Գլուխ  54

   Ուրախ եղիր, ամուլ (54։1), որ աշտարակի օրերից մինչև այժմ չծնեցիր: Ամուլ էին հեթանոսները, որովհետև խորթ էին օրենքներին ու մարգարեներին, որոնք Խոսքի սերմերը գցեցին մարդկանց սրտերի մեջ: Դարձյալ, ամուլ էր առաքինություններից, և անպտուղ՝ բարիքից: Իսկ այժմ թագուհի ու բազմորդի է:
   Որովհետև բազում են այրուդ, այսինքն՝ ամուսնուց լքվածիդ որդիները (54։1ա), որովհետև սուրբ ավազանի ծնունդներն անթիվ եղան, շատ ավելի շատ, քան արամբի կնոջ, այսինքն՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո ժողովրդի ծնած որդիները:
   

Ընդարձակիր քո վրանի տեղը (54։2)

   

   Ակնարկում է Եկեղեցին, որ առաքյալների միջոցով ամենուրեք կառուցվեց Քրիստոսի՝ հաստատուն Վեմի վրա: Որովհետև ժողովրդի բազմանալուն զուգընթաց բազմանում է նաև Ընդհանրական Եկեղեցին: Իսկ սրահի վարագույրը յոթանասուներկու աշակերտների միջոցով տարածվեց ամեն տեղ:
Երկարացրու քո պարանները (54։2ա)

   Նկատի ունի խորանի լարն ու պարանը, որ սիրո հաստատությունն է խորհրդանշում: «Հաստատիր քո ցցերը» խոսքով էլ ակնարկում է վարդապետներին:

   
Աջ և ձախ տարածվիր (54։3)
   
   Այսինքն՝ նախ հրեաների մեջ, որովհետև հրեաներն աջակողմում էին և տեղյակ՝ Օրենքին, իսկ ապա ձախակողմում, ուր հեթանոսներն էին, որ աչքի էին ընկնում իրենց անգիտությամբ: Դարձյալ, աջը աշխարհի արևելքն է, որտեղից ծագում է լույսը, իսկ ձախը արևմուտքն է, ուր խոր խավար է։ Այս ամենից պարզ է դառնում, որ մարգարեն աշխարհի չորս կողմերի համար է ասում:
Քո զավակները ժառանգելու են հեթանոսներին (54։3ա)

   Այստեղ զավակները առաքյալներն ու նրանց հետևորդներն են՝ հայրապետներն ու վարդապետները:

Կառուցելու ես ավերված քաղաքները (54։3բ)

   «Ավերված քաղաքներ» ասելով նկատի ունի մարդու բնությունը, որովհետև այն ավերված էր՝ զուրկ բարի գործերից:

   
Ահավասիկ Ես քո քարերը սուտակից, և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ(54։11)
   
   Այս խոսքերը ոչ մի դեպքում չեն պատշաճում Երուսաղեմին, որովհետև ի՞նչ օգուտ, եթե արյան գնով այդպիսի քաղաք կառուցեր: Այս մարգարեությունը չի պատշաճում նաև ա՛յն քաղաքի ապագա հարությանը 1, որի ճարտարապետը Աստված է: Որովհետև ի՞նչ օգուտ հարությունից, եթե դարձյալ այսպիսի մարմնավոր կյանքի պիտի վերադառնայինք: Այլ սա ասում է, որպեսզի գերյալներին հորդորի դուրս գալ գերությունից: Եվ դարձյալ խորհրդանշում է այն, որի վերաբերյալ ասում է Դավիթ մարգարեն. «Արծաթապատ թևերով և ոսկեգույն թիկնամեջով աղավնի» (Սաղմ. 67։14):

   Սա ոչ թէ սոսկ այն է նշանակում, որ որևէ մեկը մի այդպիսի աղավնի տեսավ, այլ այն, որ այդ աղավնու տեսիլը կանխածանուցում է գալիք բարիքների մասին, որոնք կատարվելու էին Եկեղեցում, այն է, թե՝ Սուրբ Հոգու էջքը: Մարգարեի այս խոսքերը նաև կանխապատկերում են հոգևոր հայրերին, որոնք գործելու էին Եկեղեցում:

   Քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ։ Շափյուղան մեր Տերն է՝ ընտիր Վեմը, Եկեղեցու հիմքն ու անկյունաքարը, համաձայն այս խոսքի. «Հիմքը ուրիշ մեկը չի կարող դնել, քան դրվածը, որ Հիսուս Քրիստոս է» (Ա Կորնթ. 3։11), ա՛յն հիմքը, որ դրեց Հայր Աստված՝ առաքելով Որդուն, Որի մասին կանխագուշակել էին մարգարեները:
   

Քո աշտարակները հասպիսից պիտի բարձրացնեմ (54։12)
   
   Եկեղեցու ամրությունն է ցույց տալիս, որովհետև ինչպես պարսպի ամրությունները բուրգերն են, նույնպես և Եկեղեցունը՝ առաքյալները և մարգարեները, որոնց Աստված դրեց Եկեղեցու մեջ, ինչպես ասում է Պողոսը. «Եվ նրանք պատվական են մեծագին քարերից ավելի» (հմմտ. Ա Կորնթ. 3։12):

   Դռներդ բյուրեղից (54։12ա)

   Դուռը մեր Տերն է, ինչպես Նա Ինքն ասաց. «Ես եմ դուռը» (Հովհ. 10։9), որովհետև հավատացյալների առջև գոցում կամ բացում է դեպի կյանք տանող ուղին, ըստ իմաստուն և հիմար կույսերի առակի։ Ըստ այսմ ասում է. «Ով հնազանդվի Որդուն՝ կտեսնի կյանք, իսկ ով չհնազանդվի՝ չի տեսնի կյանք, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը» (Հովհ. 3։36):

   Եվ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից (54։12բ)

   Պարիսպը՝ Եկեղեցու շրջափակը, նահատակների ու բոլոր ընտրյալների բազմություններն են, որոնց նախատիպն այսպիսի թանկագին ակնեղենն է հետևյալ մի շարք պատճառներով. նախ՝ որովհետև ինչպես տարբեր ակնաքարեր զանազան զորություն ունեն, այնպես էլ սուրբ առաքյալների դասերը զանազան առաքինություններով են օժտված․ ոմանք՝ խոհեմությամբ, ուրիշներ՝ արիությամբ, մի մասը՝ ողջախոհությամբ, մյուսները՝ պահքի ամրությամբ, ոմանք էլ՝ մարտիրոսական չարչարանքներով, և այլն 2: Նրանց մասին հռոմեացիներին ուղղված նամակում խոսում է Պողոս առաքյալը. «Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը՝ բոլոր օրերը՝ հավասար» (Հռոմ. 14։5), և դարձյալ՝ եբրայեցիներին ուղղված նամակում էլ ասվում է. «Ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին» (Եբր. 13։35), և այլն: Երկրորդ՝ որովհետև ինչպես ակնաքարերն են տարբեր գույների լինում, այդպես էլ նրանք են տարբեր իրենց շնորհներով, ինչպես թվարկում է առաքյալը. «Մեկին Հոգուց տրված է իմաստուն խոսք» (Ա Կորնթ. 12։8), և այլն:

   Երկրորդ՝ որովհետև ինչպես ակնաքարերն են տարբեր գույների լինում, այդպես էլ նրանք են տարբեր իրենց շնորհներով, ինչպես թվարկում է առաքյալը. «Մեկին Հոգուց տրված է իմաստուն խոսք» (Ա Կորնթ. 12։8), և այլն:

   Երրորդ՝ որովհետև ակնեղենն ունի հաստատուն կարծրություն, նրանք էլ ի սեր Քրիստոսի սակավապետ են համբերության մեջ, ինչպես առաքյալն է ասում. «Ո՞վ մեզ կբաժանի Քրիստոսի սիրուց. ո՛չ նեղություն», և այլն (Հռոմ. 8։35):

   Չորրորդ՝ եթե մեկն այդ ակնաքարերն առանձնացնի զարդերից, նրանք տակավին նույն ազդեցությունն ու պատիվը կունենան, նույնպես և յուրաքանչյուր սրբի մահից հետո, երբ հոգին բաժանվում է մարմնից, նրանց նշխարներն ու մասունքները նույն զորությունն են ունենում, որն ունեին կենդանության ժամանակ։ Սա հայտնի է նրանից, որ Եղիսեի ոսկորները կենդանացրին մեռյալին (Դ Թագ. 13։21), ուրիշներինը հալածում են դևերին ու զանազան ցավեր են բժշկում:

   Հինգերորդ՝ ակնաքարերը պայծառանում են լույսով և իրենց պարզությամբ լուսավորում են ուրիշներին: Նույնպես և սուրբերն իրենց առավելագույն պայծառության շնորհիվ ընդունում են Աստծո շնորհներն ու դրանք սփռում են ուրիշների վրա, ուստի այդ «սրբազան ակնաքարերի» մասին Տերն ասում է. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5։14), և թե՝ «Ձեռքերը դնելով՝ Սուրբ Հոգի էին տալիս» (Գործք 8։18):

   Վեցերորդ՝ ինչպես ակնաքարը երկար մնում է հողի տակ, և հետո միայն՝ երևում, նույնպես և սրբերի մասին է առաքյալն ասում. «Աշխարհի լինելուց առաջ մեզ ընտրեց» (Եփես. 1։4), այսինքն՝ նրանք ընտրված են Աստծո նախածանոթ գիտության մեջ, բայց հետագայում յուրաքանչյուրը երևում է իր համար նախատեսված ժամանակամիջոցում:

   Յոթերորդ՝ ինչպես ակնաքարն ունի բնական առանձնահատկություններ, սակայն ճարտար [վարպետների] ձեռքում ավելի է գեղեցկանում, նույնպես և սրբերն իրենց մեջ ունեն հավատի զորությունը, սակայն չարչարանքների մեջ ավելի է [գեղեցկանում] վարձատրության պսակը, ինչպես օրինակ սուրբ Ստեփանոսն ուներ միայն աշակերտության պատիվը, բայց քարկոծվելով նաև մարտիրոսական պսակն ընդունեց: Այդպես և մյուսները, որի պատճառով առաքյալն ասում է. «Մեզ անհրաժեշտ է բազում նեղությամբ մտնել այն հանգիստը» (Եբր. 4։11):

   Ութերորդ՝ տգետների աչքին ակնաքարերն արժեք չունեն, նույնպես և սրբերը ոչ միայն անարժեք, այլև ատելի են աշխարհասերների համար, ինչպես Տերն է ասում. «Եթե աշխարհը ձեզ ատեց՝ իմացեք, որ նախ Ինձ ատեց, քանզի աշխարհը իրենն է սիրում» (Հովհ. 15։18), և այլն: Եվ դարձյալ՝ «Իմ անվան պատճառով ատելի կլինեք բոլոր ազգերի համար» (Հովհ. 21։17), և թե՝ «Ով սպանի ձեզ․․․» (Մատթ. 24։9):

   Իններորդ՝ ինչպես մեծագին ակնաքարերը կրակի միջոցով կամ այլ ներգործությամբ մյուսներից զանազանվում են իրենց գույնով ու ձևով, այդպես և ճշմարիտ սրբերը զանազանվում են կեղծավորներից կա՛մ հրաշքների, կա՛մ փորձություններին համբերելու միջոցով։ Նրանք, ովքեր շինված են հաստատուն ժայռի վրա, անշարժ են մնում, իսկ կեղծավորները կործանվում են, համաձայն այս խոսքի. «Անձրևներ եկան ու գետերը բարձրացան», և այլն (Մատթ. 7։25): Իսկ առաքյալն ասում է. «Եթե մեկն այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, դատաստանի օրը այդ պիտի երևա» (Ա Կորնթ. 3։12):

   Տասներորդ՝ որովհետև ակնաքարն առավելապես ծածուկ է մնում, իսկ երբ հայտնվում է՝ պատվական վայրում է «բազմում», ինչպես թագի կամ այլ զարդերի վրա՝ գեղեցկապես շքեղանալով: Նույնպես և այժմ սրբերը չարից պահպանվում են անվնաս կերպով, իսկ երբ նրանց փառքը հայտնի դառնա, պայծառությամբ կերևան՝թագակից լինելով Քրիստոս Աստծուն ու բազում համարձակությամբ կընդդիմանան իրենց նեղողներին, ինչպես ասում է Առակում (Իմաստ. 5։1):