Ուժգին գոչի՛ր ու մի՛ խնայիր (58։1)
Քանի որ կամենում է մեծագույն պարգևները տալ, ուստի ասում ու հորդորում է, թե՝ «Իմ ժողովրդին պատմի՛ր նրանց մեղքերը»: Ասում է՝ «մի՛ վախեցիր, այլ զորացի՛ր հոգով, որը բնակվում է քո մեջ և որը առյուծի նման հանձնապաստան ու անվախ դարձրեց քեզ:
Շեփորի նման բարձրացրո՛ւ ձայնդ (58։1ա)
«Շեփորի նման» է ասում երկու պատճառով. նախ՝ «որպեսզի ամենուրեք լսեն քո ազդու ձայնը», երկրորդ՝ «որովհետև միայն ձայնն է քոնը, սակայն խոսքերը Իմն են, ինչպես ձայնի հնչումը՝ փողի մեջ:
Օր օրի Ինձ են փնտրում (58։2)
Այն է կամենում ասել, որ նրանց միտքը մոլորված է կուռքերով ու մեղքերով, և նրանք կեղծավորությամբ են փնտրում:
Եվ ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար» (58։3)
Այսինքն՝ «դատ են դնում Իմ առջև և արդարություն են պահանջում՝ ասելով, թե՝ «մենք պահեցինք, ուրեմն Դու ինչո՞ւ չես փրկում մեզ»: Դրա պատճառն այն էր, որ կարծում էին, թե միայն պահքով կարող էին արդարանալ բազում չարիքներից: Իսկ Աստված ի՞նչ պատասխան է տալիս.
Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում (58։3ա)
«Ա՛յն պատճառով չեմ տեսնում,- ասում է Տերը,- որովհետև պահքի ժամանակ ձեր չար կամքն եք կատարում: Չեմ տեսնում նաև ա՛յն պատճառով, քանի որ վիշտ եք պատճառում նրանց, ովքեր ձեր ենթակայության տակ են: Չեմ տեսնում այն պատճառով, որ հակառակվում եք մեծերին: Չեմ տեսնում, որովհետև կռվում եք մեկդ մյուսի դեմ: Չեմ տեսնում, քանի որ ծեծում եք կրտսերներին, այսինքն՝ զրկում և հարստահարում եք աղքատներին»:
Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը, դուք պիտի գաք բողոքեք ինձ, և Ես չեմ լսելու ձեզ (58։4)..., եթե անգամ պարանոցդ կորացնես օղակի նման (58։5), այսինքն՝ կեղծավորություն անելով, կամ եթե քրձազգյաց ու մոխրաթավալ լինես ի ցույց մարդկանց»:
«Սակայն այդ պահքը Ես չընտրեցի»,- ասում է Տերը (58։5ա)
Որովհետև պահքը սահմանվեց երկու պատճառով. նախ՝ փափկակենցաղության՝ մարմնի համար ունեցած վնասների պատճառով, և երկրորդ՝ հանուն մարդու «պտղաբերության», այսինքն՝ որպեսզի մարդ ողորմությամբ օգտակար լինի այլոց, որովհետև պատվիրանների մեջ կան [այնպիսիները], որոնք մարդու կողմից ինքնըստինքյան են կատարվում, կան և այնպիսիները, որոնք ուրիշների միջոցով են «զարդարվում» 1: Ինչպես օրինակ՝ մարմնական գործերում կան այնպիսիք, որոնք ինքնըստինքյան են կատարվում: Նմանատիպ գործողություններ են քայլելը, խոսելը և ուտելը: Բայց կան նաև այնպիսիք, որոնք այլոց միջոցով են կատարվում, ինչպես օրինակ՝ հողի մշակությունը, որի համար անհրաժեշտ է արոր, սերմ, իսկ ասենք գոտեմարտելու համար էլ անհրաժեշտ է յուղ և վարժանք: Նույնպիսին է պատվիրաններն իրագործելու պարագան: Կան պատվիրաններ, որոնք ինքնըստինքյան են կատարվում, ինչպես օրինակ՝ աղոթելը, ողորմելը, Աստծուն և ընկերոջը սիրելը: Կան և այնպիսիք, որոնք այլ բաների անհրաժեշտությունն ունեն, ինչպես՝ պահքը, նաև հենց կուսությունը, որովհետև այս պատվիրանների պարագայում մարդ նախ պետք է արդյունքի հասնի, և ապա միայն այդ արդյունքը հաճելի կլինի Աստծո աչքին: Քանզի խիստ մեծ ճգնություն է կուսությունը, չնայած որ հիմար կույսերը սխալվեցին, [մտածելով, թե] պահքը չարչարանք է: Խոտելի էր նաև փարիսեցու պահքը, թեպետ նա շաբաթը երկու օր պահք էր պահում: Իսկ Դանիելը պահք պահեց ուրիշների համար, և այդ պահքը ընդունելի եղավ: Մովսեսը ևս ուրիշների համար պահք պահեց, և դա հաճելի եղավ Աստծուն, որովհետև նրանց պահքը պտղաբեր պահեցողություն էր որի միջոցով և պահեցողները նմանվեցին իմաստուն կույսերին:
Բայց գուցե մեկն ասի, թե ինչո՞ւ են ոմանք հարստության մեջ, ոմանք՝ աղքատության, կեսը՝ հանգստի, կեսը՝ վշտի և տառապանքի: Աստված ինչո՞ւ հավասար չբաշխեց ինչքերը, ինչպես որ հավասարապես ընծայել է արևը, անձրևը, օդը, քամին: Ոսկեբերանը պատասխանում է. նախ՝ թեև ինչքերը անհավասար բաշխեց, բայց հարուստին պատվիրեց բաժին տալ չքավորին, որպեսզի ամենքը հավասար լինեն 2: Դարձյալ, Ոսկեբերանն Աստծո նախախնամության մասին ասում է. ոմանց՝ հարուստ, ոմանց՝ աղքատ ստեղծեց, որովհետև դա մեծ օգտակարություն պիտի ունենար: Տերն այդպես վարվեց, նախ՝ որպեսզի ամենքը չպարտվեն չարից, աշխարհի հոգսերից, հարստության պատրանքից, հեշտասիրությունից 3, հոգևորը մոռանալուց, կռիվներից, ատելությունից և այլն, ինչը հաճախ պատահում է հարստության պատճառով: Այդ ամենը հարստության հետևանքով են լինում:
Իսկ երկրորդ պատճառն այն է, որ հարուստները սփոփեն աղքատների ցավերը և վարձատրվեն դրա համար, այսինքն՝ մարմնավորը փոխանակեն հոգևորով, ու երկուստեք գոհանալով օգտվեն, ինչպես ասում է առաքյալը. «Ձեր առատությունը թող լցնի նրանց պակասությունը, որ նրանց առատությունն էլ լցնի ձեր պակասությունը» (Բ Կորնթ. 8։14):
Երրորդ՝ որպեսզի անկարգությամբ չընթանան, այլ երևա առաջին, միջին և վերջին «կարգը»:
Չորրորդ՝ որպեսզի գութ և սեր պտղավորվի հարուստների ու աղքատների մեջ, ինչպես ասում է Սիրաքը. «Անասունը սիրում է անասունին, մարդն՝ իր ընկերոջը» (հմմտ. Սիր. 13։19):
Հինգերորդ՝ որպեսզի մեկմեկու կարիքն ունենան ու գոհացում տան իրենց տարբեր պետքերին, ինչպես առաքյալն է ասում. «Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին», իսկ տերերին ասում է. «Ավելի մի՛ նեղեք ծառաներին, որովհետև դուք ևս Տեր ունեք երկնքում» (Եփես. 6։5): Իսկ ահա եթե արեգա՛կն ամենքին հավասարապես տրված չլիներ՝ շատերը խավարի մեջ կկորչեին ու կտանջվեին:
Իսկ ինչո՞ւ է պետք պահքի ամրությունը. որպեսզի այն ընդունելի լինի: Սրա համար է ասվում. «Քանդի՛ր անիրավության կնճիռը» (58։6), այսինքն՝ հանգույցը, և հոգու մեղքերը արձակիր քեզանից: Սրանք բոլորը պարունակված են հետևյալ չորս կետերում. առաջին՝ չզրկել ուրիշներին, երկրորդ՝ քո ունեցածը բաշխել այլոց, երրորդ՝ նենգություն չանել ուրիշների հանդեպ, չորրորդ՝ ներել նենգավորներին: Այդպես պետք է վարվել թե՛ հարազատների, թե՛ օտարների հանդեպ: Արդ առաջինը՝ ուրիշներին չզրկելու պատգամը, պետք է կատարել՝ խուսափելով ոչ միայն բացահայտ բռնությամբ դիմացինին զրկանքի մեջ գցելուց, ինչպես անում են իշխանները և ավազակները, այև ծածկաբար կեղեքելուց, ինչպես գողերն են անում, ինչպես և հրաժարվելով խաբեությամբ դիմացինին ծուղակը գցելուց, ինչպես վարվում են վաճառականները: Իսկ երկրորդ պայմանը՝ քոնը բաշխել այլոց, նշանակում է քաղցածներին կերակուր տալ, ծարավածներին՝ ջուր, մերկերին՝ զգեստ, ինչպես նաև [գոհացում տալ] այլ պետքերին, ըստ Քրիստոսի խոսքի, թե՝ «հյուրընկալել օտարներին, այցելել հիվանդներին ու բանտարկյալներին (հմմտ.Մատթ. 25։36, 39, 43): Երրորդ կետը բովանդակում է հետևյալ պահանջը. նենգություն չանել ուրիշներին՝ ո՛չ խոսքով տրտնջալ, ո՛չ բամբասել, ո՛չ զրպարտել, ո՛չ հայհոյել, ո՛չ սուտ խոսել, ո՛չ բարկանալ ու ոչ էլ մտքո՛վ նենգություն անել, ո՛չ հպարտանալ, ո՛չ նախանձել, ո՛չ ատել ու ո՛չ ոխ պահել, ու այդպիսով խուսափել նենգությունից՝ վերցնելուց ու չվերադարձնելուց, ծեծելուց կամ սպանելուց, այլև աչքերի անամոթ հայացքից: Իսկ չորրորդ կետը պահանջում է ներել նենգավորներին, որոնք մտքով թշնամացած են քո հանդեպ, խոսքով հանցանք են գործել քո դեմ կամ չեն կարող հատուցել նյութական պարտքերը: Ներել բոլորին և անհիշաչար լինել, որպեսզի Աստված էլ ձեր հանցանքները ների, ըստ այս խոսքի. «Եթե ներեք մարդկանց՝ կներվի նրանց» (Հովհ. 20։23): Արդ, սա է, որ մարգարեն ասում է ըստ կարգի.
Քանդի՛ր անիրավության կնճիռը, այսինքն՝ մեղքերի հանգույցը և փոխագուցվածքը, որովհետև մեղքը պարզ ու դյուրալույծ բան չէ:
Խորտակի՛ր վաճառականական խարդախությունն ու բռնությունը, այսինքն՝ վաճառականի նենգությունը, որովհետև ինչպես բռնակալն է բացահայտ հափշտակում, նույնպես անում է վաճառականը, երբ վաճառականության քողի տակ գողությամբ է զբաղվում:
Անօրենության բոլոր մուրհակները պատռի՛ր, այսինքն՝ մեջտեղից վերացրո՛ւ անիրավ փոխատվության գիրը, որ որոշ չար մարդիկ սովոր են արծաթի կամ այլ իրերի գրավադրման դիմաց վերցնել, և սովորի՛ր մեր Փրկչի հարկատվությունից, որովհետև պատռեց մեր մեղքերի պարտամուրհակը, թեպետ Նա անօրենություն չէր գործել, իսկ դա էլ արդարացիորեն մեր պարտքն էր, ա՛յն, որի [վերաբերյալ] ասվել էր. «Որ օրը որ ուտես դրանից, մահով կմեռնես» (Ծննդ. 2;17): Արդ, Քրիստոս պատռեց այս դատավճիռն ու այն գամեց խաչափայտին: Նույնն էլ դո՛ւ արա: Թողությամբ արձակի՛ր նեղյալներին: Եվ սա առավել է առաջինից, որովհետև այնտեղ ասվեց՝ «շահառության գի՛րը պատռիր», իսկ այստեղ ասում է. «Եթե չունի՝ որտեղի՞ց հատուցի քեզ. մի՛ նեղիր նրան, այլ նրա բոլոր պարտքերը ներիր նրան, որպեսզի չպատժվես», որի մասին խոսվում է նաև պարտապանների առակում: Դարձյալ, Տերն ասում է.
Քո հացը բաժանի՛ր քաղցածներին (58։7)
Այս խոսքը երեք բան է ցույց տալիս մեզ. նախ՝ չի ասում, թե՝ տուր, այլ՝ բաժանիր, այսինքն՝ խնամքո՛վ արա ողորմությունդ, ինչպես ասում է Պողոսը. «Իմ ինչքերը ջամբեմ աղքատներին...» (Ա Կորնթ. 13։3): Երկրորդ՝ ասում է՝ քաղցածներին, և ոչ թե հարուստներին, քանի որ ունևորներին տալու դեպքում փոխհատուցում կլինի, իսկ աղքատների դեպքում՝ ոչ, քանի որ նրանք հատուցելու բան չունեն: Երրորդ՝ քո՛ հացը, այսինքն՝ քո աշխատանքով վաստակածը, և ոչ թե ընկերոջից հափշտակվածը:
Անօթևան աղքատներին տա՛ր քո տունը ու մերկերին հագցրո՛ւ (58։7ա)
Այս խոսքերը Քրիստոս Իր համար է նկատում՝ ասելով. «Օտար էի՝ հյուրընկալեցիք Ինձ, մերկ էի՝ հագցրեցիք» (Մատթ. 25։35): Եվ եթե այս հարցի վերաբերյալ պատվիրաններն իսկ չլինեին, մի՞թե քո մարդկային բնությամբ չէիր ողորմի նրանց՝ տեսնելով, որ չնայած դու զանազան կերակուրներով կշտանում ես, սակայն քո բնութենակիցը քաղցած է մնում, դու կերպաս ես հագնում, իսկ նա մերկ է շրջում:
Բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր (58։7բ), այսինքն՝ հայացքդ մի՛ շեղիր ու երես մի՛ դարձրու ընտանիքիդ անդամից: Իսկ ընտանիքի զավակը ոչ միայն արյունակիցն է, այլև բնութենակիցը, մանավանդ՝ դավանակիցը, նրա՛նք, ովքեր ծնվել են նույն ավազանի արգանդից ու սնվել են նույն կերակրով՝ միևնույն գլխի՝ Քրիստոսի մարմնի անդամը լինելով: Ընտանիքի անդամներ են նաև լեզվակիցն ու կրոնակիցը, համաձայն կարգի, ուստի նրանց հարկ է առավել խնամել, համաձայն այն խոսքի, որ ասում է առաքյալը. «Ով իր ընտանիքը չի խնամում՝ ուրացել է իր հավատը և ավելի չար է, քան անհավատները» (Ա Տիմ. 5։8):
Հարց. Ինչո՞ւ մյուս բոլոր մեծամեծ մեղքերի, այսինքն՝ շնության, սպանության և մնացյալ ախտերի համար այսպիսի ծանր պատիժ չի սահմանում, ինչպես անգթության պարագայում է ասվում (հմմտ. Գաղ. 5։19-22):
Պատասխան. Որովհետև բոլոր մեղքերի պատճառն ու սկիզբը անգթությունն էր. որովհետև չի խղճում, այդ պատճառով էլ սպանում է, այդ պատճառով նաև գողանում է, և մնացյալ հանցանքները նմանապես: Եվ այդ մեծագույն ախտի դեմ ողորմությունն է պատվիրում, ըստ հետևյալ հինգ եղանակների, որոնցից առաջինն այս է. «Այն ժամանակ այգաբացի նման պիտի ծավալվի քո լույսը» (58։8). այսինքն՝ Աստծո օգնությունը արևածագի նման սփռվելու է քո վրա, որովհետև ծավալվելը առատության խորհուրդն ունի:
Երկրորդ՝ «Եվ քո ապաքինումը արագորեն պիտի հասնի» (58։8ա), այսինքն՝ Տերը բժշկելու է հոգու մեղքերի թունալի վերքերը: Եվ տե՛ս, որ մեր ձեռքերում է թե՛ կանուխ և թե՛ ուշ բժշկության բանալին:
Երրորդ՝ «Քո առջևից է գնալու քո արդարությունը» (58։8բ)․ եթե մեծ պատիվ է նախակարապետի, նվիրակի ու մեծաձայն մունետիկի համար թագավորի առջևից ընթանալը, որքա՜ն ավելի մեծ հռչակ ու պատիվ է արդարությունը գործողի՛ համար, ինչպես ասում է Հակոբոսը. «Ողորմությունը բարձրագլուխ պարծենալու է դատաստանի ժամանակ» (Հակ. 2։13):
Չորրորդ՝ ասում է. «Աստծո փառքը պիտի պահպանի քեզ» (58։8 գ). թագավորական այդ ո՞ր ծիրանին կամ բեհեզն է ավելի պատվական, քան արդարի հանդերձանքը, որը Աստծո՛ տված փառքն է, ինչպես Տերն իսկ է ասում. «Արդարները փայլելու են արեգակի նման» (Մատթ. 13։43):
Հինգերորդ՝ «Այն ժամանակ պիտի գոչես, և Աստված պիտի լսի քեզ» (58։9): Արդյոք կա՞ ավելի մեծ բան, քան այն, որ մարդ ինչ էլ խնդրի, Աստված լսի ու կատարի: Եվ ոչ միայն այսքանը, այլև քանի դեռ խոսում ես, Տերը կլսի քեզ ու կասի. «Ահավասիկ Ես այստեղ եմ»: Կամ էլ արդեն իսկ խնդրելուց ու հայցելուց առաջ կարձագանքի քո խնդրանքին: Այդ ո՞ր մի գթած հայրը կամ սիրելի բարեկամը կտա խնդրելուց էլ առաջ, ինչպես Աստված է խոստանում տալ: Եվ ի՞նչի դիմաց է տալիս. մի պատառ հացի, մի բաժակ ջրի, մի զգեստի և տան օթևանի: Տե՛ս, թե ինչ ես տալիս և քո տվածի դիմաց ինչ ես վերցնում. Աստծուց՝ սեր, իսկ մարդկանցից՝ փառք: Եվ գիտելի է, որ տասը պայմանների առկայության դեպքում է ողորմությունը կատարյալ և ընդունելի լինում Աստծուն: Այդ պայմաններն են. նախ՝ ողորմությունը պետք է տալ սուրբ ձեռքերով, արդար վաստակից և հոժարակամորեն, աղքատներին ողորմել առանց տրտնջալու՝ ուրախությամբ, գաղտնապես և ամենքին հավասարապես: Արդ, նախևառաջ պետք է սուրբ ձեռքերով ողորմածություն անել, որովհետև ճշմարտապես ողորմություն տվողն իրենից հեռացնում է մեղքերը, և ապա ընդունում է Աստծուն, որի համար ասվում է. «Քանդի՛ր անիրավության հանգույցը», որ մեղքն է: Իսկ ահա մեղավորներից Տերը նվերներ չի ընդունում, համաձայն այս խոսքի. «Բայց մեղավորը, որ ընտիր ալյուր է ընծայաբերում, նույնն է, թե շուն է մորթում (66։3):
Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ ողորմությունը հափշտակված կամ գողացված միջոցներից չլինի, որի վերաբերյալ ասում է, որ պետք է հրաժարվել խարդախությամբ գումար վաստակելուց, և հարկ է ազնիվ վաստակից [տալ], ինչպես ասում է Առակը. «Տիրոջը պատվիր քո արդար վաստակից» (Առակ. 3։9):
Երրորդը տրտնջալու պարագան է, որի մասին նաև Պողոսն է ասում. «Ամեն ինչ արեք առանց տրտնջալու» (Փիլիպ. 2։14), որովհետև տրտունջը պղծում է գործը, ապականում է պտուղը, դառնացնում է այն, ինչ քաղցր էր, քանզի տրտունջը նշանակն է ծույլ ու դժգոհ սրտի, իսկ ահա երբ ձե՛ռքը գործի, բերանը կլռի:
Չորրորդ՝ ոչ թե մեկ կամ երկու անգամ ողորմելը բավական համարիր, այլ՝ հարաժամ ողորմած եղիր, ինչպես Առակն է ասում. «Քեզանից թող չպակասի ողորմությունն ու աղոթքը» (հմմտ. Առակ 3։3) Եվ դարձյալ ասվում է. «Մի՛ դանդաղիր բարիք անել, երբ կարող ես» (Առակ. Գ25): Նաև Եսային ինքն է ասում է. «Քաղցածներին հա՛ց տուր (58։7), և այս խոսքով ակնարկում է մշտնջենավորապես ողորմելու անհրաժեշտությունը, որովհետև մշտապես էլ կգտնվի մեկը, ով քաղցած կլինի:
Հինգերորդ՝ ողորմությունը հոժարակամորեն պիտի բաշխվի, ինչպես ասում է մարգարեն. «Քո հացը հոժար սրտով տաս»... (Ես. 58։10): Իսկ հոժարությունն այնպես պիտի դրսևորվի, որ թեպետ ողորմում ես, բայց խորհես, թե չես տալիս: Եվ իսկապես, ավելի շուտ ոչ թե տալիս ենք, այլ վերցնում, որովհետև տալիս ենք սակավ ու չնչին, ապականացու բաներ, բայց վերցնում ենք անանց կյանքի մեծամեծ ընծաները:
Վեցերորդ՝ հարկ է ողորմություն անել կարիքավորների՛ հանդեպ, ինչպես ասվում էլ է. «Չքավոր մարդկանց կշտացնես»... (Ես. 58։10): Դա է հրամայում նաև Տերը. «Փոխ տուր նրանց, որոնցից ակնկալություն չունես» (Ղուկ. 6։35):
Յոթերորդ՝ պետք է կարոտյալներին կշտացնել, այսինքն՝ պիտի առատ ողորմություն տաս, և ոչ թե հաշվենկատորեն, որի վերաբերյալ Պողոսն ասում է. «Ով հաշվենկատորեն կսերմանի՝ հաշվենկատորեն կհնձի» (Բ Կորնթ. 9։6): Իսկ առատաձեռնորեն ողորմողների համար ասում է. « Իմ Աստված կլիացնի ձեզ ամեն տեսակ բարիքով» (Փիլիպ. 4։19):
Ութերորդ՝ հարկ է տալ զվարթ երեսով, ինչպես ասում է Սողոմոնը. «Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն» (Առակ. ԻԲ 9), որովհետև Աստված այնքան չի նայում տուրքին, որքան՝ տվողի կամքին, ըստ որի և գովվեց այրի կինը, որը երկու լումա գցեց գանձանակի մեջ, և ոչ թե նրանք, ովքեր ավելի շատ գցեցին (Մարկ. 12։41-45): Իններորդ՝ հարկ է ողորմություն անել ծածուկ, ըստ այն խոսքի, թե՝ «Թող քո ձախը չիմանա, թե ինչ է անում աջը, որովհետև քո Հայրը տեսնում է ծածուկ, և քեզ կհատուցի հայտնապես» (Մատթ. 6։4):
Տասներորդ՝ որովհետև հարկ է ողորմությունը բաշխել հավասարապես թե՛ չարերին, թե՛ բարիներին, արդարներին ու մեղավորներին՝ առանց ընտրողականության ու քննության, որովհետև ընտրության ժամանակը չէ, այլ՝ ողորմության, ինչպես ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը՝ երկրորդելով Ավետարանի այն խոսքը, թե՝ «Դուք գթած եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է գթած» (Ղուկ. 6։36), որովհետև «Արեգակը ծագեցնում է ինչպես չարերի, այնպես էլ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ մեղավորների վրա» (Մատթ. 5։45, 46): Սա այն մասին էր, թե որքան բաներ են անհրաժեշտ, որպեսզի ողորմությունը կատարյալ լինի:
Այժմ վերստին դառնանք ողորմության համար փոխհատուցվող վարձատրությանը, որի մասին ասացինք, թե հինգն են, իսկ վեցերորդը սա է, որ ասում է. «Այն ժամանակ քո լույսը ծագելու է խավարի մեջ» (58։10), այսինքն՝ եթե վշտերն ու փորձությունները, հոգևոր ու մարմնավոր տրտմություններն իբրև խավար շրջափակեն քեզ, ողորմության զորությունն է, որ կարող է [օգնել քեզ], որովհետև երբ այդ զորությունը ծագի քեզ վրա, արեգակի լույսի նման կփարատի քո նեղության խավարը: Եվ ոչ միայն այս, այլև կմարի հավիտենական կրակը, ինչպես ասում է Սիրաքը. «Ջուրը մարում է բորբոքված կրակը, և ողորմությունները քավում են մեղքերը» (Սիր. 3։33): Յոթերորդ վարձքը սա է. «Եվ քո Աստված ամեն ժամ կլինի քեզ հետ»: Մի՞թե ավելի մեծ բան կա, քան երբ Աստված ամեն ժամ մարդու հետ է: Քրիստոս դա խոստացավ Իր աշակերտներին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20):
Ութերորդը սա. «Քո անձը ըստ ցանկության հագեցում կստանա, ինչպես ջրարբի պարտեզ» (58։11), այսինքն՝ քո հոգևոր ու մարմնավոր բարիքներն այնպես կառատանան, որ ինչ-որ ցանկանաս՝ կունենաս, ինչպես Հոբն ունեցավ: Տե՛ս, թե որքա՜ն շինություններ ուներ, ինչքա՜ն հարստություն, ուստի ասում էր. «Իմ լեռները ոռոգվում էին կաթով» (Հոբ 29։6): Եվ այդ ամենը ոչ թե ագահության ու տմարդության միջոցով ունեցավ, այլ՝ մարդասեր և առատաձեռն բարքի շնորհիվ, քանի որ Հոբը որբերի և այրիների հայրն էր, կաղերի՝ ոտքը, կույրերի՝ աչքը, և նրա դռները միշտ բաց էին աղքատների առջև: Իններորդ «հատուցումը», ինչպես ասում է, սա է լինելու. «Պիտի վերաշինվեն քո դարավոր ավերակները» (61։4): Համաձայն մարգարեի խոսքի՝ ողորմությամբ պիտի շինվեն ավերված քաղաքներն ու տները, այսինքն, թե՝ աշխարհը շինվելու է ողորմությամբ. այստեղ՝ մարմնավոր, իսկ այնտեղ՝ հոգևոր ու հավիտենական հարկաբաժին է պատրաստվելու ողորմության շնորհիվ, որի վերաբերյալ Քրիստոս ասում է. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնվածներ» (Մատթ. 25։34):
Տասներորդ վարձատրությունը լինելու է ըստ այս խոսքի. «Քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ» (58։12), այսինքն՝ քո զավակներն ու հիշատակները մշտապես մնալու են երկրի վրա: Եվ հիրավի իսկ. եթե անողորմության պատճառով մարդու զավակը սատկացվելու է, ինչպես ասում է Դավիթը. «Երկրի վրա սատկացվելու է նրա զավակը փոխանակ այն բանի, որ չհիշեց ողորմություն անել» (Սաղմ. 33։17), ապա ուրեմն հայտնի է, որ մարդու հիշատակն անջինջ կմնա ողորմության շնորհիվ: Եվ քանի որ ողորմությունը կարող է բազմապատկվել, այս պատճառով Աստված ողորմությունը նմանեցնում է սերմի, ըստ այս խոսքի, թե՝ «Սերմանե՛ք արդարություն ու հնձե՛ք կյանքի պտուղը» (հմմտ. Բ Կորնթ. 9։6), որովհետև ինչպես սակավ է սերմանվում, բայց բազմապատիկ հնձվում է, այդպես և ողորմության դեպքում է լինելու: Այսքանն այս մասին:
Զվարճության շաբաթները անվանելու ես «Աստծուն նվիրված և փառավոր» (58։13)
Զվարճություն է անվանում հանգստության պատճառով, որովհետև Աստված շաբաթ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից, իսկ մենք այստեղ մարմնով ենք հանգստանում: Դարձյալ, շաբաթվա վերջին օրն է սահմանվում հանգիստը՝ ի նշան արդարների հանգստյան, և նվիրական է կոչվում, քանզի Տերն այդ օրը սրբեց Իրենով, իսկ փառավոր է, որովհետև օրհնված է Աստծո կողմից:
Քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես (13ա)
Տե՛ս, որ դա ևս գործ է, և էլ ավելի դաժան, քան մյուս բոլոր գործերը: Այս «չարագործությունը» հրեաներն իրենք իրենց դեմ են գործում, քանի որ թեպետ շաբաթ օրով խուսափում են այլ գործեր անելուց, սակայն ամեն տեսակ մեղք են գործում շուրթերով, ձեռքերով և այլ բաներով՝ այդպիսով պղծելով շաբաթը, իրենց լեզուներն ու շուրթերը: Նույնպես և այժմ քրիստոնյաները կիրակի օրերին դադարում են գործերից, սակայն առևտրով են զբաղվում, ստում և նենգում են, կռվում, խարդախություն, պոռնկություն և ամեն տեսակի չարիք առավելապես կիրակի՛ օրն են գործում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: