Հարց. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. «Ահա Կույսը պետք է հղանա և որդի ծնի» (7։14ա).
Պատասխան. Հրեաները հերքում են, որ այս խոսքը վերաբերում է Տիրոջ Մոր կուսական ծննդյանը:
Նախ պատրվակ են բռնում՝ ասելով, թե առհասարակ բոլոր կանայք սկզբից կույս են լինում, և ապա՝ հղանում ու ծննդաբերում: Ըստ այդմ ասում են, որ խոսքը վերաբերում էր առհասարակ բոլոր կանանց, և այդ երևույթը համաձայն էր բնության օրենքին, ուստի դա հրաշք չէր, քանզի հրաշքը վեր է բնությունից: Սակայն մարգարեն ասում է, թե Տերը մեզ ըստինքյան նշան (հրաշք) է տալու (7։14բ), այսինքն՝ նույն Ինքը՝ Տերը նշան եղավ և մեզ փրկեց՝ մարդանալով ու ծնվելով, ապա ուրեմն հայտնի է, որ այս խոսքը ընդհանուրին չի վերաբերում: Հրեաները նաև ասում են, որ ըստ որոշ թարգմանիչների «Աղջիկը պիտի հղանա և ծնի» է, ուրեմն խոսքը Կույսի մասին չէ, այլ՝բոլոր կանանց, որոնք հղանում և ծնում են: Սրա վերաբերյալ կասենք հետևյալը. նախ՝ քանի որ որևէ տղամարդու չի հիշատակում, հետևաբար երբ ասում է «կույս», կամ «աղջիկ», կամ «կին», բացորոշ կերպով ցույց է տալիս առանց տղամարդու սերմի [եղած] ծնունդը: Հիշե՛նք նաև, որ Ռեբեկայի համար նրա եղբայրներն ասում են հարսնատեսներին. «Աղջիկը թող գա և խոսի» (Ծննդ. 24։57): Ինչպես այնտեղ է կույսը «աղջիկ» կոչվում, այնպես էլ՝ այստեղ: Դարձյալ հրեաները հակառակվում են՝ ասելով, թե՝ սա ասվեց Աքազի կնոջ համար, որը ծնեց Եզեկիային: Սրա վերաբերյալ հետևյալը կասենք: Եզեկիան այդ ե՞րբ «Էմանուել» կոչվեց, կամ արդյո՞ք«սկզբից ճանաչեց բարին կամ չարը. անարգեց չարը և ընտրեց բարին» (7։16): Նաև ժամանա՛կն է հանդիմանում նրանց, որովհետև Աքազը թագավորեց տասնվեց տարի, և նրա թագավորության ժամանակ կատարվեց այս մարգարեությունը: Իսկ Եզեկիան թագավորեց քսանհինգ տարեկան հասակում, ինչից հայտնի է դառնում, որ Աքազի թագավորելու ժամանակ Եզեկիան արդեն ինը տարեկան էր: Բայց արդ, թողնե՛նք հրեաների բարբաջանքը և քննե՛նք մարգարեի այս խոսքը, որն ասված է սուրբ կույս Մարիամի մասին: Չէ՞ որ ասում է. Դու քեզ համար Տիրոջից նշան խնդրիր խորխորատում լինի թե բարձունքում (7։11), այսինքն՝ Բանն Աստված, որ բարձունքում էր՝ Հոր ծոցում, խոնարհեցրեց իրեն, մարդ դարձավ՝ երկրի վրա բնակվելով, ու եղավ նշան՝ մարդկային ցեղի փրկության համար, որի մասին կանխասում է մարգարեն՝ ասելով. «Ահա կույսը պիտի հղանա» (7։14): «Ահա» բառը ցույց է տալիս խոսքի ստուգությունը: Այն ասես մատով ցույց տալու նշան է, ինչպես Հովհաննեսն էլ էր ասում. «Ահա Աստծո գառը» (Հովհ. 1։29), և Զաքարիան. «Ահա քո թագավորը գալիս է» (Զաք. 9-9): Որովհետև թեպետ մենք այժմ աչքերի զգայությամբ ենք տեսնում, մարգարեներն ապագան տեսնում էին առավել անսխալ մտքով, որովհետև աչքերի զգայական տեսողությունը սխալվում է չորս պատճառով. նախ՝ հեռավորության, երկրորդ՝ շարժման, երրորդ՝ գույները խառնելու, չորրորդ՝ միջնորդավորված [լինելու]: Բայց մարգարեների տեսության մեջ այսպիսի սխալմունքներ չկային: Եվ «Կույս» է ասում ոչ հախուռն կերպով, այլ հրաշալին ու բացառիկը ցույց տալու համար, այդ իսկ պատճառով էլ ասում է «Կույսը»: Քանզի հոդը, որ ավելացված է վերջում, այսինքն՝ ը-ն, մեկին զատում է մյուսներից։ Այդպես նաև Ավետարանիչը չասաց, թե՝ «Ի սկզբանե էր Բան», այլ թե՝ «Բանն» (Հովհ. 1։1): Իսկ փարիսեցիներն էլ Հովհաննեսին հարցնում են. «Քրիստոսը դո՞ւ ես, մարգարեն դո՞ւ ես» (Հովհ. 1։21): Սակայն գիտենանք, որ անվանը կից հոդը ցույց է տալիս եզակիությունը, ինչպես նշեցինք վերևում: Հակառակ դեպքում միտքը կարտահայտեր հոգնակիության իմաստ, և ոչ թե եզակիության։ Ինչպես, օրինակ, երբ ասում ենք «գոյություն ունի», «ապրում է», «խոսում է» և «գնում է», նկատի ունենք եզակի անձի Իսկ արգարեն ինչու՞ հայտնապես չի ասում, թե՝ «Պիտի Սուրբ Հոգով հղանա» (Մտթ. 1-18), ինչպես Գաբրիելն ավետեց: Սա երկու պատճառով էր. նախ՝ որովհետև մարգարեն զգուշացավ չար հրեաներից, որպեսզի չայրեն գրքերը, ինչը սովոր էին անել:
Երկրորդ՝ որպեսզի առարկայորեն ցույց տար, որ երբ կույսը հղանում է՝ առանց տղամարդու, ուրեմն դա ինչի՞ց է, եթե ոչ Սուրբ Հոգուց: Իսկ երբ դու լսես, թե Սուրբ Հոգուց հղացավ, չկարծես, թե ինչ-որ անմարմնական խառնակումից եղավ այդ բանը, այլ ինչպես առաջին Ադամը Աստծուց և հողից ստեղծվեց՝ առանց որևէ խառնակության, այլ արարչությամբ, նույնպես երկրորդ Ադամը Սուրբ Հոգուց և Կույսից եղավ: «Էմանուել»-ը թարգմանվում է «Աստված մեզ հետ»: Աստծո՝ մեզ հետ լինելը չի սահմանափակվում վայրով, որովհետև երկինքն ու երկիրը լի է Նրանով, և ոչ էլ նկատի է առնվում խնամարկությամբ մեզ հետ լինելը, ինչպես Մովսեսի, Հեսուի և առաքյալների պարագայում էր, այլ մեզ հետ լինելը մարդանալն ու մարմնով երկրի վրա երևալն էր, ինչպես Բարուքն է ասում. «Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, դրանից հետո իմաստությունը հայտնվեց երկրի վրա ու շրջեց մարդկանց մեջ» (Բար. 3։36, 38): Դա եղավ հետևյալ կերպ․ նախևառաջ՝ Բանն Աստված մեր բնությանը միացավ, և Աստված մարդ դարձավ մեր նմանությամբ, ըստ այն խոսքի, թե՝ «Բանը մարմին եղավ» (Հովհ. 1։14):
Երկրորդ՝ որովհետև Նա մեր նմանությամբ ենթարկվեց բնության օրենքքին և «հասավ կատարյալ մարդու աստիճանին» (Եփես. 4։13), այսինքն՝ անցավ արգանդում հղանալու, իննամսյա սպասումի, ծնվելու, աճելու և մնացյալ բոլոր փուլերով: Երրորդ՝ քանզի Նա մեզ հետ շրջեց, խոսեց, կերավ մաքսավորների, մեղավորների հետ, մեր մեջ զանազան բժշկություններ կատարեց, մեզ լցրեց ամենայն բարությամբ ու շնորհով. սա է «Էմանուել»-ի թարգմանությունը: Եվ երբ կոչվեց «Էմանուել», ցույց տվեց ապագայում տեղի ունենալիք իրադարձությունները. որովհետև թեպետ անունով «Էմանուել» չկոչվեց, սակայն Իր կատարած փրկաբեր տնօրինությամբ հայտնապես ճանաչվեց, թե ճշմարիտ Աստված է:
Յուղ և մեղր է ուտելու (7։15).
Այսինքն՝ ստուգապես մարդ եղավ, որ հաստատվում է այս կերակրի ճաշակումով, ինչը հատուկ է մանուկներին: Քանզի ծնված Էմանուելը ոչ սոսկ մարդ էր և ոչ լոկ Աստված, այլ՝ մարդացած Աստված, մարդացած, բայց մարմնի մեջ չլուծված: Այս պատճառով էլ մարգարեն երբեմն աստվածային բաների մասին է խոսում, ինչպես Կույսից ծնվելն ու «Էմանուել» կոչվելը, և երբեմն՝ մարդկային, ինչպես կերակուրը, ինչը բնորոշ է մեզ, որպեսզի նրա մարդեղությունը թվացյալ չկարծվի, ինչպես ասում էին Մարկիանոս և Վալենտիանոս հերձվածողները:
Եվ նախքան ճանաչվի կամ ցանկալի լինի չարությունը՝ ընտրելու է բարին (7։16).
Եվ սա ցույց է տալիս նրա առավելագույն բարձրությունը, քանզի կերակրվում էր, որովհետև մարդ էր, և վեր էր մնում մեղքից, քանզի Նա Ինքն Աստված էր, բայց կերակրի ճաշակումով հավասար էր մեզ: Իսկ բնությամբ անհաղորդ էր չարին: Սակայն և՛ բնության զորությամ, և՛ գործնականորեն դա հատուկ էր աստվածացած մարմնին, իսկ Նա առավել է մարդկությունից, որովհետև մարդիկ չարությունից հետո են զղջում և բարիք գործում,մինչդեռ նա ի բնե ընտրեց բարին և անարգեց չարը, ինչպես ինքն էր ասում. «Ո՞վ կհանդիմանի Ինձ մեղքի համար» (Հովհ. 8։46)։ Մարգարեն էլ ասում է. «Մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում» (Սաղմ. 31։2):
Ասորիքը Դամասկոսն է և նրա շրջակայքը, իսկ Ասորեստանը, ինչպես ոմանք ասում են, Բաբելոնն է: Սակայն ճշմարտությունն այն է, որ Ասորեստանը Միջագետքն է, որ Դկլաթի ու Եփրատի միջնամասում է, ուր Ուռհան, Մոսլը և մյուսներն են: Իսկ եթե երբեմն Բաբելոնը Ասորեստան է կոչվում, պատճառն այն է, որ բաբելացիների թագավորը տիրում էր նաև ասորեստանցիների վրա: Իսկ Ասորեստանը երբեմն տիրում էր նաև Բաբելոնի վրա, այդ պատճառով էլ դրանք միմյանց անուններով էին կոչվում:
Ոմանք ասում են, որ բարեպաշտ թագավոր Հովսիային սպանող փարավոնի անունը Նաքավով էր, որ: Եվ դարձյալ, այդ նույն փարավոնը երեք տարի անց Հովսիայի որդի Հովաքազին գերեվարեց Եգիպտոս, իսկ Հովաքազի փոխարեն թագավոր կարգեց նրա եղբայր Հովակիմին, որի թագավորության տասներորդ տարում Նաբուքոդոնոսորը Երուսաղեմ մտավ, առաջին, ապա՝ երկրորդ, հետո՝երրորդ անգամ գերեվարեց ժողովրդին, այնուհետև ավիրեց տաճարն ու սուրբ քաղաք Երուսաղեմը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: