Գլուխ  42

Հակոբն Իմ ծառան է (42:1)
   
   Հրեաների կարծիքով այս խոսքն ու՞մ մասին է. «Աստված ասում է. Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին» (40:1): Մինչև Գրքի վերջը Ասորեստանի և Եզեկիայի վերաբերյալ նման խոսք չկա: Սա չի հարմարվում նաև Զորաբաբելին, որովհետև ասում է, թե «հերոսը» չի աղաղակում ու չի վիճում, բայց ահա Զորաբաբելը կոտորեց Եդովմացիներին և Գոգը: Այլ այս խոսքը պատշաճում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ինչպես և Մատթեոս Ավետարանիչն է այս խոսքը վկա բերում՝ ասելով, թե՝ իրավամբ խոսեց Սուրբ Հոգին Եսայու միջոցով և ասաց. «Ահավասիկ իմ մանկանը, որ ընտրեցի» (Մատթ. 12:18) և այլն։ Այլև թեպետ մեր Տիրոջ համար է [ասված], սակայն ոչ թե ինչպես արիոսականներն են կարծում՝ Նրան ծառա և օգնականի կարոտ համարելով, այլ ճշմարտապես Նրա մարմնավորման համար է ասված, որ հաստատում է նաև առաքյալը. «Ծառայի կերպարանք առավ» (Փիլիպ. 2:7):

      Օգնական եղավ Նրան իբրև զորություն՝ հրաշագործելու համար, և Նրա մասին ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, Որին հոժարեցի» (Ղուկ. 3:12), և «Աղավնակերպ Սուրբ Հոգին իջավ Իրա վրա» (Ղուկ. 3:22): Իսկ Հակոբի մասին է խոսում, ինչպես այս պարագայում, երբ ասում է՝ «Աստվա՛ծ, քո իրավունքը տուր Արքային, և Քո արդարությունը՝ Թագավորի Որդուն» (Սաղմ. 71:2), քանի որ այդպես մարգարեն ցանկանում է հանձին Հակոբի Քրիստոսի կերպարը ներկայացնել: Եվ դարձյալ այն պատճառով է Հակոբին հիշում, քանզի նրա տոհմից էր ծնվելու Քրիստոս:

   Օգնական եղավ Նրան. Թեպետ Նա օգնության կարիք չունի Աստվածության զորության շնորհիվ, սակայն ըստ տնօրինության՝ [այո, ունի], որովհետև մարդ դարձավ. «Եվ հրեշտակներն ուժ էին տալիս Նրան» (Ղուկ. 22:43):

   Նա կտեսնի հեթանոսների դատաստանը. Սա նախ այն է նշանակում, որ Նա ազատելու է հեթանոսներին սատանայի ծառայությունից:

   Երկրորդ՝ ազատելու է մեղքի մեջ շաղախվելուց, պղծագործ գարշություններից և առաջնորդելու է դեպի կյանքի արդարություն ու սրբություն:

   Երրորդ՝ որովհետև հրեաները, որոնք մտածում էին օրենքի մասին, շեղվեցին ճշմարտությունից, մինչդեռ «հիմարացած» հեթանոսները հասան գլխավոր առաքինությանը:

   Չորրորդ՝ արդար դատաստանի երկյուղն իբրև սանձ դրեց հոգիների վրա, որով խույս ենք տալիս չարից: Եվ տե՛ս, չի ասում, թե կանի, այլ՝ կտեսնի, որովհետև ինչ ծածուկ էր, հայտնի դարձրեց, ըստ այն խոսքի, որ ասում է. «Ահա մի սերմնացան ելավ» (Մատթ. 13:4)․․․ և աստվածային գանձից պարգևներ բաշխեց աստվածայիններիս:
   
Նա չի ջարդելու ջախջախված եղեգը, և առկայծող պատրույգը չի մարելու (42:3)
   
   Նախ՝ հրեա ժողովուրդը հակառակվում էր իբրև ջախջախված եղեգ ու վառված կայծի նման նախանձաբեկ էր լինում: Եթե կամենար,- ասում է,- ոչ թե իբրև կանգուն, այլ որպես ջախջախված եղեգի դյուրությամբ կխորտակեր ու կմարեր՝ կորստյան մատնելով նրանց, սակայն չկամեցավ դա:

   Երկրորդ՝ ոմանք ասում են, թե ջախջախված եղեգը նույն ժողովուրդն է, որին երբեք չջարդեց, այլ՝ ողջացրեց, այսինքն՝ բժշկեց: Իսկ առկայծող պատրույգը,- ասում են,- օրենքն է, որը Նա չմարեց, այլ կատարեց 1:

   Երրորդ՝ որովհետև սուրբ Բարսեղն ասում է, թե ջախջախված եղեգը նրանք են, ովքեր արատավոր կերպով են կատարում օրենքը, որոնց հարկ չէ ջարդել, այլ՝ խրատել, ինչպես Տերն է ասում. «Ձեր ողորմությունն ու պահքը մի՛ կատարեք ի ցույց մարդկանց» (Մատթ. 6: 1)։ Իսկ Պողոսն ասում է. «Կատարեք առանց տրտնջալու և առարկելու, առանց գրգռելու ու պարծենալու» (Փիլիպ. 2:14): Տրտնջալն այն է, երբ հայտնապես հիշում և արածը երեսով է տալիս, ինչպես փարիսեցին՝ տաճարում: Առարկելն այն է, երբ ծածուկ դժգոհում են ու գործն իրենց անպատշաճ են համարում: Գրգռելն այն է, երբ չար նախանձով հակառակվում են միմյանց, իսկ երբեմն էլ աղոթում և պահք են պահում: Պարծենալն այն է, երբ կամ իրենց բերանով են պարծենում արդարության համար, կամ ի ցույց մարդկանց են անում դա, որպեսզի ուրիշները գովեն իրենց. այդպիսիները անպիտան ու ջախջախված եղեգ են: Իսկ առկայծող պատրույգը նրանք են, ովքեր վառված չեն Աստծո սիրո ջերմությամբ, այլ՝ ծուլությամբ և անհոգությամբ են պահում պատվիրանները: Նրանց պետք է զգաստացնել դատաստանի հիշատակությամբ:

   Չորրորդ՝ ջախջախված եղեգը ժողովուրդն է, որը վերցնում է Քրիստոսի դժվարակիր օրենքը՝Քրիստոսի նեղ և անձուկ ճանապարհը, բայցչի կոտրվում տաղտկությամբ կամ հուսահատությամբ, այլ ապրում է հանգստյան հույսով։Լուծը՝ քաղցր, ու բեռը թեթև է թվում նրանց Քրիստոսի շնորհներով, Նրա, Ով ոչ թե ջարդում, այլ կազդուրում է: Իսկ առկայծող պառրույգը,- ասում է սուրբ Եփրեմ Ասորին,- մեր տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունն է, որ մանուկ հասակում կամենում էր մարել Հերովդեսը՝ մանուկներին կոտորելով, բայց չկարողացավ: Նաև, երբ կամենում էին Նրան գահավիժել լեռից, և երբ հրեաները խաչեցին, այդժամ ևս կամենում էին մարել Նրա կյանքը, բայց Նա առավել պայծառացավ, ինչպես ասվում է.
   
Ծագելու և չի մարելու մինչև հանուն ճշմարտության երկրի վրա հաստատի արդարությունը (42:4)
   
   Այսինքն՝ Նա հայտնի դարձրեց, որ աշխարհում մարդկանց ամեն ինչը սնամեջ և ընդունայն է, ըստ այն խոսքի, թե՝ «Ինչո՞ւ եք սիրում ունայնություն ու փնտրում ստություն» (Սաղմ. 4:3): Այլև թյուր էր դատաստանի արդարությունը, որն ուղղեց՝ ասելով․ «Մի՛ դատեք ըստ աչքերի, այլ ուղիղ դատաստան արեք» (Հովհ. 7:24): Իսկ սխալ դատաստան է լինում վեց բանի պատճառով. նախ՝ վախից, երկրորդ՝ ճարտար ու տարտամ խոսողներից, երրորդ՝ կողմնապահությունից, չորրորդ՝ տգիտությունից, հինգերորդ՝ կաշառքից, վեցերորդ՝ սուտ վկաներից: Նա ցույց է տալիս, որ այսպիսի դատավորների համար արդար վճիռ է լինելու թե՛ այստեղ և թե՛ Աստծո դատաստանի ժամանակ, քանզի արդարությամբ է դատելու, և ոչ թե մարդու նման՝ կողմնապահությամբ։ Այլև, Նա չի վախենում ոչ մեկից, և կաշառքով չի գայթակղվում, բնությամբ ամենիմաստ է, ու կարիք չունի ուրիշ վկաների, քանզի Նրա առջև ամեն ինչ հայտնի է մերկապարանոց կերպով, ու Նա «քննում է սրտերն ու երիկամները» (Սաղմ. 7:10), և ովքեր պատժապարտ են, ինքնըստինքյան իրավունքը տալիս են Նրան, ինչպես Դավիթն է ասում. «Ես՝ հովիվս, մեղք գործեցի» (Բ Թագ. 24:17)։ ԻսկԿայենն ասում էր. «Իմ վնասը մեծ է, քան մեղքերի թողությունը» (Ծննդ. 4։13)։ Ադամը թաքնվելով ցույց տվեց, թե մեղավոր է, հարուստը, երբ Աբրահամից լսեց, թե՝ «Քո բարիքը ստացար» (Ղուկ. 16։25), չկարողացավ արդարացիորեն պատասխանել, և ոչ էլ նա, որի համար Տերը հրամայեց՝ կապել ձեռքերն ու ոտքերը և հանել արտաքին խավարը (Մատթ. 22։13):
   
Եվ հեթանոսները հուսալու են Նրա անվանը (42։4)
   
   Հարց. Հեթանոսները ինչո՞ւ՞ չպիտի հավատան ա՛յն անվանը, որը գործում է իբրև Էություն: Նախ՝ որովհետև ինչպես Քրիստոս Ինքը դևերին հալածում էր, նույնպես նաև Նրա անունով էին հալածում դևերին, ինչպես Սկևի որդիները (Գործք 19։14- 17): Երկրորդ՝ ինչպես Նա վերացրեց կռապաշտությունը ու փշրեց նրանց պատկերները, ըստ այն խոսքի, թե՝ «Ցնցվեցին եգիպտացիների ձեռագործ կուռքերը, երբ Նա մանուկ հասակում այնտեղ մտավ» 2, այդպես էլ սրբերը, Նրա անունը հիշելով, խորտակում էին կուռքերին: Ու եթե մեկն ասի՝ ինչպե՞ս վերացան կուռքերը, որովհետև տակավին կռապաշտներ, մոլագարներ ու կախարդներ կան, թող լսի Ոսկեբերանի պատասխանը, որն ասում է, թե Քրիստոս նրանցից քիչ թվով մնացուկներ թողեց, որպեսզի իմանանք Նրա բարերարության երախտիքը, այն, թե ինչ զազրալի գործերից ու դառն տանջանքներից ազատեց մեզ, և ջերմ սիրով փութանք Նրա մոտ: Երրորդ՝ ինչպես Քրիստոս է թողություն տալիս, այնպես էլ Նրա անունն է թողություն տալիս մեղքերին, համաձայն այս խոսքի. «Թող ձեզանից յուրաքանչյուրը մկրտվի Հիսուսի անունով մեղքերի թողության համար» (Գործք 2։38): Չորրորդ՝ ինչպես Նա էր մեծամեծ հրաշքներ գործում՝ կաղերին, կույրերին ու մեռելներին [բուժելով ու հարություն տալով], այդպես էլ Քրիստոսի անվամբ Պետրոսը հարություն պարգևեց Տաբիթային (Գործք 9։40), իսկ կաղը, ով նստում էր տաճարի դռան մոտ, վազում և օրհնում էր Աստծուն (Գործք 3։7-8): Հինգերորդ՝ ինչպես Քրիստոս Ինքը հավիտենական կյանք է պարգևում Իր հավատացյալներին, այնպես էլ, ինչպես Ավետարանն է ասում. «Նրանց, ովքեր հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու՝ ժառանգակից Քրիստոսին» (հմմտ․ Հովհ.1։12):
   
[Նրա,] Ով հաստատեց երկիրը (42։5ա)
   
   Նախ՝ որովհետև չի Նա ապականվում շուրջը եղած ջրերի ծփումից ու չի այրվում բորբոք ջերմությունից: Երկրորդ՝ որովհետև լեռների ու դաշտերի այնքան մեծ ծանրությունը չի շարժվում իր տեղից, այլ հաստատված մնում է և կա Աստծո խոսքով: Եվ եթե երբեմն տեղ-տեղ ցնցում է երկիրը, Աստված դա այն պատճառով է [անում], որպեսզի իմանանք, որ անշարժ պահելու զորությունւ Նրա ձեռքում է, քանզի Նա է հաստատել երկիրընու ցնցում է այն, Նա՛, Ով, ինչպես ասում է մարգարեն, մարդկանց շունչ տվեց՝ոտք դնելու այդ երկրի վրա (42։5բ)։  Այսպիսով նախ կամենում է ցույց տալ, որ Աստծուց են մարդկանց բանական հոգիները և անասունների զգայական շունչը: Երկրորդ՝ որպեսզի երբ Նա կամենա, հոգին ու շունչը պահի մարմնի մեջ, իսկ երբ կամենա, արձակի մարմնից: Երրորդ՝ քանզի միայն Աստծուց է հոգին, որը ոտք է դնում երկրի վրա, և ոչ թե ոտնակոխ է անում երկինքը, երկիրը և ծովը, ինչպես հեթանոսներն են առասպելաբանում:
   
   Նաև կալանավորներին հանում է բանտից (42։7), այսինքն՝ հոգիներին՝ դժոխքից, մարմիններին՝ գերեզմանից, հեթանոսներին՝ կուռքերից, որոնք կապված ու կաշկանդված էին մոլորությամբ և չէին կարողանում կանգնել, այլ նստած էին անգիտության խավարի մեջ:
   
   Իմ փառքը ուրիշին չեմ տա (42։8) այսինքն՝ Իմ անունը զատում եմ կուռքերից: Այլև ասվում է, թե մարդն Աստծո փառքն է, ըստ Պողոսի. «Տղամարդուն հարկ չէ իր գլուխը ծածկել, որովհետև Աստծո փառքն է» (Ա Կորնթ. 11։7):

   Օրհնեցեք Աստծուն նոր օրհներգությամբ (42։10) Հրեաների [երգն է] դարձից, այսինքն՝ հարությունից հետո:

   Նրա անունը երկրի ծագերից է (42։10ա) [հնչում] նրանց բերանից, ովքեր գերվել էին, բայց ազատվեցին գերությունից: Այլևհեթանոսներն են նոր օրհնություն մատուցում Աստծուն, որովհետև եթե հրեաների համար յոթանասուն տարի անց նոր էր այդ օրհնությունը, ապա որքան ևս ավելի՝ հեթանոսների համար, որոնք հազար տարի հետո օրհնեցին Աստծուն: Եվ ի՞նչ է նոր օրհնությունը. այն է, որ ոչ թե ըստ հին սովորության և ըստ օրենքի, այլ հոգևոր օրհնությամբ ենք օրհնում Աստծուն, համաձայն այն խոսքի, թե՝ «Գալու է ժամանակը, երբ ճշմարիտ երկրպագուները Հորը պիտի երկրպագեն հոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։23): Նախ՝ որովհետև մենք պաշտում ենք Երրորդությունը, իսկ նրանք՝ միայն Հորը գիտեն:
Երկրորդ՝ քանզի նրանցը մարմնական, իսկ մերը հոգևոր օրհնություն է. «Աստված չի արհամարհում սուրբ սիրտն ու խոնարհ հոգին» (Սաղմ. 9։19):
Երրորդ՝ նրանք Երուսաղեմում կամ նշանավոր վայրերում, իսկ մենք ամեն տեղ օրհնում ենք Աստծուն աղոթքի մեջ, ըստ Պողոսի. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթքի մեջ լինեն, ամեն տեղ իրենց սուրբ ձեռքերը վեր կարկառեն» (Ա Տիմ. 2։8): Դարձյալ, որովհետև շնորհական բաներն ու պարգևները նոր են՝ Նրա կողմից մեզ համար արված, որով մեզ սատանայից փրկեց: Եվ առաքինություններն էլ նոր են, այսինքն՝ ոչ թե սոսկ մարդով կամ հրեշտակով փրկվեցինք, այլ Աստծո մարդանալով, որի համար պարտավոր ենք Աստծուն օրհնել նոր օրհնությամբ:

   Եվ որպեսզի չկարծենք, թե Աստված կարիք ունի մեր օրհնության, մարգարեն ասում է. «Նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում» (42։10), այսինքն՝ բաց մտքով։ Եվ տե՛ս, երկնքում բյուրավոր հրեշտակներ ու հազարավոր հրեշտակապետներ կան, որոնք ի փառաբանություն Աստծո ասում են. «Սուրբ, Սուրբ Զորությունների Տեր, երկինքը լի է․․․» (6։3), և թե՝ «Փառք Աստծուն՝ բարձունքներում » (Ղուկ. 2։14), նաև՝ «Օրհնյալ է Տիրոջ փառքն իր տեղում» (հմմտ. Սաղմ. 67։6): Աստված, սակայն, կարիք չունի նրանց փառաբանությանը, ինչը հայտնի է այն բանից, որ հրեշտակներին ստեղծելուց առաջ Նա կարիք չուներ նրանց փառաբանությանը: Այլ օգտավետն այն է, որ ովքեր օրհնում են Աստծուն, օրհնվում են Նրա կողմից և մոտենում են Աստծուն: Որովհետև որքան որ նայում են լույսին՝ լուսավորվում են նրանից, և այդ լույսի մեջ ավելորդ բան չկա: Նույնպես նրանք, ովքեր օրհնում են Աստծուն, օրհնվում են նրանից, ըստ այն խոսքի, որ ամեն ոք իր փառավոր աչքն է փառավորում: Եվ տե՛ս, որ մարգարեն ասում է. «Նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում», այլ ոչ թե Նրա էությունն է քննվում հերշտակների կողմից, քանզի անհասանելի է Աստծո բնությունը, ուստի որքան առավել անհասանելի է այն մեզ համար, որ երկրավոր մտածումներով ենք լեցուն ու տկար ենք տեսողությամբ։ Եվ մեզ ինչո՞ւ չի երևում Նրա իշխանությունը: Սա հեռավորության պատճառով չէ, քանզի «մեր Աստվածը երկնքում և երկրում է» (Սաղմ. 113։3), ինչպես ասում է Դավիթ մարգարեն. այլ մեր բնության տկարության պատճառով է, քանզի թույլ է մեր տեսողությունը, այդ պատճառով էլ չենք կարող նայել աստվածային լույսի ճառագայթներին, ինչպես այն ժամանակ աշակերտները, լեռան վրա տեսնելով այդ պայծառությունը, երկյուղից տկարացան: Եվ նույն իրենք՝ հոգևոր զորությունները չէին համարձակվում նայել Նրա փառքին, այլ ահով ծածկում էին իրենց երեսներն ու ոտքերը և սրբորեն երգում էին երեքսրբյան սրբասացությունը:
   
   Եվ Նրա անունը երկրի ծագերում է (42։10ա)
Այս է  ասում  նաև Դավիթը. «Ողջ երկիրն է բռնել նրանց ձայնը, և մինչև աշխարհի ծայրն են հասել նրանց խոսքերը», և բոլոր ազգերն են Քրիստոսի հավատքին եկել (Սաղմ. 18։5):