Գլուխ  49

Իմ բերանը հաստատեց սուր սուսերի նման (49։2)
   
   Այս խոսքերը պատշաճում են մեր Տիրոջը, մարգարեներին ու Նրա առաքյալներին և բովանդակ ժողովրդին: Պողպատի նման սուր է Քրիստոսի բերանը. նախ՝ որովհետև հանցավորների պատիժը հասցնում է 1: մինչև նրանց շունչը փչելն ու կյանքի ճանապարհի [ավարտը]:

   Երկրորդ՝ որովհետև կտրում էր մարմինների ցավն ու հիվանդությունը:

   Երրորդ՝ որովհետև խորտակում էր Իր Խոսքի առջև եղած բոլոր արգելքները:

   Չորրորդ՝ որովհետև ահալի խոսքեր էր ասում ու հալածում էր դևերին: Հինգերորդ՝ որովհետև Իր խոսքով մեղքերը զատում էր հոգիներից:

   Վեցերորդ՝ որովհետև հավատացյալներին բաժանում էր անհավատներից: Յոթերորդ՝ որովհետև Տերը, փշրելով կուռքերը, վերացրեց կռապաշտությունը:

   Ութերորդ՝ որովհետև սաստեց ծովին, և [փոթորիկը] հանդարտվեց: Իններորդ՝ որովհետև սանդարամետում գոչեց և ազատեց հոգիներին:

   Տասներորդ՝ որովհետև Իր հոգու շուրթերով սատկացնում է Նեռին:

   Տասնմեկերորդ՝ որովհետև վախճանի ժամանակ գառներին բաժանելու է այծերից, և անհավատներին հեռու է վանելու հավատավորներից: Նաև սուր էին մարգարեների բերանները, քանզի ամեն ինչ հնազանդվում էր նրանց, ինչպես Մովսեսի պարագայում՝ ծովը և վեմը, օդն ու գետը և այլ բաները: Բայց սուր էին նաև առաքյալների շուրթերը, որովհետև հալածում էին դևերին և բժշկում էին ցավերը, ոչնչացնում էին հանցավորներին, ինչպես ոչնչացրին Անանիային ու Սափիրային (Գործք. 5): Սուր են նաև հավատացյալների բերանները, որովհետև ամեն ինչ կատարում են աղոթքի զորությամբ. շրջում են Աստծո հրամանը, ինչպես արեցին նինվեացիները (Հովնան 3), մարում են հուրը, ինչպես արեցին երեք մանուկները (Դան. 3), գազանների երախն են կապում, ինչպես արեց Դանիելը (Դան. 6) և խորտակում ենզորքերի բազմությունը, ինչպես հրաշագործեց Եզեկիայի աղոթքը ( Բ Թագ. 18-20, Մնաց. 29-32, Եսայի 36-38): Եվ անհնարին ամեն բան հնարավոր է դառնում խնդրողների հավատի շնորհիվ:
   
Ինձ հաստատեց իբրև մի ընտիր նետ և թաքցրեց իր կապարճի մեջ (49։2)
   
   Նետ էր, որովհետև Աստծո մարդացած Խոսքն առհասարակ կազմված էր մարմնից, հոգուց ու մտքից, ինչպես նետն է բաղկացած փայտից, երկաթից ու թևից: Եվ ընտիր է կոչում, քանի որ բոլոր մարդկանց գերազանցում է այն մեծագույն խորհրդով, ըստ որի Նա մարդացած Աստված էր՝ կանխագուշակված մարգարեների կողմից, ու մեծամեծ հրաշքներ էր գործում՝ զերծ լինելով ամեն տեսակի մեղքից: Այլև զանազան են Արարչի և արարածների տարբերությունները: Բայց այժմ նետ է անվանում մեր Տեր Հիսուս Քրիստոսին, և ակնհայտ է, որ Նա բազում պատճառներով է նետի հետ համեմատվում: Նախ՝ որովհետև ինչպես նետը, որ սկզբում թաքնված է կապարճի մեջ, ավելի ուշ է տեսանելի դառնում, նույնպես և մեր Տերը, որ ծածկված էր մարդկանցից, հետո հայտնվեց Խաչի միջոցով, այնժամ, երբ խորտակեց հզորին ու «գերեց նրա գերությունը» (Սաղմ. 67։19):

   Երկրորդ՝ նետը խոցելով սպանում է թշնամուն. այդպես և մեր Տերը խոցեց թշնամի սատանային, որը մշտապես խոցոտում է մեզ և սրտով արդարներին՝խավարի մեջ նետելու համար, համաձայն մարգարեի խոսքի (հմմտ. Սաղմ. 63։5):

   Երրորդ՝ ինչպես նետն է խոցում ու վիրավորում, այդպես էլ Քրիստոսի սերը խոցելով վիրավորում է Նրա բոլոր սիրելիներին այնպես, որ ոչ մի բան չի կարող նրանց բաժանել այդ սիրուց, համաձայն առաքյալի խոսքի (տե՛ս Հռոմ. 8։35):

   Չորրորդ՝ ինչպես լայնալիճ աղեղից զորավորապես արձակված նետը, օդի միջով անցնելով, խոցում է նպատակակետը, այդպես էլ Քրիստոսի զայրույթի նետը, սաստիկ զորությամբ արձակվելով ու սլանալով օդի, այսինքն՝ հրեշտակների ու առաքյալների միջով, իբրև նպատակակետ խոցում է ամբարիշտներին: Այս պատճառով ասվում է․ «Աղեղն իր լարած է, և նետերը հրանյութով է սարքել» (Սաղմ 7։13,14), և թե՝ «Իմ նետերով ոչնչացնելու եմ նրանց» (Բ Օր. 32։23):

   Հինգերորդ՝ ինչպես նետը խոցում է մարմնի հատվածը, նույնպես Աստծո արդար հատուցումն ընդհանուրի մեջ անշփոթ կերպով պատժում է մեկին, որպեսզի «անձը, որ մեղք է գործում, մեռնի» (հմմտ.Ղևտ. 5։17), ցավերը շրջվեն նրանց իսկ գլխին, ինչպես ասում է:

   Վեցերորդ՝ նետը [խոցում է] ոչ միայն նրանց, ովքեր երկրի վրա են, այլև սավառնող թռչուններին է խոցում և ցած գցում․ նույնպես և մեր Տերը ոչ միայն մարդկանցից խոնարհներին, այլև բարձրացածներին է խոնարհեցնում և ցած է գլորում գիտությամբ հպարտացածներին ու բռնակալներին, համաձայն այն խոսքի, որ ասում է. «Տեսա սատանային՝ երկնքից ընկած» (Ղուկ. 10։18), և առաքյալը, թե՝ «Մեր զինվորության զենքը մարմնավոր չէ, այլ՝ հոգևոր» (Բ Կորնթ. 10։4), որով կխոնարհեցնենք Աստծո գիտության նկատմամբ հպարտացած բոլոր մտքերն ու բոլոր մարդկանց կգերենք ի հնազանդություն Քրիստոսի:

   Յոթներորդ՝ ինչպես նետը, քանի դեռ մեր ձեռքում է, չի վիրավորում, բայց աղեղից դուրս թռչելով՝  ինչին դիպչում՝սաստիկ տանջում է, այդպես էլ մեր Տերն է այժմ ներում՝ մինչև վախճանը, և ապա, երկնքից իջնելով, սարսափազդու գոչյունով գեհենի կրակն է նետում մեղավորներին՝ նրանց տանջելու համար։

   Ութերորդ՝ ինչպես նետը երկար ճանապարհ է անցնում, ու երբ հասնում, անակնկալ հարվածում է, նույնպես և Քրիստոսի քաղցրությունը երկար ժամանակ համբերում է, ու երբ դարձի չեն գալիս, հանկարծակի շարժվում է բարկությամբ և անխնա կորստյան է մատնում, ըստ այս խոսքի. «Եթե արհամարհես Աստծո ներողամտությունը, քո անձի վրա բարկություն կկուտակես Աստծո արդար դատաստանի ժամանակ» (Հռոմ. 2։4-5):

   Իններորդ՝ որովհետև նետի հարվածի դեմ բժշկություն կա. նետ կա, որ քիչ է վիրավորում, կա որ խորն է խոցում, ինչը ևս բժշկելի է, սակայն կա և, որ սպանում է: Նույնպես և Աստծո հանդիմանությունը ըստ մեղքերի զանազանության է. կա որ արտաքին բաներին է հարվածում՝ ինչքերին կամ զավակներին, և կա որ [արտահայտվում է] մարմնի հիվանդությամբ: Այս պատճառով հարվածները փութալով հորդում են աշխարհի, այսինքն՝ դաշտերի վրա, և ապա՝ մարմիների, ու սա նախ հեռավորների վրա է ազդում, և ապա՝ մոտիկների: Սրանցից բժշկվում ենք ապաշխարությամբ, բայց հատուցում կա, որ առանց բժշկության հնարավորության մահվան է մատնում, համաձայն այն խոսքի, թե՝ «Լարը կտրում է առանց բժշկության» (Բ Օր.  32։24): Այստեղ՝ մարմնով, իսկ այնտեղ՝ հոգով ու մարմնով կորստյան է մատնում գեհենի մեջ, ինչպես ասում է (Մատթ. 10։28): Տասներորդ՝ որովհետև ինչպես վահանով կամ այլ բանով կարելի է ընդդիմակայել նետին,  այդպես էլ աղոթքով, արտասուքով և այլ միջոցներով կարելի է փոխել Աստծո սաստիկ հրամանը, ինչպես արեցին Եզեկիան և նինվեացիները։
   
Հարց. Ասում է՝ ընդունելության ժամանակ լսեցի քեզ ու փրկության օրը օգնեցի քեզ (49։8)
   
   Ուրեմն անպատեհ ժամանակ ոչ լսո՞ւմ է, ոչ օգնո՞ւմ:

   Պատասխան. Ո՛չ, բնավ, ինչը հայտնի է հիմար կույսերի ու հարուստի [պատմություններից], նրա՛նց, ովքեր օգնություն չգտան, քանզի սա է փրկության ժամանակը, քանի դեռ մարմնի մեջ ենք, ինչպես Պողոսն է ասում. «Ահա ընդունելի ժամանակը» (Բ Կորնթ. 6։2), և այլն:

   Հարց. Ապա ուրեմն դրանից պարզ է դառնում, թե Աստված ժամանակի կարի՞ք ունի և Նրա ողորմությունը ենթակա է ժամանակի՞ն:

   Պատասխան. Աստված կարիք չունի ժամանակի, այլ մենք ունենք դրա կարիքը, որովհետև Աստծո մոտ ժամանակը չի փոփոխվում, այլ մեզ մոտ է փոփոխվում: Եվ Նրա ողորմությունը կախված չէ ժամանակից, այլ բարեհաճ կամքից, որովհետև երբ քաղցրանում է Աստծո կամքը, այ դա է «ընդունելի ժամանակը»:

   Հարց. Իսկ Աստծո կամքը ե՞րբ է բարեհաճ լինում:

   Պատասխան. Աստծո բարեհաճ կամքի երեք ժամանակ կա. առաջին ժամանակը աղոթքի ժամանակն է, երբ մեր միտքը բոլոր կողմերից սևեռում ենք Աստծո վրա ու խոսակցում ենք Նրա հետ. «Երեկոյան, առավոտյան ու կեսօրին» (Սաղմ. 54։18), և այլն: Իսկ մյուս ժամանակները, երբ պարապ ենք լինում, և կամ՝ աշխարհի հոգսերի հետ, Նրան հաճելի չեն:
   Երկրորդ՝ Աստծուն հաճելի է ապաշխարության ժամանակը, երբ դարձի ենք գալիս մեղքից ու բարիք ենք գործում: Իսկ երբ մեղքի մեջ անզեղջ ենք մնում, դա Աստծուն հաճելի չէ:
   Երրորդ՝ «ընդունելի ժամանակը» մեր այս բովանդակ կյանքն է, իսկ մահից հետո այդ ժամանակը սպառվում է, որովհետև այս կյանքում Տերը բազմած է շնորհի աթոռին, իսկ մահից հետո՝ դատաստանի աթոռին է բազմում, որպեսզի արդար հատուցում իրագործի, ինչպես Պողոսն է հրավիրում. «Եթե նրա շնորհների աթոռի առջև ընկնենք և ողորմությունն ընդունենք պատեհ ժամանակ․․․» (Եբր. 4։ 16)։ Ճիշտ այնպես, ինչպես թողություն շնորհվեց նրան, ով հազար դահեկան էր պարտք, սակայն աղաչեց, և նրա պարտքերը մարվեցին: Իսկ հանդերձյալ կյանքի համար ասում է. «Հանե՛ք արտաքին խավարը» (Մատթ. 25։30), և թե՝ «Ձեզ չգիտեմ, հեռացե՛ք ինձանից» (Մատթ. 25։12), և այլն: