Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։17

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:14
   

Որոգինես

Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»:
   
   Եթե մենք մտածենք այն մասին, թե ինչպես մի քանի տարվա ընթացքում (չնայած այն հանգամանքին, որ ուսուցիչները սակավ էին, քրիստոնեություն դավանողները ճնշումների էին ենթարկվում, նրանցից ոմանք սպանվում էին դրա համար, իսկ մյուսները կորցնում էին իրենց ունեցվածքը) Աստծու Խոսքը հնարավոր եղավ այնպես քարոզել ամբողջ տիեզերքում (Մատթ. 24:14), որ և՛ հույները, և՛ բարբարոսները, և՛ իմաստունները, և՛ հիմարները Հիսուսի միջոցով միացան Աստծու երկրպագությանը (Հռոմ. 1:14),  ապա մենք չենք հապաղի այս գործը ամբողջ մարդկայինը գերազանցող անվանել: Ի վերջո, Հիսուսը ևս ուսուցանում էր այն մասին, որ խոսքն ավելի կամրապնդվի իր ամբողջ ուժով և էլ ավելի համոզիչ կդառնա:
   

Եվսեբիոս Կեսարացի

Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»:
   
   «Եվ ինչպե՞ս,– Վարպետին պատասխանելով, իհարկե, կասեն աշակերտները,–  դա հնարավոր կլինի մեզ համար»: Մենք ինչպե՞ս պետք է քարոզենք, օրինակ՝ հռոմեացիներին: Ինչպե՞ս պետք է խոսենք եգիպտացիների հետ: Ի՞նչ բառերով պետք է դիմենք հելլեններին: Մենք բացառապես սիրիական  իմաստությամբ և խոսքով դաստիարակված մարդիկ ենք: Եվ ինչպե՞ս պետք է համոզենք պարսիկներին, հայերին, քաղդեացիներին և սկյութացիներին, հնդիկներին կամ այլ բարբարոս ժողովուրդերին, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց հայրենական աստվածներից և սկսեն պաշտել ամբողջ տիեզերքի միակ Արարչին: Խոսքի ինչպիսի՞ վարպետության վրա հիմնվելով՝ սկսենք այս առաքելությունը: Եվ արդյո՞ք պետք է հաջողության հույս ունենալ, երբ մեր քարոզած օրենքները ակնհայտորեն հակասում են այդ ժողովուրդների մեջ դարեր շարունակ կիրառվածներին, այսինքն՝ նրանց սեփական աստվածների օրենքներին: Ինչպիսի՞ ուժ կպահանջվի, որպեսզի այդպիսի համարձակությունը հաջողության վերածվի։