Գլուխ 65

Հայտնվեցի նրանց, որոնք Իմ մասին չէին հարցնում, Ինձ գտան նրանք, որոնք չէին փնտրում Ինձ (65։1)
   
   Այս խոսքը հեթանոս ազգերի մեջ Որդու [ընկալման] մասին է, ինչպես Պողոսն է ասում: Սա ասելով՝ Եսային ցույց տվեց իր համարձակությունը և հրեաներից չվախենալը: Իսկ հրեաների վերաբերյալ այս խոսքով այն է ասում, որ Տերը հրաշքով հայտնվեց նրանց, որոնք, սակայն, չէին հարցնում Իր մասին: Ուստի ուզում է ասել, որ «եթե նրանց հայտնվեցի, որչափ ևս առավել՝ ձե՛զ կհայտնվեմ»: Կամ էլ Իր երախտիքն է ցույց տալիս՝ կամենալով մատնացույց անել հետևյալը. «Ոչ թե դուք որոնեցիք Ինձ, այլ Ես հայտնվեցի ձեզ, ընտրեցի ձեզ»: Այդպես և Պողոսն էր իր մասին ասում՝ «կոչված և առաքյալ» (Հռոմ. 1։1), և թե՝ «Մեզ ընտրեց աշխարհից առաջ» (Եփես. 1։4):
   
Ամեն օր ձեռքս երկարեցի դեպի անհնազանդ ու հակառակվող ժողովուրդը (65։2)
   
   Սա այն է, որ մեր Տերն ասաց. «Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ, բազում անգամ կամեցա հավաքել քեզ, և չկամեցաք» (Ղուկ. 13։34): Դարձյալ, կեսօրին տարածեց Իր ձեռքերը Խաչի վրա՝ ապստամբ ժողովրդի մեջ: Կրկին, սկզբից մարգարեներին բազմիցս առաքեց մեծամեծ հրաշքներով, չնայած որի հակառակվողները չհավատացին, «այլ ոմանց սպանեցին և ոմանց քարկոծեցին և այլոց՝ այլ կերպ» (Մարկ. 12։5):
   
   Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. Մի՛ փչացնիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ» (65։8)
   
   Որովհետև ճութը ժողովուրդների մեջ գտնվող արդարի օրինակն է, իսկ Քրիստոս ամենաարդարն էր բոլոր այն արդարներից, որոնք ապրում էին առաջին դարերում: Ինչպես մեկ պտղի պատճառով բովանդակ ողկույզը, նույնպես և արդարների պատճառով՝ ամբողջ ժողովուրդը, իսկ Քրիստոսի պատճառով բոլոր արդարներն են ողջ մնում: Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ, այսինքն՝ արդարություն, սրբություն և Տիրոջ փրկություն կա այդ ամենի մեջ:

   Հանուն նրա չեմ կործանելու բոլորին (65։8)

   Ասում է՝ «հանուն նրա բոլորին փրկելու եմ», ըստ այն խոսքի, թե՝ «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ... » (1։9):
   
Եվ ժառանգելու են Իմ ընտրյալներն ու Իմ ծառաները (65։9)
   
   Այստեղ Երուսաղեմն է, իսկ այնտեղ՝ արքայությունը: Բայց այս խոսքը երկու անձերի է վերաբերում. Աստծո ընտրյալին, համաձայն այն խոսքի, թե՝ «Աշխարից առաջ ընտրեց» (Եփես. 1։4), և ծառային, որի մասին ասում է, որ ծառայելու վարձը կլինի ժառանգությունը:
   
Սակայն դուք, որ թողեցիք Ինձ և մոռացաք Իմ սուրբ լեռը, ձեզ սրի եմ մատնելու (65։11,12)
   
   Այստեղ խոսում է մե՛կ թշնամիների մասին, մե՛կ՝ տանջանքների: Եվ ի՞նչն է դրա պատճառը. ա՛յն է, որ ասում է. «Ձեզ կանչեցի մարգարեներով ու քարոզիչներով, բայց չլսեցիք (65։12), դեմ-հանդիման խոսեցի, բայց դուք արհամարհեցիք(65։12), այսինքն՝ խցեցիք ձեր ականջները: Եվ ընտրեցիք այն, ինչ չէի կամենում, այսինքն՝ մեղքը՝ Աստծո կամքը չկատարելը»: Չէ՞ որ եթե մարդ սխալմամբ իրեն բարի է կարծում և իր ընտրած կամքի ետևից է գնում՝ չար է Աստծո առջև: Իսկ եթե մի բան, թեպետ քեզ չար է թվում, բայց Աստծո կամքո՛վ է լինում՝ այն բարի է, ինչպես Ովսեի պոռնկությունը (տե՛ս Ովսե Գ), Եղիայի (Գ Թագ. 17-19) ու Փենեհեսի ( Թվեր 25 կատարած սպանությունը և եգիպտացիներին դավաճանելը:
   
   Այս պատճառով, ովքեր ծառայեն Ինձ՝ կուտեն կենդանարար մարմինը, և դուք կքաղցեք (65։13), ու նրանք կխմեն կյանքի դեղը 1, և դուք կծարավեք, նրանք ուրախ կլինեն իրենց դարձի համար, իսկ դուք կտխրեք ձեր մոլորության մեջ, որովհետև բարիների ուրախությունը հոգևոր ցնծություն է, քանզի հոգին միշտ ցավում է խղճմտանքի պատճառով:
   
Ձեր անունը թողնելու եք Իմ ընտրյալների նողկանքի համար (65։15)
   
   Այսինքն՝ ատելության համար, որովհետև ինչպես հղփացածը արհամարհում է գիրը, նույնպես և մեղավորների հիշատակն անարգված է արդարների մտքում, թեպետ նրանք մարմնով ազգակից են իրար:

   Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի (65։15ա)

   Հայտնի է, որ այս խոսքը Եկեղեցու մասին է, ըստ այն խոսքի, թե՝ «Այդ ժայռի վրա պիտի կառուցեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16։18): Կամ էլ խոսքը վերաբերում է Աստծո Իսրայելին, կամ՝ «քրիստոնյա» կոչվածներին, որոնց այդ անունը տրվեց Անտիոքում (Գործք 11։26): Կամ գուցե նկատի ունի Աստծո կամքը, ինչպես ասաց Եսայի մարգարեի միջոցով. «Քո անունն անվանեցի «Իմ կամք» (62։4), այսինքն՝ Աստծո կամքը կատարելու կոչում տվեց:
   
Լինելու են նոր երկինք ու նոր երկիր (65։17)
   
   Նախ՝ իսրայելացիների դարձի ժամանակ նոր երկինք եղավ՝ ցողով, ու նոր երկիր՝ արմատներով:

   Երկրորդ՝ հավատացյալներով նորոգվեց երկիրը. նախ՝ կույսերի ու սրբերի միջոցով, որոնք ապրեցին այս երկրում և, գտնելով ճշմարտությունը, անարգեցին ամեն տեսակ մոլորություն: Երրորդ՝ նոր երկինք ու նոր երկիր եղավ մեղքերի քարոզությամբ: Չորրորդ՝ որովհետև մարդկությունը ընդունեց Սուրբ Հոգին: Հինգերորդ՝ սուրբ Մարմնի և Արյան ճաշակումը շնորհվեց երկրավորներին, իսկ նոր երկինքը երկնավորների ուրախությունն է սրանց դարձի համար, նաև՝ հոգևոր բարիքների խոստումը:

   Երրորդ՝ դա լինելու է վախճանին, ինչպես ասում է Պետրոսն իր Ընդհանրական նամակում. «Նոր երկինք ու նոր երկիր է լինելու» (Բ Պետ. 3։13), այսինքն՝ ազատվելու են ապականության ծառայությունից (Հռոմ.  8։21),- ինչպես ասում է Պողոսը,- որովհետև երկինքը դադարելու է շարժվել, իսկ լուսատուները այլևս չեն նվազելու, և երկիրն էլ նորոգվելու է գարշ թանձրությունից ու ապականությունից:

   Չորրորդ՝ Ողջերի բնակության համար նոր երկիր է լինելու, և նոր երկինք, ուր՝ մինչև երրորդ երկինք, հափշտակվեց Պողոսը 2:
   
Հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի (65։20)
   
   Սա ժողովրդի մեջ կատարվեց դարձից հետ, որովհետև նրանց մեջ չկար տարաժամ մահ, և ծերը, քանի դեռ նրա ժամանակը տակավին չէր լրացել, չէր մեռնում, և թեպետ մեղավոր էր, որովհետև անիծված էր մեղքերի պատճառով, սակայն անժամանակ չէր մեռնում: Ու այսպես երկայնակյաց էին. նախ՝ որովհետև ամենայն բարիք նրանց տրվեց այդ հարյուրամյակի ընթացքում, երկրորդ՝ որպեսզի, թերևս, առաջադիմեն առաքինության մեջ՝ այդքան ժամանակ բարի մարդկանց մեջ լինելով, որովհետև Աստված չի կամենում հարկադրանքով ու սպառնալիքով օգտակար բաներ անել, այլ՝ [ցանկանում է, որպեսզի մարդիկ] իրենց կամքով ու հոժարությամբ [դա անեն:] Երրորդ՝ որպեսզի չասեն, թե՝ ահավոր է, ու չենք կարող հաճոյանալ նրան: Այս պատճառով էլ ժամանակի ավարտն է հայտնի դարձնում, որպեսզի երկար կյանքի ընթացքում նրանց ցույց տա Իր համբերատարությունը:
   
Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն (65։22)
   
   Նախ՝ դիմում է գերիներին՝ ասելով, թե դարձից հետո ծառի նման երկայնակյաց են լինելու: Դարձյալ, կենաց ծառը Քրիստոսի Խաչն է՝ փոխանակ դրախտում եղածի, ինչպես ասում է Մովսեսը. «Կտեսնեք ձեր կյանքը՝ փայտից կախված» (Թվեր 21։9): Արդ, ասում է՝ «Իմ հավատացյալները կենաց ծառի նման մշտնջենավոր և անմահ են լինելու», իսկ «Իմ ժողովրդի» ասելով հավատացյալների նկատմամբ մտերմությունն ու սերն է ցույց տալիս:

   strong>Նրանց ձեռքի գործերը հնանալու են (65։22ա)

   Այսինքն՝ չեն կորչելու: Նույն բանն է այստեղ երկրորդում. Աստծո օրհնյալ զավակներ են նրանք, ովքեր հավատի ու սրբության որդիներ են:
   
Գայլերն ու գառները միասին պիտի արածեն (65։25)
   
   Ոմանք Հուդայի ու Եփրեմի վերաբերյալ են կարծում այս խոսքերը՝ կանխատեսելով գերեդարձից հետո միաբանությունը, սակայն այդ տեսակետն այդքան էլ չի պատշաճում այստեղ, որովհետև այնտեղ երկու իշխանությունները երկու գազանի նմանությամբ են ցուցադրվում, մինչդեռ այստեղ մեկը գազան է, իսկ մյուսը՝ գառ, որ այլաբանություն է, քանի որ [ցույց է տալիս] հափշտակողներին և անմեղներին, այսինքն՝ մեկ Եկեղեցու մեջ հավաքված բռնակալներին ու ռամիկներին, որոնք մեկ ավազանի ծնունդ են՝ որ ընդունեցին նույն սուրբ Հոգին ու միասին ճաշակեցին Քրիստոսի մարմինն ու արյունը:

   Առյուծը եզի նման հարդ է ուտելու (65։25ա)

   Այսինքն՝ գազանաբարոները թողեցին իրենց բարքերը և մտան հեզ առաքյալների վարդապետության ներքո:

   Օձը հողն ուտելու է հացի նման (65։25բ)

   Այսինքն՝ նենգավորները պիտի գոհանան իրենց ինչքերով:

   Ու մեղք չեն գործելու Իմ սուրբ լեռան վրա (ԿԵ 25գ)

   Այսինքն՝ բովանդակ տիեզերքում կառուցված նոր Երուսաղեմի որդիներից որևէ մեկը չի վնասվելու: Իսկ «սուրբ լեռ» է անվանվում Եկեղեցին՝ նախ անառիկ ամրության պատճառով, ըստ այս խոսքի. «Դժոխքի դռները չեն հաղթելու դրան» (Մատթ. 16։18): Երկրորդ՝ բարձրագույն ավանդների պատճառով, որոնցով Եկեղեցին կատարում է Աստծո որդեգրության պատարագի խորհուրդը, նաև՝ մեղքերի թողությունը, աստվածախոս հրամանները և այլ մեծամեծ խորհուրդները, որոնք ավանդված են Եկեղեցու միջոցով: