Գլուխ  57

Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում (57:1)
   
   Նկատի ունի այն, որ երբ արդարը մեռնում է, մեղավորները չեն իմանում, որ աշխարհի վրա չարիք է գալու՝այդ պատճառով արդարը մեռավ: Սկզբից արդարն է մեռնում, որպեսզի մեղավորների հետ պատիժ չկրի, և ապա գալիս է վտանգը, ինչպես եղավ բարեպաշտ Հովսիայի պարագայում. նա մեռավ, որպեսզի չգերեվարվի (Դ Թագ. 22, 23, Բ Մնաց. 34, 35, Զաք. 12:11): Արդարը մեռնում է նաև այն պատճառով, որպեսզի չբարեխոսի հանցավորների համար, քանի որ երբ ճրագը մարում է, լուսավորությունը խավարում է: Նաև, արդարը մեռնում է, որպեսզի աշխատանքներից հանգստանա: Դրա համար էլ ասում է.
   
Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, որովհետև վերացավ մեջտեղից (57:2)
   
   Այսինքն՝ արդարի մահն ու կյանքը լեցուն են խաղաղությամբ, իսկ մեղավորների մահն ու կյանքը լի են խռովությամբ: Ինչպես ասում է մարգարեն. «Անօրենները ծփալու են ծովի նման և հանգիստ չեն գտնելու» (57:20): Իսկ «Մեղավորի մահը չար է» (Սաղմ. 33:22), որովհետև ամբարիշտների համար խաղաղություն չկա (57:21), ինչպես հավելում է մարգարեն:
   
Պոռնկածին որդիներ (57:3)
   
   Եվ ո՞րն է նրանց ուղղված մեղադրանքը. ծնողների պոռնկությունը, որովհետև «ով ինչով մեղանչում է, նույն բանի պատճառով էլ մեռնելու է» (հմմտ. Ղևտ. 5:17), ինչպես ասում է Գիրքը: Արդ, սա ասում է երկու պատճառով. առաջին՝ որովհետև եթե պոռնկորդի կոչվելն անարգություն է, որքան ավելի մեծ անարգանք կլինի, եթե նրանք ևս պոռնկանան: Երկրորդ՝ եթե իրենք էլ պոռնկանան՝ առավելագույն պատիժ են կրելու, քանի որ գիտեին ինչպիսի նախատինքի է արժանի այդ անօրենությունը: Սակայն ոմանք ասում են, որ նրանց պոռնկորդի է անվանում, որովհետև նրանք սկզբնական մեղքով էին ծնվում, համաձայն այն խոսքի, թե՝ «Անօրենությամբ հղացավ և ինձ մեղքի մեջ ծնեց իմ մայրը» (Սաղմ. 50:7):
   
Այսպես է ասում Բարձրյալը, որ բարձունքներում է բնակվում հավիտյան (57:15)
   
   Այս խոսքերով ցույց է տրվում նախ Աստծո ամենազորությունը, երկրորդ՝ մշտնջենավորությունը: Դարձյալ, այս խոսքն [այն պատճառով] է ասվում, քանի որ հեթանոսները կարծում էին, թե աստվածները բնակվում են անտառախիտ ծառերի տակ կամ խոր ձորերում. նրանց դե՛մ է ասում, թե՝ «Բարձրյալը, որ բնակվում է բարձունքներում...»: Իսկ հրեաներն էլ կարծում էին, թե Աստված միայն տաճարի մեջ է բնակվում, ուստի մարգարեն ասում է նաև. «Սրբերի մեջ է մնում», այսինքն՝ նոր Եկեղեցում: Իսկ այն խոսքը, որն ասում է՝ «բնակվում է բարձունքներում», ոչ թե ցույց է տալիս, որ պարփակված է որևէ վայրում, այլ մեր տկար մտքին տեղի տալո՛վ է այդպես ասում: Այդ բարձունքը խորհրդանշում է Աստծուն պատշաճ օթևանը:

   Համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին (57:15ա), այսինքն՝ կարճամիտներին, որովհետև վշտերի ժամանակ մխիթարում է նրանց և համբերություն է տալիս նեղության օրերին: Ու դարձյալ, Տերն ազատում է նեղություններից, որովհետև մտափոխվում է, թեպետ ունակ է ամեն բան անելու:
   
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզանից, և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա (57:16)
   
   Ասել է թե՝ միշտ չէ, որ ձեզ մարմնական նեղության մեջ եմ պահելու, այլ հոգևորապես ազատելու եմ ձեզ, որովհետև ով մեղք է գործում, գերի է դառնում հավիտենական տանջանքների, բայց երբ մեղքերից դարձի գա, կխուսափի Աստծո բարկության պատժից:

   Որովհետև հոգին Ինձանից է դուրս գալիս, և ամեն շունչ Ես եմ ստեղծել (57:16ա)

   Այստեղ հիշատակվող «հոգի»-ն  ոչ թե Սուրբ Հոգին է, որովհետև ոչ թե հոդով է ասում, այլ սոսկ՝ «հոգի», այլ մարդկայի՛ն հոգին և շունչն է՝ Աստծո կողմից ստեղծված: Եվ Աստված ասում է. «Միշտ չեմ բարկանալու նրանց վրա, այլ խնայելու եմ, քանզի նրանք Իմ արարածներն են»:
   
Անօրենները ծփալու են ծովի նման, և հանգիստ չեն գտնելու (57:20)
   
   Այս խոսքը շատ իմաստներով ուղղված է անօրեններին. նախ՝ ինչպես ծովն է ծփում, նույնպես և մեղավորներն են մշտապես խռովքի մեջ. տարուբերվում են խղճի խայթի պատճառով և հանգիստ չեն գտնում ո՛չ տան մեջ, ո՛չ դրսում, ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, ինչպես Կայենը, որը երերում ու տատանվում էր՝ բոլոր մեղավորների օրինակով: Այս պատճառով մարգարեն ասում է. «Իմ ոսկորները հանգիստ չունեն մեղքերիս պատճառով» (Սաղմ. 35:4):

   Երկրորդ՝ ինչպես ալիքները երկար չեն մնում, այլ իսկույն չքանում են, այդպես էլ մեղավորների խորհուրդներն անհաստատ են և շուտով կորչում են, որովհետև «Տերը ցրում է մեղավորների խորհուրդները» (Սաղմ. 32:10), ինչպես ասում է մարգարեն: Իսկ Հակոբոս առաքյալն էլ ասում է. «Երկմիտ մարդն անհաստատ է, նրա բոլոր ճանապարհները կոծող հողմի նման են» (Հակ. 1:8):

   Երրորդ՝ որովհետև թեպետ ալիքները մռնչալով են գոչում, սակայն իրենց սահմանից դուրս չեն գալիս, այլ իրենք իրենց խորտակվում են, ըստ Հոբի գրքի խոսքի, թե՝ «Քո ալիքները քեզ վրա են խորտակվելու» (հմմտ. Հոբ. 38:11), այդպես և թեպետ մեղավորը հայհոյում է արդարին ու կամենում է սպանել նրան, սակայն Տերը չի թույլատրում դա, այլ նրանք իրենք իրենց են վնասում՝ չար խոսքեր մտմտալով արդարների մասին և ներքուստ այրվելով, ըստ այն խոսքի, թե՝ «Ծովի անսաստ ալիքների նման միշտ փրփրում են ի կորուստ իրենց անձանց» (Հուդա 13):

   Չորրորդ՝ որովհետև ծովը առավելապես խռովքի է ենթարկվում ամպերից ու քամիներից, նույնպես և նրանք՝ իրենց հակառակորդներից, քանզի թե՛ հաղթելիս ու թե՛ պարտվելիս միշտ խռովքի մեջ են, որովհետև բազում չարչարանքով հազիվ կարողանում են հաղթել թշնամուն, բայց անգամ դրանից հետո տևապես կասկածի մեջ են մնում: Այս պատճառով Տերն ասում է. «Ամբարիշտների համար խաղաղություն չկա»:

   Հինգերորդ՝ որովհետև ալիքները, հասնելով ծովեզրին, դադարում են ծփալ, որի մասին ասում է.
   Նրա ջրերը կոխան պիտի լինեն ու խառնվեն կավի հետ (58:20)
   Նույնպես և մեղավորների հնարքները մահվամբ պիտի խափանվեն, համաձայն մարգարեի. «Այն օրը կորչելու են նրանց բոլոր խորհուրդները» (Սաղմ. 145:4): Եվ նահապետն էլ ասում էր. «Մի ջրի նման եռալու ես» (Ծննդ. 49:4):

   Վեցերորդ՝ որովհետև ինչպես նավի հետքը չի երևում ծովի վրա, ըստ  Սողոմոնի խոսքի (Առակ. 30:19), այդպես և խրատը չի մնում նրանց մտքում, որովհետև մեղքով լուծված են աշխարհի ցանկություններին: Եվ ոչ միայն դա, այլև ատում են իրենց հանդիմանողներին: Ու ինչպես Սողոմոնն է ասում. «Խրատիր իմաստունին, և կսիրի քեզ, խրատիր անմիտին, և կատի քեզ» (Առակ. 9:8):

   Յոթերորդ՝ ինչպես եթե բազում քաղցրաջուր գետեր և անձրևներ թափվեն ծովի մեջ, այն չի քաղցրանա, նույնպես և Սուրբ Գրքի քաղցր խոսքը թեկուզ տևապես քարոզեն էլ՝ սիրո արքայությունն ու Աստծո մեծ ողորմությունը բարբառելով, միևնույն է անօրենը մեղքի դառնությունը չի կորցնի, որովհետև սխալվողը չի ուղղվում, ինչպես ասում է իմաստունը (հմմտ. Ժող. 1:15):

   Ութերորդ՝ որովհետև ո՛չ կարկուտը, ո՛չ ցրտաշունչ սառնամանիքը չեն կարող խաղաղեցնել ծովը, այդպես էլ մեղավորի [պարագայում], թեկուզ և նա իր վրա հասած բազում պատուհասներ տեսնի՝ հիվանդություն, սով, ավեր, երաշտ, անասունների մահ՝ չի զղջա, որ մինչև որ գլխովին կորչի: Եվ դա լինում է հիմարության պատճառով, որովհետև չի հասկանում, որ Աստված այսպիսի պատուհասներ է բերում մեղավորների զղջման համար, «որովհետև չի կամենում մեղավորի մահը» (հմմտ.Ա Տիմ. 1:15):

   Իններորդ՝ ինչպես ալիքների բազմության պատճառովծովի հատակը չի երևում, այդպես էլ մեղավորի սիրտն է խավարում Աստծո շնորհների ծագումից, որովհետև նրանք «շոշափեցին խավարը և ոչ լույսը» (Հոբ 12:25), ինչպես ասվում է: Նաև, մեղավորները զրկված են բնական լույսից ու չեն տարբերում բարին՝ չարից, ըստ այս խոսքի. «Մեղքով բռնված հոգիները մտքով ևս ապականված են»:

   Տասներորդ՝ ինչպես որ որևէ մի բույս չի բուսնում ո՛չ ծովում և ո՛չ էլ նրա ընդերքում, այդպես էլ բարի գործերը արմատ չեն գցում մեղավորների հոգիներում, ըստ այն խոսքի, թե՝ «Նրա պտուղը կկորչի երկրից» (Սաղմ. 20:1): Այլև, մեղավորը դեռ ուրիշ շատերին էլ ընկղմում է իր մեղքի մեջ, որի մասին Տերն ասում էր. «Դուք չեք մտնում, և ովքեր մտնում են, թույլ չեք տալիս մտնել» (Մատթ. 23:13): Իսկ Սողոմոնը խրատում է. «Մի՛ բնակվիր անզգամ մարդու մոտ, որպեսզի ծուղակն ընկնելով խեղդամահ չլինես» (հմմտ. Առակ. 22:25): Սրանք անօրենների մասին էին: Իսկ արդարների մասին մարգարեն ասում է. «Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին ու մերձավորներին» (57:19), այսինքն՝ խաղաղություն լինի ըստ խղճմտանքի՝ ներքուստ, և արտաքուստ: Դարձյալ,  «ջրերը կոխան պիտի լինեն ու խառնվեն կավի հետ» խոսքը [նշանակում է] հոգով և մարմնով դեպի կյանքն ու մահը ընթանալը,, երկնավոր և երկրավոր բարիքներին փափագելը, դարձյալ՝ խորհրդանշում է Նոր օրենքի [հարաբերությունը] Հնի նկատմամբ: Եվ ամեն տեսակի խռովություն, որ թվարկվեց ամբարիշտների վերաբերյալ և որ նրանց իսկ դեմ է, ամեն ձևով խաղաղություն և հանգիստ է դառնում արդարների համար:

Այսքանն այս մասին: