Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ չճանաչեց նրան, մինչև նա ծնեց իր անդրանիկ Որդուն, և նա (Հովսեփը) նրա անունը կոչեց «Հիսուս»»։
   
    Մարիամին իր մոտ ընդունելով հանդերձ՝ Հովսեփը «չճանաչեց (չմերձեցավ) նրան, մինչև վերջապես նա ծնեց իր անդրանիկ Որդուն»: Ավետարանիչն այստեղ գործածում է «մինչև» բառը` ոչ թե այն բանի համար, որ դու կասկածես, թե գուցե Հովսեփը հետագայում է ճանաչել (մերձեցել) նրան, այլ որպեսզի դու իմանաս, որ Կույսը մինչև իր ծննդաբերությունն (այսինքն` նախքան Հիսուսին լույս աշխարհ բերելը) էլ լիովին անձեռնմխելի (անարատ, մարմնական մերձեցումից զերծ) է եղել: Ուրեմն եթե մեկը հարցնի, թե ավետարանիչն ինչո՞ւ է օգտագործում հենց «մինչև» բառը, պետք է պատասխանել, որ դա Սուրբ Գրքում հաճախադեպ հանդիպող երևույթ է: Այս բառը չի մատնանշում որևէ հստակ ժամանակ։ Չէ՞ որ տապանի վերաբերությամբ ևս ասվում է. «Ագռավը չվերադարձավ, մինչև ջրերը չցամաքեցին» (հմմտ. Ծննդ. 8:7), թեպետ և ագռավը ջրերի ցամաքելուց հետո էլ չէր վերադարձել: Սուրբ Գիրքը նաև Աստծո մասին է ասում. «Հավիտենից մինչև հավիտյան դու ես» (Սաղմ. 89:2), սակայն դա չի ենթադրում սահմաններ դնելու մասին: Եվ դարձյալ, բարի լուրը հռչակելով և ասելով` «Նրա օրոք արդարությունը կծաղկի, և խաղաղությունը կշատանա` մինչև լուսնի վախճանը (հմմտ. Սաղմ. 71:7), Աստվածաշունչն այդպիսով չի «վերացնում» այդ սքանչելի լուսատուն: Այդ նույն կերպ` այստեղ նույնպես ավետարանիչը «մինչև» բառն օգտագործում է` որպես հաստատում այն ամենի, ինչը եղել էր նախքան Հիսուսի Ծնունդը:
    Իսկ թե ինչ եղավ Հիսուսի Ծնունդից հետո` թողնում եմ, որ դատեք ինքներդ։ Այն, ինչ դու պետք է իմանայիր ավետարանչից, նա հենց դա ասաց, այսինքն` հաղորդեց այն կարևորագույն տեղեկությունը, որ Աստվածածնի կուսությունն անխախտ էր մինչև Հիսուսի Ծնունդը: Իսկ այն, ինչը որպես ասվածի հստակ հետևանք ակնհայտորեն տեսանելի է, դա թողնում եմ քո սեփական հայեցողությանը. ինչպե՞ս կարող էր այդպիսի արդար մարդը (ինչպիսին Հովսեփն էր) որոշել մերձենալ Կույսին այն բանից հետո, երբ վերջինս այդքան [հրաշալիորեն] Մայր դարձավ, պատիվ ունեցավ ծնելու երբևէ չլսված մի եղանակով և ծննդաբերեց` լույս աշխարհ բերելով այդքան արտասովոր մի Մանկան:
    Իսկ եթե Հովսեփը մերձեցավ նրան և Մարիամին իսկապես ընդունեց որպես իր կին, ապա ուրեմն Հիսուս Քրիստոս ինչո՞ւ պետք է նրան (Աստվածածնին) վստահեր Իր աշակերտին (Հովհաննեսին)` որպես չամուսնացած, իր կողքին որևէ մեկին չունեցող մի կնոջ, և ինչո՞ւ պետք է հանձնարարեր` նրան իր մոտ պահել: Բայց գուցե ոմանք ասեն` այդ դեպքում ուրեմն ինչպե՞ս են Հակոբոսն ու մյուսները Հիսուս Քրիստոսի «եղբայրներ» կոչվում։ Ճիշտ այն նույն եղանակով, ինչպես ինքը՝ Հովսեփն էլ պատվվում էր որպես Մարիամի ամուսին: Քրիստոսի Ծնունդը որոշ ժամանակ թաքնված էր բազմաթիվ շղարշներով: Ահա թե ինչու Հովհաննեսը նույնպես նրանց «Հիսուսի եղբայրներ» է կոչում՝ ասելով. «Քանզի եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել Նրան» (Հովհ. 7:5): Այդուհանդերձ, նրանք, ովքեր նախկինում չէին հավատում (խոսքը Հիսուսի եղբայրների` առաքյալների մասին), հետագայում հիացմունքի արժանացան ու փառավորվեցին:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)Սրբ. Ներսես Շնորհալի

Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:
   
    Եվ նրան չէր մերձենում մինչև ծնեց իր անդրանիկ Որդուն: [Թեև] «մինչև»–ը ժամանակավորություն [ցույց տվող բառ] է, որովհետև նշանակված [ժամանակամիջոցն] է ցույց տալիս և դրանից հետոյի վրա չի տարածվում, ինչպես այս [խոսքում], [սակայն այն] պետք է հասկանաս [հետևյալ կերպ]: Ո՛չ թե [Հովսեփը] մինչև այդ ժամանակը [Մարիամին չէր մերձենում], իսկ դրանից հետո մերձեցավ նրան, քա՛վ լիցի, այլ [այսպես է ասվում], որպեսզի իմանաս, որ թե՛ նախքան [Մանկան] ծնունդը և թե՛ դրանից հետո ազատ էր [մերձավորության] ամեն կասկածից: [Այստեղ] «մինչև»–ը իրողություններին [ժամանակային] սահման չի դնում, այլ [բառի այսպիսի] կիրառությունը հատուկ է [Սուրբ] Գրքին, ինչպես որ տապանի դեպքում էլ ասվում է. «Ագռավը ելավ և այլևս չվերադարձավ, մինչև երկիրը ցամաքեց» (Ծննդ. 8։7). պարզ է, որ ցամաքելուց հետո ևս [չվերադարձավ]: Նաև՝ «Հավիտյաններից մինչև հավիտյաններն ես Դու» (Սաղմ. 89։2), կամ՝ «Նրա օրերում արդարություն կլինի, մինչև լուսինը վերանա» (Սաղմ. 71։7). «Ե՛ս եմ, Ե՛ս եմ, և մինչև խոր ծերության էլ հասնես, Ե՛ս եմ» (Ես. 46։4). «Եվ ահա Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20). «Նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև Քո թշնամիներին [պատվանդան] դնեմ [Քո ոտքերի համար]» (Սաղմ. 109։1). և շատ ուրիշ նման [խոսքեր Սուրբ] Գրքում: Եվ ինչպես որ սրանցում «մինչև» [բառի] գործածության պատճառով անպատշաճ է հասկանալ, թե Աստծո էությունը փոփոխվում է կամ մարդկանց ծերանալուց հետո սպառվում, կամ խաղաղությունը դադարելու է հանդերձյալում՝ լուսնի վերանալուց հետո, երբ հատկապե՛ս է հաստատվելու, կամ [Տեր Հիսուսը] չի լինելու առաքյալների հետ [աշխարհի] վախճանից հետո, երբ հատկապե՛ս է լինելու, կամ էլ [Հայրը] Որդուն [Իր աջ կողմից] ելնել է տալու թշնամիներին [Նրա] ոտքերի տակ դնելուց հետո, այդպես էլ այստեղ «մինչև» ասելով՝ [ավետարանիչը] ցույց չի տալիս, թե դրանից հետո [Հովսեփը Մարիամին մերձենալու էր]: Այլ քանի որ նախքան [Մանկան] ծնունդը կարող էր կասկած լինել, այն ի՛նքը վերացրեց «նրան չէր մերձենում» հստակ խոսքով, իսկ ծննդից հետոյի համար էլ հասկանալ ու ճանաչել տվեց քեզ՝ միտք ունեցող մարդուդ, ով երբեք նման կասկածներ չի ունենում: Եվ ինչպե՞ս որևէ մարդ նման բան կմտածի Կույսի մասին, թե այդպիսի անճառելի ծննդից հետո աշխարհին հատուկ [ամուսնական] կյանքը կարող էր մտքով անցկացնել: Արդար Հովսեփը նույնպես, այդքան սքանչելի ծնունդը տեսնելուց հետո, չէր համաձայնի նման բանի:

   Սակայն [ոմանք] ասում են. «Իսկ ինչպե՞ս է, որ [Ավետարանում] Քրիստոսի եղբայրներ են հիշատակվում» 47: Պատասխանենք, որ ինչպես որ Հովսեփը Մարիամի ամուսինը կոչվեց, բայց չէր, այդպես էլ, ոմանց կարծիքով, ուրիշ կնոջից եղած նրա որդիները կոչվեցին Քրիստոսի եղբայրներ, սակայն հարազատ եղբայրները չէին: Որովհետև շատ վարագույրներ քաշվեցին՝ ծածկելու համար [Քրիստոսի] այդպիսի ծնունդը: Եթե Հովսեփը Մարիամի ամուսինն էր, և սրանք էլ՝ Մարիամի որդիները, ինչո՞ւ էր [Քրիստոսը] խաչի վրայից Իր մորը հանձնում Հովհաննես [առաքյալին] 48 և ոչ թե Մարիամի որդիներին: Պարզ է ուրեմն, որ բնությամբ ոչ նրանք Մարիամի որդիներն են, ոչ էլ [Հովսեփը]՝ [նրա] ամուսինը: Որովհետև եթե [Մարիամն] իսկապես [նրանց] մայրն էր, ինչո՞ւ էր [Քրիստոսը] նրան բաժանում որդիներից և հանձնում Հովհաննեսին, Նա, Ով հորն ու մորը պատվելու պատվիրան էր տվել որդիներին: Իսկ մենք, որ ճշմարտությանն ենք [հետևում], պետք է հավատանք, որ այն բանից հետո, որ Կույսը դարձավ Հոգու և Խոսքի բնակարանը, բոլոր մարդկային [մեղանչական] կրքերը վերցվեցին նրանից: Եթե Հովհաննես [առաքյալը կանանց հետ] նույնիսկ մի փոքր մերձավորությունից այնքան մաքուր գտնվեց 49, ապա ի՞նչ ասել նրա մասին, ով, իննամսյա ժամանակով, Աստծո բովանդակ բնությունը մարմնով կրեց որովայնում: Պետք է հավատալ, որ դրանից հետո ոչ միայն ախտավոր ցանկություններից ազատվեց, այլև բոլոր հարկադիր 50  կրքերից: Իսկ այն կարծիքը, [թե Մարիամը նաև այլ զավակներ է ունեցել], նրանցն է, ովքեր չեն խոստովանում, որ ծնվածն Աստված է, և ծնողը՝ Աստվածածին: Այսպիսիներին՝ իբրև հոգով մեռածների, մի կողմ թողնենք և մենք հաջորդ խոսքին անդրադառնանք:

   Ծնեց,ասում է [ավետարանիչը],իր անդրանիկ Որդուն, և [Հովսեփը] Նրա անունը դրեց Հիսուս: Իբրև արդար և [Աստծո] հրամանները կատարող մարդ՝ [Հովսեփն] անվրեպ կատարեց հրեշտակի միջոցով Տիրոջից հրամայվածը, որովհետև այդ նույն փրկական անունը դրեցին [Մանկան] վրա ութօրական հասակում [Մովսիսական] օրենքով [պահանջված] թլփատության ժամանակ, ինչպես ասվեց [Մարիամին] հրեշտակի կողմից՝ ըստ Ղուկասի պատմության 51:

   Իսկ ի՞նչ է նշանակում «անդրանիկ» — ը: Ո՛չ թե առաջինը հաջորդաբար ծնվողների մեջ՝ ըստ մարդկանց ընդհանուր սովորության (որովհետև սա բացառվում է «Միածին» անվան պատճառով), այլ Սուրբ Հոգուց լինելու և անապական ծննդյան պատճառով: Որովհետև ուրիշ ոչ ոք այսպես չծնվեց, որով, ըստ Պողոսի, Նա եղավ «անդրանիկը բազում եղբայրների մեջ» (Հռոմ. 8։ 29), ովքեր «ո՛չ արյունից և ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհ. 1։13)՝ Ավազանով, որպեսզի, ինչպես որ Նա մարմնով ծնվեց[Սուրբ] Հոգուց ու Կույսից, մենք էլ հոգևոր ծնունդ առնենք [Սուրբ] Հոգուց ու ջրից, որով կրտսեր եղբայրներ ենք դառնում «բոլոր արարածների Անդրանկին» (Կող. 1։15): Ինչպես ծնունդով, այդպես նաև հարությամբ պատշաճ համարեց լինել մեր անդրանիկը, որովհետև «ամեն ինչով նմանվեց եղբայրներին» (Եբր. 2։17)՝ մարմին առնելով և բոլորի փոխարեն այդ մարմնով հաղթանակ տանելով. քանզի եթե Աստված առանց մարմնի հաղթեր, Ամենազորն ի՞նչ գովեստի պիտի արժանանար:

   Նաև [այս խոսքն ասվեց]՝ հայտնի դարձնելու համար, որ [Տերը], Ով նախ Աստված էր մարդու համար, [մարդկանց մեջ անդրանիկ դառնալուց] վատ չզգաց, որովհետև այն, որ [Նա] ա՛յժմ խոնարհվեց դեպի մեր անարգ բնությունը, ավելի մեծ բան է, քան եթե բնակվեր մարդու մեջ, երբ վերջինս դրախտի փառքի մեջ էր: Այլ ինչպես որ ընկածին բարձրացնողն ինքն էլ պիտի խոնարհվի, այդպես մեր Տերը խոնարհվեց դեպի մեր ընկած բնությունը և կանգնեցրեց հարությամբ, որն անկում ապրել չի կարող, և հին Ադամի համար դարձավ նոր մարմին՝ անապականությամբ Նորոգողի 52 հետ միավորությամբ:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ չճանաչեց նրան, մինչև վերջապես նա ծնեց իր անդրանիկ Որդուն, և նա (Հովսեփը) նրա անունը կոչեց «Հիսուս»»։ (Սինոդական թարգ․)[25]
   
   (Հմմտ. Ղուկ. 2։7)։ Այս համարում նախ պետք է բացատրել «մինչև վերջապես» բառերը, բառացիորեն` «մինչև», սլավոներենում` «այնքան ժամանակ, մինչև որ»: Հնագույն ու նոր շրջանի մեկնիչների տեսակետի համաձայն՝ այս բառը չունի «եթե դա չի եղել «մինչև» այդ, ուրեմն եղել է դրանից «հետո»» նշանակությունը (հմմտ. Ծննդ. 8։714, Սաղմ. 89։2 և այլն)։ Սույն համարի ճիշտ բացատրությունը սա է. ավետարանիչը խոսում է միայն Մանկան Ծննդյանը նախորդող ժամանակաշրջանի մասին, իսկ դրան հաջորդող ժամանակի մասին չի խոսում և անդրադարձ չի ունենում: Առհասարակ, «այն, ինչ տեղի ունեցավ ծնվելուց հետո, դա թողնված է, որ դատեք ինքներդ» (Սբ. Հովհան Ոսկեբերան): «Անդրանիկ» բառը բացակայում է Սինայական և Վատիկանյան ձեռագրերում։ Սակայն այլ՝ պակաս կարևոր, բայց մեծաթիվ ձեռագրերում այս բառն ավելացվել է: Այն հանդիպում է Ղուկ. 2:7-րդ համարում, որում ոչ մի հակասություն չկա: Այն նշանակում է նաև` «առաջինը և վերջինը», սակայն միշտ չէ, որ այդպես է։ Որոշ դեպքերում նշանակում է` «առաջին որդին, որին հաջորդում են մյուսները»:
«Նա կոչեց» - այս արտահայտությունը վերաբերում է Հովսեփին: Նա Մանկանն անվանեց այնպես, ինչպես իրեն պատվիրել էր հրեշտակը: Անվանակոչությունը Հովսեփի օրինական իրավասության դրսևորումն էր, չնայած որ նա Հիսուսի ոչ կենսաբանական հայրն էր (հմմտ. Ղուկ. 1:62-63):

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։ 
   
   Ավետարանում բնավ նշված չէ, թե Հիսուս որ տարին և որ ամսին ծնվեց, և ոչ էլ ամսվա կամ շաբաթվա օրը, այսուհանդերձ քրիստոնյաների միջև Հիսուսի ծննդյան օրվա շուրջ վիճաբանություններ եղել են, և ավելի շատ այդ վեճը լինում է մեր Հայ եկեղեցու հետ, որովհետև եթե Լատինները, Հույները և Ասորիները ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին և Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, ապա մենք հունվարի 6-ին կատարում ենք Աստվածահայտնության տոնը, ընդգրկելով նրա մեջ նաև ծնունդը:

   Շնորհալին Ալեքս իշխանին ներկայացրած «Հաւատոյ» գրի մեջ ձգտում է նույնիսկ Ավետարանով հաստատել` թե Հիսուս ծնվեց հունվարի 6-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին, և ահա իր պատճառաբանությունը. Զաքարիա քահանայապետը Քավության տոնի առթիվ մտել էր տաճար խնկարկելու, որ համապատասխանում է հրեաների Թշրինի 10-ին, իսկ մեր` սեպտեմբերի 27-ին:

   Զաքարիան տաճարից տուն չվերադարձած ավարտեց պաշտամունքի տասներկու օրերը, որոնք էին Քավության տոնի հինգ և Տաղավարաց տոնի յոթ օրերը: Ուրեմն` Եղիսաբեթի հղությունը եղավ հրեական Թշրինի 22-ին, իսկ մեր` հոկտեմբերի 9-ին: Իսկ Մարիամը ավետումը եղավ վեց ամիս հետո` ապրիլի 7-ին, և ծնունդը` հունվարի 6-ին:

   Սակայն մենք չենք կարող պնդել վերոհիշյալ հաշվարկի ստուգությունը, քանի որ գլխավոր ենթադրությունն այն է, որ Զաքարիային ընդունում էր իբրև մեծ քահանայապետ, որին հատուկ է Քավության օրերին տաճարի մեջ պաշտոնավարելը, այնինչ, ըստ ավետարանի Զաքարիան պարզ քահանա էր` Աբիայի դասակարգից, և ոչ թե ավետարանի մեջ խմբով հիշատակված քահանայապետերի կարգից, որոնք լոկ դասակարգերի ավագ քահանաներն էին:

   Շնորհալու հաշիվների վերաբերյալ հիմնական ենթադրությունը ավետարանով հաստատելը թերևս դժվար կլինի, մանավանդ, որ Թշրինը լուսնային ամիս է և չի համապատասխանում ամեն տարվա արեգակնային ամսվա նույն օրվան։

   Հիսուսի ծննդյան տոնը առաջին դարում եկեղեցում չի կատարվել, և հազիվ սկսել է տոնվել երկրորդ դարում, իբրև երկրորդ քրիստոնեական տոն: Առաջինը Հարության տոնն էր, որ կատարվելով հրեական զատկի օրերին, հրեական զատիկը փոխարինեց քրիստոնեականով, և հրեական զատկի նման լուսնային հաշվով էր կատարվում, միացած` իրեն նախորդող չարչարանքների և հաջորդող պենտեկոստեի (հոգեգալստյան) օրերին: Իսկ երկրորդ տոնը պարունակում էր Քրիստոսի կյանքի առաջին տնօրինությունները, որոնց մեջ Քրիստոս հայտնվեց իբրև Օծյալ և Փրկիչ, ինչպես նաև Ավետումից մինչև մկրտություն և մինչև Կարապետի տված վկայությունները: Այս բոլորը «Աստուածայայտնութիւն» անվան ներքո մեկ տոն եղան. և հունվարի 6-ին նշվեցին, ոչ թե որևէ ավետարանական ժամանակագրության հետևելով, այլ պարզապես փոխանակելով նույն օրը կատարվող հեթանոսական տոնին: Ժամանակի ընթացքում Ավետումը և քառասնօրյա գալուստը զատվեցին, և հաշվելով դրվեցին հունվարի 6-ից ինն ամիս առաջ և քառասուն օրեր հետո:

   Իսկ դեկտեմբերի 25-ը ավելի ցայտուն մեջտեղ ելավ, երբ Երուսաղեմում Բեթղեհեմի ուխտագնացությունը Հորդանանի ուխտագնացությունից առանձնացնելու անհրաժեշտություն առաջացավ, ինչպես նույն ինքը` Ոսկեբերան Հայրապետը  վկայում է, որ իր օրերից սկսած նորամուտ կարգադրություն է հունվարի 6-ի և դեկտեմբերի 25-ի բաժանումը:

   Մեր նպատակը չէ խորամուխ լինել ծիսական խնդիրների մեջ, այլ բավական ենք համարում ասել, որ ավետարանը բոլորովին փաստ չի տալիս ծննդյան օրվա մասին, թե´ հունվարի 6-ի և թե´ դեկտեմբերի 25-ի խնդիրը պարզ պատահական ծագում ունի, իսկ հունվարի 6-ի տարբերակը ավելի նախնական է և հնավանդ: Այսուհանդերձ մենք էլ, գոնե իբրև ավանդական հիշատակ, սիրում ենք պահել Հռոմի 750 թվականի հունվարի 6-ը, որպես Հիսուսի ծննդյան թվական, և ըստ այնմ կազմել Հիսուսի կյանքի ժամանակագրությունը: Պետք չէ նաև մոռանալ, որ Հովսեփի և Մարիամի`  Նազարեթից ճամփորդելու պարագան, ոչխարների և հովիվների բացօթյա գիշերելու հիշատակությունը ցույց են տալիս այն հավանականությունը, որ դրանք տեղի են ունեցել հունվարի սկզբից կամ դեկտեմբերի վերջից տարբեր, մեղմ և գարնանային եղանակով ամսվա մեջ:

   Եվ իրոք ամենահին ժամանակներում առկա` ապրիլի կամ մայիսի մեջ Ծննդյան տոնը կատարելու հիշատակությունը նույնպես այդ տեսությունն են հաստատում: Զաքարիայի ավետման պատմական պարագան` քավության տոնի հետ կապելու անհրաժեշտությունն էլ արդեն իսկ ավետարանից չի հետևում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 2:21
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։
(Արարատ թարգ․) Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։
(Գրաբար)  Եւ ո՛չ գիտէր զնա, մինչեւ ծնաւ զորդին իւր զանդրանիկ, եւ կոչեաց զանուն նորա Յիսուս: