Ո՞վ արթնացրեց արդարին արևելքից և կանչեց իր հետևից (41։2)
Այսինքն՝ ոչ թե հեթանոսները կամ նրանց կուռքերը արթնացրին արդարությունը, այլ՝ միայն Աստված: Նախ՝ արդարության գործը հոգևոր է, և որովհետև մեղքի պատճառով գերվեցին, ուստի դարձի գալու շնորհիվ արդարացիորեն պիտի ազատվեն: Եվ ասում է արթնացրեց, որովհետև քանի դեռ մեղքի մեջ էին, նրանց անտեսում էր: Երկրորդ՝ ակնարկում է Կյուրոսին , որն ազատեց նրանց, քանզի ոմանք նրան արդար են հորջորջում: Երրորդ՝ արդար էր Զորաբաբելը, որն առաջնորդեց ժողովրդին ու վախեցրեց հեթանոսների թագավորներին: Չորրորդ՝ նկատի ունի բաբելացիների վրեժխնդրությունը, որը ոտքի հանեց պարսիկներին ու մարերին և կործանեց նրանց: Եվ հինգերորդ՝ արդարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, Որնարևելքից ծագելով Հորից՝ փարատեց մեր խավարը ու սրբելով արդարացրեց մեզ: Իսկ երբ ասում է՝. արթնացրեց, մեզ հետ խոսում է՝ զիջելով մեզ [մեր ընկալման չափով]:
Եվ կանչեց Իր հետևից. այսինքն՝ Իր նախասահմանած կամքի հետևից, որովհետև նախապես կանխորոշված էր Որդու մարմնանալը, խաչը, մահը, հարությունն ու մեր փրկությունը:
Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան (41։4)
Սա բացառապես Աստծուն է վերաբերում, քանզի Նրանից առաջ ոչ ոք չկար ու Նրանից հետո ոչ ոք չի լինելու, այսինքն՝ Նա անսկիզբ և անվախճան է: Այլև, [միայն] Նա է ամենայն ինչի սկիզբն ու վախճանը:
Այստեղ ասում է, թե ընտրեցի ձեզ, և Պողոսը, թե՝ «Մեզ ընտրեց աշխարհը լինելուց առաջ» (Եփես. 1։4): Արդ, եթե Աստված մեկն ընտրի և մյուսը մերժի, ապա մերժվածը մեղադրելի չէ: Աստված ոչ թե բռնազբոսիկ և խառնիխուռն կերպով է ընտրում և մերժում, այլ առաջադետ տեսությամբ արդարացիորեն ընտրում է լավը և մերժում վատթարը: Ինչպես օրինակ մարդիկ առջևում դրվածներից այնպիսիներն են ընտրում, որոնք էապես և առերևույթ ունեն պատվականություն, նույնպես և Աստված Իր ամենիմաստ գիտությամբ պատվականներին նախապես ընտրում է թե՛ որովայնից, և թե՛ հետագայում՝] յուրաքանչյուրին իր ժամանակին կանչելով, ինչը հայտնի է այգու մշակների առակից: Իսկ անարժաններին, ովքեր չեն ընդունվում, չի առաքում քարոզելու: Այդպիսիք էին պարսիկների և նմանատիպ մյուս ազգերը: Եվ ամենն այսպես հասկացիր:
[Չվախենաս, Հակոբ, որ] որդ ես [հիմա, … ասում է] Աստվածն Իսրայելի (41։14) խոսքով ժողովրդին է կոչ անում, քանզի տկարացել էին ու [դարձել] սակավակյաց:
Գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերում՝ աղբյուրներ (41։18)
Սա նրանց դարձն է խորհրդանշում, քանզի վերստին ամեն տեղ շինություն էր լինելու, և դարձից հետո նորից հնչելու էր մարգարեության և օրենքի վարդապետության ձայնը: Իսկ մեզ համար հոգևոր իմաստով գետերը մարգարեների խոսքերն են, իսկ աղբյուները՝ առաքելական հոսքը: Երեք պատճառով է սա ասում. «Գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերում՝ աղբյուրներ». նախ՝ որովհետև սկզբից մարգարեներն էին, և հետո առաքյալները երևացին:
Երկրորդ՝ որովհետև մարգարեները Իսրայելի մեջ էին, և բարձրացել էին օրենքով, իսկ առաքյալները հեթանոսների մեջ էին, նրա՛նց, ովքեր տկարացել էին մեղքերով:
Երրորդ՝ որովհետև ինչպես լեռներից գետերը իջնում են դաշտերը, բայց դաշտերից լեռները չեն բարձրանում, նույնպես դեպի մեզ հոսեցին մարգարեների խոսքերը, իսկ առաքյալներինը նրանց մոտ՝ ոչ, որովհետև հրեաները չհասկացան վերջիններիս: Իսկ ինչո՞ւ գետ և աղբյուր. նախ՝ որովհետև գետերը սակավ տեղերում են լինում, իսկ աղբյուրները բազում վայրերում են բխում: Նույնպես մարգարեները Իսրայելի մեջ էին, իսկ առաքյալները քարոզեցին հեթանոս բոլոր ազգերի մեջ:
Երկրորդ՝ գետը ավելի շատ ջուր ունի, քան աղբյուրները: Եվ ինչպես աղբյուրները շատ ավելի օգտակար են քան գետերը, նույնպես մարգարեների խոսքերն ու օրենքներն ավելի շատ են, սակայն առաքյալները սակավ խոսքերով զարդարեցին այս աշխարհը:
Երրորդ՝ ինչպես գետերն ու աղբյուրները նույն ծովից են դուրս գալիս, այդպես էլ առաքյալներն ու մարգարեներն են նույն Հոգուց:
Չորրորդ՝ որովհետև շատ տեղերում աղբյուրները գետերից են հոսում, նույնպես և առաքյալները շատ տեղերում քարոզում էին մարգարեների վկայությամբ, այլև, նրանք հինը նոր դարձրին:
Հինգերորդ՝ որովհետև գետերն ու աղբյուրները խառնվում են, ինչպես իրար են միացել Հին և Նոր Կտակարանները, իսկ այժմ՝ մեր Եկեղեցին է մեկ:
Իսկ մայրին, տոսախը և մյուսները, որոնք հիշատակում է, թվով տասն են՝ մշտասաղարթ, անուշահոտ, բժշկարար ու լուսավոր. սրանք դարձից հետո նորոգումն են ցույց տալիս, նաև՝ թագավորությունն ու քահանայությունը, որովհետև ըստ ոմանց, թագավորներին ենթակա ինն աստիճանավորներ կան, և թագավորը տասներորդն է, որ կարգված է նրանց վրա: Այսպես էլ քահանայապետն է տասներորդ աստիճանը. նույնպես է և նոր Եկեղեցում, ուր քահանայությունն ինն աստիճան ունի է, իսկ տասներորդը կաթողիկոսն է, համաձայն երկնայինների ինը դասերի, որոնց գերագույնը՝ տասներորդը, Աստված է 1: Այլև, այդ բուսատեսակները խորհրդանշում են Եկեղեցու զանազան ներգործությունները, որոնք մշտապես ուրախացնում են հոգիների բժշկությամբ, մեղքերի քավությամբ, անուշահոտ վարքով, լուսավոր շնորհներով ու վարդապետությամբ:
Ասացե՛ք, թե վերջում ինչ է լինելու, թե աստվածներ եք՝ բարին կամ չարը կատարեցեք (41։23)
Միայն Աստծուն է հատուկ լինելիք բաները խոսել ու անել, այսինքն՝ պարգևներ ու պատիժներ տալ, որովհետև Աստված չար բաներ չի անում, այլ Նրա արդար հատուցումն է մեզ չար թվում: Բայց եթե մեկը հիմար մտքով հարցնի, թե ինչո՞ւ է մարգարեների ազդու, բարի և չար գործեր կատարելու ունակ զորությունը թողած՝ անմռունչ պատկերների հետ այսքան ճարտարաբանում: Սրան երկու կերպ է պատախանում սուրբ Հովհան Ոսկեբերանը. նախ այսպես. քանի որ նախնիները լոկ պատկերներ ստեղծեցին ու նրանց պաշտեցին իբրև աստվածների, (ինչը կշտամբում է մարգարեն), և հետագայում էլ նրանց ներգործությունները և պատասխանները, հնարամիտ նենգափոխումների ենթարկվելով, ներթափանցեցին մարդկանց մեջ:
Երկրորդ պատասխանն էլ այս է. թեկուզ նրանց դևերը մտնեին իսկ պատկերների մեջ, չէին կարող իմանալ՝ ինչ է առաջիկայում [լինելիքը] ու չէին կարող բարին կամ չարը կատարել: Եվ սա հայտնի է հրեաներից, որոնք թողեցին ճշմարիտ Աստծուն և «դևերին երկրպագեցին՝ զոհելով որդիներին ու դստրերին» (Սաղմ. 105։37), ու չկարողացան մի բանով օգնել նրանց: Այլև Քրիստոսի մարդեղության ժամանակն էլ չկարողացան իմանալ, իսկ եթե իմանային՝ Խաչի միջոցով խորտակումը չէր պատուհասի նրանց՝ Հուդայի բնակիչներին: Այլև հրեաները չէին մարտնչի սրբերի դեմ, եթե իմանային, թե պարտվելու են: Եվ եթե այդ «աստվածները» երբեմն-երբեմն չար բաներ են անում, ինչպես Հոբի խոզերի ու խաշների պարագայում, սա Աստծո հանդուրժելու պատճառով է լինում, որովհետև Աստված հանդուրժում է, երբ մարդիկ մարդկանց չարություն են անում: Եվեթե երազով կամ հմայողների ձեռքով պատասխան են ստանում լինելիքների մասին, սա ևս Աստծո հանդուրժելով է լինում՝ մարդկանց խնամք տանելու [նպատակով]: Ըստ այդմ նաև մարդկանցից ճարտարները սրատես մտքով տեսնում են ապագան և աստղերի շարժումով կանխասում են լինելիքները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: