Դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնեցեք ու կերեք առանց արծաթի (55։1)
Այս խոսքերն առաջին իմաստով լիության մասին են վկայում, որովհետև ամենուրեք լիություն էր, այնպես որ կարիք չկար միսն ու գինին արծաթով գնելու: Իսկ այս մարգարեության իրական, ճշմարիտ իմաստը հետևյալն է. դուք, որ չունեք արծաթ, այսինքն՝ Աստծո Բանը, և տգետ եք, գնացեք ու գնեցեք առանց արծաթի, այսինքն՝ առաքինությամբ, ինչպես ձկնորսներն իրենց առաքինության շնորհիվ ընդունեցին Սուրբ Հոգու պարգևները:
Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ եք գնում, և ոչ թե հաց (55։2)
Սա ևս լիության մասին է խոսում, որովհետև ոչխարաբույծները սովոր են միս և ճարպ վաճառել ու հաց գնել, ոչ թե, սակայն, աղքատության պատճառով, այլ որովհետև նրանք խաշներին հոգ տանելու պատճառով հաց չեն թխում: Իսկ հոգևոր իմաստով ճարպը շնորհների օծումն է նշանակում, որը չի գնվում ապականացու արծաթով, այլ՝ այն Հացով, Որն իջավ երկնքից, Որ Բանն Աստված է, Որին հավատալով ընդունում ենք Սուրբ Հոգու շնորհները: Դա հայտնի է նրանից, որ մկրտության ժամանակ նախ մեր դավանությունն ենք խոստովանում, և հետո՝ մկրտվում:
Ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չեք ծախսում (55։2ա)
Խոսքը հրեաների ու հեթանոսների մասին է, որոնք կուռքերի հետ էին ու չէին կշտանում: Նույնպես և ամեն անօրեն տառապում ու ջանք է թափում աշխատանքի մեջ, սակայն անօրենությամբ հավաքվածը սպառվում է: Այս պատճառով Անգեաս մարգարեն ասում է. «Ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում» (Անգ. 2։17):
Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված սրբությունները (55։3)
Սա խոսում է այն մասին, որ ինչպես ճշմարիտ եղավ՝ Դավթին խոստացվածը՝ «նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա» (Գործք ։30), այդպես էլ և ձեզ [տրված խոստումը] հաստատուն կլինի: Իսկ Դավթի սրբությունն ուղիղ ընթացքն է, բարեկեցությունը, հաջողությունը: Իսկ ուրիշներ ասում են՝ Դավթի ողորմությունները 1: Դարձյալ, «սրբություն» ասելով գուցե նկատի ունի իշխանությունը,, որը հաստատուն մնաց: Սակայն ինձ թվում է, որ «Դավթի սրբություն» ասելով նկատի ունի Քրիստոսին, Որը, լինելով «նրա որովայնի պտղից, նրա աթոռին պիտի նստեր» (հմմտ.Սաղմ. 131։11), և Որը սրբություն եղավ ոչ միայն Դավթի, այլև բովանդակ աշխարհի համար:
Փնտրեցեք Տիրոջը, ու երբ գտնեք, կանչեցեք Նրան (55։6)
Նախ այն նկատի ունի, որ փնտրելը, գտնելը և կանչելը ոչ միայն սոսկ ճանաչումն է նշանակում և ոչ էլ՝լոկ խոսքով կանչելը, այլ պարկեշտ ու արդար վարքով Աստծուն ճանաչելը, ըստ այն խոսքի, որ «ոչ ամեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կկատարի Իմ Հոր կամքը» (Մատթ. 7։21): Այսպիսով մարգարեն հրեաներին դարձյալ արթնացնում է ծուլությունից. «Փնտրեցեք Տիրոջը»,- ասում է, այսինքն՝ սպասեք Նրա աշխարհ գալուն, ու երբ տեսնեք մարմնով եկած՝ հավատացեք Նրան՝ կանչելով իբրև Աստծու (խոստովանելով իբրև Աստված): Եվ ովքեր ունկնդիր եղան այս հրամանին, գտան Քրիստոսին, ինչպես ասում էին նաև Անդրեաս ու Փիլիպպոս առաքյալները, թե՝ «գտանք Մեսիային» (Հովհ. 1։41), և թե՝ «Ում մասին որ գրեց Մովսեսը և մարգարեները՝ գտանք Հիսուսին Նազարեթից» (Հովհ. 1։45): Ու երբ գտան, ոչ միայն խոսքով կանչեցին, այլև ամեն ինչ թողեցին ու գնացին Նրա հետևից:
Ամբարիշտը թողնելու է իր ճանապարհը, և անօրեն մարդը՝ իր խորհուրդները (55։7)
Ճանապարհը գործն է, իսկ խորհուրդները՝ մեղքերի արմատը. հարկ է արմատն ու նրանից ընձյուղված ամեն բան վերացնել: Դարձյալ, խրատում է գործով սրբել մարմինը, իսկ խորհրդով՝ հոգին: Որովհետև երբ իշխողը՝ հոգին առողջ լինի, այնժամ և նրանք, որոնք հոգու իշխանության տակ են՝ միտքը և խորհուրդները, առողջ կլինեն, ինչպես քաղաքի իշխանի ու նրա պաշտոնյաների պարագայում է, և սա ոչ միայն քաղաքի համար է ասված, այլ նաև՝ մեր խորհուրդների 2։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: