Ահավասիկ մեցամես (որդը) ցեցն ուտելու է ձեզ (50։9)
Եվ Թեոդոտիոնը ուտիճ է ասում, Սիմմաքոսը 1՝երր 2:Սրանք բոլորը ապականության ցուցիչներ են: Բայց ցեցն այն է, որ ցամաք բան է ուտում, ինչպես հանդերձանքը, մեցն (որդը) այն է, որ խոնավ բան է ուտում, ինչպես միս և այլ բաներ: Իսկ ամես-ը հոդ է, ինչպես իմովսանն են ասում, յուրյանց, այլոց: Եվ ուտիճն այն է, որ խոնավն ու ցամաքն է ուտում, և երրը հոտած, տրորված, թարախոտ, լուծված ավիշը, ապականված, փտած ու բորբոսնած մարմիններն է նշանակում: Եվ մեցամես ցեցը այն պատճառով է իրար կապում,որպեսզի ցույց տա խոնավ ու չոր բաներ ուտելը, այսինքն՝ մարմինն ու ոսկորները: Կամ էլ սա ասում է Աստծո բարկության համար, կամ թե այնպես լուծվեցին նրանց մարմինները: Իսկ որ ասում է.
Ահավասիկ, դուք բոլորդ շորի նման հնանալու եք (50։9ա)
Բազում համեմատություններ կան, որոնք վերաբերում են զգեստին ու մեր մարմնին. նախ՝ ինչպես առավելապես զանազան նյութերից ենք հյուսում զգեստը, նույնպես և զանազան տարրերից է գոյանում մարմինը:
Երկրորդ՝ քանի որ շորը ծածկում է մարմինը, մարմինն էլ՝ հոգին, որի պատճառով Պողոսը ներքին և արտաքին մարդու մասին է խոսում (Հռոմ. 7։22):
Երրորդ՝ ինչպես շորն է հնանում, «նվազում» է նրա զորությունն ու կորչում է գեղեցկությունը, այդպես էլ ծերացած մարմինն է զրկվում զորությունից ու տգեղանում:
Չորրորդ՝ ինչպես շորը մի որոշ ժամանակով է լինում մարդու վրա, իսկ հետո փտելով քայքայվում է ու դառնում ոտքի կոխան, նույնպես և մեր մարմինները մի որոշ ժամանակ են միայն փառավորվում, բայց հետո տարրալուծվում են հողի մեջ ու ապականվելով բոլորին ոտքի կոխան են դառնում: Վե՛ր կաց, գնա՛ գերեզմաններ, տե՛ս իշխանների ու մեծամեծների, որոնք մի ժամանակ արժանավորապես պատվելի ու հարգելի էին, սակայն այժմ անարգված, վայր ընկած և շների ու անասունների ոտքի կոխան են դարձած:
Հինգերորդ՝ ինչպես ասում են, շորը ցեցի կերակուրն է, այդպես և մարդկանց մարմինները կերակուր են որդերի համար թե այստեղ՝ կյանքում, ու թե մահից հետո, իսկ հանդերձյալ աշխարհում մեղավորների մարմինները կերակուր են անքուն որդերի համար, քանի որ, ինչպես ասում է,«որդը չի մեռնում, ու կրակը չի մարում» (Մարկ. 9։47):
Վեցերորդ՝ զգեստը փոփոխելի է, և ինչպես մարդիկ են անկողին մտնելիս հանվում, իսկ առավոտյան՝ դարձյալ հագնվում, այդպես էլ մենք, գերեզման մտնելով, մերկանում ենք մեր մարմնից, իսկ հարության առավոտյան՝ աքաղաղականչին, այսինքն՝ փողը հնչելիս, երկնքում հոգևոր Արեգակի ծագման ժամանակ դարձյալ հագնում ենք այն: Յոթերորդ՝ ինչպես յուրաքանչյուր ոք արթնանալով իր շորն է հագնում, նույնպես հարության ժամանակ ամեն մեկն իր մարմնով է հառնելու, ըստ Պողոսի (Հռոմ. 6։5), որովհետև հոգին իրեն հատուկ զորությամբճանաչելու է իր մարմինը վերջինիս բնորոշ հատկությունների միջոցով: Ութերորդ՝ ինչպես տերն ու ծառան են զգեստով տարբերվում միմյանցից , այդպես էլ հանդերձյալ իրականության մեջ իրարից տարբերվելու են արդարներն ու մեղավորները, որի նախօրինակն էր նա, ով հարսանյաց զգեստ չուներ, (Մատթ. 22։11-12), և այլն: Իններորդ՝ ինչպես և այստեղ, ոմանք ունեն մեծագին զգեստներ, իսկ ոմանք՝ անշուք հանդերձներ։ Նույնպես և ոմանց մարմինները մեծագին են սուրբ գործերի շնորհիվ, իսկ ոմանց մարմիններն անշուք են պղծության ու մեղքերի պատճառով: Տասներորդ՝ ինչպես աղտոտված զգեստը պայծառանում է ջրում լվացվելով, նույնպես և մեղքով աղտոտված մարմինը լուսավորվում է արտասուքի ջրով և ողորմության [օճառով], այլև չարչարանքով վերստին մաքրվում ու ձյունից ավելի սպիտակ է դառնում, ինչպես ասում է մարգարեն (հմմտ. Եսայի 1։18):
Այսքանն այս մասին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: