Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից (63։1)
Այս խոսքը պատշաճում է եդոմացիներին, որոնք երբ հեռացան Բաբելոնից, ոչնչացվեցին Իսրայելի կողմից, որովհետև սրանք Իսրայելի չար հարևաններն էին, որ ասում էին. «Մինչև հիմքը խորտակեք տաճարը»: Իսկ «սա»-ն ամեն տեղ կամ նախդիր է, կամ դերանուն, ինչպես այստեղ. «Ո՞վ է, որ ելնելով գալիս է»: Այս «ով»-ը հարցական և հիացական է՝ իբր թե ինքը զարմանում է ու ցանկանում է այլոց զարմացնել, ինչպես սկզբում: «Ովքե՞ր են նրանք, որ թռչելով գալիս են ամպերի նման» (Եսայի 60։8): Ովքե՞ր են նրանք. Երբ Աստված կամենում է հաստատել Իր խոսքը, ներգործության զանազան ձևերով է դա անում, ինչպես երբ խոսում է Ամոսի միջոցով. «Տեսա Տիրոջը, Որ կանգնած էր ադամանդյա պարսպի վրա» (Ամոս 7։7): Դա խորհրդանշում է հաստատուն պահպանությունը: Նույնպես և Հեսու Նավեն Տիրոջը տեսավ իբրև օգնության եկած զորավար: Նմանապես և Եսային է տեսնում այստեղ.
«Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից, Նրա հագուստների կարմիրը թաթախված է բոսորի մեջ, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորութեամբ: «Ես խոսում եմ արդարութեան և փրկութեան իրավունքի մասին»:Քո հագուստներն ինչու՞ են կարմիր,քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը (63։1-2) Վայրը հիշում է անվանապես, որովհետև այնտեղից էր լինելու հարվածը, իսկ ահա «բոսոր»-ը առավել մուգ կարմիրն է ցույց տալիս: Ասում է՝ «Գեղեցիկ պատմուճանով». և ինչպե՞ս է գեղեցիկ, որովհետև նաև ասում է, թե թաթախված էր բոսորի կարմրության մեջ, մինչդեռ կարող էր գեղեցիկ լինել ա՛յն ժամանակ, երբ պատմուճանը մաքուր կլիներ: Դա իսկապես զարմանալի է, և մարգարեն զարմանում էր: Ուստի երբ Աստված հրաշալի գործեր է կատարում՝ դու մի՛ քննիր, թե դա ինչպես է լինում 1:
Եվ հուժկու զորությամբ. այսինքն՝ հզոր և միաժամանակ համեստ լինելով, որովհետև այդպիսին էր Նրա դեմքը: Ու երբ մարգարեն հարցրեց, թե՝ «Ո՞վ է սա», այս պատասխանն ստացավ. «Ես արդարություն եմ խոսում» (63։1): Այսինքն՝ «Ես արդարություն եմ անում», որովհետև Աստծո խոսելը Նրա գործելն է ցույց տալիս 2, ըստ այնմ, որ «Ասաց և եղան, հրամայեց և հաստատվեցին» (Ծննդ. 1։4): Իսկ Հովելն ասում է. «Հզոր են Նրա պատգամների գործերը» (Հովել 2:2): Ինչո՞ւ են Քո շորերը կարմիր հնձանահարի նման. Ոչ սովորական արյան գույն ուներ այդ կարմիրը, և ոչ էլ սուրբ գինու գույնի էր, այլ երկու գույների միջինն էր, այդ պատճառով էլ մարգարեն այդ հարցն է տալիս: Որովհետև հնձանահարի կերպարի միջոցով պատերազմի դյուրությունն է ցույց տալիս, իսկ արյունից հայտնի է դառնում, որ այդ կարմիր գույնը ճմլված գինու երանգը չէր, այլ խորհրդանշում էր արյունը, որն էլ ոչ թե միայն թեթևակիորեն էր ցայտեցված, այլ լավ թաթախված էր, որովհետև այդ է ցույց տալիս լիառատ հնձանում ճմլված լինելու մասին խոսքը: Նա պատասխանում է.
«Հնձանը մենակ ճմլեցի, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր (63։3): Որ խոսքն իրական հնձանի մասին չէ, հայտնի է նրանից, որ ասում է, թե՝ հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր, այսինքն՝ օգնականի կարիք չունեցա, որևէ մեկին չկանչեցի իբրև զորավիգ: Այսինքն՝ Իսրայելը դարձից հետո միայնակ կոտորեց Եդոմին:
Զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց ու գետնին հավասարեցրի (63։3ա). Սա այն է, ինչ ասում է Աբդիուն. «Կբարձրանաս և աստղերի մեջ կդնես քո բույնը, և այնտեղից կիջեցնեմ քեզ» (Աբդ. 4): Իսկ այն հարցին, թե «ինչո՞ւ ճմլեցիր», պատասխանում է.
Որովհետև հասել էր նրանց հատուցման օրը, փրկության տարին եկել-հասել էր (63։4)
Ա՛յն հատուցման օրը, երբ վրեժխնդիր էր լինում եդովմացիներից ու փրկում նեղյալներին: Իսկ երբ լսես Աստծո սրտմտության ու բարկության մասին, Նրան ստորակա կրքեր մի՛ վերագրիր, քանի որ դրանքը մեզ են հարիր, և ոչ Աստծուն: Ուստի ասում է. «Ես արդարություն եմ խոսում», և թե՝ «Նրանց հատուցման օրը հասել է» (63։1-4), որովհետև Աստծո սրտմտությունը [նշանակում] է արդար հատուցում: Սա [երևում է նրանից], որ Տերը կոտորեց եդովմացիներին և փրկեց Իսրայելին (տե՛ս Ծննդ 27։29, Գ Թագ. 11։15, Ա Մնաց. 18։11-13): Այս խոսքերը ցույց են տալիս, թե Աստված զորավոր է երկուստեք. թե՛ պատժելիս և թե՛ բարեգործելիս: Դարձյալ, ուշադի՛ր լինենք, քանզի նաև այլ բան է ասում, որովհետև կրկնակի է այս մարգարեությունը. նախ՝ ակնարկում է անմարմին զորությունն ու Իսրայելը, իսկ ճշմարտապես՝ Քրիստոսին է վերաբերում, որովհետև մարգարեն արյունագույն էր տեսնում Քրիստոսին՝ իբրև պատերազմից հաղթանակով վերադարձող մեկի: Ինչպես և Ինքը՝ մեր Տերն ասաց. «Ոչ ոք չի կարող կապել հզորին, եթե նախ չկողոպտի նրան» (Մատթ. 12։29, Մրկ. 3։27): Եվ դարձյալ. «Քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33), և դարձյալ՝ «Գերեց գերությունը և ավար առավ» (Մատթ. 12։29, Մրկ. 3։27), և թե՝ «Հանեց բանտից կապվածներին» (42։7), և թե՝ «Խորտակեց պղնձե դռներն ու երկաթի նիգերը» (45։2), այսինքն՝ մեղքը և մահը, և թե՝ «Վերցրո՛ւ քո զենքն ու զրահը» (Սաղմ. 34։2), և թե՝ «Քո հզոր մեջքին կապի՛ր սուրը» (Սաղմ. 44։4): Իսկ Սիմեոնն էլ ասում էր. «Սա կա ի գլորումն և ի կանգնումն բազմաց և ի նշան հակառակության (Ղուկ. 2։34): Եվ այլ բազում խոսքեր էլ կան, որոնք ցույց են տալիս Քրիստոսի հաղթանակը: Նույնպես և այստեղ երևում է, թե շատերին կոտորելով է դուրս գալիս Եդովմից:
Նրա հագուստների կարմրությունը բոսորից է։ Դարձյալ ակնարկում է Եդովմին, քանի որ եդովմացիների կողմում է գտնվում Բեթղեհեմը, , որտեղից հայտնվեց Աստված՝ մարմնով: Հագուստների կարմրությունը հիշեցումն է Հակոբ նահապետի խոսքի, թե՝ «Իր պատմուճանը լվանալու է գինու մեջ և իր շորերը՝ խաղողի արյան մեջ» (Ծննդ. 49։11):
Գեղեցիկ պատմուճանով. երկու պատճառով է սա ասում. նախ՝ որպեսզի Նրան անշուք չհամարես՝ ելնելով այն խոսքից, որ ասում է, թե՝ «Բոլոր մարդկանցից ավելի անշուք էր Նրա տեսքը» (53։3), որովհետև աղքատ մորից էր ծնվել, և դրվել էր մսուրում, խոնարհությամբ շրջել ու չարչարվել: Ահա թե ինչու է ասում՝ Գեղեցիկ էր պատմուճանով։ Այդ մասին նաև Դավիթն է ասում. «Բոլոր մարդկանց որդիներից առավել գեղեցիկ էր տեսքով» (Սաղմ. 44։3): Երկրորդ՝ որովհետև տարբեր կերպարանքներով էր երևում ամեն մեկին, քանզի ըստ յուրաքանչյուրի հավատի չափի էր լինում և երևալը. այլ կերպ էր երևում հրեաներին, և այլ կերպ՝ առաքյալներին, այլ կերպ՝ կղեովպասյաներին, և այլ կերպ՝ փակ դռների միջից: Նաև, սկզբից Մարիամին երևաց այլ կերպ, իսկ Հարությունից հետո՝ այլ կերպ՝ մերթ «պարտիզպան» կոչվելով, և մերթ՝ «րաբունի» (տե՛ս Հովհ. 20։15, 16): Այնպես, ինչպես և Նրա Հայրը, Որը մերթ որպես կրակի բոց էր երևում, իսկ մերթ որպես «ծեր» և «տարիքով» մեկը, որպիսին որ հայտնվեց Դանիելին (Դան. 7։9,13,22): «Կրակը» պատժական [հատկությունն էր] նշանակում, և «ծերը»՝ անսկիզբ բնությունը, ու ոչ թե այլ բնության փոխվելը. քա՛վ լիցի: Նույնպես և այստեղ ըստ համապատասխան վայրի փոխում էր և Իր կերպարանքը՝ ըստ անհրաժեշտությանկարմիր զգեստ և գեղեցիկ պատմուճան հագնելով: Դարձյալ, պատմուճանը Քրիստոսի եկեղեցին է, ինչպես նշվեց վերևում․ «Կենդանի եմ Ես»,- ասում է Տերը, (Հովհ. 14։19), «որպեսզի ձեզ բոլորիդ հագնեմ որպես զգեստ»: Եվ սա էլ դեռ բավական չհամարեց, այլ ասաց՝ «Ես ձեր զգեստն եմ, և դուք՝ Իմ, ըստ այս խոսքի. «Իմ անձը ուրախանալու է Տիրոջով, որովհետև ինձ հագցրեց փրկության հանդերձ և ուրախության պատմուճան» (61։10)։ Եվ որովհետև «Քրիստոսի մեջ մկրտվեցինք՝ Քրիստոս հագանք» (Գաղ. 3։27), ինչպես ասում է Պողոսը: Իսկ ի՞նչ է հանդերձը. այն է, որի մասին դարձյալ ասում է Պողոսը. «Մարմին ենք Նրա մարմնից, և ոսկոր՝ Նրա ոսկորներից» (Գաղ 4։30): Հուժկու զորությամբ. ոչ թե մի ինչ-որ բռնության մասին է ասում, այլ ցույց է տալիս Իրեն հատուկ զորությունն ու արդարությունը, որովհետև ուրիշ մեկը գուցե բռնությամբ հասներ իր ուզածին, մինչդեռ Աստված արդարությամբ է կատարում գործը, որը և խոսում է Նրա զորության մասին։ Հարց. Երբ Տերն ասում է՝ Ե՛ս եմ խոսում արդարություն ու փրկության իրավունք (63։1), մարգարեն էլ ինչո՞ւ է հարցնում, թե՝ Այս ո՞վ է:
Պատասխան. Քանի որ Աստված Իր խոսքում չի նշում, թե Ինքն ով է այլ միայն ասում է՝ «Ես․․․»: «Ես»-ը դերանուն է, և ինչպես «մարդ» բառը ընդհանուրն է ցույց տալիս, իսկ «Պետրոս»-ը՝ հատուկը, նույնպես «Ես» դերանունը մեկին է մատնանշում, սակայն հատուկ ով լինելը ցույց չի տալիս, ուստի Աստված հենց այդպես է արտահայտվում՝ ասելով, թե «Ես խոսում եմ», որպեսզի ցույց տա Իր Էության անքննելի լինելը:
Խոսում եմ արդարություն ու փրկության իրավունք, այսինքն՝ «արդար դատաստան եմ անում, որովհետև ողջերին ձերբազատելով մեղքերից՝ արդարացնում եմ, իսկ հոգիներին փրկում եմ տանջանքներից ու արդարությամբ դատապարտում եմ թշնամի սատանային»:
Ինչո՞ւ են քո շորերը կարմիր հնձանահարի նման (63։2)
Արդեն իսկ գիտեք, որ խորհրդավորապես արյունն ու գինին հարաբերակից ու նման են իրար, արյունը լյարդի կողմից կարմրացված ջուրն է, իսկ գինին էլ՝ խաղողի որթից հորդած ջուրը, ուստի խորհրդավորապես գինին և արյունը «ակնարկում» են միմյանց, և Քրիստոս Իր արյունն է գինու միջոցով տալիս մեզ:
Հնձանը մենակ ճմլեցի. Հիրավի միայն Աստծուն են վայել այդպիսի գործերը, և ոչ թե մարդուն կամ որևէ հրեշտակի, ինչպես ասում է Եսայի մարգարեն.
Ոչ թե մի ոմն պատգամաբեր և ոչ էլ հրեշտակ, այլ Տերն Ինքը կփրկի մեզ (63։9)
Եվ դա երկու պատճառով է. նախ՝ որովհետև ոչ ոք չէր կարող նորոգել մեզ, բայց միայն Նա, Ով ստեղծել էր: Երկրորդ՝ որպեսզի դարձյալ դիվապաշտ ու մարդապաշտ չլինենք։ Ահա այս պատճառով մեր Տերն Ինքը, Որ արարել էր մեզ, Ինքն էլ փրկեց, և Նրան պաշտելու միջոցով հայտնվեցինք աստվածգիտության լույսի մեջ:
Եվ հեթանոսներից ոչ մեկն Ինձ հետ չէր (63։3)
Ոչ թե ասում է՝ հրեաներից, այլ թե՝ հեթանոսներից ոչ մեկն Ինձ հետ չէր, որովհետև Ինքը՝ մեր Փրկիչը, հրեա ազգից էր, ուստի ասում ենք, որ փրկությունը հրեաներից եկավ:
Իմ բարկությամբ տրորեցի (63։3ա)
Այսինքն՝ ոտնակոխ արեց թշնամիներին՝ սատանային և մահվանը: Դարձյալ, այս խոսքով մարգարեն ակնարկում է Քրիստոսի՝ երկինք համբարձվելը, և ինչպես Նրա մյուս բոլոր տնօրինությունները Սուրբ Հոգին կանխահայտնեց մարգարեների միջոցով, նույնպես և հայտնեց այս մեկը:
Իսկ այս ո՞վ է, որ ելել-գալիս է Եդովմից (63։1)
Այսպես է ասում, որովհետև Քրիստոս, մեզ համար ամեն ինչի միջով անցնելով, պատրաստվում էր երկինք բարձրանալ՝ դեպի Իր սեփական փառքը, և երկնային զորութունները զարմանալով հարցնում են. «Այս ո՞վ է, որ ելել-գալիս է Եդովմից, այսինքն՝ երկրից երկինք է բարձրանում: Դարձյալ՝ ո՞վ է սա, որ երկրային մարմինը երկինք է բարձրացնում, որովհետև «Եդովմ» բառը «երկիր» է թարգմանվում։ Չէ՞ որ Քրիստոս երկինք բարձրացավ ոչ այնպես, ինչպես իջել էր, քանի որ իջավ անմարմին և ապա, աստվածային զորությամբ, անշփոթ կերպով խառնվեց մարմնին։ Ահա այս պատճառով էլ Նրա վեր բարձրանալու ժամանակ անմարմիններն ասում էին. «Ո՞վ է սա, որովհետև ոչ ոք այսպես չէր իջել վերևից: Ո՞վ է սա, որ գալիս է։ Մենք չենք ուսանել, թե ինչպես պետք է ընդունել այսպիսի մեկին. մարմինը օդով չի գնում, մարդն օդագնաց չի կարող լինել»: Իսկ եթե մեկն ասի՝ ահա և թռչունները, մարմին ունենալով, օդագնաց են, ես նրանց կպատասխանեմ. նրանք մարդ չեն, այլ կենդանիներ, որոնք թևերով թռչելու կարողություն ունեն: Եվ դարձյալ, եթե մեկն աս՝ ահա՛, Ենովքն ու Եղիան երկնագնաց եղան, ես նրանց կպատասխանեմ, որ Ենովքն ու Եղիան ոչ թե իրենց զորությամբ, այլ հրեղեն կառքով [բարձրացան], այսինքն՝ հրեշտակներն էին նրանց տանում, և ոչ թե երկնային զորություններին գերազանցող մարդիկ էին նրանք: Այս խորհուրդը երկնային զորությունների համար տարակուսելի էր նաև այն պատճառով, որ Աստված նրանց համար անմատչելի էր դարձրել Որդու էջքի ճանապարհը և մարդեղության հանգամանքները: Այս պատճառով Որդու համբարձվելիս նրանք զարմանում էին՝ ասելով․ Ո՞վ է սա, որ ելել-գալիս է Եդովմից:
Հարց. Գուցե մեկն ասի. «Նրանք այդ ինչպե՞ս չգիտեին, քանզի Գաբրիելը տվեց Կույսի ավետիսը, իսկ ծննդյան ժամանակ երկնայինների բազմություններն իջան վար, և այլուր ասվում է, թե՝ «Հրեշտակները մոտեցան ու ծառայեցին Նրան», և թե՝ «հրեշտակները զորացնում էին» (տե՛ս Ղուկ. 1։1, 13, Մատթ. 4։11):
Պատասխան. Նախ հավելեմ նաև, որ հենց հրեշտակնե՛րը տվեցին հարության ավետիսը: Սրա վերաբերյալ երկու բացատրություն կա: Նախ՝ ովքեր սպասավորում էին Փրկչի տնօրինությանը, Հրեշտակների ու Պետերի դասերից էին՝ վերին քահանայապետությունների ներկայացուցիչներ: Իսկ ահա նրանք, ովքեր տեսնելով՝ զարմացան, տեղյակ չէին Փրկչի տնօրինությանը. սրանք ներկայացնում էին Իշխանությունների դասերը, որոնք միջին քահանայապետություններն են 3, ինչպես Դավիթն է ասում. «Իշխաննե՛ր, վեր քաշեցեք ձեր դռները» (Սաղմ. 23։7). սա հրեշտակների ստորին դասերի խոսքն էր՝ ուղղված վերիններին: Վերինները հարցնում էին. «Ո՞վ է այս փառքի արքան» (Սաղմ. 23։8), և ավելի վար գտնվողները պատասխանում էին. «Զորությունների Տերը, Նա Ի՛նքն է՝ փառքի Արքան» (Սաղմ. 23։8-10): Երկրորդ՝ որովհետև հրեշտակները փրկական խորհրդից առաջ կամ դրա իրականացման սկզբում սկզբին չգիտեին վախճանի մասին, որովհետև դա միայն Աստծո [իմանալիքն] է, իսկ նրանք գիտեն այն, ինչ հայտնում է Աստված: Արդ, հրեշտակները գիտեին տնօրինությունը, որին սպասավորեցին, մինչդեռ չգիտեին լինելիքը: Գիտեին Աստծո Խոսքի (Բանի) մարմնանալու մասին, բայց չգիտեին, որ Նա Իր մարմինը պետք է տար իբրև կերակուր: Գիտեին հրեաների փրկության մասին, բայց չգիտեին հեթանոսների՝ Քրիստոսի կողմից կանչվելու մասին: Տեսան նախ հարությունը, սակայն անտեղյակ էին համբարձվելուն և Հոր աջ կողմում նստելուն, քանի որ չգիտեին երկնավորների իմացությունը գերազանցող բաները: Այլ այդ ամենի ու դրանց նմանների մասին հրեշտակները սովորեցին Աստծո բազմապատիկ իմաստությունն [իր մեջ ամբարած] Եկեղեցուց, ինչպես ասում է Պողոսը Եփեսացիներին հղած նամակում (Եփես. 4։20-21): Այս պատճառով էին զարմանալով հարցնում.
Ո՞վ է սա, որ ելել-գալիս է Եդովմից: Նրա շորերի կարմրությունը բոսորից է. «Բոսոր»-ը «մարմին» է թարգմանվում 4: Նշանակում է՝ շորերի կարմրությունը մարմնից է, այսինքն՝ խորհրդանշում է արյունը, որ բխեց Քրիստոսի կողից։ Այս մարգարեությունն ասվում է ի հանդիմանություն հրեաների, քանզի նրանք էին խոցել Հիսուսի կողն ու հեղել Նրա արյունը, և այս հիշեցումը կատարվում է, որպեսզի չլինի թե, երբ Քրիստոսին տեսնեն Իր փառքի մեջ, ուրանան՝ ասելով, թե՝ «Մենք չենք խաչել Նրան»:
Ասում է՝ գեղեցիկ պատմուճանով, քանզի Քրիստոս Իր վրա ընդունեց մեր բաժին անարգանքը և Իր չարչարանքով փրկեց մեզ՝ ազատելով այն առաջին հանցանքից. տրտմությամբ [վերացրեց] տրտմությունը, քրտինքով՝ երեսի քրտինքը, փշե պսակով՝ անեծքի փուշը, անարգվելով՝ մեզ [հասանելիք] թուքումուրը, նույն կերպ նաև՝ մերկությամբ, ոտքով, ձեռքով, լեզվով ու մնացյալ բաներով, ուստի մարգարեն ասում է. «Մենք տեսանք Նրան, և Նա տեսքով անշուք էր (63։2): Բայց Քրիստոս երկինք բարձրանալով հաղթահարեց այդ ամենը, վերիններին ցույց տվեց Իր Աստվածությունը։ Ու որովհետև զերծ էր մնացել թշնամանքից, քանի որ չարչարվելիս մնաց անչարչարելի, իսկ հակառակվելիս՝ առանց հակառակության, այդ պատճառով ասում է.
Գեղեցիկ է պատմուճանով և հուժկու զորությամբ (63։1)։ Հուժկուն զորության մասին է խոսում, ըստ այդմ էլ ասում են՝ հզոր զորությամբ: Արդ, դա վերին զորությունն է նշանակում: Սրա վերաբերյալ Քրիստոս է խոսում և ասում. «Ես խոսում եմ արդարության և իրավունքի մասին (ԿԳ 1ա), կամ էլ, ինչպես ոմանք են տրոհում այս խոսքը և միջակետ դնում՝ ստանալով այս տարբերակը․ «Զորությամբ հանդերձ Ես արդարություն եմ խոսում: Եվ կասես՝ ո՞րն է զորությունը. ա՛յն, որ Նա Խաչ բարձրանալու միջոցով փրկեց աշխարհը: Ահա՛ և զորությունը՝ արդարությամբ հանդերձ։ Չէ՞ որ երկար ժամանակ էր, ինչ սատանան նվաճել էր մարդկանց ու ծառայեցնում էր իրեն: Բայց եկավ-հասավ ճշմարիտ Հովիվը ու մեզ խլեց գայլի ճիրաններից: Եվ սա արդարության գործ էր, որի պատճառով ասում է. «Զորությամբ հանդերձ Ես արդարություն եմ խոսում: Եվ տե՛ս, խոսում է գործից, բայց լռում է պատվի մասին, քանզի այն հարցին, թե՝ Ո՞վ է սա, չասաց, թե՝ Ես եմ ձեր Տերը, այլ խոսեց Իր արածի մասին՝ ասելով․ «Արդարություն եմ խոսում»: Եվ այս ասելով՝ լռեց:
Հարց. Ինչո՞ւ են քո շորերը կարմիր հնձանահարի նման (63։2)
Պատասխան. Մեր Փրկիչը, ինչպես երկրի վրա մարդկանց սովորեցնում էր Իր չարչարվելու մասին, այնպես էլ, երկինք բարձրանալով՝ երկնայիններին պատմեց Իր արածի մասին՝ ասելով, թե՝ Հնձանը ճմլեցի: Եվ հիրավի, հնձանահարը ճմլեց մեր ախտերն ու կրքերը՝ ճմլեց ողկույզը, այսինքն՝ սատանային, որից բխում էին մեր ախտերն ու չարչարանքները: Նաև ասում է. «Հնձանը ճմլեցի.․․ խիստ զորությամբ», և իսկապես, ո՞վ չարչարվեց մեզ համար. «Մի՞թե Պողոսն է խաչ բարձրացել ձեզ համար» (Ա Կորնթ. 1։13),- գրում էր առաքյալը: Բայց զգուշացի՛ր և այն պատճառով, որ ասում է, թե՝ «միայնակ ճմլեցի հնձանը», փրկագործ տնօրինությունից մի՛ արտաքսիր Հորն ու Հոգուն, որովհետև Հայրը կամակից էր, իսկ Հոգին՝ գործակից, թեպետ և նրանք չչարչարվեցին, որովհետև չէին մարմնացել: Բայց գիտենանք, որ Քրիստոս ևս Աստվածության բնությամբ չէր, որ չարչարվեց, այլ հանուն մեզ տնօրինաբար [ընդունեց] չարչարանքը, այսինքն՝ ոչ թե [լոկ] Աստված չարչարվեց, այլ մարդուն միավորված բնությամբ չարչարվեց, քանզի Աստված ըստ բնության անչարչարելի է: «Միայնակ ճմլեցի հնձանը, ու հեթանոսներից, այսինքն՝ ազգերից, ոչ մեկն Ինձ հետ չէր. ո՛չ արդար մեկը, ո՛չ հայրապետ, ո՛չ մարգարե, ո՛չ էլ սուրբ մեկը», համաձայն այն խոսքի, թե՝ «Իմ բարեկամներն ու մերձավորները հեռու էին Ինձանից» (Սաղմ. 37։12), որովհետև «բոլորը թողեցին Նրան ու փախան», ինչպես ասում է Ավետարանը (Մատթ. 26։56): Արդ, ասում է՝ «Միայնակ հաղթեցի ու հաղթություն եմ պարգևում յուրայիններին» (Ա Հովհ. 5։4), այսինքն՝ հաղթանակ տարավ մեղքի, մահվան ու թշնամու [նկատմամբ], ըստ այն խոսքի, թե՝ «Ձեզ իշխանություն տվեցի կոխել օձերի ու կարիճների» (Ղուկ. 10։19), և թե՝ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում» (Ղուկ. 12։4)։ Իսկ ահա մարգարեն այնուհետ ավելացնում է հնձանը ճմլելու պատճառը. «Հասավ նրանց հատուցման օրը» (63։4): Այն է թե՝ համբերեցի բանսարկուին՝ երկար ժամանակ հնազանդվելով նրա բռնությանը, բայց որովհետև այսքան մեղքերի հատուցման օրը հասավ և կամեցա Իմ [արարածների մեղքերի] քավողը լինել, ողորմեցի Ինձ թշնամացած Ադամին:
Եվ Իմ բազուկը փրկեց նրանց, որովհետև ժամանակը հասել էր։ Եվ Նա, բոլոր դևերին ողկույզի նման ի մի հավաքելով, հնձանում միայնակ տրորեց նրանց, ապա երկնավոր զորքերը, Տիրոջ ձայնը լսելով, պատասխանեցին Տիրոջը և ասացին. «Տիրոջ ողորմությունը հիշեցի» (63։7)։ Գիտենք, թե ինչ ասաց մյուս մարգարեների միջոցով՝ աշխարհ գալու և երկրի վրա մարմնով երևալու (Բարուք 3։38), մարդկանց Իր չարչարանքների միջոցով փրկելու մասին, ինչին որ և ականատես եղանք, այդ պատճառով էլ հիշում ենք Տիրոջ ողորմությունը:
Հարց. Այս մարգարեն ասում է. «Տերը բարերար դատավոր է» (63։7)
Պատասխան. Արդ, տեսնում ենք ոչ միայն բարին, այլև՝ չար պատիժները, ինչպիսին է գեհենը, դրախտից արտաքսելը, ջրհեղեղը և այլ բաները: Որովհետև մարդիկ երբեմն բարիք են անում, իսկ երբեմն՝ չարիք, մինչդեռ Աստված միշտ բոլորին բարիք է անում, իսկ չարիք՝ ոչ, երբեք: Եվ այն, ինչ մեզ չարիք է թվում, իրականում բարերարություն է. գեհենը չար չէ, այլ բարի է երկու պատճառով. նախ՝ որովհետև այն մերժելով՝ զատեց, որպեսզի երկիրը և նրա մեջ եղած կենդանիները չվնասվեն: Երկրորդ՝ որպեսզի նրա ահից ոմանք բարիք գործեն: Այլ նաև բարերարություն էր դրախտից արտաքսելը, նախ՝ որպեսզի կյանքի պտուղն ուտելով տևապես չարիքի մեջ չմնանք, երկրորդ՝ որպեսզի ապաշխարությամբ վերստին ժառանգենք խոստացվածը: Նույնպես իմացի՛ր և այլ պատուհասների մասին, որպիսին են մահը, անեծքը և այլ բաները, որովհետև «բարերար պատուհասը» մեզ համար փրկություն եղավ, ինչպես ասում է մեր սուրբ հայրերից մեկը 5: Դարձյալ, ջրհեղեղը և Սոդոմին ու փարավոնին [ճարակած] կրակը և մյուս բաները նույնպես բարերարություն էին երկու պատճառով. նախ՝ որպեսզի կարճվի նրանց չարիքը, երկրորդ՝ որպեսզի օրինակ լինեն ուրիշներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: