Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին»:
   
   Ինչո՞ւ է, որ ավետարանիչը, Աբրահամին հիշատակելով և նրա մասին ասելով, որ նա ծնել է Իսահակին, իսկ Իսահակը` Հակոբին, վերջինիս եղբոր մասին որևէ հիշատակություն չի անում` այն դեպքում, երբ Հակոբից հետո հիշատակում է և´ Հուդային, և´ նրա եղբայրներին:
   Ոմանք դրա պատճառը համարում են Եսավի չարությունը` նույն բնորոշումը տալով նաև որոշ այլ նախնիների ևս: Սակայն ես համակարծիք չեմ դրան. եթե դա այդպես լիներ, ապա ինչո՞ւ ավետարանիչը մի փոքր ավելի ուշ պետք է հիշատակեր արատավոր կանանց։ Ակնհայտ է, որ այստեղ Հիսուս Քրիստոսի փառքը բացահայտվում է հակադիր համեմատականությամբ. ոչ թե Փրկչի մեծավայելչության, այլ Նրա նախնիների աննշանության և նվաստության միջոցով: Վսեմ էություն ունեցողի համար այս ամենը Նրա մեծափառության ցուցիչն է, քանի որ Նա կարողանում է իրեն խոնարհեցնել առավելագույն աստիճանի:
   Ուրեմն ինչու ավետարանիչը չի հիշատակում նաև Եսավին և մյուսներին. քանի որ սարայացիներն ու իսմայելացիները, արաբները և բոլոր նրանք, ովքեր սերում էին այդ նախնիներից, ոչ մի ընդհանրություն չունեին իսրայելական ժողովրդի հետ: Ահա թե ինչու է ավետարանիչը նրանց մասին լռում և ուղղակիորեն դիմում Հիսուսի նախնիներին ու հրեա ժողովրդին՝ ասելով. «Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին»: Այստեղ արդեն հիշատակվում է Հուդայական տոհմը։

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.
   
    Ինչո՞ւ [Հակոբի] եղբոր մասին չի հիշատակում: Որովհետև [Հակոբի եղբայրը] կապ չունի Իսրայելի 8ցեղի հետ, որի [սերունդները], ըստ մարմնի, Քրիստոսի նախնիներն էին: Նաև սրանով այն բարձրագույն խորհուրդն է ցույց տալիս, որ ինչպես Ռեբեկան, ով հեթանոսներից էր, իր ազգատոհմին թողնելով, եկավ միացավ Իսահակին, այդպես էլ հեթանոսների Եկեղեցին՝ մեր Տիրոջը՝ ըստ այսմ. «Լսի՛ր, Դուստր, և տե՛ս.... մոռացի՛ր քո ժողովրդին» (Սաղմ. 44։11): Եվ ամուլ լինելով 9 ՝[Ռեբեկան] երկու որդիով հղիացավ, ինչը կանխագուշակում էր երկու ժողովուրդներին: Որովհետև ասվում է, որ նախ Հակոբը սաղմնավորվեց որովայնում, բայց Եսավը ուժ գործադրելով առաջինը ծնվեց՝ մի կարճ ժամանակի համար ստանալով անդրանկությունը, իսկ հետո Հակոբը [ծնվեց]՝ բռնելով նրա գարշապարից, ուստի թեև անմիջապես չհաղթեց, սակայն հոր վախճանից հետո անդրանկությունն առավ եղբորից 10, ինչպես հեթանոսները՝ [հրեաներից]: Որովհետև Օրենքի սպառումից հետո [հեթանոսներն] անդրանկությունը վերցրին հրեաներից՝ ըստ գրված [հետևյալ խոսքի]. «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Մաղ. 1։2):

     Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին:  [Ավետարանիչն] ինչո՞ւ նախ չի հիշատակում [Հակոբի] անդրանիկ որդիներին՝ Ռուբենին, Շմավոնին և Ղևիին: Որովհետև նրանք զրկվեցին իրենց հոր օրհնությունից իրենց չարության պատճառով. Ռուբենը՝ հարճին պղծելու, և Շմավոնն ու Ղևին՝ սպանության անօրինության 11, ինչպես բոլոր հրեաները՝ կռապաշտությամբ պոռնկանալու պատճառով, և օրենսգետներն ու փարիսեցիները 12 Տիրոջը սպանելու: Իսկ երջանիկ Հուդան՝ իբրև Քրիստոսի նախօրինակ, անդրանկությունը ստացավ՝ Թամարի հանդեպ արդարացիորեն վարվելու պատճառով, նաև որովհետև իր խորհուրդով փրկեց Հովսեփին մահվանից 13: Այս պատճառով էլ Հակոբն իր օրհնության մեջ ասաց. «Շառավղից ելար, որդյա՛կ իմ» (Ծննդ. 49:9). որովհետև Հովսեփի մահվան մեղքի տակ չընկար: Ուստի հենց [Հուդան] ընդունեց անվերջանալի թագավորության աթոռը:

--------------------------------
12 . Փարիսեցիները (եբրայերեն՝ «պերուշիմ»՝ բաժանվածներ) ն.Ք. հավանաբար Բ դարում ծագած հրեական մի տարածված աղանդի հետևորդներ էին, ովքեր Հին Կտակարանի գրքերը մեկնում էին տառակերորեն և շատ մեծ տեղ տալիս մարդկանց կողմից ստեղծված ավանդույթներին: Ունեին սրբակյաց մարդկանց համբավ, սակայն նրանց ամենից շատ բնորոշող հատկությունը, ըստ Տիրոջ հավաստման, կեղծավորությունն էր, ինչ պատճառով և «փարիսեցի»–ն դարձել է «կեղծավոր» բառի հոմանիշ: Նրանց մեջ, սակայն, կային և իրապես առաքինի անձինք, ինչպես, օրինակ, Նիկոդեմոսը (Հովհ. 3, 7, 19): Փարիսեցիները հավատում էին հոգու անմահու- թյանը, մեռելների հարությանը, դատաստանին, ինչպես նաև բախտին կամ ճակատագրին՝ ընդունելով հանդերձ մարդու կամքի ազատությունը:

   

Ստեփանոս Սյունեցի (†735)

2-3․ Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.
Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.

   
    «Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից, Աբրահամը ծնեց Իսահակին՝ Սառայից, Իսահակը ծնեց Հակոբին՝ Ռեբեկայից, Հակոբը ծնեց Հուդային՝ Լիայից»
    ...Բայց մյուսների մայրերի մասին լռեց և [միայն] Թամարին հիշելով՝ ասաց, թե Հուդան ծնեց Փարեսին՝ Թամարից: Այս խնդրի վերաբերյալ ասում ենք, թե Աբրահամին հիշատակելիս չհիշեց Սառային, քանի որ Աբրահամը և Սառան մի մարմին էին, և Իսահակն ու Ռեբեկան նույնպես մի մարմին էին, իսկ Հուդան և Թամարը մի մարմին չէին, քանի որ Թամարին այս Հուդան պոռնիկ համարեց:

    Այդ պատճառով Ավետարանիչը հիշեց Թամարին նույնպես և Բերսաբեին, Ռահաբ պոռնիկին և Հռութ Մովաբացուն, որպեսզի ցույց տա, որ [Աստված Իր] բազում և անքննելի մարդասիրությունից [մղված]՝ արժան է համարում պոռնիկների իսկ որդի կոչվել և պոռնիկներին ու օտարազգիներին մայր է անվանում:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին»: (Սինոդական թարգ․)[2]
   
    (Հմմտ. Ղուկ. 3։34)։ Նշելով, որ Հիսուս Քրիստոսը Դավթի և Աբրահամի Որդին է` ավետարանիչը, 2-րդ համարից սկսած, առավել հանգամանորեն ապացուցում է այդ գաղափարը. Աբրահամին, Իսահակին, Հակոբին և Հուդային անվանապես հիշատակելով` ավետարանիչն այդպիսով մատնացույց է անում պատմական նշանավոր այն դեմքերին, որոնց խոստումներ են տրվել այն մասին, որ նրանցից է սերելու աշխարհի Փրկիչը (Ծննդ. 18:18, 22:18, 26:4, 28:14 և այդպես շարունակ):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.
(Արարատ թարգ․) Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին.
(Գրաբար) Աբրահամ ծնաւ զԻսահա՛կ: Իսահակ ծնաւ զՅակո՛վբ: Յակովբ ծնաւ զՅուդա՛, եւ զեղբարս նորա: