Ստեփանոս Սյունեցի
Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար:
«Հունձը առատ է»:
[Այս մասին արդեն] ասվել է Մատթեոսի [ավետարանի] մեկնությունում:
Մաղաքիա արք. Օրմանյան
2-12․ Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը». եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ: Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»: Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. «Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեր վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծու արքայութիւնը»: Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»:
Ղուկասը, որ պատմում է Յոթանասուերկու աշակերտների ընտրությունը, ընդարձակորեն մեջբերում է այն հրահանգները, որոնք Հիսուս տվեց նրանց՝ գործի ուղարկելուց առաջ, որոնցով պիտի նրանք առաջնորդվեին իրենց պաշտոնավարության ընթացքում։ Նախ հիշեցնում է, որ Ավետարանի քարոզության հունձքը մոտեցել է. կարողությունները հասունացել են պտուղ տալու համար, հնձող է պետք, որ գնա, քաղի եւ պետք է դիմենք Աստծուն, որ Իր Ավետարանի հունձքին արժանավոր մշակներ պատրաստի։ Հիշեցնում է, որ անելիքները դյուրին գործեր չեն. բանավոր ոչխարները հափշտակելու պատրաստ գայլեր կան, իրենք պիտի գնան՝ այդ գայլերի դեմ մարտնչելու։ Արտաքին պատրաստությունները պետք չեն, պետք է աշխատեն ճանապարհի այս կամ այն կողմում բարեկամություններ չհաստատել։ Ուր որ հասնեն, պիտի տան Աստուծո ողջույնը։ Եթե կան արժանավորներ, ապա կօգտվեն ողջույնից, իսկ եթե չկան, իրենց պարտքը կատարած կլինեն։ Գնացած վայրերում ինչ տուն իրենց ցույց տրվի, այդտեղ պիտի օթեւանեն։ Ինչ կերակուր որ առջեւը դրվի, դրանով պիտի գոհանան։ Տնից տուն չպիտի շրջեն՝ լավագույն տեղը որոնելու կամ լավագույն կերակուրը գտնելու համար։ Իրենց քարոզության նյութը պիտի լինի Աստուծո Արքայության, այսինքն՝ Ավետարանի հասած ու հայտնված լինելն ավետելը. գործերը պիտի լինեն հիվանդներ բժշկելը, դեւեր հալածելը, տրտմյալներին մխիթարելը։ Եթե լավ ընդունելություն չգտնեն, չպետք է պնդեն եւ վեճեր առաջացնեն, այլ հանդարտոեւեն պետք է թողնեն այն վայրը եւ ուրիշ վայր մեկնեն՝ հայտարարելով, թե իրենց պարտքը կատարել են։ Նրանց արածն իրենց է պատկանում, դրանից իրենց ունեցածին ոչինչ չի ավելանա ու ոչինչ չի դիպչի ու որպես անպարտության նշան, մեկնումից առաջ պետք է հրապարակում կոշիկների փոշին թոթափեն՝ հասկացնելու համար, թե նրանց արածից իրենց վրա ծանրություն չի մնում։ Թեպետեւ աշակերտները կարող են արդարանալ, բայց իրենց չընդունողները չեն արդարանա, որովհետեւ նրանց հասել է Ավետարանը ու հայտնվել։ Չընդունողների կացությունը շատ ծանր պիտի լինի Աստուծո դատարանի առջեւ եւ Աստվածային ազդարարությանը չունկնդրող սոդոմայեցիներից ավելի ծանր դատապարտության պիտի ենթարկվեն։
Ով այդ հրահանգներին ուշադրություն դարձնի, իսկույն կտեսնի, որ դրանք գրեթե բառ առ բառ նույնանում են այն հրահանգների հետ, որոնք տվեց Հիսուս Տասներկուսին։ Դրանք ընդարձակորեն մեջբերել էր Մատթեոսը, իսկ համառոտակի էին հիշել Մարկոսն ու Ղուկասը։ Վերջիններս մենք արդեն բացատրել ենք (Մատթ. 10:5-16)։ Այս դիտողություններից քաղված առաջին հետեւությունն այն է, թե Տասներկուսի եւ թե Յոթանասուներկուսի պաշտոնները էությամբ եւ իսկությամբ տարբեր չէին, թեեւ Տասներկուսը կարգով եւ պաշտոնով Յոթանասուներկուսից ավելի բարձր դիրք ունեին։ Ինչպես նախորդ հոդվածում էլ նշեցինք, այս վերջինները, այսինքն՝ Յոթանասուներկուսը, առաջին Տասներկուսի օգնականների կերպարանքն ունեին։ Եթե պաշտոնների բնույթը նույնն էր, հրահանգներն էլ էին նույնը, միայն մի կետ կար, որ վերջինների համար չի կրկնվել եւ իր նշանակությունն ունի։ Տասներկուսին ասվում է. «ի ճանապարհ հեթանոսաց մի՛ երթայցէք, եւ ի քաղաք Սամարացւոց մի՛ մտանիցեք» Մատթ. 10:5։ Սա չի հրամայված Յոթանասուներկուսին։ Ավետարանի քարոզությունն անշուշտ ընդարձակվել էր։ Զուտ հրեաբնակ չհանդիսացող գավառներից նույնպես, ինչպես նաեւ հեթանոսների Գալիլիայից, Սամարիայից եւ Բերեայից էլ էին Ավետարանի հետեւողներ եղել։ Այլեւս առաջին ամփոփման պահպանման անհրաժեշտությունը չկար։ Աշակերտները կարող էին համարձակորեն ամեն կողմ գնալ եւ մտնել ամեն քաղաք։
Ուրեմն ինչո՞ւ է Ղուկասը Յոթանասուներկուսին վերագրում այն, ինչ Մատթեոսը՝ Տասներկուսին։ Թերեւս ավելորդ է քննել, քանի որ յուրաքանչյուր գրող իրեն բնորոշ միտք կամ տեսակետ ունի, որն ամեն անգամ, ամեն առիթով պարտավոր չէ բացատրել եւ ենթադրական մեկնություններով զբաղվելն ավելորդ է։ Սակայն այս առիթում աչքի ընկնող մի հանգամանք կա, որ մեզ դյուրին բացատրություն է տալիս։ Մատթեոսը ստուգապես Տասներկուսից մեկն է (Մատթ. 10:2-4), իսկ Ղուկասը ամենայն հավանականությամբ՝ Յոթանասուներկուսից մեկը (Ղուկ. 10:1)։ Եվ մի՞թե բնական չէր, որ երկուսն էլ Հիսուսի խոսքերը մեջբերեն այն դեպքում, երբ նույն այդ խոսքերը լսել էին Հիսուսի բերանից։ Հետեւաբար նույն խոսքերի մեջբերումը տարբեր պարագաներում ցույց է տալիս ոչ թե երկու Ավետարանիչների իրար հակառակ կամ միմյանց տարբեր բան գրելը, այլ, ընդհակառակը, շատ գեղեցիկ կերպով հաստատում է Ավետարանների պատմության համաձայնությունը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: