Ս. Գրիգոր Տաթևացու/1346-1409 թթ./ վաստակը ոչ այլ բան է, քան հանրագումարը հայ միջնադարյան մտքի տարբեր մարզերում ձեռք բերված նվաճումների: Նրա հարուստ մատենագրության մեջ արձանագրված ու համակարգված է աստվածաբանական- դավանաբանական, իմաստասիրական, մեկնաբանական, քարոզխոսական մարզերում Հայ եկեղեցու կուտակած դարավոր փորձառությունը:Հատկապես մեծ է նրա բերած նպաստը դավանաբանական ու մեկնաբանական աստվածաբանության մեջ: Եթե դավանական աստվածաբանությունը ներկայանում է Հարցմանց գրքով ու Ոսկեփորիկով, ապա մեկնաբանականը՝ սուրբգրային բազում մեկնություններով:Եթե առաջինին բնորոշ է հարցերի մշակվածությունն ու համակարգվածությունը, ապա երկրորդին՝ հանրագիտարանային ճոխությունը:Այս առանձնահատկությամբ աչքի են ընկնում Ս. Գրքի նրա մեկնություններն ու լուծմունքները, որոնց մեծ մասը տակավին անտիպ է: Սրանց մեջ ուշագրավ է ծավալով փոքր, սակայն բովանդակությամբ հարուստ Եսայու մարգարեության մեկնությունը: Շնորհիվ իր բազմաշերտ աստվածաբանության, հայտնութենական թափանցումների Եսայու մարգարեությունն արդեն հնում իրավացիորեն համարվել է Հին Կտակարանի Ավետարան: Եվ իրապես, Քրիստոսի տնօրինության վերաբերյալ իր պարունակած ակնարկներով Եսայու մարգարեությունը բացառիկ կարևոր տեղ է զբաղեցնում Հին Կտակարանում՝ թերևս իրեն մրցակից ունենալով միայն Սաղմոսները: Ուստի պատահական չէ, որ միջնադարի քրիստոնեական մատենագրության մեջ մասնահատուկ կարևորություն է տրվել այս մատյանին:Հայտնի են Եսայու մարգարեության բազում մեկնություններ՝ շարադրված մասնավորաբար Արևելյան եկեղեցու հայրերի ու վարդապետների կողմից/Որոգինես, Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի,Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Ալքեքսանդրացի/:Հայ մատենագիրները/Սարգիս Կունդ, Հովյաննես Մուշի որդի, Գևորգ Սկևռացի և ուրիշներ/՝ հետևելով Արևելաքրիստոնեական եկեղեցու մեկնաբանական հարուստ ավանդներին՝ շարադրել են մեկնություններ:Ս.Գրիգոր Տաթևացին այս երկը շարադրելիս նմանապես հենվել է անցյալի մեծանուն հեղինակությունների վրա:Նա գլխավորապես առաջնորդվել է իր ուսուցչի՝ Ս.Հովհան Որոտնեցու/ 1315-1387 թթ./ դասախոսություններով , ինչպես նաև՝ Ս.Հովհան Ոսկեբերանի /+ 407 թ. այժմ Պոլիքրոնիոս Ապամեացուն [+430 թ.] վերագրված] Եսայու մարգարեության նշանավոր մեկնությամբ: Տաթևացու մեկնությունն աչքի է ընկնում հանրագիտարանային բազմաբնույթ տեղեկատվությամբ / պատմական, աշխարհագրական/,աստվածաբանական, դավանաբանական դիտումներով/Երրորդաբանություն, Քրիստոսաբանություն/, բարոյաբանությամբ:
Այս մեկնությունն ունեցել է գործնական նշանակություն. նրա որոշ հատվածները կիրառվել են իբրև ուրույն քարոզներ[1]: Դրանք տեղ չեն գտել Տաթևացու Քարոզգրքերում, որոնք խմբագրվել են աշակերտի ՝ Հակոբ Ղրիմեցու ձեռքով:Մասնավորաբար ,,Գրիգորի եռամեծի և քաջ հռետորի քարոզ վասն խոստովանութեան և ապաշխարութեան ի բանն.«Ես եմ, որ ջնջեմ իբրեւ զամպ զանօրենութիւնս քո եւ զմեղս քո ոչ եւս յիշեցից /Ես.ԽԳ 25/» միավորը[2] գրեթե բառացիորե քաղված է Տաթևացու Եսայու մեկնությունից[3]:
Տաթևացու մեկնության վայելած հեղինակության մասին է վկայում այն, որ այդ աշխատությունը գրեթե ամբողջապես ընդդգրկվել է նրա աշակերտի՝ Հովհաննես Կոլոտիկ Հերմոնեցու / 1370-1433 թթ./ Եսայու մեկնության մեջ[4]:
Ս.Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն մարգարէութեանն Եսաեայ, աշխատասիրությամբ Հակոբ Քյոսեյանի, Ս. Էջմիածին, 2008 Տաթևացու Եսայու մեկնության աշխարհաբար թարգմանությունն իրականացված է ըստ հետևյալ հրատարակության.
Թարգմանությունը կատարելիս, անհրաժեշտության դեպքում, դիմել եմ Հովհաննես Կոլոտիկի հիշյալ մեկնությանը:
ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՅԱՆ
ԾԱՂԿԱՔԱՂ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՇԱՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԼՈՒՍԵՂԵՆ ԽՈՍՔԵՐԻՑ՝ ՀԱՎԱՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏ ԳՐԻԳՈՐ ՇՆՈՐՀԱԼԻՑ ՎԱՐԴԱՊԵՏԻ
Հարց. Ի՞նչ է , որ ասում է՝ Եսայու տեսիլք.
[1] տե՛ս Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ.2078, թերթ 395բ – 422բ:
[2] տե՛ս Մաշտոցի անվ.Մատենադարան, ձեռ.2078, թ. 402բ – 409բ:
[3] տե՛ս Ս.Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն մարգարէութեանն Եսայեայ, աշխ. Հ.Քյոսեյանի, Ս.Էջմիածին, 2008, էջ 116-119 :
[4] տե՛ս Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ.1128, թ.7ա – 199բ
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: