Ծննդոց գրքի մեկնություն 10:4

Ա. Լոպուխին

Յավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, Կիտացիներն ու Ռոդացիները: (Սինոդական թարգ․) [4]
   

   Ելիսա (Եղիսա) ...Համանուն կղզիները Եզեկիել մարգարեի մոտ գովաբանվում են որդան կարմիրով և ծիրանագույնով (Եզ. 27:7), ուստի գրեթե անվիճելի է համարվում, որ այս անունով է կոչվել Հունաստանի ծովեզրյա ժողովուրդներից մեկը, որին կոչում էին Էլիդա, Էօլիա կամ, ըստ Հորացիուսի, ընդհանուր մի անունով` ՀԷլլադա, որը փառաբանված էր իր բոսոր կարմիր հանդերձանքներով:

   Թարսիս ...Հովսեփ Փլաբիոսը ենթադրում է, որ այս անունը մատնանշում է Կիլիկիայի Տարսոն քաղաքը, մինչդեռ մեկնիչների մեծ մասը` Եվսևիայի գլխավորությամբ, հանգել է առավել պատճառաբանված այն մտքին, թե այստեղ խոսքը փոքրասիական ցամաքից արտագաղթած հեռավոր արևմտյան գաղութներից մեկի մասին է: Այս վերջին վարկածի համար գլխավոր հիմնավորումը Հովնան մարգարեի այն տեղեկությունն է, որտեղ ասում է, որ ինքը նստեց նավ, որպեսզի Հոպպեից (այժմ`Հաաֆա) գնա հեռավոր Թարսիս: Աշխարհագետները ևս նշում են, որ Թարսիս կամ Թարտեսիա է կոչվել Փյունիկյան շատ հեռու ընկած մի գաղութ` հռչակված արճճի ու պղնձի իր հանքերի առատությամբ, այժմյան Իսպանիայի տարածքում: Թարսիսի` մետաղով հարուստ լինելու և Տյուրոսի հետ առևտուր անելու մասին է հիշատակում նաև Սուրբ Գիրքը (Եզ. 27:12, Սաղ.71:10):

   Կիտացիներ... Սույն անվանումը բացատրող կարծիքներից ամենահաջողվածը պետք է համարել Հովսեփ Փլաբիոսինը, ով աստվածաշնչյան Կիտացիներին նույնացնում է վաղ պատմական Քիթիոնի` Կիպրոսի մայրաքաղաքի հետ: Թերևս, այս տեսակետին համահունչ է Եսայի և Դանիել մարգարեների` Կիտացիներին առնչվող այն դիտարկումը, թե սրանք ծովեզրյա բնակիչներ էին (Ես.23:1-15, Դան. 11:30):

   Ռոդացիներ (Դոդացիներ)… Ամենայն հավանականությամբ սրանք կամ դարդաններն են (որոնց անունով է կոչվել Դարդանելի նեղուցը) կամ էլ տրոյացիները` հույն ազգի փոքրասիական հնագույն ճյուղերից մեկը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները:
(Արարատ թարգ․) Եվ Հավանի որդիներն էին Եղիսան, Թարսիսը, կիտացիները և դոդացիները:
(Գրաբար) Եւ որդիք Յաւանայ՝ Եղիսա և Թարսիս. Կիտացիք, և Ռոդացիք։