Գլուխ  61

Տիրոջ հոգին Ինձ վրա է (61:1)
   
   Այսինքն՝ Որդու մարմնավորված բնության վրա: Տե՛ս Երրորդության հայտնությունը՝ Որդին, Տերը և Հոգին 1Այդ պատճառով էլ օծեց Ինձ (61:1 ա): Տե՛ս անճառելի միավորության խորհուրդը, որովհետև ասում է՝ «օծեց հոգին», և ոչ թե արտաքին մարմինը, ինչպես երկաբնակության ջատագովներն են ասում: Այս է ասում նաև Պետրոսը. «Որին Աստված օծեց սուրբ Հոգով և զորությամբ» (Գործք 10:38), և թե՝ «Աստված Նրան Տեր և Օծյալ դարձրեց» (Գործք 2:36): Եվ Դավիթն ասում է. «Աստված, Աստված Քեզ օծեց Քո ուրախության յուղով՝ ընկերներիցդ ավելի» (Սաղմ. 44:8, Եբր. 1:9): Իսկ թե ո՞րն է Քրիստոսի օծման առավելությունը և թե այդ օծումը քանի՞ եղանակովէ կատարվել, ասված է այլ տեղում: Եվ որ կարիքի պատճառով չէ, որ ընդունեց Սուրբ Հոգին, հայտնի է երեք բանից․ նախ՝ որովհետև Ի՛ր Հոգին է, և Ինքն ինչպե՞ս կարող էր Իր իսկ Հոգին ընդունելու «կարիքն» ունենալ, ըստ այն խոսքի, թե՝ «Ով Քրիստոսի Հոգին չունի, նա Նրանը չէ»: Եվ այստեղ ասում է՝ Տիրոջ Հոգի, և ոչ թե վերադիր [հոդով]՝ Տիրոջ Հոգին: Երկրորդ՝ որովհետև Քրիստոս ի սկզբանէ ուներ Հոգին, ըստ այն խոսքի, թե՝ «Սուրբ Հոգին կգա քո վրա» (Ղուկ. Ա1:35), և՝ «Ով ծնվել է նրանից՝ Սուրբ Հոգուց է» (Մատթ. Ա 20): Եվ արդ, քանի որ Հոգին ուներ սկզբից, ուրեմն ինչպե՞ս կարող է Նրա «կարիքն» ունենալ այժմ: Երրորդ՝ որովհետև Սուրբ Հոգին սրբում է, զորացնում, օծում և արժանացնում որդեգրության, իսկ մեզ սրբողը, Հոր զորությունը, Աստծո Որդին և Օծյալ Տերն ինչպե՞ս կարող էր «կարիքն» ունենալ Հոգու սրբության, ըստ այն խոսքի, թե՝ «Այսօր ձեզ Փրկիչ ծնվեց, որ Օծյալ Տերն է» (Ղուկ. 2:11), և՝ «Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Ով ծնվելու է քեզնից, սուրբ է, և Աստծո Որդի է կոչվելու» (Ղուկ. Ա 35): Այլ մեր Տերը երկու պատճառով Սուրբ Հոգի ընդունեց. Նախ՝ վկայության համար, ինչպես Հոր ձայնը վկայեց, թե՝ «Աստծո Որդի է» (Հովհ.Ա 35)։ Իսկ Հովհաննեսն ասում էր հետևյալը. «Ում վրա տեսնես Սուրբ Հոգին, որ իջնում է, Նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով, և ես տեսա ու վկայեցի, թե սա է Աստծո Որդին» (Հովհ. 1:33-34): Երկրորդ՝ որովհետև մարմնավորության միջոցով պետք է վերցներ Հոգին՝ մեզ վրա հեղելու, քանի որ Նա էր մեր Գլուխը, ըստ այս խոսքի. «Ինչպես յուղ, որ իջնում է Ահարոնի գլխից մինչև մորուքը» (Սաղմ. 132:2): Իսկ ահա մենք Սուրբ Հոգին ստանում ենք ոչ միայն վկայության, այլև մեր կարիքները գոհացնելու համար, ըստ այն խոսքի, թե՝ «Սուրբ Հոգին վկայում է մեր հոգուն» (Հռոմ. 8:16):

   Հարց. Եվ եթե Աստծո Որդի ու  Ճշմարիտ Աստված է, ըստ այն խոսքի, թե՝ «Դա է Իմ սիրելի Որդին» (Մրկ. 9:6), ապա ինչո՞ւ է ասում. «Հայրս մինչև հիմա գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ. 5:17), և թե՝ «Աստծո Հոգով և մատով եմ հանում դևերին» (Մատթ. 12: 28), նաև՝ «Աստծո մատով․․․» (Ղուկ. 11:20), դարձյալ՝ «տարվեց Հոգուց» (Մատթ. 4:1):

   Պատասխան. Սրանք ու սրա նմանները նշանակում են Սուրբ Երրորդության կամքի միությունը:

   Ինձ առաքեց ավետարանելու աղքատներին (61:1)

   Առաքվելը հայտնությունն է ակնարկում, որովհետև տեղ չկա, որ այդ հայտնության մասին չխոսվի: Մի՞թե թագավորները, իշխանները և հարուստները աղքատ են. Այո՛, և շա՜տ ավելի, որովհետև աղքատ ու զուրկ են հոգևորից, համաձայն Դավթի. «Ես աղքատ ու տնանկ եմ, Աստվա՛ծ» (Սաղմ. 39:18): Դարձյալ, աղքատ է կոչում խոնարհներին, որոնք աղքատ են հոգով, ըստ այս խոսքի. «Երանի աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:3): Տե՛ս, թեպետ հպարտության պատճառով զրկվեցինք Աստծո արքայությունից, [սակայն] խոնարհությամբ վերստին ժառանգեցինք այն: Այլև բժշկեց սրտով կոտրվածներին, որոնց սիրտը հալումաշ էր եղել մեղքերից, ուստի և մեղքերի թողությա՛մբ բժշկեց նրանց: Եվ որպեսզի չկարծվի, թե՝ «Ինձ օծեց Սուրբ Հոգին», և թե՝ «առաքեց Ինձ» խոսքերը մարգարեների համար է ասված՝ վսեմագույնն է ավելացնում՝ «բժշկելու սրտով կոտրվածներին», այսինքն՝ մեղքերի թողությամբ նրանց տրտմությունը [փարատելու] և ուրախացնելու, ըստ այս խոսքի. «Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28-29): «Ես» ասելով՝ Իր զորեղ իշխանությունն է ցույց տալիս։ Եվ Քրիստոս բժշկությամբ ոմանց մարմնի՛ ախտն էր ապաքինում, ինչպես անդամալույծի ու մյուս ախտաժետների պարագայում, ոմանց՝ հոգու, ինչպես քանանացու ու պոռնկի դեպքում, և ոմանց թե՛ մարմնի ու թե՛ հոգու. մեղքերը  ներում էր, իսկ մարմինը՝ բժշկում, ինչպես ի ծնե կույրի ու մյուսների պարագայում:

   Գերիներին ազատություն քարոզելու։ Չի ասում՝ տալու, այլ թե՝ քարոզելու, որպեսզի ակամա չլինի այդ ազատումը, այլ՝ մարդկանց հոժար ցանկությամբ:

   Եվ տեսողություն շնորհելու կույրերին, որոնք մեղքով ու կռապաշտությամբ խավարած լինելով՝ լուսավորվեցին արդարությամբ և աստվածպաշտությամբ:
   
Հոգիս պիտի ցնծա Տիրոջով (61:10)
   
   Տե՛ս, Եկեղեցու վերաբերյալ է ասում՝ «ցնծալ հոգով», որովհետև հրեաների համար ամեն ինչ մարմնավոր էր: Ինչպես որ մարդ ուրախ է լինում իր սեփականության, որդիների, կնոջ և այլ բաների համար, այդպես էլ ուրախանում է, երբ ստանում է Աստծո շնորհները, մանավանդ երբ գիտակցում է, որ Աստված հաշտ է իր հետ։ Այդպիսի ուրախություն ունեին առաքյալները, որոնք ուրախ էին Քրիստոսով և ուրիշներին էլ հորդորում էին ուրախանալ, ըստ այնմ, թե՝ «Ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 1:16): Մարմնավոր ուրախությունն անցողիկ է, մինչդեռ սա՝ անպակասելի, ըստ այն խոսքի, թե՝ «Ձեր ուրախությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից» (Հովհ. 16:22):

   Որովհետև ինձ հագցրեց փրկության հանդերձներ (61:10ա)

   Ակնհայտ է, որ այս հանդերձները փրկության համար չէին: Ուրեմն ո՞րն է փրկության հանդերձը. դա այն զգեստն է, որը հագնում ենք փրկության միջոցով, ըստ Պողոսի. «Ովքեր մեկ անգամ մկրտվել են Քրիստոսով՝ հագել են Քրիստոսին» (Գաղատ. Գ 27), որովհետև Նա է մեր փրկության հանդերձը, որով փրկվում ենք մահվան բռնությունից: Դարձյալ, Նա ծածկեց մեր մերկությունը, քանի որ մերկացել ու ծաղրուծանակի առարկա էինք դարձել սատանայի պատճառով: Այլև մերկացրեց հին մարդուն իր մեղքերով հանդերձ և հագցրեց  արդարության նոր զգեստներ՝ ըստ Աստծո կամքի:

   Որպես փեսայի՝ արդարության պսակ դրեց իմ գլխին, և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով (61:10բ)

   Որովհետև հարսանիք արեց՝ հոգևոր հարսանիք, և Քրիստոս փեսան միացավ մեր հոգիներին 2: Ու տե՛ս հարսի աղքատությունը.  երբ մեկն ուզում  է աղքատ աղախին ունենալ, ինքն է զարդեր տալիս ու սպասավորության վերցնում նրան, նույնպես և Քրիստոս Թագավորը ցանկացավ փարվել Եկեղեցու գեղեցկությանը, ըստ Դավթի. «Ինքը զարդարվեց մկրտությամբ և միացավ մեր հոգիների հետ» (հմմտ. Սաղմ. 43:10-15): Բայց եթե խոսքը հարսին է վերաբերում, ինչո՞ւ է ասում. «Որպես փեսայի ինձ պսակ դրեց»։ Դա նշանակում է, որ Փեսան Իր պսակով պսակեց հարսին: Իսկ այդ պսակը եղավ Խաչի չարչարանքի միջոցով, համաձայն Երգ երգոցի. «Նրա մայրը պսակեց նրան իր ուրախության օրը» (Երգ 3:11): Այսինքն՝ «Ովքեր որ Քրիստոսի մեջ մկրտվեցին՝ Նրա մահվան մեջ մկրտվեցին, որովհետև տնկակից եղանք Նրա մահվանը» (Հռոմ. 6:3,5)՝ պատվաստվելով Նրան: Ինչպես այլուր ասում է. «Ձեր կյանքը ծածկված է Քրիստոսով՝ Աստծո մեջ» (Կողոս. 3:3): Որից հետո մատնացույց է անում Եկեղեցի- Հարսի առաքինության զանազան պտուղները՝ հրեաներին համեմատելով պարտեզի հետ, որ կակղեցված ու փխրեցված է Օրենքով ու մարգարեներով, իսկ հեթանոսներին նմանեցնելով չոր և անսերմ այգու: