Գլուխ  60

Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղեմ, որովհետև հասել է քո լույսը (60:1)
   
   Այլ թարգմանություններ ասում են. «Վե՛ր կաց և լուսավորվի՛ր, Երուսաղեմ»։ Այստեղ Երուսաղեմը խորհրդանշում է հեթանոսների եկեղեցին, որը տկարացած էր ու ենթարկված մեղքերի մոլորությանը և կռապաշտությանը, որի պատճառով մարգարեն ասում է. «Վե՛ր կաց, դու, որ նստած ես, և լուսավորվի՛ր խավարիցդ։ Իսկ Յոթանասնից [թարգմանության մեջ] «լուսավորվի՛ր» բառը կրկնվում է, որովհետև նորադարձ հավատացյալները շնորհներն ընդունելուց հետո ծուլությամբ և ապերախտությամբ զրկվեցին լույսի շնորհներից, որի պատճառով կրկնում է այդ բառը, որպեսզի երբ ընդունենք այդ խոսքը, այն մշտապես վառ պահենք մեր հիշողության մեջ: «Որովհետև հասել է քո լույսը», որ Քրիստոս է: Այս է ասում նաև Պողոսը՝ եփեսացիներին ուղղված նամակում. «Վե՛ր կաց, որ ննջում ես, և քեզ կլուսավորի Քրիստոս» (Եփես. 5:14): Եվ որ այս նյութական լույսի մասին չէ խոսքը, հայտնի է երեք բանից. նախ՝ որովհետև հորդորում է՝ ասելով. «Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր», և քանի որ երբ այս լույսը երևար, կամա թե ակամա լուսավորելու էր շուրջբոլորը, հետևաբար եթե խոսքը նյութական լույսի մասին լիներ, իմաստ չէր ունենա նման ձևով արտահայտվելը: Երկրորդ՝ որովհետև ասում է՝ քո լույսը, և արդ, այդ լույսը մասնավորաբար մեկինը չէ, այլ՝ ամենքինը: Երրորդ՝ որովհետև ասում է՝ «Տիրոջ փառքը քո վրա է ծագելու», ուստի պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր լույսի մասին, որի ուղեկիցը Աստծո փառքն է, որովհետև արեգակի և աստղերի փառքի փայլումն առավել կամ նվազ է, համաձայն Պողոսի. «Այլ է արեգակի փառքը, և այլ է լուսնի փառքը» (Ա Կորնթ. 15:41): Մինչդեռ Աստծո փառքը հոգևոր է, որ ծագում է համաձայն շնորհների, իսկ շնորհաբաշխ Արեգակը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, Որը լուսավորեց Եկեղեցին Իր մարմնապես երևումով, ինչպես ասում է Դավիթը. «Մեր Տեր Աստված երևաց մեզ» (Սաղմ. 117:27): Եսայու այս խոսքը շարադրանքի վեցերորդ տասնյակում է զետեղված՝ ի խորհուրդ վեցերորդ դարի, որի մեջ երևաց աշխարհի Լույսը[1]՝ վեց եղանակով լուսավորելով մեզ, որ խավարել էինք վեց պատճառներով. նախ՝ անգիտության խավարով, որից [դարձրեց] դեպի գիտության լույսը, երկրորդ՝ մեղքի պատճառով, որից դեպի արդարության լույսը տարավ մեզ, երրորդ՝ կուռքերի պատճառով, որոնց պաշտամունքից մեզ առաջնորդեց դեպի աստվածպաշտության լույսը։ Չորրորդ պատճառը տրտմությունն էր, որից դեպի ուրախության լույսը ընթացանք, ըստ որում մեր աչքերից սրբեց ամեն տեսակ արտասուք: Հինգերորդը մահվան ստվերն էր, որից դեպի կյանքի լույսն առաջնորդեց, ըստ այն խոսքի, թե՝ «Խափանեց մահը և լուսավորեց կյանքն ու անմահությունը» (Բ Տիմ. 1:10): Վեցերորդ՝ նաև մեր նյութակա՛ն աչքերն էին խավարել, և Քրիստոս լուսավորեց նաև մարդկանց նյութեղեն աչքերը, ինչպես ի ծնե կույրի պարագայում: Ըստ այսմ, հիրավի այս մարգարեն վաղօրոք ավետում է ճշմարիտ Լույսի գալուստը, Որը լուսավորում է ամեն մարդու, որ պիտի աշխարհ գա:

   Արդ, թե Քրիստոս ինչո՞ւ, ի՞նչ հավաստի պատճառներով լույս անվանվեց, ասվեց այլ տեղում: Իսկ այժմ խոսենք լուսավորվելու համար անհրաժեշտ բազում պայմանների մասին, նախ՝ որովհետև լույսը լուսավորում է ոչ թե ըստ իր ճառագայթի զորության, այլ ըստ աչքերի կարողության, քանի որ կույրն ու աչքերը փակողն ամենևին չեն տեսնում, ճպռոտ աչքերը վատ են տեսնում, իսկ զորավոր աչքեր ունեցողը առավելագույնս լուսավորվում է: Նույնպես և անհավատներն ու նրանք, ովքեր կամովին ուրանում են Աստծուն՝ չեն լուսավորվում Քրիստոսից, իսկ հավատի մեջ թերիները նման են ճպռոտ աչքեր ունեցողներին, իսկ հավատով կատարյալներն ու գործերով մաքուրները առավելագույն [չափով են] լուսավորվում:

   Երկրորդ՝ ոմանք լույսից լուսավորվում ու այդ լույսն իրենց միջոցով հաղորդում են այլոց, ինչպես ապակին և ջուրը, ոմանք լուսավորվում են, բայց չեն լուսավորում, ինչպես բամբակը կամ երկաթը, իսկ ոմանք էլ ո՛չ լուսավորում են, ո՛չ էլ լուսավորվում, այլ դեռ խավարեցնում են իրենց ստվերով, ինչպես քարն ու հողը: Նույնպես և առաքյալները, հայրապետներն ու վարդապետները, Քրիստոսով լուսավորվելով, լուսավորում են ուրիշներին, ըստ այն խոսքի, թե՝ «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5:14): Իսկ հավատացյալ ժողովուրդները իրենք իրենց են լուսավորվում, ըստ այն խոսքի, թե՝ «Ես որպես լույս եկա աշխարհ, ով հավատա Ինձ՝ խավարում չի մնա» (Հովհ. 12:46), այլ կընդունի կյանքի լույսը, իսկ ովքեր չեն լուսավորվում, ինչպես աշխարհասերներն ու անզեղչ քարոզվողները, անլույս են մնում և ուրիշներին փակում են մեղքի ստվերի մեջ, ըստ այս խոսքի. «Դուք չեք մտնում և ուրիշներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23:13):

   Երրորդ՝ ինչպես լույսը մերժում է խավարը և լուսավորում է օդը, նույնպես և Քրիստոս փարատում է մեղքի ու տգիտության տխրությունը և ուրախացնում է լույսի գիտությամբ ու արդարությամբ, ինչպես ասվեց վերևում, որովհետև փառքով շողարձակելու մասին է, որ ասվում է. «Տիրոջ փառքը քո վրա պիտի ծագի» (հմմտ. Ղուկ. 2:9):

   Չորրորդ՝ ինչպես լույսն իսկույն լուսավորում է բոլոր հեռավորներին, նույնպես և Քրիստոսի երևալուց փութով լուսավորվեցին հեթանոսների հեռավոր ազգերը, ինչպես ասում է Հովհաննեսը. «Հեթանոսները քայլելու են Քո լույսը ծագելիս» (հմմտ. Հայտն. 21:24):

   Հինգերորդ՝ ինչպես լույսի ծագման ժամանակ հավասարաչափ սփռվում է նաև ջերմությունը, այսպես և Քրիստոսի խոսքի հետ ծավալվում են Սուրբ Հոգու շնորհները, ա՛յն Սուրբ Հոգու, Որը էակից է Որդուն ու հավասար՝ Աստծուն:

   Վեցերորդ՝ ինչպես մեծ լուսատուի ծագման ժամանակ բոլոր լուսատուները ստվերում են մնում, նույնպես և հոգևոր լույսի՝ Քրիստոսի ծագման ժամանակ Օրենքի կայծկլտումները նահանջում են, ըստ այն խոսքի, թե՝ «Օրենքի և մարգարեների լրումը Քրիստոս է» (Հռոմ. 10:4):

   Յոթերորդ՝ ինչպես լույսն է արևելքից դուրս գալիս ու խոնարհվելով մայր մտնում, ծածկվում երկրի ետևում ու դարձյալ ծագում, նույնպես և Քրիստոս, ծնվելով Կույսի արգանդից՝ իբրև թե արևելքից, բազմազան շնորհներով կատարում է տնօրինությունը և հետո մտնում գերեզման, իսկ հարությամբ վերստին լուսավորում է բոլորին, ինչպես ասում է Եսային. «Թագավորները Քո լույսով պիտի քայլեն» (60:2):

   Ութերորդ՝ ինչպես լույսը ծագելիս փոխում է իր ընթացքը՝ մերթ հեռանալով և մերթ մոտենալով, նույնպես ճշմարիտ Լույսը նախ յուրայինների՝ հրեաների մոտ գնաց, բայց Նրան չընդունեցին, իսկ ապա՝ հարությունից հետո, հայտնվեց հեթանոսներին, ըստ այն խոսքի, որն ասում է. «Այսուհետև մկրտեցե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 29:19-20), և մեզ մոտենալով՝ հեռացավ հրեաներից, ինչպես ժամանակին մոտ էր հրեաներին ու հեռու՝ հեթանոսներից:

   Իններորդ՝ լույսով ենք տեսնում բոլոր նյութական բաները, լավը զանազանում ենք վատթարից և ընթանում ուղիղ ճանապարհով (Սաղմ. 35;11): Այդպես և Քրիստոսով տեսնում ենք բոլոր հոգևոր բաները, համաձայն այս խոսքի. «Ով քայլի ցերեկը՝ չի գայթակղվի», և թե՝ «Գնացե՛ք, քանի դեռ Լույսը ձեզ հետ է» (Հովհ. 11:9, 12:35):

   Տասներորդ՝ որովհետև երբ լույսը բացվում է, աքաղաղի կանչից արթնանալով՝ թոթափում ենք քունը և հագնվելով յուրաքանչյուրս մեր գործին ենք անցնում, ըստ այն խոսքի, թե՝ «Լույսը ծագելուց հետո մարդը դուրս է գալիս իր գործին մինչև երեկո» (Սաղմ. 103:22): Նույնպես և, երբ արևելքից ծագի արեգակը, հայրական փառքի [զորությամբ] սաստիկ ահ կտիրի, ու երբ հնչի փողի ձայնը, մահահանգիստ քնից հարություն կառնեն բոլոր մարդիկ և, անապական մարմիններ հագնելով, յուրաքանչյուրը հրավիրվում է իր համար նախապատրաստված վայրը, ըստ այնմ, թե՝ «Ովքեր բարիք են գործել․․․» (Հովհ. 4:29): Եվ թող կյանքի այդ Լույսը մենք ևս տեսնենք ձեր լուսանորոգ աղոթքների միջոցով. ամեն:
   
   Որովհետև ահա խավարը ծածկեց երկիրը, և մառախուղը՝ հեթանոսներին. Խավար [ասելով] մեղքերն է [ակնարկում], իսկ մառախուղ ասելով՝ կուռքերին: Ասաց թե՝ հասել է քո լույսը: Այժմ ինչպե՞ս է ասում, թե՝ Խավարը ծածկեց երկիրը (60:2)։ Տե՛ս, իսրայելացիների լույսը նրանց ազատությունն է խորհրդանշում, իսկ այդ նույն ժամանակ հեթանոսները խավարի մեջ էին, որովհետև բաբելացիները ծառայության մատնվեցին: Մինչդեռ մեզ մոտ լույսը Քրիստոս է, որովհետև հավատացյալները լուսավորվեցին, իսկ անհավատները խավարում մնացին, ըստ այն խոսքի, թե՝ «Դատաստանի համար եկա, որպեսզի ովքեր չեն տեսնում՝ կուրանան» (Հովհ. 9:39):

   
   Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները, բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով արծաթ և ոսկի, Նաբեովթի խոյերը պիտի բերվեն (60:6,7)

   Հեթանոսների պատարագն է նշանակում, քանի որ նրանք վարձ ստացան իրենց կրած անարգանքի և կողոպուտի փոխարեն, որովհետև կողոպտվեցին գերության մեջ, ճիշտ այնպես, ինչպես և հրեաներտ վարձ առան Եգիպտոսից դուրս գալուց[2]:
   
   Եվ Իմ աղոթքի տունը պիտի փառավորվի (60:7) որովհետև Նրա վերջին փառքը ավելին էր, քան առաջինը, ինչպես Անգեոսն է ասում (Անգ. 2։10): Բայց սա հոգևորապես վերաբերում է Եկեղեցուն, որովհետև ուղտն անմաքուր կենդանի է, խոհեմ է, բայց ըստ Օրենքի զոհաբերելի չէ, ուստի նշանակն է հեթանոսների, որոնք անմաքուր և անսուրբ էին կռապաշտության մեջ, բայց երբ հավատացին Քրիստոսին, մաքրվելով սրբվեցին ավազանի մկրտությամբ ու իրենց մտածումների մեջ խոհեմ գտնվեցին և մոտ՝ Աստծո խոսքին: Իսկ ասելը, թե՝ «քեզ մոտ պիտի հավաքվեն»՝ մարդկանց բազմությունն է նշանակում: «Եվ Նաբեովթի խոյերը պիտի բերվեն» խոսքը  Քրիստոսին հավատացող հրեաների, մանավանդ երանելի առաքյալների մասին է, նրա՛նց, ովքեր բերվեցին Քրիստոսի մոտ. նախ՝ որովհետև խոյը հոտի առաջնորդ է, իսկ առաքյալները Քրիստոսի հոտի առաջնորդները դարձան, ըստ այն խոսքի, թե՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարները» (Հովհ. 21:15)։ Իսկ Պողոսն ասում է. «Ո՞վ կարածացնի ոչխարներին ու նրանց կաթից չի խմի» (Ա Կորնթ. 9:7):

   Երկրորդ՝ որովհետև խոյը գառների ծնողն է, իսկ առաքյալները անմեղ ժողովուրդների ծնողներն էին, ըստ այն խոսքի, թե՝ «Հիսուս Քրիստոսի Ավետարանով ծնեցի ես ձեզ» (Ա Կորնթ. 4:15):

   Երրորդ՝ որովհետև խոյը երկիցս կատարյալ է, այսինքն՝ որոճող ու զատված կճղակներով․ կատարյալ էին նաև առաքյալները՝ համաձայն Օրենքի ու շնորհների:

   Չորրորդ՝ որովհետև խոյը սուրբ կենդանի է, իսկ առաքյալները սրբված են Քրիստոսով, համաձայն այն խոսքի, թե՝ «Դուք սուրբ եք բոլորդ» (Գործք 2:4)՝ մանավանդ այն բանից հետո, երբ վերնատան մեջ ընդունեցին Սուրբ Հոգին:

   Հինգերորդ՝ որովհետև պատարագելի էր խոյը, ըստ այն խոսքի, թե՝ «Արուն մեկամյա պետք է լինի» (Ելք 12:5), իսկ առաքյալներն էլ իրենց անձերն իբրև պատարագ նվիրեցին Քրիստոսին, ինչպես ասում է Պողոսը. «Թեկուզև ձեր հավատին իբրև պատարագ և զոհ ընծայվեմ» (Փիլիպ. 2:17): Դարձյալ, Հին Կտակարանում զոհաբերվող կենդանիների միջև ընտրությունը մեծ էր, այսինքն՝ կային սուրբ և անսուրբ կենդանիներ, նաև՝ զանազանություն արատավորների ու անարատների միջև, իսկ այստեղ կարևորագույնը հոգիների առաքինությունն, որն էլ միակ անհրաժեշտ պայմանն է, ըստ այն խոսքի, թե՝ «Սակայն խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև» (Հռոմ. 10:12), որովհետև «Աստծո պատարագ է խոնարհ հոգին» (Սաղմ. 50:19):

   Եվ Կեդարի խաշները հավաքվեցին քեզ մոտ (60:7)

   «Կեդար» բառը «խավար» է թարգմանվում, որ և խորհրդանշում է բոլոր մտքով խավարածներին, որոնք հավաքվում են հավատի շուրջը և լուսավորվելով փայլում են ավազանի մեջ՝ սրբվելով և հոգու նորոգությամբ:

   Եվ փառավորվելու է Իմ աղոթքի տունը (60:7ա), որ ավելի Քրիստոսի Եկեղեցին է, քան հրեական տաճարը:
   
Ովքե՞ր են սրանք, որ ամպերի նման թռչելով գալիս են (60:8)
   
   Զարմանալով է սա ասում, որովհետև սկզբից նրանց ծանրամարմին ուղտեր անվանեց և, անհավատության պատճառով, Կեդարի խաշներ, իսկ այժմ  նմանեցնում է հավատով թեթևացած ամպերի, որոնք հոգևոր ցողեր են ցողում Եկեղեցու անդաստանում: Այլև, նրանք սպիտակափայլ աղավնիներ դարձան ու զգոնությամբ զարդարված՝ ծնվեցին այն Աղավնուց, Որն իջավ Հորդանանի վրա: Այսինքն՝ ձագերի հետ խառնված երամացած հսկան, որի մասին ասում է, բոլորի հետ Սաբա է գալու (60:6), այսինքն՝ Կանդակա [թագուհու] ներքինու միջոցով կնդրուկ է բերելու (հմմտ.Գործք  8:27), որ խորհրդանիշն է սրբերի անուշահոտ աղոթքների, ոսկին անբիծ հավատը, իսկ  մեծագին ակնաքարերը զանազան առաքինություններն են:

   Հարց. Ո՞րն է միակ, կաթողիկե և առաքելական եկեղեցին:

   Պատասխան. Ամենքին տեսանելի և հայտնի է, որ հրեական միակ տաճարի փոխարեն հազարավոր ու բյուրավոր եկեղեցիներ են կառուցվել ամբողջ աշխարհում: Իսկ հոգևոր իմաստով եկեղեցին մարդն ինքն է՝ շինված կենդանի վիմաժայռերով և հաստատված ճշմարիտ հիմքի՝ Քրիստոսի վրա, այսինքն՝ «միակ» է կոչվում հավատացյալների՝ միայն Քրիստոսի հավատի վրա [հաստատված] լինելու համար, որովհետև հիմքը այլ մեկը չէ, քան միայն Քրիստոս (հմմտ.Ա Կորնթ. 3:11): «Կաթողիկե» կոչվում է ընդհանրական լինելու պատճառով, իսկ «առաքելական» է, որովհետև առաքյալների քարոզությամբ կառուցվեց, և ոչ թե հնի պես, որը կառուցվել էր մարգարեների ձեռքով, բացի դա՝ առաքյալներն են, որ Եկեղեցում առաջնակարգ տեղ են զբաղեցնում։
   
    Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լույս է տալու (60:19)

   Երեք կերպ պետք է հասկանալ այս խոսքը. նախ՝ իբրև Իսրայելի համար ասված խոսք, որ նշանակում է, թե՝ «ետդարձից հետո լուսատուների սնոտի լույսը այլևս քեզ ապաստան չի լինելու, ուստի թող Աստվա՛ծ քեզ հավիտենական հույս լինի, և լուսատուների լույսերը թող քեզանից չպակասեն»:

   Երկրորդ՝ սա վերաբերում է հավատացյալներիս․ «Արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու»։ Տե՛ս, չի ասում, թե լուսատուները պակասելու են, այլ թե՝ այնքան չեն լուսավորելու, ինչպես Աստված է լուսավորում մտքերը, «ու թեպետ Տերն է քո լույսը լինելու, սակայն արեգակը, որ Ավետարանն է, և լուսինը, որ Օրենքն է, թող չպակասեն քեզանից»:

   Երրորդ՝ ոմանք սա վերագրում են վախճանի օրվան, որովհետև այնժամ այլևս կարիք չի լինելու արեգակի լույսի և լուսնի ծագման, «որովհետև Տերն է լինելու քո հավիտենական լույսը», իսկ լուսատուներն էլ չեն նվազելու՝ մայր մտնելով ու կրկին դուրս գալով, այլ նրանց «ընթացքը» դադարելու է:
   
Ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց (60:22)
   
   Այսպես է ասում, որովհետև Իսրայելը երբեմն Կիւրոսի ժամանակ, երբեմն՝ Դարեհի, ու երբեմն Արտաշեսի օրոք ժողովվեց Երուսաղեմում, իսկ հրեա հավատացյալներից ոմանց էլ Տերը հավաքեց առաքյալների ձեռքով, մյուսներին՝ հարյուր քառասունչորս հազար կնքվածներին, ի մի է բերելու վախճանի օրը, հեթանոսներից ոմանց՝ երրորդ ժամին, ոմանց՝ վեցերորդ, իսկ մնացյալներին կանչում է ամեն ժամ:
---------------
[1]Խոսքը ծիսական ընթերցման մասին է: Տակավին առաքելական հայրերի («Բառնաբասի նամակ» 15, 4-5) մեկնաբանության համաձայն արարչության վեց օրերին խորհրդաբանորեն համերաշխ են վեց հազար տարիները. վեցերորդ հազարամյակին կատարվել է Քրիստոսի գալուստը և տնօրինական ընթացքը: Ըստ այսմ միջնադարի եկեղեցաբանական գրականության մեջ արարչության վեցերորդ օրը համարվում է Ադամի հանցանքի սրբագրման, երկրորդ արարչության շրջան, որն իրականանում է հոգևոր լույսի՝ Քրիստոսի մարմնեղեն երևումով ու տնօրինական ընթացքի փառապսակը հանդիսացող Խաչով: Այս կապակցությամբ ս. Հովհան Օձնեցի հայրապետը (+ 728 թ.) նկատում է․ «Իսկ վեցերորդ ժամի համար կարգված աղոթքը, որ ակնարկում է այդ ժամին կատարված պատվիրանազանցությունը, պատրական պտուղի ճաշակումն ու փոխանակ մեղքի քաղցր պտղի՝ Քրիստոսի՝ քացախի ու լեղու ճաշակումը՝ «ի բժշկութիւն պտղոյն դառնութեան»․.․, Նորին Տեառն Յովաննիսի հայոց կաթողիկոսի յաղագս կարգաց եկեղեցւոյ, տե՛ս Մատենագիրք հայոց, հատ. Է, Անթիլիաս, 2007, էջ 75:

[2]Հեղինակն այստեղ նկատի ունի բացառապես հոգևոր կողոպուտը, այսինքն՝ եգիպտական գիտությունը, որից հրեաները վերցրին այն կարևորը, ինչն անհրաժեշտ էր իրենց կրոնական փորձառությանը, որովհետև ինչպես նկատում Որոգինես Ալեքսանդրացին, «Սրբություն սրբոցի անոթները պատրաստված էին այն ավարից, որն Իսրայելը տարավ Եգիպտոսից» (Ս.Գրիգոր Սքանչելագործ, Նամակ 2): Հրեաների կողմից եգիպտացիներին հասցված վնասը, կողոպուտը (Ելք 3։22, 11։2) ս. Իրինեոսի և Օգոստինոսի բացատրությամբ այլաբանությունն է քրիստոնյաների՝ հեթանոսական գրվածքներում առկայծող ճշմարիտն ու հայտնութենականն ընտրելու և վերցնելու իրավունքի, տե՛ս Օգոստինոս Երանելի, Խոստովանություններ, Եր., 2002, էջ 336, ծնթ. 47: