց իբրև ոչինչ (40։23) 5.
   
   Կամ այն է ասում, թե ոչնչից է ստեղծել, կամ էլ թե՝ ստեղծել է դյուրությամբ, առանց աշխատության, այսինքն՝ խոսքով և մանավանդ՝ կամքով, համաձայն այն խոսքի, թե՝ «Ամեն ինչ, որ կամեցավ Տերը, արարեց» (46։10): Ու՞ր են նրանք, ովքեր ասում են, թե երկիրն անստեղծ է, ու վկա են բերում այն խոսքը, թե՝ «երկիրն աներևույթ էր»: Չէ՞ որ նույն Մովսեսը նախ ասաց, թե «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1), և երբ ասում է, թե՝ ստեղծեց երկիրը, պարզ է դառնում, որ այն անստեղծ չէ, բայց և դարձյալ ասում է՝ «աներևույթ էր». որովհետև ծածկված էր ջրերի բազմությամբ, ու դեռևս լույս չկար:
   
Աչքներդ դեպի երկինք բարձրացրեք (40։26)
   
   Երեք պատճառով է մարդու դիրքը կանգուն, և ոչ թե կորագլուխ, ինչպես անասուններինն է. նախ՝ որովհետև անասունների վրա տեր և իշխան ենք [կարգված]: Երկրորդ՝ որովհետև միշտ երկինք նայելով տեսնում ենք Աստծո բարձրությունը: Երրորդ՝ որպեսզի ի մտի ունենանք մեր ազնվականությունը, որի համար էլ մեր աչքերը բարձր տեղում զետեղվեցին, որպեսզի դատավորների նման անսխալաբար տեսնեն և զանազանեն բարին չարից, ինչպես Ժողովողն է ասում. «Իմաստունի աչքը գլխի մեջ է» (Ժող. 2։14), իսկ ովքեր միշտ հողին են նայում երկրաքարշ հայացքով, նրանց խրատում է աչքերը վեր բարձրացնել:

   Ո՞վ հաստատեց այս ամենը.

   Ոչ թե, ինչպես ասում են, մեկը երկիրը ստեղծեց, մյուսը՝ ծովը, մեկ ուրիշը՝ երկինքը, այլ Նա միայնակ ստեղծեց, ինչպես ասվում է, այլև Տերը երկնքի բոլոր զարդերը կոչում է անվանապես: Այս մասին է խոսում նաև Դավիթը. «Ո՞վ կարող է թվել աստղերի բազմությունը» (Սաղմ. 146։4) և այլն: Նախ՝ որովհետև Աստված անսխալապես գիտե ամեն ինչ:

   Երկրորդ՝ որովհետև նախախնամում է յուրաքանչյուրին, որպեսզի չկորչեն: Երրորդ՝ որովհետև բոլորը հնազանդ են Նրա խոսքին. սա է նշանակում անվանապես կոչելը (Ծննդ. 26։25, Եսայի 45։3): Աստծո զորությունը սաստիկ է երեք պատճառով. նախ՝ որովհետև երկար և հարատև է, երկրորդ՝ որովհետև մեծ է Նրա զորությունը, երրորդ՝ որովհետև ամենազոր է, այսինքն՝ ամեն ինչի մեջ զորավոր է, մինչդեռ մարդիկ երբեմն տկար են, և ոմանց հանդեպ միայն՝ զորավոր:

   Հարց. Ի՞նչ է հավիտենականը և ի՞նչ՝ մշտնջենավորը:

   Պատասխան. Հավիտենականը անսկիզբն ու անվախճանն է, ինչպիսին Աստված է: Մշտնջենավորը սկսվողն ու անվախճանն է, ինչպիսին հրեշտակներն ու մարդկանց հոգիներն են: