Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հապա ի՞նչ տեսնելու համար դուք եկաք՝ մի մարդո՞ւ, որ փափուկ զգեստներ է հագել. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական պալատներում են»։
   
   Բայց տե՛ս, թե ինչպես է Տերը, մյուս բոլոր տեսակի չարիքները մի կողմ թողնելով, ուշադրություն դարձնում հենց ա՛յն մեկին, որն այդ ժամանակ հատկապես վրդովեցնում էր նրանց, ու այդպիսով վերացնում է թեթևամտության ամենափոքր առիթն անգամ։ «Ի՞նչ տեսնելու համար դուք եկաք՝ մի մարդո՞ւ, որ փափուկ զգեստներ է հագել․ փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական պալատներում են» (Մատթ. 11:8)։ Այս խոսքերը նշանակում են, որ Հովհաննեսը բնությամբ անհաստատ չէր, և «դա դուք ինքներդ (խոսքն ուղղված է Հովհաննեսի աշակերտներին) ապացուցեցիք ձեր ջանասիրությամբ։

    Բայց և այնպես, ոչ ոք չի կարող ասել նաև, որ թեպետ և Հովհաննեսը բնությամբ հաստատուն էր, սակայն հետագայում շռայլության մեջ ընկնելով՝ ավելի տկար դարձավ։ Մարդկանցից ոմանք բնությամբ են թույլ, մյուսները՝ ժամանակի ընթացքում են այդպիսին դառնում։ Օրինակ՝ մեկը բնությամբ բարկացկոտ է, մյուսը՝ երկարատև հիվանդության հետևանքով է ձեռք բերում այդ կիրքը։ Նույնպես՝ ոմանք բնությամբ են անհաստատ և թեթևամիտ, մյուսները՝ շռայլությանը և փափկասիրությանն անձնատուր լինելու պատճառով են այդպիսին դառնում։ Բայց Հովհաննեսն այդպիսին չէր ո՛չ բնությամբ (դուք չէիք գնացել տեսնելու «քամուց շարժվող եղեգ», - ասում է Փրկիչը), ո՛չ էլ, շռայլության մատնվելով, կորցրել էր իր ունեցած գանձը (շնորհները)։

    Այն, որ Հովհաննեսը շռայլության գերին չէր, ցույց է տալիս նրա հագուստը, անապատը և բանտը։ Եթե ուզենար թանկարժեք հագուստ կրել, ապա չէր ապրի անապատում և բանտում, այլ կբնակվեր թագավորական պալատներում։ Նա միայն լռությա՛մբ կարող էր մեծագույն պատիվների հասնել։ Իրոք որ, եթե Հերովդեսն այդքան հարգում էր Հովհաննեսին՝ չնայած վերջինիս կողմից հանդիմանվելուն (ինչի պատճառով էլ որ Հերովդեսը բանտարկել էր նրան), ապա պատկերացրե՛ք, թե որքա՜ն առավել կշողոքորթեր Հովհաննեսին, եթե նա լռություն պահպաներ։

    Այսպիսով, արդյոք կարո՞ղ են այդպիսի կասկածներ հարուցվել նրա դեմ, ով գործով իսկ ապացուցել էր իր հաստատակամությունն ու անսասանությունը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են:
   

    Հապա ելաք, որ ի՞նչ տեսնեք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ: Փափուկ բաներ հագածներն ահա թագավորների՛ տներում են:

    Նրա մոտ ընթանալով՝ դուք ինքներդ եք վկայում նրա հաստատուն բնավորության մասին: Բայց եթե ասում եք, թե նա առաջ էր հաստատուն, իսկ հետո թուլանալով իրեն փափկակեցության մատնեց, քանի որ մարդկանց կեսն ի բնե է այդպիսին, իսկ կեսը հետո է դառնում, ապա Հովհաննեսը ոչ ի բնե, ոչ էլ հետո էր այդպիսին. վկա՝ նրա հագուստը, անապատը, կերակուրն ու բանտը: Եթե փափուկ բաներ հագնել կամենար, ոչ թե անապատում, այլ թագավորների պալատներում կբնակվեր, և դուք, եթե փափկակյացների կամենայիք տեսնել, ոչ թե այնտեղ կգնայիք, այլ թագավորների ապարանք: Հետևաբար ոչ փոփոխամիտ էր, ոչ էլ հանցավոր, այլ ինչ որ ասել էր, նույնի մեջ անխախտ մնաց: Եվ սա հայտնի է նրանից, որ մարգարե էր, ինչպես ասում է [Տերը].
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7