Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:29

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

29-30. «Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում։ Բայց նրանցից ոչ մեկը գետնին չի ընկնում առանց ձեր Հոր կամքի»։ «Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են»։
   
    Եվ որպեսզի այն ժամանակ, երբ առաքյալներին սպանեն և մորթազերծ անեն, նրանք չկարծեն, թե այդ ամենին ենթարկվում են Աստծու կողմից լքված լինելու պատճառով, ուստի Քրիստոս այստեղ կրկին սկսում է խոսել Աստծու նախախնամության մասին՝ ասելով. «Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում։ Բայց նրանցից ոչ մեկը գետնին չի ընկնում առանց ձեր Հոր կամքի։ Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են» (Մատթ. 10:29-30)։ Ի՞նչը կարող է ավելի աննշան լինել, - ասում է Հիսուս։ Այնուամենայնիվ, նույնիսկ նրանց (ճնճղուկներին) անհնար է որսալ առանց Աստծու գիտության։

    Քրիստոս չի ասում, թե ճնճղուկները գետնին են ընկնում Աստծու «օժանդակությամբ» (սա անվայելուչ կլիներ Աստծուն), այլ  միայն ա՛յն է վկայում, որ չի կարող կատարվել այնպիսի մի բան, որն անհայտ կլինի Աստծուն։ Եթե Նա գիտի այն ամենը, ինչ որ կատարվում է, և ձեզ սիրում է ավելի, քան ձեր հայրը, — սիրում է այնպես, որ նույնիսկ ձեր մազերը հաշվված են Նրա կողմից, — ապա ուրեմն դուք չպետք է վախենաք։

    Այդուամենայնիվ, Հիսուս սա ասաց ոչ թե այն բանի համար, որ վկայի, թե Աստված հաշվում է մազերը, այլ որպեսզի ցույց տա Աստծու գիտության կատարելությունը և մեծագույն հոգածությունը մարդկանց հանդեպ։

    Այսպիսով, եթե Աստված և՛ ըստ ամենայնի գիտի, թե ինչ է կատարվում, և՛ կարող է պահպանել ձեզ, և՛ ուզում է դա անել, ապա ուրեմն ինչպիսի չարչարանքների էլ ենթարկվեք, մի՛ մտածեք, թե չարչարվում եք այն պատճառով, որ Աստված լքել է ձեզ։ Նա չի ջանում ձեզ զերծ պահել աղետներից, այլ ուզում է ամեն գնով ձեզ սովորեցնել՝ արհամարհել աղետները, որովհետև հենց դա իսկ է ճշմարիտ ազատագրումը բոլոր տեսակի աղետներից։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում.
   
    Արդյոք երկու ճնճղուկը մեկ լումայո՞վ չի վաճառվում. բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր կամքի գետնին չի ընկնում:

    Սա՛ է հայտնում. ի՞նչն է ավելի նվաստ, քան ճնճղուկները, սակայն նրանք նույնպես չեն որսվում առանց Աստծո գիտության: Այն չի ասում, թե Աստված է որոգայթը ստեղծում, այլ չկա մի բան, որ կատարվի երկրի վրա և Նրանից թաքուն մնա: Ուրեմն՝ եթե այդ հեշտ վաճառվող բաները, որ փոքրության պատճառով բանջարի պես են վաճառվում, չեն որսվում առանց ձեր Հոր, ապա Նա որքա՛ն ավելի հսկում է մեծ և փոքր հավատացյալների վրա, որովհետև ինչպես որ կյանքի մասին է հոգ տանում՝ ըստ այսմ. «Նայե՛ք թռչուններին» (Մատթ. 6:26), այդպես էլ մահվան վերաբերյալ է օգ տակարը տնօրինում:

    Բայց ինչո՞ւ է Ղուկասն ասում, թե հինգ ձագն է երկու լումայով վաճառվում (Ղուկ. 12:6), երբ [Մատթեոսն ասում է]՝ երկու ճնճղուկը՝ մեկ լումայով: Կամ ճնճղուկներից էլ փոքր ձագուկներ կան, որ այդպես են վաճառվում, կամ էլ տեղերի և ժամանակների զանազանության պատճառով է [այդպես] ասում. որովհետև մի տեղ երկու ճնճղուկն է մեկ լումա, մի ուրիշ տեղ էլ՝ հինգը. բայց վաճառվում են: Այսպես էլ [հասկացիր] ըստ [վաճառման] ժամանակի: Նաև [Տերն] այստեղ հոգիների անմահության մասին է քարոզում՝ երկու ճնճղուկ կոչելով հոգին ու մարմինը. թեպետ մարդը մարդկանց ձեռքով հեշտությամբ է սպանվում, սակայն մեկը 1, այսինքն՝ հոգին, գետնին չի ընկնում, իսկ մյուսը՝ մարմինը, թեկուզ ընկնում է, սակայն ո՛չ առանց Աստծո տեսչության, այլև հարություն է առնելու՝ ճնճղուկի պես թռչելով օդում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

29-30. Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են:
   
    Չէ՞ որ երկու ճնճղուկ մի դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են»:
    Քանզի եթե մի ճնճղուկ անգամ առանց Աստծու՝ ձեր Հոր հրամանի գետին չի ընկնում, այդ դեպքում ինչպե՞ս ձեզնից [ոմանք] կմատնվեն թագավորների և դատավորների ձեռքը, առանց Աստծու՝ ձեր երկնավոր Հոր հրամանի:
Այս ասացի ըստ [մեջ բերված] խոսքի: Իսկ ըստ առակի մեկնության՝ մեծամիտ մարդիկ կոչվեցին երկնային ճնճղուկներ, ոչ թե [այնպիսի] մեծամեծ [թռչուններ], ինչպիսին են արծիվները, և ոչ էլ սեղանին արժանիներ, ինչպես տատրակն ու աղավնին:
Երկուսը վաճառվում են մի դահեկանի, քանզի ինչպես երկու թիվը պատշաճ է անսուրբ կենդանիներին, նույնպես և՝ անարգներին և նվազներին, որովհետև ասարիովնը դրամի միավոր է:
    «Ձեր, -ասաց, -գլխի մազերն իսկ համրված են»: Ձեր՝ իմ աշակերտների և ձեր նմանների գլխի մազերն անգամ համրված են, այսինքն՝ ոչ միայն մեծամեծ գործերը, այլև փոքրագույնները, շատերի կողմից ավելորդ կարծվածները, համրված են Աստծու առջև:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17