ԱԿԵՓՍԻՄԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ՅՈՎՍԷՓ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՒ ԱՅԻԹԱԼԱՍ ՍԱՐԿԱՒԱԳԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Սուրբ Աստուած Հայր անսկիզբն.

Որ փառաւորեալդ ես ի մէջ սրբոց Քոց.

Օրհնեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:

Սուրբ Աստուած Որդիդ Միածին.

Որ պահեցեր յաղթող զճգնութիւն սրբոց Քոց.

Գովեմք զքեզ ընդ զուարթունս երկնից:

Սուրբ Աստուած Հոգիդ ճշմարիտ.

Որ նորոգեցեր զտիեզերս ճշմարիտ երկրպագութեամբ Սուրբ Երրորդութեամդ.

Բարեբանեմք զքեզ անլռելի ձայնիւ:

 

 (Շարակնոց)

 

Այս երեք քաջայաղթ մեծ վկաները, որոնք արիութեամբ նահատակուեցին խոր ծերութեան մէջ, Պարսից աշխարհից էին եւ ապրել են Շապուհ կամ Սաբիւռոս Երկայնակեաց արքայի հալածանքների տարիներին: Սուրբ Ակեփսիմասը Ասորեստանի Հոնիտաս քաղաքի եպիսկոպոսն էր: Նա Փակաս գիւղից էր, ութսունն անց պատուական, ալեւոր եւ փառաւոր տեսքով մի ծերունի, սակայն առոյգ եւ առողջ մարմնով ու սերուած ազնուական ծնողներից: Ողորմած էր աղքատների հանդէպ եւ կարիքաւորների դարմանիչն ու ապաւէնն էր: Նրա մէջ բնակուող աստուածային շնորհներով, ինչպէս նաեւ նրա վարդապետութեան եւ գովելի վարքի շնորհիւ հեթանոսներից շատերն ուղղւում էին առ Աստուած, որովհետեւ նա կատարեալ էր իր խօսքով եւ լի Սուրբ Հոգով: Մշտամռունչ աղօթքներով յարատեւում էր աստուածային խորհուրդներում, պահեցողութեամբ ճնշում էր իր մարմինը եւ ունէր արտասուքի շնորհը, որով աղօթելիս թրջում էր գետինը: Իսկ սուրբ Յովսէփ քահանան ագիաբենացիների գաւառի Բեթկաթուբաս գիւղի երէցն էր: Նա եօթանասնամեայ աստուածավախ մի ծերունի էր, քաջ եւ Աստուծոյ նախանձախնդրութիւնն ունեցող մի այր, որն իր առաքինի եւ իմաստուն կենցաղավարութեամբ պատկառելի էր բոլորի համար: Եւ սուրբ Այիթալաս սարկաւագն էլ բաբելացիների Նահադրաս քաղաքից էր, որն աւելի քան վաթսուն տարեկան մի այր էր: Նա ճարտար էր իր խօսքով եւ հզօր՝ մեկնութիւններով, պարկեշտ էր, շնորհալի, սիրելի բոլորին եւ բոցավառուած Քրիստոսի սիրով:

 

Արդ, երբ Շապուհն իր թագաւորութեան վերջին տարում դարձեալ հալածանքներ յարուցեց քրիստոնեաների դէմ: Այդ շրջանում ժամանակի հօտապետներն ու հաւատացեալների առաջնորդները համարձակութեամբ եւ աներկիւղ պաշտում էին քրիստոնէութիւնը եւ չէին թաքնւում մոգերի եւ մոգպետների սպառնալիքներից, որոնք նրանց մահուան դատապարտելու իշխանութիւն էին ստացել: Եւ քրիստոնեաների մասին անընդհատ ամբաստանութիւններ էին հասնում դատաւորին, թէ «Նրանք գործադրում են բոլոր ջանքերը՝ վերացնելու պարսկական կրօնը, որովհետեւ քարոզում են պաշտել մի Աստուծոյ եւ չերկրպագել արեգակին ու կրակին: Պղծում են ջուրը՝ լուանալով աղտեղի իրեր, արգելում են կին առնել եւ որդիներ ծնել, արքային զինուորագրուել եւ մարդ սպանել: Թոյլ են տալիս անխտիր մորթել անասուններին եւ մարդկանց դիակները հողում թաղել: Ասում են, թէ բոլոր վնասակար զեռուներն ու սողունները ստեղծուած են բարերար Աստուծոյ եւ ոչ թէ սատանայի կողմից ու պատրանքներով մոլորեցնում են նաեւ արքունի սպասաւորներին՝ ձգելով նրանց դէպի իրենց կախարդական վարդապետութիւնը, որն իրենք սուրբ Գիրք են կոչում»:

 

Այսպիսի խօսքերից դատաւորներն աւելի ու աւելի էին բորբոքւում ընդդէմ քրիստոնեաների: Եւ նրանք արքունի հրամանով արձակեցին զինուորներին՝ բռնելու նրանց, այդ թւում նաեւ Ակեփսիմաս եպիսկոպոսին: Բայց մինչ զինուորները կը բռնէին նրան, մի դէպք պատահեց Պապ անունով եղբայրներից մէկի հետ, որը մենակեացներից կամ եպիսկոպոսարանի սպասաւորներից էր: Մի օր, երբ նա մաքրում էր Ակեփսիմասի գլուխը, համբուրեց այն ու ասաց. «Երանելի է այս գլուխը, որ պիտի հատուցում ունենայ՝ Քրիստոսին վկայելով», իսկ Ակեփսիմաս եպիսկոպոսը փարուեց Պապին ու ասաց. «Որդեա՛կ, երանի թէ կատարուի քո մարգարէութիւնը: Թող Աստուած կամենայ ընդունել խօսքերդ, եւ թող Նա ինձ այդպիսի երանութիւն պարգեւի»: Ակեփսիմասի մօտ նստած էր մէկ ուրիշ եպիսկոպոս, որը ժպտալով ասաց Պապին. «Քանի որ մեր միջից դու եղար գալիք դէպքերի մարգարէն, ապա ասա՛ ինձ, իսկ ի՞նչ պիտի կատարուի ինձ հետ»: Եւ նա ասաց. «Դու պիտի վախճանուես Խառան գնալու ճանապարհին»: Եւ երկուսի համար էլ նրա խօսքերն իրականացան. այդ եպիսկոպոսը մեռաւ ճանապարհին, իսկ երանելի Ակեփսիմաս եպիսկոպոսին այդ նոյն օրը հալածողները բռնեցին եւ շղթայուած ատեան տարան:

 

Եւ մինչ Ակեփսիմասն անցնում էր իր տան մօտով, նրա հետ եղողներից մէկն ասաց նրան. «Ո՛վ վկաներից երանելիդ, ահաւասիկ մօտեցել է աշխարհից ելնելու քո ժամը: Պատուերներ տուր քո տան եւ ունեցուածքի համար, որպէսզի անօրէններն աւար չառնեն»: Եւ նա, ձեռքերը վեր տարածելով, ասաց. «Այս տունն իմ տունը չէ, եւ այս ժառանգութիւնն իմ ժառանգութիւնը չէ: Իմ տունը եւ իմ ժառանգութիւնը Քրիստոս է, որովհետեւ Նրանից բացի ես ոչ մէկին չսիրեցի»:

 

Արդ, զինուորները երանելի եպիսկոպոսին տարան Արբիլ քաղաք եւ կանգնեցրին մոգպետի առջեւ, որի անունը Ադրաքուսիթ էր: Նա մեղմօրէն հարցրեց. «Քրիստոնեա՞յ ես»: Եպիսկոպոսը բարձր ձայնով պատասխանեց ու ասաց. «Ես քրիստոնեայ եմ եւ երկրպագում եմ միակ եւ ճշմարիտ Աստծուն՝ Հօրը, Նրա Որդուն եւ Սուրբ Հոգուն»: Մոգպետն ասաց. «Ուրեմն ճշմարիտ է այն ամէնը, ինչ լսել եմ քո մասին, թէ մարդկանց սովորեցնում ես հակառակուել մեր օրէնքներին եւ արհամարհել արքաների արքայի հրամանները»: Ակեփսիմասն ասաց. «Այն ամէնը, ինչ լսել ես իմ մասին, արդարեւ ճշմարիտ է, որովհետեւ ես մարդկանց քարոզում եմ միակ ճշմարիտ Աստծուն եւ խրատում եմ, որ նրանք զղջան եւ ուղղուեն առ Աստուած՝ հեռանալով իրենց չար ճանապարհներից ու ամէն ժամ կատարեն Նրա կամքը, ինչպէս որ գրուած է աստուածապատում մեր կտակարաններում»: Մոգպետն ասաց. «Ես քո մասին լսել եմ, որ դու իմաստուն մարդ ես, եւ տեսնում եմ քեզ առաջացած տարիքում ու կատարեալ ամէն բանում: Ինչո՞ւ ես մանկան պէս մոլորուել եւ չես երկրպագում արեգակին, չես պատւում հուրն ու ջուրը, ինչպէս որ պատւում եւ պաշտում են պարսից թագաւորներն ու Արեւելքի երկրները»: Սուրբ Ակեփսիմաս եպիսկոպոսն ասաց. «Պարսից երկիրը լցուած է բազում յիմարութիւններով: Թողած իրենց Արարչին՝ մարդիկ երկրպագում են Նրա ստեղծած արարածներին: Նախ դուք էք մոլորուել, եւ ապա մոլորեցրել ուրիշներին ձեր չար ու անօրէն վարդապետութեամբ եւ բազմաստուածութիւն քարոզելով: Ձեր աստուածները մէկ Արարչի ստեղծած արարածներն են: Ի սկզբանէ ողջ աշխարհը ստեղծուել է Նրա մշտնջենաւոր զօրութեամբ եւ վերին տեսչութեամբ ու Նրա տնօրինութեամբ է լինում ամէն բան բոլոր ժամանակներում»:

 

Մոգպետը սաստեց նրան եւ ասաց. «Ո՛վ չարագլուխ ծեր, դու արժանի ես կորստեան: Ինչպէ՞ս ես համարձակւում չար ու անօրէն կոչել մեր ճշմարիտ վարդապետութիւնը, որով հաստատուն է մնում եւ կայ այսպիսի թագաւորութիւնը, որ յաղթում է աշխարհի բոլոր թագաւորութիւններին»: Եպիսկոպոսն ասաց. «Ո՞ւր է տանում ձեր վարդապետութիւնը: Ահաւասիկ այն ուրանում է ճշմարտութիւնը եւ համարում, թէ ստեղծուած արարածների մէջ կայ աստուածային մի բնութիւն, որն արժանի է պաշտամունքի եւ երկրպագութեան, անշունչ տարրերին խոստովանում է որպէս բանական արարածների իշխան, որը տնօրինում է ամէն բան, ինչ որ կատարւում է աշխարհում»: Մոգպետն ասաց. «Այժմ թո՛ղ այդ բաները եւ լսի՛ր ինձ: Ըստ թագաւորի հրամանի՝ երկրպագի՛ր արեգակին եւ փրկուի՛ր՝ ազատուելով տանջանքներից, որ կան եւ պահուած են քեզ համար: Ես խնայում եմ քո ծերութիւնը եւ չեմ ցանկանում, որ արեամբ դժոխք իջնես»: Սուրբ Ակեփսիմասն ասաց. «Ո՛վ բռնաւոր, փակի՛ր պիղծ բերանդ եւ մի՛ շարունակիր խօսել ու կրկնել անօրէն խօսքեր, որովհետեւ ես մայրական խանձարուրից եւ մանկութիւնից մինչեւ այժմ մեծացել եմ այս հաւատով: Իսկ այժմ՝ իմ այս ծեր հասակում, առաւել պէտք է քաջութեամբ եւ բարի խոստովանութեամբ հաստաատուն մնամ ճշմարտութեան մէջ, որպէսզի պսակներ ստանամ իմ ճշմարիտ Աստծուց: Ուստի ամբարիշտ խորհուրդներովդ մի՛ փորձիր համոզել ինձ հակառակը, որը մերժում եմ եւ արհամարհում»:

 

Այնժամ կատաղի բարկութեամբ լցուած բռնաւորը հրամայեց սուրբ եպիսկոպոսին թիկունքի վրայ պառկեցնել գետնին եւ ուժգին պրկել ձեռքերից ու ոտքերից: Եւ սկսեցին անխնայ հարուածեցին այնքան, որ ամբողջ մարմինը պատառոտուեց, եւ նրա պատուական արիւնը ոռոգեց գետինը: Ամբարիշտն ասաց սուրբին. «Ո՞ւր է քո Աստուածը, թող Նա գայ եւ փրկի քեզ իմ ձեռքից»: Իսկ երանելի Ակեփսիմաս եպիսկոպոսն ասաց. «Իմ Աստուածն ամենուր է, Նա կարող է փրկել ինձ քո ձեռքից: Դու մի՛ պարծեցիր քո սնոտի խօսքերով, այլ իմացի՛ր, որ դու անյիշատակ պիտի թառամես վաղանցուկ ծաղկի պէս: Այժմուանից քեզ մեռած համարիր, որովհետեւ դու չես վայելում աստուածատուր օրինաւոր կեանքը: Երբ յանկարծահաս մահը այն կողոպտի քեզնից, կը փոխանակի մշտնջենաւոր հրով, եւ որին այստեղ աստուածացնում էիր, անասելի ցաւերով պիտի տանջի քեզ: Իսկ անշէջ հուրը, որ պահուած է ձեզ համար, Աստուծոյ արդար դատաստանով պիտի տոչորի ձեր հոգին ու մարմինը»:

 

Այնժամ բարկացած մոգպետը հրամայեց տանել նրան ու շղթայակապ պահել խաւարտչին բանտում: Նոյն օրը հալածիչների ձեռքն էին ընկել նաեւ սուրբ Յովսէփ քահանան եւ սուրբ Այիթալաս սարկաւագը ու տարուել նոյն Արբիլ քաղաքը: Յաջորդ օրը նրանք կանգնեցին այն նոյն մոգպետի առաջ: Մոգպետն սկսեց խօսել նրանց հետ ու ասել. «Չարագլուխնե՛ր եւ պատժապարտնե՛ր, ինչո՞ւ էք պատրում պարզամիտ մարդկանց եւ մոլորեցնում նրանց ձեր կախարդութեան յետեւից»: Երանելի Յովսէփը պատասխանեց ու ասաց. «Մենք ատում ենք չարահնար մոգութիւնն ու կախարդութիւնը, որովհետեւ քրիստոնեաներ ենք: Մարդկանց դաստիարակում ենք ողջամիտ վարդապետութեամբ, որպէսզի թողնելով մեռելոտի կուռքերի պաշտամունքը՝ թեկուզ եւ ուշացած ապրեն ճշմարիտ կեանքով»: Մոգպետն ասաց. «Ո՛վ անմիտ, ասա՛ ինձ, ո՞ր օրէնքն է ճշմարիտ, ա՞յն, որն ունեն արքաների արքան, նրա իշխանաւորները եւ բոլոր պատուական անձինք, թէ՞ այն, որ ունէք դուք՝ անպիտաններդ, աղքատներդ, անտոհմ ու տմարդի մարդիկդ»: Երանելի Յովսէփ երէցը պատասխանեց. «Հարստութիւնն ու ամբարտաւանութիւնը հաճելի չեն մեր Աստծուն: Նա ատում է ամբարտաւաններին եւ սիրում խոնարհներին: Եւ մենք, որ կամենում ենք լինել Նրա կամքը կատարողները, արհամարհում ենք աշխարհի հարստութիւնն ու փառքը եւ սիրում աղքատութիւնը, որպէսզի արժանանանք անանց փառքին եւ յաւիտենական կեանքին»: Մոգպետն ասաց. «Դուք ձեր ծուլութեան եւ անգործութեան պատճառով չեք ցանկանում աշխատել եւ ձեր վաստակով ապրել, այլ փոխարէնը մուրում էք՝ տնէտուն շրջելով: Ձեզ մնում է յերիւրել եւ պարծենալ աղքատութեամբ»: Երանելի Յովսէփն ասաց. «Քանի որ անարգեցիր մեզ՝ հեղգ, ծոյլ եւ անբան կոչելով, ապա իմացի՛ր, որ եթէ կամենայինք գնալ վաստակի եւ աշխատանքի յետեւից, ապա աւելի մեծահարուստ կը լինեինք, քան դուք, որ հարստացել էք աղքատներից յափշտակելով եւ նրանց զրկելով: Մենք ինչ որ ունեինք, ընծայեցինք Քրիստոսին՝ ամբողջն աղքատներին բաշխելով, իսկ դուք ագահաբար կողոպտում էք աղքատներին եւ տնանկներին»: Մոգպետը ծիծաղեց եւ ասաց. «Հարստութիւնը ցանկալի եւ սիրելի է ամէն մի մարդու, եւ ոչ ոք չի ատում այն: Արդեօք հաւատ կ՚ընծայէ ՞ք մէկին, եթէ ասէք, թէ մենք՝ քրիստոնեաներս, ատում ենք հարստութիւնը»: Յովսէփն ասաց. «Ի Քրիստոս հաւատացեալներս ճշմարտութեամբ գիտենք, որ այս կեանքի ունեցուածքը ճանապարհին նստած փոշի է, որը հեշտութեամբ ցրիւ է գալիս: Ուստի հարստութիւնը ոչ մէկին չի մնում: Այն պիտի անցնի ստուերի պէս եւ գլորուի իբրեւ անիւ: Հարստութիւնը պիտի ճեպով փախչի հարուստներից, իշխանութիւնը՝ իշխաններից, թագաւորութիւնը՝ թագաւորներից, որովհետեւ բոլոր հողածինները, որ համընդհանուր մահուան իշխանութեան տակ են, պիտի հող դառնան: Այդ պատճառով մենք չենք ցանկանում անցաւորը, այլ յաւիտենականը, որն աչքը չի տեսել, ականջը չի լսել եւ մարդու սիրտը չի ընկել եւ որն Աստուած պատրաստեց Իր սիրելիների համար»: Մոգպետն ասաց. «Թո՛ղ անմիտ մարդկանց զառացանքներն ու առասպելները եւ պատասխանի՛ր, ինչ քեզ հարցնում եմ. կատարելո՞ւ ես արքայի կամքն ու հրամանները՝ երկրպագելով մեծ արեգակին, թէ՞ կամենում ես մեռնել դառնագոյն տանջանքներով»: Սուրբ Յովսէփը պատասխանեց եւ ասաց. «Մի՛ մոլորուիր, ո՛վ ամբարիշտ եւ մի՛ ակնկալիր, թէ ես կ՚երկրպագեմ արեգակին, որովհետեւ միշտ ուսուցանել եմ, որ արեգակն անշունչ տարր է եւ անմասն է աստուածային զօրութիւնից»:

 

Այնժամ ցասումով լցուած մոգպետը տասներկու մարդկանց հրամայեց Յովսէփին տարածել գետնի վրայ եւ փոխէփոխ հարուածել փշոտ ու հաստ գաւազաններով: Հարուածեցին այնքան, որ կարծեցին, թէ սուրբ նահատակն աւանդեց իր հոգին, բայց նա, աչքերը երկինք յառած եւ լուռ, օգնութիւն եւ զօրութիւն էր խնդրում Աստծուց: Նայելով շուրջը՝ տեսաւ իր մարմնից հոսող արեան աղբիւրները եւ բարձր ձայնով ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստո՛ս, որ արժանացրեցիր կրկնակի մկրտութեան այս մեծ շնորհին, որպէսզի վերստին լուանամ իմ անձն ու մաքրուեմ իմ մեղքերի աղտեղութիւններից»: Այս խօսքերից դահիճներն աւելի կատաղեցին եւ սկսեցին աւելի ուժգին հարուածել նրան, մինչեւ որ առողջ տեղ չմնաց նրա մարմնի վրայ: Եւ այդպէս նրան տարան այն նոյն բանտը, որտեղ գտնւում էր Ակեփսիմասը:

 

Այնուհետեւ սկսեցին հարցաքննել առաքինի Այիթալաս սարկաւագին: Մոգպետն ասաց նրան. «Համառօտ խօսքերով կամենում եմ վճռել քո դատաստանը. երկրպագի՛ր արեգակին, ճաշակի՛ր զոհաբերութեան արիւնից, ամուսնացի՛ր, հնազանդուի՛ր արքաների արքային, եւ այնուհետեւ քո ամբողջ ունեցուածքը քոնը կը լինի, անձդ կը փրկես տանջանքներից եւ դաժան մահից, որ սահմանուած է քրիստոնեաներիդ համար»: Այիթալասը համարձակ պատասխանեց ու ասաց. «Լաւ է մեռնեմ, որ յաւիտենապէս ապրեմ, քան թէ ապրեմ, որ յաւիտենապէս մեռնեմ: Այս մեծ խորհուրդն է հաստատուած իմ սրտում, իսկ արիւնը ճաշակիր ինքդ, անյագ շո՛ւն, արեգակին դո՛ւ երկրպագիր, խելագա՛ր, որովհետեւ դու չես տեսնում այն գերապայծառ Լոյսը, որ վաղուց ի վեր երեւաց երկրի վրայ, եւ Նրա անունը տարածուեց ամբողջ տիեզերքի մի ծայրից միւսը»: Մոգպետը նենգութեամբ խորամանկելով ասաց. «Ցաւում եմ քեզ համար, որ ցանկանում ես մահը, որպես թէ աւելի լաւը, քան կեանքը: Ո՞վ կը համաձայնի քեզ, եթէ մոլագար չլինի, ինչպէս քրիստոնեաներդ, որովհետեւ ուսուցանում էք ատել կեանքը եւ սիրել մահը»: Այիթալասն ասաց. «Մոլագար ճանաչիր քեզ, իսկ քո ուսմունքը՝ անմիտ, որորովհետեւ այն ամբողջովին անտեղեակ է ճշմարտութեանը: Ձեր ուսմունքին հակառակ՝ մեր երկնաւոր Վարդապետը սովորեցրեց մեզ սիրել կեանքը, որին դուք մահ էք կոչում, եւ խորշել մահից, որին դուք կեանք էք անուանում»:

 

Բռնաւորը կուտակուած ամբողջ բարկութիւնը թափեց նրա վրայ: Դահիճներին հրամայեց ձեռքերը յետեւի կողմից կապել ծնկներին, ապա մեծ գերան անցկացնել թիկունքի եւ բազուկների միջով: Տասներկու մարդիկ սեղմում էին գերանի այս ու այն կողմերին, որից ճարճատում էր սուրբի ծեր մարմինը, եւ անտանելի ցաւ էր տիրում նրա բոլոր անդամներին: Անօրէնները աւելացնում էին հարուածները, սակայն երանելին ամէն բան տանում էր սքանչելի համբերութեամբ եւ միաժամանակ համարձակ յանդիմանում բռնաւորին՝ նրան կոչելով արիւն լիզող պիղծ շուն եւ լեշ ուտող գարշելի ագռաւ: Իսկ բռնաւորը, կրճտացնելով իր ատամները, նախատում էր դահիճներին որպէս թէ տկար, որ չկարողացան յաղթել քաջ նահատակին ու թոյլ տուեցին նրան խօսել: Այդ պատճառով դահիճներն սկսեցին այնքան ուժգին հարուածել Այիթալասին, մինչեւ որ խախտուեցին նրա անդամները եւ փշրուեցին բոլոր ոսկորները: Այդպէս հարկ եղաւ նրան վերցնել ու տանել բանտ, ուր գտնւում էին Ակեփսիմասն ու Յովսէփը:

 

Հինգ օր անց մոգպետը նրանց հանել տուեց բանտից: Պարտէզում նստած՝ սկսեց խօսել նրանց հետ ու ասել. «Արդեօք չհրաժարուեցի՞ք ձեր յիմար խորհուրդներից, ո՛վ չարահնար կախարդներ, դեռեւս չէ՞ք ցանկանում հնազանդուել արքունի հրամաններին»: Վկաները միաբան պատասխանեցին. «Մենք երեքս նոյն խորհուրդն ունենք, նոյն անկեղծ կամքը եւ նոյն ճշմարիտ հաւատքը: Որքան էլ այսպիսի հնարքներ բանեցնես մեր դէմ, այնքան աւելի հաստատուն եւ անդրդուելի կը գտնես մեզ նոյն խորհուրդների մէջ: Մենք չենք կատարելու անօրէն թագաւորի հրամանները, իսկ դու քո մեծամտութեամբ եւ խստասրտութեամբ վարուի՛ր մեզ հետ ինչպէս կամենում ես եւ ինչ կարող ես»:

 

Այնժամ բռնաւորի հրամանով դահիճները վկաներին պառկեցրին գետնին եւ պրկեցին չուաններով: Մի-մի ձող դրեցին ոտքերի կրունկների, սրունքների մէջ եւ կոնքերում ու ուժգին ոլորեցին այնքան, մինչեւ որ ջարդուեցին նրանց ոսկորները: Այս տանջանքների մէջ չարի արբանեակները յաճախ հարցնում էին նրանց, թէ արդեօք կամենում են յանձն առնել թագաւորի հրամանը եւ ապրել, սակայն քաջ նահատակները զուարթերես եւ համարձակ գոչում էին. «Հաւատում ենք միակ Աստծուն եւ Նրան ենք յուսացել: Մենք չենք կատարելու թագաւորի հրամանը»: Եւ այդպէս քաջ սուրբ վկաները յաղթանակ էին տանում բռնաւորի դէմ, եւ նրանց մէջ Աստուած էր փառաւորւում:

 

Դահիճները վերցրին նրանց իբրեւ մեռելների եւ դարձեալ բանտ տարան, ուր երկար օրեր երանելիները տանջւում էին անողորմ դահիճների կողմից՝ հարուածներ ստանալով, քաղցով ու ծարաւով, մերկ մարմնով գետնին պառկելով եւ տեսակ-տեսակ տառապանքներով: Ոչ ոք չէր կարող այցելել նրանց ու դարմանել կերակրով կամ հանդերձներով, որովհետեւ մոգպետից խիստ հրաման էր իջել, ըստ որի՝ եթէ մէկն այցելէր նրանց, կը բռնուէր որպէս յանցաւոր, հարիւր անգամ կը գանահարուէր եւ կը ծայրատուէին նրա ձեռքերը, ռունգերն ու ականջները:

 

Եւ այդպէս երանելի ծերունիները Քրիստոսի սիրոյ համար երեք տարի անտանելի ճգնութիւններով մնացին բանտում: Երբ սովը սաստկանում էր, բանտում նրանց հետ եղող կալանաւորները, գթալով նրանց, պահապանների հետ շղթայակապ ելնում, շրջում էին տնէտուն եւ բանտապահների թոյլտւութեամբ չնչին կերակուր մուրում նրանց համար: Բանտապահները եւս, տեսնելով Քրիստոսի վկաների անցած օրերի անտանելի նեղութիւնները եւ ողորմելի կեանքը, կարեկից էին լինում եւ սգում նրանց համար որպէս հարազատի:

 

Անցան երեք տարիներ, որի ընթացքում սուրբ վկաները բազմաթիւ չարչարանքներ կրեցին: Այնուհետեւ լուր տարածուեց, որ թագաւորը ժամանել է մարերի երկիրը՝ Դաբիդմադան կոչուած գաւառը, որ թարգմանաբար նշանակում է մարերի տուն: Այնժամ մոգպետը, որը տեղի իշխանն էր եւ որի հրամանով տանջանքների էին մատնում սուրբերին, արձակել տուեց նրանց կապանքներից եւ հրամայեց տանել արքունի ապարանք: Երբ տեսնում էին երանելիներին, որոնք այլագունուած էին եւ սաստիկ տկար ու բազմաթիւ նեղութիւններից եւ տանջանքներից նմանուել էին մեռելների, անգամ անգութ հեթանոսներն էին արտասւում եւ սգում նրանց համար: Նրանց տարան արքունի պալատ եւ բերեցին Ատրշապուհ անունով մեծ մոգպետի առաջ, որն արեւելեան երկրների բոլոր մոգերի ու նախարարների իշխանն էր: Այնտեղ էին նաեւ պարսից աշխարհի աւագանին եւ բազմաթիւ մոգեր: Սուրբերը, որ կանգնած էին խոնարհութեամբ, չկամեցան երկրպագել նրանց: Իշխանը հարցրեց նրանց. «Ասացէ՛ք, ո՞րն է ձեր պաշտամունքը: Ինչպէս լսել եմ՝ դուք քրիստոնեաներ էք»: Քրիստոսի քաջ վկաները պատասխանեցին եւ ասացին. «Մենք քրիստոնեաներ ենք ու պաշտում ենք տիեզերքի միակ ճշմարիտ Արարչին եւ մեր Տիրոջը»: Իշխանն ասաց. «Ինչպէս տեսնում եմ, ծեր մարդիկ էք, եւ ձեր անձերը բազմաթիւ նեղութիւններ են կրել: Այդ պատճառով ձեզ խորհուրդ եմ տալիս իբրեւ բարեկամ: Լսեցէ՛ք ինձ, այսուհետեւ խնայէ՛ք ձեզ եւ զուր մի՛ զրկուէք կեանքից: Հնազանդուէ՛ք թագաւորի օրէնքներին եւ երկրպագէ՛ք արեգակին, որպէսզի շահէք ձեզ օգտակարը եւ ձեր կեանքը, որովհետեւ մահուան վճիռ է սահմանուած բոլոր նրանց համար, ովքեր կամակորութեամբ ընթանում են քրիստոնեաների ճանապարհով»: Երանելի Ակեփսիմասը պատասխանեց եւ ասաց. «Քեզ մեծ ջանքեր են պէտք, որպէսզի մեզնից որեւէ մէկին կարողանաս որսալ քո մոլորութեան մէջ: Գիտեմ, որ ջանում ես վրէժխնդիր լինել քո աստուածների համար, որոնց պաշտում ես: Արդ, մի՛ յապաղիր իրականացնել անօրէն խորհուրդներդ, որոնցով սպառնում ես մեզ: Ինչ պիտի անես, արա՛ իսկոյն, որովհետեւ մենք չենք զարհուրում քո սպառնալիքներից եւ չենք վախենում քո պատրաստած տանջանքներից: Հաստատուն է մեր յոյսը, որ ունենք առ Քրիստոս Աստուած, իսկ անօրէն թագաւորի հրամանները մենք յանձն չենք առնում»: Բռնաւորն ասաց նրանց. «Գիտեմ, որ քրիստոնեաներդ մահ էք փնտռում, որը հանգիստ էք կոչում: Եւ զարմանալի ոչինչ չկայ, որովհետեւ մահը վերացնում է պատժապարտների պատիժը: Բայց դուք ինչ որ ցանկանում էք, ես իսկոյն չեմ անի: Մինչ կը կտրեն ձեր գլուխները, ես նորահնար տանջանքներով կտտամահ կ՚անեմ ձեզ, որպէսզի բոլոր քրիստոնեաները, որ կախարդութիւն են անում, լսեն, զարհուրեն եւ սովորեն չհակառակուել արքայի հրամաններին»:

 

Երանելի եպիսկոպոսն ասաց. «Զուր ես սպառնում, որովհետեւ մենք չենք վախենում: Մենք չենք զարհուրում ո՛չ քո տանջանքներից, ո՛չ քո սրից եւ ո՛չ էլ դժնդակ մահից, որովհետեւ Աստուած է, որ զօրացնում է մեզ: Ինչպէս որ մինչ այժմ Նա մեզ համբերութիւն տուեց վշտերն ու նեղութիւնները կրելու համար, այժմ էլ Նա է, որ օգնում է մեզ, որովհետեւ Նրան ենք յուսացել: Արդ, ո՛վ թշուառական, փորձութեան ենթարկիր մեր տկար ծերութիւնը, որ զօրացած է Աստուծով եւ կը ճանաչես Նրա Աստուածութիւնը: Քո ունայն խորհուրդները ամօթահար կը լինեն մեր համբերութիւնից, եւ քո մոլորութիւնը կը յանդիմանուի մեր ճշմարիտ հաւատքից»:

 

Այնժամ անօրէն իշխանը լցուեց սաստիկ բարկութեամբ: Հրամայեց հրապարակից բերել տասնչորս հարուածելու գործիքներ ու նոր արջառաջլեր եւ ասաց. «Երդւում եմ իմ մեծ աստուած արեգակով եւ արքաների արքայ Շապուհ մեծ արքայի կեանքով, որ եթէ չկատարէք թագաւորի կամքը, ձեր մարմինները կ՚ապականեմ տանջանքներով, ձեր սպիտակ մազերը կը ներկեմ արեամբ եւ ամենեւին չեմ խնայի ձեզ, մինչեւ որ դժնդակ տանջանքներով կ՚աւանդէք ձեր հոգիները»: Ակեփսիմասն ասաց. «Տրտմում եմ, երբ երդւում ես արեգակով, որովհետեւ նա աստուած չէ, եւ երդւում նաեւ թշուառ բռնաւորի կեանքով: Վախենամ, թէ չկատարես քո երդումը եւ օրինազանց ու սուտ երեւաս: Որքան էլ մեզ սպառնաս մահով կամ կեանք խոստանաս, մենք չենք ուրանայ մեր ճշմարիտ հաւատքը, որի մէջ հաստատուն ենք: Մենք մեր մարմինները մատնում ենք քո ձեռքը՝ տանջուելու, իսկ մեր հոգիները, որ Աստուած տուեց, աւանդում ենք Նրա ձեռքը: Ինչ որ անելու ես, մի՛ յապաղիր, այլ կատարի՛ր իսկոյն, մենք պատրա՛ստ ենք»:

 

Այնժամ բռնաւորը ցասմամբ աղաղակեց եւ դահիճներին հրամայեց երանելուն պառկեցնել գետնի վրայ, որպէսզի չորս կողմերից հինգական մարդիկ ձգեն նրա վերջոյթներից: Միաժամանակ երկու զօրեղ մարդկանց էլ հրամայեց արջառաջլերով հարուածել նրա որովայնին եւ թիկունքին: Նրա արիւնախառն մարմինն սկսուեց պատառոտուել եւ կտոր-կտոր թափուել գետնին: Մարդկանց ամբոխն աղաղակում էր ու ասում վկային.  «Կատարի՛ր թագաւորի կամքը եւ փրկի՛ր անձդ տանջանքներից»: Իսկ քաջ նահատակը, որքան խօսելու կարողութիւն ունէր, դիմեց բազմութեանը՝ ասելով. «Ես մանկուց սովորել եմ կատարել Աստուծոյ եւ ոչ թէ անօրէն թագաւորի ու բռնաւորների կամքը»: Եւ երբ տանջանքների սաստկութիւնից այլեւս չէր կարողանում խօսել, չար խրատատուներին նշանացի գլխով հասկացնում էր, թէ ձեզ չեմ լսելու: Աչքերը վեր յառած՝ նա աղօթում էր իր սրտում եւ այդ տանջանքների մէջ էլ աւանդեց իր հոգին անպարտելի համբերութեամբ ու կատարեալ խոստովանութեամբ: Սակայն նրա վախճանից յետոյ անգամ հարուածող դահիճները շարունակեցին տանջել սուրբի անշնչացած մարմինը, մինչեւ որ փշրուեցին նրա բոլոր ոսկորները: Մարմինը բարձունքից ցած գցեցին եւ այդպէս քարշ տալով գցեցին քաղաքի փողոցի մէջտեղը: Եւ թէպէտ պահապանները շուրջը նստած հսկում էին սուրբի մարմինը, սակայն երեք օր անց հայոց թագաւորի դստեր հրամանով, որն այդ օրերին պատանդ էր մարերի ամրոցում, գողացան նրա պատուական նշխարները: Արդ, երանելի Ակեփսիմաս եպիսկոպոսի նահատակութիւնը եղաւ հոկտեմբերի տասին:

 

Սուրբ Ակեփսիմասի վկայաբանութիւնից յետոյ սուրբ Յովսէփ քահանային բերեցին Ատրշապուհ անօրէն իշխանի մօտ: Նա հարցրեց. «Տեսա՞ր, թէ ինչպէս քո անմիտ եւ ամբարիշտ ընկերը, չկամենալով հնազանդուել մեր օրէնքներին ու թագաւորի հրամաններին, մեռաւ տանջանքներով եւ անարգ մահով: Եւ արդ, յորդորում եմ քեզ սթափուել եւ չհակառակուել մեր հրամաններին, այլ իսկոյն երկրպագել արեգակին, որպէսզի փրկուես քեզ համար պատրաստուած տանջանքներից»: Սուրբ Յովսէփը պատասխանեց եւ ասաց. «Ես չեմ երկրպագի արեգակին, որովհետեւ նա աստուած չէ, այլ արարած: Ես չեմ կատարի նաեւ թագաւորի հրամանները, որովհետեւ անօրէնը միայն անօրէնութիւն է ուսուցանում եւ հեռացնում Աստուծոյ արդար օրէնքներից: Արդ, ինչ մտադիր ես անել, արա՛ իսկոյն»: Այնժամ բարկացած իշխանը նախորդ օրինակով հրամայեց, որ երեսուն մարդիկ չորս կողմերից պարաններով ձգեն վկային, եւ դահիճներն էլ չուաններով հարուածեն նրան: Անխնայ հարուածեցին նրա թիկունքին եւ կողերին, մինչեւ որ բովանդակ մարմինը պատուեց վէրքերով ու թաթախուեց արեան մէջ: Մօտ կանգնածներն աղաղակում էին եւ ասում նրան. «Ողորմի՛ր քեզ, ո՛վ թշուառական եւ կատարի՛ր թագաւորի կամքը, որպէսզի դադարեն տանջանքներդ, եւ դու էլ չզրկուես կեանքից»: Իսկ երանելին ի լուր ամէնքի համարձակ պատասխանեց եւ ասաց. «Ես ոչ ոքի աստուած չեմ խոստովանի, բացի միակ ճշմարիտ Աստծուց: Ես ունեմ մէկ հաւատք եւ գիտեմ մէկ ճշմարտութիւն, որի մէջ հաստատուն եմ եւ որին դաւանում եմ իմ նահատակակից ընկերների հետ: Երեք ընկերներ ենք, բայց մենք ունենք մէկ կամք եւ մէկ խորհուրդ»: Եւ բազմաթիւ անգամ հարուածելով չարչարեցին նրան այնքան, որ տանջանքների սաստկութիւնից դահիճներին նա անխօս եւ անշունչ թուաց: Մեռած համարելով՝ կիսամեռ երանելուն քարշ տուեցին պարիսպներից դուրս՝ փողոցի միջով, բայց երբ իմացան, որ նա դեռեւս ողջ է, պահապանները հսկեցին նրան:

 

Իշխանը հրամայեց իր առջեւ բերել նաեւ Այիթալաս սարկաւագին: Նա ասաց. «Այսուհետեւ լսի՛ր ինձ եւ մի՛ հակաճառի՛ր այն նոյն յամառութեամբ եւ ընդունայն խորհուրդներով, ինչպէս քո ընկերները, որոնք դառը տանջանքներով ելան աշխարհից եւ զրկուեցին կեանքից: Այլ երկրպագի՛ր արեգակին եւ կատարի՛ր արքայի կամքը, որպէսզի փառք ու պատիւ ստանաս նրանից»: Սուրբ Այիթալասը պատասխանեց եւ ասաց. «Զարմանում եմ քո կուրութեան վրայ, ո՛վ հեղգ եւ թշուառական: Դու խօսում ես իբրեւ անբան եւ անզգայ մէկը ու քո մտքի աչքով չես տեսնում ճշմարիտ եւ Է-ական Աստծուն, որին պաշտում ենք եւ չար խօսքերով կամենում ես պատրել ինձ՝ իբրեւ տխմար մանկան: Նրանք, որ հասակով ծեր էին ինձնից ու մարմնով աւելի տկար, քաջութեամբ յաղթեցին չարչարանքներին եւ Աստուծոյ համար կամաւոր մահուամբ ժառանգեցին երանելի փառքն ու յաւիտենական կեանքը: Եւ ես, որ կրտսեր եմ նրանցից, կը համբերեմ բոլոր նեղութիւններին եւ չարչարանքներին եւ հաստատուն կը մնամ ճշմարիտ հաւատքի մէջ: Ես չեմ կատարի անօրէն թագաւորի կամքը, որը, հեռու լինելով յաւիտենական կեանքի լոյսից, հակառակ է արդարութեանը եւ Աստուծոյ օրէնքներին»:

 

Այս խօսքերից ամբարիշտ իշխանը սաստիկ խռովուեց, լցուած անասելի բարկութեամբ՝ դողաց իր ողջ անդամներով եւ փոխեց երեսի գոյնը: Նրա հրամանով քառասուն զօրեղ մարդիկ չորս կողմերից ձգեցին նրա բազուկներից եւ ոտքերից ու դաժանաբար հարուածեցին փշեղէն մահակներով: Արիւնը, որ հոսում էր նրանից, ներկում էր գետինը, իսկ առաքինի վկան աղաղակում էր եւ ասում. «Ո՛վ պիղծ եւ անմաքուր, ողորմելի՛ եւ թշուառակա՛ն, ինչպէս որ դու ես անզօր ու տկար, այդպէս էլ քո տանջանքները եւ սպասաւորներն են, որոնք չկարողացան յաղթել ինձ: Արդ, եթէ ունես աւելի խստագոյն դաժան դահիճներ, քան սրանք են, հրամայի՛ր, որ միւս անգամ նրանք ինձ չարչարեն, որովհետեւ որքան առաւել լինեն տանջանքները, այնքան առաւել կը լինի Տիրոջ զօրութիւնն իմ մէջ ու աւելի մեծ հատուցում կ՚ունենամ իմ Արարչի կողմից»:

 

Նրանք, ովքեր բազմած էին իշխանի կողքին, զարմանալով սուրբ վկայի համբերութեան եւ համարձակութեան վրայ, ասացին. «Ինչո՞ւ են աղանդաւոր քրիստոնեաները միշտ ծարաւի մահուան եւ չարչարանքների, ինչպէս մէկը, որ կարօտ է հաց ու ջրի»: Իշխանը նրանց ասաց. «Որովհետեւ նրանք գործով կատարում են իրենց Գրքում գրուածները, որոնք առասպելաբանում են, թէ կայ անվախճան այլ կեանք եւ անսպառ ու անանցանելի հատուցում»:

 

Սաստիկ տանջանքներից սուրբի անդամներն անջատուեցին միմեանցից եւ ոսկորները փշրուեցին: Եւ երբ նրան բերեցին իշխանի առաջ, Ատրշապուհն ասաց. «Այսուհետեւ հնազանդուի՛ր եւ կատարի՛ր արքայի կամքը, ու ես կը հրաւիրեմ բժիշկների, որպէսզի նրանք առողջացնեն քեզ»: Երանելի Այիթալասը պատասխանեց. «Բժիշկների ձեռքով առողջանալու քո խրատներն արժանի են ծաղրի, որովհետեւ նրանք բժշկում են երկար օրեր եւ դեղամիջոցներով: Թէեւ խոստանում ես բժշկել ու առողջացնել ինձ, սակայն ես չեմ հեռանայ Քրիստոսի սիրուց, Ով արարել է երկինքն ու երկիրը եւ չեմ երկրպագի արեգակին, որ մեր Աստուծոյ կողմից սահմանուած է ի սպասաւորութիւն մարդկանց»: Ատրշապուհն ասաց. «Թո՛ղ այդ յամառութիւնդ եւ հպարտութիւնդ, կատարի՛ր թագաւորի կամքը, որպէսզի քեզ ներուեն քո հայհոյութիւնները: Իսկ եթէ չլսես մեզ, չարաչար հարուածների մատնելով քեզ նշաւակ կը դարձնեմ քրիստոնեաների մէջ, որպէսզի ոչ ոք չհամարձակուի արհամարհել աստուածներին եւ թագաւորին»: Այիթալասն ասաց. «Ո՛վ երիցս թշուառական, դու ակամայից մարգարէացար, որ ես բարի օրինակ կը լինեմ քրիստոնեաների համար, եւ նրանք չեն անտեսի իմ համբերութիւնը, այլ կը քաջալերուեն եւ կ՚արհամարհեն ձեր ամբարտաւանութիւնը: Ես բարի անուն եւ յիշատակ կը թողնեմ նրանց, ովքեր կը գան իմ յետեւից: Նրանց օրինակ կը լինեն իմ համբերութիւնը, նահատակութեան պատերազմը եւ յաղթանակը, որ կրեցինք ես եւ իմ ընկերները մեր ծերութեան մէջ, որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան օրը ժառանգենք անապական եւ անեղծ պսակները»:

 

Այնժամ Ատրշապուհ իշխանն իր մօտ կանչեց Ատրքուրքաշար մոգպետին, որն Ադիաբաս նահանգի իշխանն էր, եւ ասաց նրան. «Եթէ դեռեւս ողջ են այն մոլորեցնողները, տա՛ր նրանց իրենց հայրենի քաղաքը՝ Արբիլ, հաւաքի՛ր այնտեղ ապրող քրիստոնեաներին եւ որքան էլ չկամենան, սպառնալիքներով եւ ցասումով հրամայի՛ր, որ քարկոծեն դրանց»: Եւ իսկոյն հրամայեց պատրաստել երկու գրաստ, Յովսէփին եւ Այիթալասին դնել դրանց վրայ՝ կապելով բոլոր կողմերից, որովհետեւ նրանց մարմինների անդամներն անջատուած էին, իսկ ոսկորները՝ փշրուած: Երբ ճանապարհին հասան օթեւաններից մէկին, անաստուած զինուորները նրանց գցեցին գետնին եւ այդպէս ամբողջ ճանապարհը տարան քարշ տալով՝ մատնելով նրանց անողորմ տանջանքների: Հասան Արբիլ քաղաք եւ այնտեղ սուրբերին փակեցին մի խաւարտչին բանտում: Այնտեղ երանելիներն ընկած էին անշարժ դիակների պէս՝ շարաւալից եւ արնաթաթախ, իսկ զինուորները նստած հսկում էին, որպէսզի քրիստոնեաներից որեւէ մէկը չմօտենայ նրանց: Արբիլ քաղաքում կար քրիստոնեայ եւ ազնուազարմ մի կին, որի անունը Եզանդուխտ էր, որը թարգմանաբար նշանակում է Աստուծոյ դուստր: Ըստ Յայսմաւուրքի՝ նա յիշատակւում է նաեւ այլ նահատակների վարքագրութիւններում: Նա հոգ էր տանում բոլոր խոստովանողների, վկաների եւ բոլոր կալանաւորների համար, որոնք Քրիստոսի համար փակուած էին բանտերում: Այցելում էր նրանց, դարմանում եւ կերակուր ու մթերք հասցնում: Երբ նա լսեց սուրբ Յովսէփի եւ Այիթալասի մասին ու իմացաւ, որ նրանք գտնւում են բանտում՝ սաստիկ նեղութիւնների մէջ, կանչեց բանտապահներին, նրանց շատ ոսկի տուեց եւ խնդրեց, որ մուտք գործի ու տեսնի սուրբերին, իսկ եթէ դա անհնար լինի, ապա գոնէ թոյլ տան, որ մի գիշեր նրանց իր տուն տանի: Բանտապահները վախեցան կնոջը ներս թողնել, սակայն խոստացան կատարել նրա կամքը եւ թոյլատրել տանել միայն մէկ գիշեր: Քրիստոսասէր կինն ուղարկեց իր ծառաներին՝ սուրբերին իր տուն բերելու համար: Եւ երբ Եզանդուխտը տեսաւ անմարդկային հարուածներից սաստիկ վիրաւորուած սուրբերին, մաքուր կտաւներով սկսեց մաքրել արիւնն ու թարախը եւ վիրակապել: Նա համբուրում էր նրանց ջարդուած անդամներն ու վէրքերը, օծում անոյշ իւղերով եւ ողջ գիշեր լալիս դառնապէս, իսկ սուրբերն անշունչ էին ու անզգայ: Քիչ անց սուրբ Յովսէփն ուշքի եկաւ եւ, տեսնելով կնոջը, որ լալիս էր, ասաց նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես այդպէս դառնապէս ողբում եւ իբրեւ առաքինասէր քրիստոնեայ չես ուրախանում մեր չարչարանքների ու մահուան համար»: Առաքինի կինը պատասխանեց ու ասաց. «Քրիստոսի սուրբ վկանե՛ր, ես չեմ լալիս ձեր մահուան համար, քանի որ ցանկալի է գոհութեամբ ուրախակից լինել ձեզ եւ տեսնել ձեր վկայութեամբ նահատակութիւնը: Սակայն ես ցաւակցելով հառաչում եմ, դառնապէս լաց լինում ու փղձկում սրտիս թախիծով, որովհետեւ տեսնում եմ ձեզ՝ այդպէս նուաղած ու տանջանքների մէջ»: Սուրբ Յովսէփը պատասխանեց նրան ու ասաց. «Քո՛յր իմ, մի՛ տրտմիր: Հաւատա՛, որ իմ նուաղութիւնն ուրախութիւն եւ ցնծութիւն է ինձ համար հանդերձեալ երկրում, ինչպէս որ մեր Քրիստոս Փրկիչն ասաց. "Անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն"[1] եւ դարձեալ՝ "Ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի"[2]: Եւ երանելի առաքեալն էլ ասում է. "Երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի"[3] եւ դարձեալ՝ "Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ"[4]: Արդ, ո՛վ կին, երբ տեսնում ես հաւատացեալ մէկին, որը Քրիստոսի համար մատնուել է նեղութիւնների եւ չարչարանքների ու համբերում է, ցնծա՛, ուրա՛խ եղիր ու գոհացի՛ր Աստծուց, որովհետեւ որքան համբերութեամբ նեղութիւններ են կրում, այնքան շատ են լինում պսակներն ու հատուցումները»:

 

Երբ առաւօտը բացուեց, պահապանները եկան եւ նրանց բանտ տարան: Եւս վեց ամիս՝ մինչեւ ապրիլ ամիսը, շղթայակապ մնացին բանտի արգելարանում եւ դժնդակ նեղութիւնների մէջ, որոնք խօսքով ոչ ոք չի կարող պատմել: Այդ ժամանակահատուածում մեռաւ, կամ իշխանութիւնից հեռացաւ մոգպետը, որը դատում էր վկաներին, եւ նրան փոխարինեց այլ մոգպետ՝ Զիրուդ կամ Զարուշատ անունով՝ աւելի չար ու դաժան մէկը, քան նախորդը: Նա հրաման էր ստացել արքայից առաւել խիստ կտտանքներով չարչարել ու նեղել հաւատացեալների վարդապետներին, իսկ միւս քրիստոնեաների համար պատուէր էր ստացել նրանց բռնութեամբ հաղորդ դարձնել անօրէն հեթանոսներին եւ մոգերին ու քարկոծել տալ քահանաներին եւ քրիստոնեայ առաջնորդներին:

 

Այնժամ մեծ խռովութիւն եւ անասելի տրտմութիւն ընկաւ հաւատացեալների մէջ:  Նրանք սաստիկ վախեցան անօրէն թագաւորից ելած այս հրամանից: Քրիստոնեաները ցրուեցին լեռներում, քարայրներում եւ քարանձաւներում, որ թերեւս կարողանան փրկել իրենց անձերը, ստիպողաբար հաղորդ չլինեն անօրէններին ու նրանց հետ չքարկոծեն Քրիստոսի սուրբ վկաներին: Արդ, երբ Զարուշատ մոգպետը եկաւ Արբիլ քաղաք եւ մտաւ տաճար՝ կրակին երկրպագելու, ատրուշանների սպասաւորները մօտեցան նրան ու ասացին. «Այստեղ քրիստոնեաների աղանդի երկու գլխաւոր առաջնորդներ կան բանտում: Երեք տարուայ եւ վեց ամսուայ ընթացքում Ատրքուրքաշար մոգպետը, որ կար քեզնից առաջ, բազմաթիւ անգամ տանջանքների մատնեց նրանց, սակայն ամենեւին չկարողացաւ տկարացնել եւ հնազանդուել տալ մեր օրէնքներին ու թագաւորի հրամաններին»: Այս լսելով՝ մոգպետը հրամայեց նրանց իր առջեւ բերել: Սկսեց ահարկութեամբ խօսել նրանց հետ եւ ասել. «Ո՛վ յանդուգն եւ խստապարանոց ամբարտաւաննե՛ր, դեռ չէ՞ք զարհուրել արքաների արքայ մեծ Շապուհ թագաւորի սպառնալիքներից, որը հնազանդեցրել է բոլոր ազգերի թագաւորութիւններին եւ գրաւել մեծամեծ ու բազմաթիւ քաղաքներ: Դուք հպարտօրէն բնակւում էք նրա երկրում եւ քաղաքում, բայց անարգում էք նրան, արհամարհում նրա օրէնքները եւ ոտքի տակ տալիս նրա հրամանները»: Երանելի Յովսէփը պատասխանեց ու ասաց. «Եթէ իրօք ըմբոստութեամբ արհամարհում ենք քո թագաւորին, ինչպէս որ ասացիր, ու մենք նրա թշնամիներն ու ոսոխն ենք, ապա ինչո՞ւ նա չպատերազմեց մեր դէմ զէնքով ու զինուորներով, ինչպէս այլ թագաւորների դէմ, որոնց դու յիշատակեցիր, այլ ուղարկեց քեզ՝ հեղգիդ, թշուառիդ եւ բոլոր մարդկանցից ամենատկարիդ: Քո սիրտը դողում է քամուց շարժուող տերեւից: Դու պատերազմ չես տեսել, անգամ քաջ մարդկանց հետ անտառում որս չես արել, այլ քո բոլոր գործերը պղերգութեամբ են, կանանց հետ ամօթալի աղտեղութեամբ, եւ դեռ ամաչում եմ ասել աւելին: Դու անամօթ լրբութեամբ եկար այստեղ ոչ թէ մեզ յաղթելու, այլ մեզնից յաղթուելու, որովհետեւ ո՞վ կարող է յաղթել նրանց, ովքեր հաւատում են ճշմարիտ Աստծուն եւ զինուորագրուած են Նրա զօրութեամբ: Ուստի դու չեկար նուաճելու թագաւորի դէմ ապստամբողներիս, այլ կարծեցիր, թէ կը մոլորեցնես մեզ եւ կը դարձնես քեզ նման թշուառական ու գեհենի որդի: Սակայն առ Աստուած մեր յոյսը հաստատուն է եւ Նրա սիրոյ համար մենք կը համբերենք բոլոր չարչարանքներին, որ կը գան մեզ վրայ: Իսկ այժմ ժամավաճառ մի՛ եղիր, որովհետեւ դառը թոյնով լի քո խօսքերը մեր ականջներից ներս չեն մտնում»: Մոգպետն ասաց. «Աղանդաւոր եւ ամբարիշտ կախա՛րդ, քո արհամարհանքի եւ անարգանքների հանդէպ ես համբերատար կը լինեմ, որովհետեւ ակնկալում ես, թէ ես, բարկացած լինելով, շուտափոյթ մահուան վճիռ կ՚արձակեմ, եւ դու կ՚ազատուես քեզ համար պատրաստուած բոլոր տանջանքներից: Այդպէս չի լինի: Եթէ չսթափուես, ես դանդաղ տանջելով մորթազերծ կ՚անեմ քեզ»: Յովսէփն ասաց. «Ճշմարիտ գիտեմ, որ ներքուստ սիրտդ լի է դառնութեամբ, իսկ ամբողջ մարմինդ՝ նենգութեամբ: Ապականիչ վիշա՛պ, դու անմեղ մարդկանց արեան ծարաւն ունես: Արդ, այսուհետեւ յայտնի՛ր քո նենգութիւնը եւ ցո՛յց տուր քո իշխանութեան զօրութիւնը: Մերկացրո՛ւ սուսերդ, ո՛վ արիւնարբու, եւ խողխողի՛ր սուսերովդ: Փարատի՛ր քո բարկութիւնը իմ անպարտ մահով, եւ դու իրաւամբ կը դատապարտուես Դատաստանի օրը ու յաւիտեան կը մատնուես գեհենի հրին: Իսկ այժմ ուղարկի՛ր մեզ երկնքի Արքայութիւն, եւ Աստուած Ինքը կը կ՚աւերի ձեր ժամանակաւոր ու անցաւոր թագաւորութիւնը եւ իշխանութիւնը»:

 

Սաստիկ բարկացած անօրէնը հրամայեց ոտքի մատներից գլխիվայր կախել նրան, արջառաջլերով եւ փշալից գաւազաններով հարուածել ու պատառոտել ամբողջ մարմինը: Սուրբի թիկունքից, կողերից եւ լանջից շարաւախառն արիւնը հոսում էր վտակի պէս: Չհանդուրժելով այս տեսարանը՝ ամբոխը, որ գտնւում էր այդտեղ, արտասւում էր նրա համար եւ դառնապէս լաց լինում, իսկ մոգերը շշնջում էին վկայի ականջին եւ ասում. «Ահաւասիկ ամբողջ ժողովուրդը ցաւում է քեզ համար: Թո՛ղ յամառութիւնդ: Իսկ եթէ ամօթ ես համարում բազմութեան առաջ զեղջ ցուցաբերել, ապա քեզ ծածուկ կը տանենք տաճար, որպէսզի այնտեղ երկրպագես կրակին ու ազատուես տանջանքներից»: Երանելի վկան իր ամբողջ զօրութեամբ աղաղակեց եւ ասաց. «Հեռացէ՛ք ինձնից, անօրէն ու անիրաւ մշակնե՛ր: Դուք, որ կամենում էք ինձ կորստեան մատնել՝ երկրպագել տալով կրակին, ինքներդ էք մատնուելու գեհենի հրին: Բորբոքէ՛ք հուրը եւ ինքներդ ծառայեցէ՛ք դրան, որը յաւիտեան պիտի այրի ձեզ»:

 

Եւ այսպէս ոտքերից կախուած սուրբ ծերունին, որ շատ ուրախ էր այդ չարչարանքների համար, մինչեւ օրուայ երրորդ ժամը հարուածներ էր ստանում: Այնուհետեւ մոգպետը հրամայեց իջեցնել նրան կախաղանից եւ ասաց. «Ցնորուած ծե՛ր, այժմ կատարի՛ր արքաների արքայի հրամանը, համոզուի՛ր եւ կ՚ապրես»: Վկան ասաց. «Թող երբէք չլինի, որ ես ապրեմ այն կեանքով, որով դուք էք ապրում»: Մոգպետն ասաց. «Եթէ քեզ մահուան վճիռ տամ, ախորժելով յանձն կ՚առնե՞ս, թէ՞ կը դժկամես»: Սուրբը պատասխանեց. «Այն մահը, որ կ՚ընդունեմ քո ձեռքից, ինձ եւ ինձ նման քաջասիրտ անձանց համար յաւիտենական կեանք է, իսկ եթէ դու ինձ կեանք տայիր, ես այն մահ կը համարէի»: Մոգպետն ասաց. «Ահա ամբողջ մարմինդ իսպառ ապականուել է, իսկ հոգիդ, որ քո մէջ է, այժմ կը հանեմ՝ բաժանելով քո մարմնից, որպէսզի այլեւս չվերադառնայ նրան»: Յովսէփն ասաց. «Հոգիս կորստեան մատնելու իշխանութիւն չունես ո՛չ դու, ո՛չ քո թագաւորը, որովհետեւ մեր սուրբ աւետարանում գրուած է. "Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը"[5]: Եւ արդ, դու իշխանութիւն ունես մարմնիս վրայ, որին տանջանքներով կործանեցիր, իսկ հոգիս կործանելու կամ ապրեցնելու իշխանութիւն ունի իմ Տէրը եւ Աստուածը՝ Իր գալստեան օրը երկնքից: Ահա երբ դարձեալ նորոգուեն մեր մարմինները, Նրան հաւատացողներիս եւ յուսացողներիս համար անճառ բարիքներ են գանձուած, իսկ ձեզ՝ ամբարիշտներիդ համար պատրաստուած է անշէջ հուրը, քայքայիչ որդը, ատամների կրճտումը եւ արտաքին խաւարը»:

 

Անօրէն մոգպետը, ծաղրելով սուրբին, ասաց. «Եթէ իրապէս այնպէս պիտի լինի, որ ձեզ այնտեղ պսակներ ու պատիւ են սպասւում, ապա մեծ են իմ երախտիքները քո հանդէպ, որովհետեւ ես քեզ հատուցում եմ այդպիսի մեծ բարիքներով: Իսկ դու ինչպէ՞ս ես վրէժխնդիր լինում ցաւերիդ համար»: Երանելի Յովսէփն ասաց. «Այդպէս չէ, ինչպէս կարծում ես: Բարիներին հատուցումը բարիքներն ու անապական կեանքն է, իսկ չարերին հատուցումը Տիրոջից է՝ ըստ նրանց գործերի: Արդ, մեր ամենաահեղ Փրկչի եւ Աստուծոյ խօսքով մեր աստուածապատում գրքում գրուած է, թէ աղօթէք նրանց համար, ովքեր հալածում եւ չարչարում են ձեզ: Այդ պատճառով ես աղօթում եմ քեզ համար, որ յետ դառնաս քո մոլորութիւնից եւ ամբողջ սրտով հաւատաս ճշմարիտ Աստծուն, որպէսզի Աստուած ընդունի քո դարձը, ների քո բոլոր յանցանքները եւ արժանացնի անանց բարիքներին»: Անօրէնն ասաց. «Այս պահին թո՛ղ խնդիրներդ եւ գնա՛ այն աշխարհում խօսիր այդ ամէնը, ուր ակնկալում ես գնալ: Բայց իմացի՛ր, որ եթէ չկատարես թագաւորի կամքը, քեզ տրտմութիւններով եւ նեղութեամբ կ՚ուղարկեմ այնտեղ»: Յովսէփն ասաց. «Իմ փափագն ու ցանկութիւնն է, որ ինձ շուտափոյթ ուղարկես, եւ ես այդ յոյսով կը համբերեմ չարչարանքներին»: Մոգպետն ասաց. «Այժմ չեմ անի այն, ինչ խնդրում ես, այլ քեզ հասցրած զանազան եւ աներեւակայելի տանջանքների միջոցով պիտի զարհուրեցնեմ բոլոր քրիստոնեաներին, որպեսզի նրանք ընդունեն մեծ թագաւորի օրէնքները»:

 

Սուրբ Յովսէփը պատասխանեց եւ ասաց. «Այն բոլոր չարչարանքները, որոնց մատնեցիք թէ՛ դու եւ թէ՛ քեզնից առաջ եղած բռնաւորները, Աստուծոյ շնորհած զօրութեամբ ես տարայ ու համբերեցի: Իսկ ինչ որ քո չարութեամբ խոստանում ես պատճառել, կ՚ընդունեմ սիրով, որովհետեւ իմ օգնականը դարձեալ Աստուած է, Ով զօրացնում է ինձ եւ համբերութիւն պարգեւում: Բոլորի տարիքի քրիստոնեաները, տեսնելով իմ համբերութիւնն այս ծեր հասակում, օրինակ կ՚առնեն ինձնից, կը զօրանան, կ՚արհամարհեն ձեր սպառնալիքները, ոտքի տակ կը տան ձեր ամբարտաւանութիւնը եւ ձեր անօրէն օրէնսդրին, որն ինքը՝ բանսարկուն է, որին ես յաղթեցի իմ Փրկչի զօրութեամբ եւ մինչեւ մահ Նրանով յաղթող կը լինեմ»: Այնժամ բռնաւորը զինուորներին հրամայեց դարձեալ բանտարկել նրան:

 

Այնուհետեւ կանչեց Այիթալասին եւ ասաց նրան. «Ասա՛ դու ինձ, դեռեւս նոյն յամառութեան մէ՞ջ ես, թէ հնազանդւում եւ երկրպագում ես արեգակին ու փրկւում տանջանքներից»: Սուրբ Այիթալասն ասաց. «Կենդանի է իմ Քրիստոս՝ կենդանի Աստուծոյ Որդին, որին յուսացել եմ ճշմարտութեամբ եւ յանուն Նրա համբերում եմ այս ամէնին: Ես ամէնքի Արարչին չեմ փոխանակի արարածների հետ եւ նրանց երկրպագութիւն չեմ մատուցի»: Այնժամ հրամայեց գլխիվայր կախել նրան եւ սաստիկ տանջել: Իսկ նա երկար տանջանքների մէջ մեծաձայն աղաղակում էր եւ ասում. «Ես քրիստոնեայ եմ, ես քրիստոնեայ եմ, թող բոլորն իմանան, որ ես քրիստոնեայ եմ եւ Քրիստոսի համար եմ այսպէս չարչարւում»:

 

Բանտում կար կալանաւորուած մի մանիքեցի: Մոգպետը հրամայեց նրան իր առջեւ բերել, իսկ Այիթալասին իջեցնել կախաղանից, որպեսզի նա տեսնի մանիքեցու ուրացութիւնը եւ օրինակ վերցնի: Արդ, երբ տանջեցին մանիքեցուն եւ ստիպեցին ուրանալ իր հաւատքը ու զոհ մատուցել, նա սկզբում ընդդիմացաւ եւ չկամեցաւ, բայց երբ աւելացրեցին նրա տանջանքները, բարձրաձայն աղաղակեց, նզովեց իր հաւատքը եւ մանիքեցիների վարդապետութիւնը: Ապա նրա առջեւ անթիւ մրջիւններ լցրին, որոնց մանիքեցիները պատւում էին իբրեւ բանական կենդանիների եւ աւելին՝ արժանի էին համարում աստուածային պատուի: Եւ երբ ստիպեցին նրան, որ ոչնչացնի դրանց, նա իսկոյն ոչնչացրեց: Այնժամ մոգպետն Այիթալասին ասաց. «Տեսա՞ր, թէ ինչպէս մանիքեցին իսկոյն ուրացաւ իր հաւատքը»: Իսկ քրիստոսասէր սուրբ վկան, տեսնելով մոլորամիտ մարդու արագ ուրացութիւնը եւ իր համբերութիւնը՝ հենուած ճշմարտութեան վրայ, անչափ ուրախացաւ: Մեծ ուրախութիւնից դէմքը պայծառ վարդի պէս դարձաւ, փայլեց արեգակի լոյսի պէս, գոհացաւ Աստծուց եւ ասաց. «Թշուառական մանիքեցին յաղթուեց եւ սպանեց իր աստծուն, իսկ ես երանելի եւ երիցս երանելի եմ, որովհետեւ յաղթեցի եւ ինձնով յաղթեց Յիսուս Քրիստոս՝ Մարիամի Որդին, իմ բարձրեալ Աստուծոյ Որդին, կենդանի Աստուածը, Ով ծնուեց Հօրից նախքան յաւիտեանները»:

 

Այս լսելով՝ անասելի բարկութիւնից փոխուեց անօրէն մոգպետի երեսի գոյնը: Նրա հրամանով դարձեալ տանջեցին նրան այնքան, որ թուաց թէ մեռաւ, որովհետեւ սաստիկ տանջանքներից նա չէր կարողանում ելնել: Այնժամ մերկ եւ կիսամահ քարշ տուեցին նրան եւ գցեցին ճանապարհին, որով գնում-գալիս էր քաղաքի ամբոխը: Մոգերից մէկը տեսնելով ալեւոր եւ պատուական մարդուն, որն ընկած էր խոշտանգուած ու մերկ, կարեկցեց նրան, հանեց իր վերարկուն եւ ծածկեց նրան: Իսկ չարամիտ մոգերից ոմանք, տեսնելով այդ, բարկացան, բռնեցին այդ մարդուն եւ տարան մոգպետի ատեանի առաջ: Եւ նրա հրամանով տանջեցին նրան՝ երկու հարիւր հարուած հասցնելով: Այնուհետեւ մոգպետը հրամայեց Այիթալասին վերցնել այդ տեղից ու դարձեալ բանտ տանել:

 

Հինգ օր անց լուր տարածուեց, թէ Թամշապուհը ժամանել է Բեթթաբահ աւան: Այնժամ մոգպետի հրամանով երկու վկաներին՝ Յովսէփ քահանային եւ Այիթալաս սարկաւագին, հանեցին բանտից եւ բերեցին Թամշապուհի՝ որպէս դատաւորների գլխաւորի առաջ: Եւ նա ասաց նրանց. «Ճաշակեցէ՛ք արիւնից, եւ ես կ՚արձակեմ ձեզ, որովհետեւ խնայում եմ ձեր ծերութիւնը»: Իսկ սուրբերն ասացին. «Ձեզ՝ մոլեկան գազաններիդ է պատշաճ արիւն ճաշակելը, որովհետեւ արիւնահեղութիւնը ցանկալի է ձեզ»: Եւ երբ չկարողացաւ որեւէ կերպ համոզել նրան, հրամայեց գանահարել նրանց: Այնտեղ գտնուողներից ոմանք կարեկցում էին եւ ասում. «Կամենո՞ւմ էք, որ ձեզ բերենք արնանման խորտիկներ, կամ խաղողի արնանման մզուածք, որպէսզի խմէք իշխանի առջեւ, փրկուէք եւ զուր չմեռնէք»: Իսկ սուրբերն աղաղակեցին եւ ասացին. «Քա՛ւ լիցի, թէ մենք կը պղծենք մեր ծերութիւնը, մարդկանցից վախենալով՝ կ՚ընկնենք մեր հաւատքի բարձրութիւնից ու կը ստենք ճշմարտութեանը»: Սրա համար սուրբերից իւրաքանչիւրին քառասուն հարուած հասցրին:

 

Տեսնելով, որ ոչինչ չի շահում, բռնաւորն ասաց նրանց. «Կամենո՞ւմ էք, որ ձեզ միս բերեն, որը չլինի զոհաբերուածներից եւ ոչ էլ խեղդամահ արուածներից: Կերէ՛ք այն, եւ ես կ՚արձակեմ ձեզ»: Սուրբերն ասացին. «Ամէն բան, որ պիտի բերուի քո հրամանով, անմաքուր է, որովհետեւ քո խօսքերն իսկ լսելը պղծութիւն եւ պագշոտութիւն են բերում, ուստի մենք չենք լսի քեզ: Իսկ այժմ արձակի՛ր մեր մահուան վճիռը, ինչպէս որ կամենում ես»:

 

Այնժամ մոգպետն ու Թամշապուհը խորհրդակցեցին այլ իշխանների հետ եւ միաբան հրամայեցին, որ հաւաքեն քրիստոնեայ տղամարդկանց, կանանց, իշխաններին, ծառաներին եւ ռամիկներին, որպէսզի նրանք քարկոծեն վկաներին: Եւ երբ հաւատացեալները յանձն չէին առնում, անօրէն զինուորները բռնութեամբ ստիպում էին նրանց: Այլ քրիստոնեաների հետ բռնեցին նաեւ նախայիշատակեալ ազնուական եւ առաքինի կնոջը՝ Եզանդուխտին, որը յանձն չէր առնում կատարել անօրէն հրամանը, այլ խնդրում էր սուրբերի աղօթքը: Զինուորները սուրբ Յովսէփին տարան ատեանի մօտ, սպասաւորները կանչեցին մոգպետին, եւ նա ուրախութեամբ իսկոյն եկաւ սուրբի մօտ՝ կարծելով, թէ նա կը կատարի իր կամքը: Սուրբը թքեց նրա երեսին ու ասաց. «Ով պի՛ղծ եւ անմաքո՛ւր, չե՞ս ամաչում, որ ինձ, որ համարեայ թէ մեռած եմ, դարձեալ հարցաքննութեան ես կանչում: Չտեսա՞ր, որ քո կողմից այսքան չարչարանքների ենթարկուելով՝ մենք անսասան պահեցինք մեր հաւատքը, համբերեցինք եւ կը համբերենք մինչեւ մեր մահուան օրը»: Այնժամ Թամշապուհը, նրա հետ նստած մոգերը եւ բոլոր իշխաններն սկսեցին ծաղրել մոգպետին, նախատեցին եւ ասացին. «Ո՞վ քեզ ստիպեց այդքան մօտենալ նրան ու այդպիսի անպատւութիւն կրել», եւ նա շատ ամաչեց:

 

Եւ ապա սուրբ Յովսէփին քարկոծելու հրաման ելաւ: Դահիճները նրան տարան քաղաքից դուրս: Նրա յետեւից բռնութեամբ տարան նաեւ շուրջ հինգ հազար քրիստոնեայ կանանց եւ տղամարդկանց, որոնք ողբում եւ լաց էին լինում: Մի տեղ փոս փորեցին, վկային կապեցին, նրան նստեցրին այնտեղ եւ ապա հաւաքուածներին ստիպեցին նրա վրայ քարեր նետել: Ստիպում էին նաեւ այն կնոջը, իսկ նա աղաղակում էր եւ ասում. «Երբէք կանայք պատերազմ չեն վանել եւ ոչ էլ մարդ են սպանել, ինչպէս որ դուք էք մեզ ստիպում անել: Թողած թշնամիների դէմ պատերազմելը, ձեր զէնքերը քաղաքացիների վրայ էք դարձնում, վերացնում էք երկրի խաղաղութիւնը եւ լցնում խռովութեամբ ու արիւնահեղութեամբ»: Այս լսելով՝ անօրէնները կնոջ ձեռքը տուեցին ասեղնածայր եղէգ եւ ասացին. «Եթէ չես կամենում քարեր նետել դրա վրայ, ապա այս եղէգով հարուածիր նրա գլխին, որպէսզի տեսնենք քո հպատակութիւնը արքաների արքային»: Իսկ սքանչելի կինն ասաց. «Քա՛ւ լիցի, որ անեմ այդ բանը: Ես պատրաստ եմ դրանով վիրաւորել ինձ, եւ ոչ թէ Քրիստոսի սուրբ նահատակին: Եթէ ինձ սպանելու իշխանութիւն ունէք, ահաւասիկ պատրաստ եմ յօժարութեամբ մեռնել, սակայն հաղորդ չլինել արդարի արեանը»: Այսպէս առաքինի կինն իրեն հրամանից ազատ պահեց, իսկ ամբողջ բազմութիւնը, հակառակ իր կամքի, քարկոծեց ծերունի սուրբ Յովսէփ քահանային: Խոր փոսը լցուեց քարերով: Քարերը դիզուեցին, կուտակուեցին եւ հասան մինչեւ սուրբի գլխին: Իշխաններից մէկը, իբրեւ գթալով նրան, թէ նա կը տագնապի երկար հոգեվարքից, հրամայեց դահիճներից մէկին մի մեծ քարով հարուածել սուրբի գլխին: Այդպէս երանելին իսկոյն աւանդեց իր հոգին: Երեք օր պահապանները հսկում էին նրա նշխարները: Երրորդ թէ չորրորդ օրը մեծ երկրաշարժ եւ կարկուտ եղաւ, լսուեցին որոտի ձայներ ու հողմ բարձրացաւ, որից երկրի բոլոր բնակիչները զարհուրեցին եւ ահուդողի մէջ ընկան: Երկնքից հուր իջաւ, որն այրեց պահապաններից ոմանց, գլորուեցին կուռքերի տաճարի քարերը: Այդ ընթացքում սուրբի նշխարներն աներեւոյթ եղան, եւ որեւէ մէկը չիմացաւ, թէ ինչ եղան դրանք: Մեր ճառընտիրը գրում է. «Պատռուած տեղը ծածկեց նշխարները, որպէսզի դրանք չայրուեն անօրէնների կողմից»: Իսկ քաղդէական վկայաբան սուրբ Մարութասն ասում է. «Արդեօք Աստուծո՞յ, թէ՞ մարդկանց կողմից ծածկուեց հողով, մինչ օրս չգիտենք, որովհետեւ մինչեւ այժմ նրա գերեզմանի տեղը չի գտնուել»: Քրիստոսի վկայ սուրբ Յովսէփ քահանան նահատակուեց Տիրոջ 380 թուականին՝ Պենտեկոստէի առաջին եօթնեակի վեցերորդ օրը:

 

Սուրբ Յովսէփի նահատակութիւնից յետոյ դահիճները Թամշապուհի եւ մոգպետի հրամանով սուրբ Այիթալաս սարկաւագին տարան Բեփնուհադրաս գաւառի Գաստկարաս մարդաշատ գիւղաքաղաքը, ուր հաւաքուել էր քրիստոնեայ կանանց եւ տղամարդկանց բազմութիւն: Սուրբին կապուած ձեռքերով ու ոտքերով հանեցին մի բարձրադիր վայր եւ հաւաքուած քրիստոնեաներին ստիպեցին քարկոծել նրան: Եւ նրանք, հակառակ իրենց կամքի՝ կատարեցին այդ անարժան գործը. նետեցին այնքան, որ մեծ քարակոյտ առաջացաւ: Եւ այդպէս երանելի Այիթալասը դառը տանջանքներով Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին Պենտէկոստէի վերջին եօթնեակի չորրորդ օրը, այսինքն մայիսի 27-ին: Երեք օր պահապանները հսկեցին սուրբ վկայի մարմինը, որից յետոյ քրիստոնեաները ծածուկ տարան սուրբի նշխարները, պատեցին մաքուր կտաւներով եւ մի ապահով տեղում դրեցին գերեզմանում:

 

Սուրբի նահատակութեան վայրում հրաշքներ եղան: Այդ տեղում մրտենու մի ծառ բուսեց, որի տերեւը բժշկում էր բոլոր տեսակի ցաւերը, սակայն հինգ տարի անց մոգերն իրենց չարութիւնից կտրեցին ծառը եւ արմատախիլ արեցին: Պատմում են նաեւ մէկ այլ հրաշքի մասին, թէ սուրբ Այիթալաս սարկաւագի քարկոծման տեղում զարմանալի տեսիլք երեւաց. գիշերուայ մէջ յայտնապէս երեւաց հրեշտակների գունդը, որոնք իջնում էին երկնքից եւ դարձեալ երկինք ելնում՝ սաղմոսներով օրհնելով եւ փառաւորելով Աստծուն, Որին վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

 

[1] Մատթ. Է 14:

[2] Մատթ. Ժ 22:

[3] Բ Կորնթ. ԺԱ 25:

[4] Հռոմ. Ը 18:

[5] Մատթ. Ժ 28: