Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:35

Հովհաննես Ծործորեցի

Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:

   

    Բարի մարդն իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:
    Բարի մարդ ու չար մարդ՝ ո՛չ բնությամբ, այլ կամքով, որովհետև եթե բնությամբ [լինեին], բոլորն անհրաժեշտաբար կամ բարի կլինեին, կամ չար, քանի որ այն, ինչ բնությամբ է, բոլոր տեսակների մեջ հավասար է, ինչպես և այլ արարածների դեպքում: Սակայն մարդը չարն ու բարին անձնիշխան կամքով է ընտրում և մտքի կանխախորհումով (որը [Տերը] «սիրտ» է կոչում) հավաքում է ինչ որ կամենում է՝ մթերված գանձերի մի բազմություն, որը սակավ առ սակավ, ձայնային գործարանների միջոցով՝ լեզվի և բերանի օգնությամբ, հայտնում է մարդկանց, ովքեր խոսքի միջոցով, ասես հայելու մեջ [տեսնելով], սիրտն են ճանաչում, ինչպես որ մի քանի հացով՝ շեղջի և մի բաժակ գինով՝ հնձանի մասին [են գաղափար կազմում]՝ լավ կամ վատ:

    [Տերն այս խոսքով] նաև ցույց է տալիս, որ բարի պտուղը մտքից մեծ չարչարանքով է ծնունդ առնում՝ ըստ ոսկեհանների օրինակի, ովքեր մեծ տաժանմամբ են հողից պեղում զուտ ու մաքուր [ոսկին], բարի [մարդկանց] պես, իսկ չարերը, կապարի պես հավաքելով և դաժան կրքերով երկնելով, հղանում են ցավեր և ծնում անօրինություններ 667:

    Այլև «բարի գանձ» է կոչում Քրիստոսին վերաբերող բոլոր այն մտածումները, որոնք ծնվում են ի փառս Աստծո [գործվող] առաքինությունից, իսկ «չար գանձ» [է կոչում] ի պարծանս սատանայի գործվող չարիքների վերաբերյալ մտածումները: Սրանցից յուրաքանչյուրը դրսևորվում է իրեն հարազատ խոսքով ու գործով՝ բարի և չար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24