Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:33

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Կամ եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառը ճանաչվում է իր պտղից»։
   

    Կրկին, արդեն մեկ այլ կերպ Տերն ամոթանք է տալիս փարիսեցիներին՝ չբավարարվելով նախկին հանդիմանություններով։ Եվ անում է դա ոչ թե այն մտադրությամբ, որ Ինքն Իրեն ազատի մեղադրանքից (քանի որ դրա համար բավական էին նախորդ ապացույցները), այլ ա՛յն մտադրությամբ, որպեսզի ուղղի Իրեն հակառակվողներին։

    Փրկչի կողմից ասվածն ունի այսպիսի իմաստ. ձեզանից ոչ ոք չմեղադրեց բժշկվածներին այն բանում, որ նրանք չբժշկվեցին, և ոչ ոք չասաց, որ դևից ազատելը չար գործ է։ Իրոք, թեև նրանք ծայրահեղ անամոթ էին, բայց դա ասել չէին կարող։ Եվ, հետևաբար, առանց դատապարտելու գործերը, նրանք սուտ մեղադրանք էին հարուցում դրանք կատարողի դեմ։ Բայց Քրիստոս ցույց է տալիս, որ նման մեղադրանքը չի համապատասխանում ոչ ընդհանուր իմաստին, ոչ էլ գործերի բուն դրությանը։ Եվ սա արդեն ծայրահեղ անամոթության նշան է՝ ոչ միայն չարամտորեն վարվել, այլև հորինել մի բան, որը հակասում է նույնիսկ ընդհանուր պատկերացումներին։

    Եվ նայի՛ր, թե Փրկիչն ինչպես է Իր խոսքերով վերացնում ամեն տեսակի հակաճառություն։ Նա չի ասում՝ «համաձայնվեք, որ ծառը լավ է, որովհետև պտուղը լավն է», այլ, ավելի մեծ թափով նրանց բերանները փակելու և Իր զիջողականությունն ու նրանց անամոթությունը ցույց տալու համար ասում է. «Եթե դուք ուզում եք դատապարտել Իմ գործերը, թող լինի այդպես. միայն թե ձեր մեղադրանքներում անհամապատասխանություն և հակասություն չլինի»։ Այսպիսով ավելի պարզորոշ կարող էր բացահայտվել նրանց անամոթությունը բոլորովին ակնհայտ այս հարցում, և Հիսուս կարող էր ասել նրանց՝ «զուր եք խորամանկում, երբ ձեր խոսքերում հակասություն կա։ Իրոք որ, ծառի մասին դատում են պտղից, և ոչ թե՝ պտղի մասին՝ ծառից, իսկ դուք հակառակն եք անում։ Ճիշտ է, որ պտուղն առաջանում է ծառից, բայց ծառը պետք է պտղից ճանաչել։ Ուստի դուք նույնպես պետք է կա՛մ ապացուցեք, որ Իմ գործերը չար են, երբ ուզում եք մեղադրել Ինձ, կա՛մ, քանի որ գովաբանում եք գործերս, դրա հետ մեկտեղ՝ նաև Ինձ՝ դրանք կատարողիս, ուրեմն ազատե՛ք Ինձ ձեր մեղադրանքներից։ Մինչդեռ դուք հակառակն եք անում։ Իմ պտղաբեր գործերում դատապարտելի ոչինչ չգտնելով՝ դատապարտում եք ծառը, և Ինձ դիվահար եք կոչում։ Սա արդեն խելագարության գագաթնակետն է։ Լավ ծառը չի կարող վատ պտուղներ տալ, ինչպես և հակառակը՝ ըստ այն խոսքի, որը Փրկիչն ասել էր դեռ նախկինում և այժմ էլ հաստատում է։ Ուստի փարիսեցիների մեղադրանքներն իրենց մեջ հակասություն էին պարունակում և բոլորովին անհամապատասխան էին իրականությանը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
   
    Կամ ծառը բարի դարձրեք և նրա պտուղը՝ բարի, կամ ծառը չար դարձրեք և նրա պտուղը՝ չար. քանզի պտղից է ծառը ճանաչվում:

    Հիմա էլ այլ կերպ է հանդիմանում նրանց, որպեսզի ուղղության բերի: Եվ ասածը սա է. ձեզնից ոչ ոք չքննադատեց բժշկությունը, թե չար գործեր են դևեր հալածելն ու մարդկանց [նրանցից] ազատելը: [Փարիսեցիներն ու օրենսգետները] թեպետ խիստ հանդուգն էին, սակայն այսպիսի բան չէին ասում, այլ Հրաշագործին էին չարախոսում: Ուստիև [Հիսուսն] ասում է, որ թեպետ ծառն է պտղի պատճառը, սակայն պտղի՛ց է ծառը ճանաչվում: Ուրեմն եթե պտուղը գովաբանում եք, պատշաճ է և պտուղը ծնող ծառը գովաբանել. իսկ եթե ծառին չարախոսում եք, պտո՛ւղն էլ քննադատեք: Այնինչ դուք այժմ հակառակն եք անում. գործերը, որ պտուղն են, չեք կարողանում մերժել, և չարախոսությունը ծառի վրա եք փաթաթում:

    Նաև «բարի ծառ» է [Տերը] կոչում Իրեն՝ ըստ Դավթի, և «բարի պտուղ»՝ բարի գործերը, որոնք [ծառը] «տալիս է ժամանակին» (Սաղմ. 1։3), իսկ «չար ծառ» է կոչում սատանային և «չար պտուղ»՝ չար գործերը: Հետևաբար, ով ապրում է Տիրոջ պես՝ կատարելով և ուսուցանելով (Գործք 1։1), ճշմարտապես բարի ծառ է և բարի պտուղ է տալիս՝ նմանվելով Տիրոջը, իսկ ով չարությամբ է ապրում և չարը սովորեցնում, չար ծառ է՝ իր գործերով չարի մեջ արմատացած:

    [Այս խոսքով Տերը] նաև մարգարեի [խոսքն է] հիշեցնում. «Մինչև ե՞րբ եք երկու ոտքով կաղալու՝ ծառայելով և Տիրոջը, և Ակկարոնին» (հմմտ. Գ Թագ. 18։21): Թե Սուրբ Հոգու աշակերտն եք, բարի՛ն պտղաբերեք, թե հակառակորդինը՝ կեղծավորություն մի՛ արեք՝ խոսքով ճիշտն ասելով, գործով հակառակն անելով, որովհետև Աստված ասում է մեղավորին. «Դու ինչո՞ւ ես ընդհանրապես արդարության մասին խոսում կամ Իմ ուխտը [քո] բերանն առնում» (Սաղմ. 49։16): Տե՛ս, որ մարդ երկու կողմի համար էլ անձնիշխանություն ունի, ինչ պատճառով էլ [Տերն] ասում է՝ կամ սա՛ արեք, կամ նա՛՝ ըստ այսմ. «[Նրա] առաջ դրեցի կյանքն ու մահը» (հմմտ. Սիր. 15։17-18):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
   
    «Կա՛մ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արեք և նրա պտուղն էլ չար կլինի»:
Բարի ծառ անվանում է Աստծու Հոգին և բարի պտուղ՝ Նրա վարդապետությունը. չար ծառ է անվանում սատանային և չար պտուղ՝ սատանայի վարդապետությունը: Ով ըստ առաքինության է ապրում, ու գործում, և ճշմարտապես վարդապետում, այնպիսին Սուրբ Հոգուց հորջորջված բարի ծառ է անվանվում, նմանապես և՝ նրա պտուղը: Իսկ ով հակառակն է սովորել և մարդկանց ստությամբ է սովորեցնում, այնպիսին չար ծառ է անվանում և դառը պտուղ:

    Այս այսպես ասելով՝ ո՛չ այլ ինչ է ասում, եթե [ոչ այս], կա՛մ Սուրբ Հոգունը եղեք և պտղաբերեցեք բարի պտղով, և կա՛մ հակառակորդինը: Եվ կեղծավորությամբ մի՛ ուսուցանեք, որովհետև մեղավորին և կեղծավորին Աստված ասում է. «Դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը և իմ ուխտը առնում քո բերանդ» (Սաղմ. 49։16):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24