Գլուխ  45

Այսպես է ասում Տերն Իր օծյալ Կյուրոսին (45։1)
   
   Սա օծված է ոչ թե յուղով, ինչպես քահանաներն ու թագավորները, և ոչ թե հոգով, ինչպես մարգարեները, այլ՝ զորությամբ, որի խորհրդանիշն է արքայի այն օծումը, որով նա արժանացավ այդ իշխանությանը։Ուստի Տերը նրան օծյալ, ինչպես նաև ասորեստանցիների ձեռքին գավազան է անվանում. «Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է Իմ բարկության գավազանը» (10։5): Եվ Եզեկիելի միջոցով էլ ասում է. «Իմ ծառա Նաբուքոդոնոսորը աշխատեց Ծուրի մեջ» (Եզեկ. 29։19-20): Իսկ Զաքարիայի միջոցով Անտիոքոսի մասին ասում է. «Ես մի տգետ հովիվ եմ դնելու, որ ուտելու է ընտիր ոչխարների միսը և փշրելու է նրանց ոտքերի ոսկորները» (Զաք. 11;15): Սրանով հայտնի է դառնում, որ Աստված երկրի վրա թագավորներ է բարձրացնում, թեկուզ եթե նրանք ամբարիշտ են լինում:
   
Խորտակելու եմ պղնձե դռները ու փշրելու եմ երկաթյա նիգերը (45։2)
   
   Պղնձե դռները բաբելացիներն էին, որոնք ամուր պահպանությամբ փակել էին գերյալներին ու չէին կամենում արձակել նրանց: Երկաթյա նիգը Հրեաստանի շրջակա աշխարհն է, որ գաղտնորեն պնդում էր, որպեսզի չազատեն գերիներին: Իսկ հոգևոր իմաստով պղնձե դռներն ու երկաթյա նիգերը սատանայի հպարտությունն ու հնարքն էր, որով կապել էր մարդկանց ու հոգիներին, սակայն Տերը, դժոխքը խորտակելով, հոգիներին ազատեց այնտեղից, իսկ մարդկանց՝ մոլորություններից: Դարձյալ, պղնձե դռները խորհրդանշում են մեղքը, իսկ երկաթյա նիգերը՝ մահը, որով մարդիկ կապված ու բանտված էին, բայց Տերը խորտակեց այդ արգելքներն ու ազատեց մեզ:
   
Ես եմ, որ հաստատեցի լույսը ու ստեղծեցի խավարը (45։7)
   
   Այսպես է ասում, քանի որ լուսատուների մայր մտնելիս խավար է լինում, և խավարը լույսի պակասությունից է: Արդ, լուսատուների շարժը Նա հաստատեց, ըստ այն խոսքի. «Ես եմ հրաման տալիս բոլոր աստղերին» (45։12): Դարձյալ, Եգիպտոսում եղած հրաշագործությունները՝ իսրայելացիների լույսն ու եգիպտացիների խավարը Նա հաստատեց (Ելք 10): Նույնպես և մեր Տիրոջ խաչելության ժամանակ խավարեցրեց ու լուսավորեց արեգակը, քանզի նրանց Արարիչն է: Դարձյալ, լույսը Իսրայելի ազատությունն է, իսկ խավարը՝ բաբելացիների գերությունը, լույսը Զորաբաբելով եղած փրկությունն է, իսկ խավարը՝ Գոգի կորուստը: Նույնը իմացիր նաև Եզեկիայի ու Հռափսակի, Հեսուի ու քանանացիների պարագաներում:

   Ես եմ, որ խաղաղություն եմ անում ու հաստատում չարը (45։7)

   Սա ասում է, քանի որ խաղաղություն հաստատողն Ինքն է, և ոչ որևէ մի մարդ։Նա Ինքն է Արարիչն ու Տերը,և ոչ թե այլ մեկը, քանզի Ինքն է տանում գերության և Ինքն է ազատում, երբ որ կամենում է, կամ մեկին ազատում է, իսկ մյուսին՝ չարչարում, ինչպես ասվեց լույսի ու խավարի վերաբերյալ: Սակայն Աստված բնությամբ չար բան չի ստեղծել և չար բան չի անում, այլ Աստծուց առաջացած բաները բարի են, ըստ այն խոսքի, թե՝ «Աստված տեսավ, թե ահա շատ բարի են» (Ծննդ. 1։25): Բայց բոլորին պատուհասելը, որ Աստված անում է և որի օրինակ է մեղքի համար պատուհասելը, ասենք, հիվանդության միջոցով, կամ մահվամբ վրեժխնդիր լինելը, կամ էլ մնացյալ բաները, դրանք չար է անվանում: Սակայն սրանք ոչ թե չար են, այլ՝ Աստծո արդար հատուցումը կամ ուղղադատ խրատը։ Եվ ինչպես հայրն է խրատում խռովարար մանկանը և նրան ճիշտ ճանապարհի վրա է դնում, այդպես էլ կամենում է անել Աստված: Այլև գիտելի է, որ Կյուրոսը օծյալ կոչվեց հոմանունը լինելով ճշմարիտ օծյալ Քրիստոսի, քանի որ բազում հարցերում համեմատվում է Նրա հետ: Եվ դա Աստծո մարդասիրությունից է, որ ոչ միայն այլազգիներին, այլև ժամանակի ընթացքում նաև անսուրբ կենդանիներին է Իր նման [սուրբ] դարձնում. առյուծին, ընձառյուծին կամ արջին (հմմտ.Եսայի 31։4, 11։6,7): Արդ, նախ Կյուրոսն է օծյալ կոչվում, իսկ մեր Տերն իսկապես «Օծյալ է Դավթի քաղաքում» (Ղուկ. 2։11), ինչպես ասում է հրեշտակը:

   Երկրորդ՝ «ավարառու» է կոչվում, և մի թարգմանության մեջ ասվում է. «Եվ մեր Տերը ավար վերցրեց ու պարգևներ բաշխեց»:

   Երրորդ՝ «հովիվ» է կոչվում, որովհետև բարությամբ առաջնորդեց, և մեր Տերը՝ «քաջ հովիվ» (Հովհ. 10։14):

   Չորրորդ՝ Կյուրոսը կատարեց Աստծո կամքը, նաև մեր Տերը կատարեց Իր առաքիչ Հոր կամքը: Հինգերոդ՝ Կյուրոսը խորտակեց քաղդեացիների բռնավորին, և մեր Տերը՝ հոգեղեն քաղդեացիների [բռնավորին], որ հզորացել էր խառնակություններով լեցուն տան մեջ: Վեցերորդ՝ Կյուրոսը [տեղահան արեց] պողպատի դռներն ու աներևույթ գանձեր հանեց, իսկ մեր Տերը, խորտակելով դխոխքի դռները, հանեց հոգիների գանձերը, քանզի [դրանք] Աստծո պատկերն ունեն: Յոթերորդ՝ ինչպեսԿյուրոսն արդարությամբ թագավորեց, այդպես էլ մեր Տերը թագավորեց արդարությամբ, և ոչ թե բռնությամբ, բայց չնայած դրան ազգերը հոժարությամբ են հնազանդվում Նրան: Ութերորդ՝ Կյուրոսը տաճարը կառուցեց, իսկ մեր Տերը վերականգնեց Դավթի խորտակված հարկը (հմմտ. Գործք 15։16), որ նոր Եկեղեցին է: Իններորդ՝ նա ազատեց գերյալներին, իսկ մեր Տերը՝ հեթանոսներին՝ կուռքերից: Տասներորդ՝ նա նվերներ ընծայեց, իսկ մեր Տերը՝ Իր մարմինը: Կան ուրիշ համեմատություններ ևս, եթե մեկը փափագում է լսել՝ դրանք հետևյալներն են. Կյուրոսը հեզ էր, խաղաղարար, անկաշառ և այլն՝ ի փառս Քրիստոս Աստծո:
   
Քանզի քո մեջ Աստված կա (45։14)
   
   Տե՛ս կատարյալ աստվածաբանությունը. Աստված Աստծո մեջ, այսինքն՝ Հայրը Որդու մեջ, և Որդին՝ Հոր, ինչպես և ասում է. «Ես Հոր մեջ, և Հայրը՝ Իմ մեջ» (Հովհ. 10։38): Այս մասին Աթանասն է ասում 1: Սակայն ոմանք սա վերագրում են Երուսաղեմին՝ նշելով, որ այդ քաղաքի մասին է ասվում, թե՝ «Քո մեջ Աստված կա»: Բայց սա ևս չի խանգարում նախորդ մտքին, որովհետև մեր Տերը այնտեղ՝ Երուսաղեմում, երևաց մարմնով 2: Սակայն հրեան համառում է՝ [պնդելով], թե սա [միայն] Երուսաղեմի մասին է ասված, որին ի պատասխան կասենք, որ համաձայն այս մեկնության Երուսաղեմը Աստված է, և չկա այլ Աստված նրանից բացի, որովհետև խոսքի հաջորդականությունն ասում է, թե՝ «Բոլորը Քեզ մոտ կբարձրանան ու Քեզ կերկրպագեն և Քեզ հետ դաշինք կկապեն, քանզի Քո մեջ Աստված կա, և այլ Աստված չկա Քեզանից բացի (45։14):

   

Իմ անձով եմ երդվում, թե ամենայն ինչ, որ դուրս է գալիս Իմ բերանից, արդարություն է (45։23)
   
   Ինչո՞ւ է երդվում Իր անձով. այն, ինչ այստեղ ասվում է, հրամայվում է նաև Օրենքում. «Քո Տեր Աստծո անունով պիտի երդվես» (Ելք 20։7, Բ Օր. 5։11): Իսկ մեզ արգելում է նույնն անել՝ ասելով․ «Ամենևին չերդվել ո՛չ երկնքի վրա, ո՛չ էլ երկրի» (Մատթ. 5։34): Բազում պատճառներով է մարդուն արգելում երդվել. նախ՝ որովհետև երդումը թերության պատճառով է, մինչդեռ մեր Տերը կամենում է, որ մենք այնքան ճշմարտախոս լինենք, որ կարիք չունենանք երդվելու: Ըստ որում ասում է. «Ձեր այո-ն լինի այո, և ոչ-ը՝ ոչ»:

   Երկրորդ՝ որպեսզի չսովորեն դրան և ամեն ինչի համար հանդգնությամբ չերդվեն՝ Աստծո անունը տալով, մի բան, որ այժմ մարդիկ անում են գինեվաճառանոցներում՝ ամեն ինչի համար վկայակոչելով Աստծո սարսափելի անունը: Այս պատճառով Օրենքում պատվիրվում է. «Տեր Աստծո անունը մի՛ տուր ունայն բաների համար» (Ելք 20։7, Բ Օր. 11):

   Երրորդ՝ ասում է. «Մի՛ երդվեք», այսինքն՝ սո՛ւտ մի երդվեք, քանզի սուտը սատանայից է, և ով սուտ է երդվում՝ նման է նրան, ով սատանայի սերմերն է կամենում աճեցնել, ինչը ծանր մեղք ու սաստիկ պատիժ է, ինչպես մարգարեն էլ է ասում. «Որ երդվում եք Տեր Աստծո անունով՝ ոչ ճշմարտությամբ և արդարությամբ» (48։1):

   Չորրորդ՝ ասում է. «Մի՛ երդվեք ուրանալով կամ վկայելով», կամ էլ նմանատիպ եղանակներով: Ուրանալով երդվելն այն է, երբ մարդ ուրանում է Աստծուն, հավատը, եկեղեցին, թե՝ այսպես չէ, կամ թե՝ Աստված վկա, կամ էլ [երդվում] Խաչի վրա, կամ այլ բաների:

   Իսկ եթե մեծ կարիք և երդման անհրաժեշտություն է լինում՝ այսպես են ասում. «Տերը գիտե», կամ՝ «սուրբ Խաչը», կամ՝ «սրբերը վկա, սա այսպես է»: Այդպես նաև Պողոսն է ասում. «Աստծո առջև խոսում ենք ի Քրիստոս» (Բ Կորնթ. 2։17)։ Կամ էլ դու կարող ես ասել՝ «Տերը կենդանի է, դա այսպես է»: Այդպես Եղիան էր ասում. «Կենդանի է Տերը և կենդանի է քո անձը» (Ա Թագ. 20։3):

   Հինգերորդ՝ արգելում է երդվել քեզանից մեծի վրա. «Ոչ երկնքի վրա, քանզի Աստծո Աթոռն է, ոչ երկրի վրա, որ Աստծո ոտքերի պատվանդանն է, և ոչ էլ քո գլխի վրա» (Մատթ. 5։34), որովհետև քո կյանքը Աստծո ձեռքերում է, որովհետև եթե Աստծուց առավել մեկը լիներ՝ չէր համարձակվի երդվել, ու քանի որ չկա մեկը՝ իր անձի վրա է երդվում: Իսկ Աստված Իր անձի վրա երդվում է երեք պատճառով. նախ՝ որովհետև Աստծո էությունն անփոփոխ է, նույնն է և Նրա խոսքը, ինչպես ասում է. «Իմ խոսքերը չեն ապականվում» (45։23)։ Բայց մարդս փոփոխական է, որի պատճառով խոնարհվելով ու հավասարվելով մեզ՝ շատ բան է ասում, բայց չի կատարում, ինչպես օրինակ այն ժամանակ, երբ հարյուր քսան տարի խոստացավ Նոյին, բայց մեղքի հետևանքով քսան տարի կարճեցրեց և արագացրեց ջրհեղեղը: Նաև, Եզեկիայի ու Նինվեի համար մահվան վճիռ կայացրեց, բայց արտասուքի պատճառով կյանք շնորհեց նրանց: Սակայն ինչ ասաց երդումով՝ անփոփոխ մնաց, ըստ Պողոսի: Այլև անփոփոխելի մնաց այն բաներով, որոնցով անհնար էր, որ Աստված ստի, ինչպես այն դեպքում, երբ երդվեց Աբրահամին, թե՝ «Քո զավակից․․․» (Ծննդ. 12։7): Տերը ճշմարտապես երդվեց նաև Դավթին՝ նրա տոհմից Քրիստոսի ծնվելու վերաբերյալ (Սաղմ. 109):

   Երկրորդ՝ ինչպես ասացինք, Իր անձի վրա երդվեց, որովհետև եթե իրենից մեծը լիներ՝ չէր համարձակվի երդվել: Երրորդ՝ Աստծուն շատ բան է հատուկ, որովհետև Նա կատարում է, բայց մեզ արգելում է, ինչպես, օրինակ, երբ մեզ ասում է. «Մի՛ սպանիր» (Ելք 20։12), բայց և «խոստովանում» է. «Ես սպանում եմ» (Բ Օր. 10։20): Մեզ ասում է. «Մի՛ դատեք» (Մատթ. 7։1), և Իր մասին ասում է. «Իմն է վրեժխնդրությունը» (Հռոմ. 12։19): Այլև, մարդուն բնորոշ  չէ ընկերոջ մարմինն ու արյունը ուտել, բայց Նա Ինքն Իրեն ընծայեց մեզ և ասաց. «Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է և արյունս՝ ճշմարիտ ըմպելիք» (Հովհ. Զ 56): Նույնպես է և երդումը: Իսկ Օրենքում ասվում է. «Քո Տեր Աստծո անունով պիտի երդվես» (Բ Օր. 6։13), որպեսզի հրեաներին այդպիսով տարբերի հեթանոսներից, որոնք սովոր էին երդվել իրենց կուռքերի վրա, ուստի և Տերն ասում է. «Դուք երդվեք ճշմարիտ Աստծո վրա»:

   Եվ երբ հայտնի դարձավ Քրիստոսով եղած աստվածպաշտությունը, չնայած դեռ շատերը կուրությամբ պաշտում էին կուռքերին, այնժամ վերացրեց թյուր երդումը, ինչպես ժամանակին մանկահասակ մարդկությունից զոհեր ու մարմնական պարգևներ էր ընդունում, բայց հետագայում դադարեց այդ անել, ըստ այնմ. «Զոհերն ու ընծաները հաճելի չեղան Քեզ» (Սաղմ. 39։7), և թե՝ «Քո տնից չեմ ընդունի հորթեր» (Սաղմ. 49;9): Իսկ ի՞նչ մատուցես Աստծուն որպես օրհնության պատարագ. սուրբ սիրտ և խոնարհ հոգի, որ Աստված չի արհամարհում:

   Ամեն ծունկ Ինձ է խոնարհվելու (45։23ա)

   Սրան հրեաները չեն կարող հակադարձել, որովհետև երդումով է հաստատված ու անպայմանորեն պետք է կատարվի, բայց ո՞ւմ միջոցով դա պիտի իրականանար։ Քանի որ դա չկատարվեց դարձից հետո, իսկ իրենք մի լեզու ունեն, և ոչ բազում, ապա ուրեմն հայտնի է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով իրականացավ այս խոսքը: Ինչպես Պողոսն է ասում. «Ամեն ծունկ խոնարհվելու է Հիսուս Քրիստոսի անվանը» (Փիլիպ. 2։10): Որովհետև այժմ ազգերից շատերը խոստովանում են Քրիստոսին, իսկ վախճանի ժամանակ՝ առհասարակ բոլորը պիտի խոստովանեն: Իսկ ի՞նչն են ուրանում հրեաները. մի՞թե չի կատարվելու երդումով հաստատվածը, կամ Քրիստոսի գալստյան ժամանակը չի՞ գալու, կամ մի՞թե չեն լռել նրանց մարգարեներն ու թագավորները, կամ մի՞թե բոլոր ազգերը չեն հնազանդվել Քրիստոսին, և արդյո՞ք արդարությունն ու փառքը Նրանը չեն: