Հովհաննես Ծործորեցի
45-46.45. Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց::
Երկնքի արքայությունը նման է նաև վաճառական մարդու, ով գեղեցիկ մարգարիտներ է փնտրում և գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ գնում վաճառում է ունեցած ամեն ինչ և գնում այդ մարգարիտը:
Ինչպես որ այնտեղ մանանեխի հատիկն ու խմորն էին մի փոքր տարբերվում միմյանցից, այդպես էլ այստեղ գանձն ու մարգարիտը: Որովհետև առաջինների մասին առակներ պատմեց՝ [ավետարանի] զորությունը [ցույց տալու] համար, իսկ սրանցով [ցույց տվեց], որ [այդ քարոզությունը] գանձի պես շահաբեր և մարգարտի պես թանկարժեք է: Ուստի հասկանում ենք, որ ինչը «գանձե կոչեց, նույնն էլ «մարգարիտե է անվանում և «գեղեցիկե, որովհետև մարգարիտների շատ տեսակներ կան՝ հնդկական, պարսկական, նաև այն, որ Արևմտյան ծովում ու օվկիանոսում է լինում, բայց այստեղ [Տերը] ոչ թե նյութական, այլ հոգևոր ու անպատմելի մարգարտի մասին է խոսում, որը «գեղեցիկե է կոչում ըստ այսմ. «Ընտրված է բյուրավորների միջիցե (Երգ 5։10), և՝ «Տեսքով նա ավելի գեղեցիկ է, քան մարդկանց բոլոր որդիներըե (Սաղմ. 44։3): Ուստիև վաճառականը նախ փնտրում է, ապա ինչ որ ունի՝ տալիս է և գնում այդ մարգարիտը, այսինքն՝ արթուն ու զգոն է լինում՝ մարգարիտը գտնելու համար, և հրաժարվում երկրային խորհուրդներից ու ցանկություններից, որոնցով ձեռք է բերվում այդ մարգարիտը: Որովհետև ինչպես որ ով [թանկարժեք] մարգարիտ ունի, ինքը գիտի, որ հարստանալու է, իսկ շատերը [չգիտեն], այդպես էլ ով Քրիստոսին ու Նրա քարոզությունն ունի, գիտի, որ փառավորվելու է, իսկ անհավատները ոչ ճանաչում են նրան, ոչ էլ նրա հարստությունը հասկանում:
Հարկ է քննել նաև այն, թե [Տերն] ինչու մե՛կ մարգարտի մասին խոսեց: Նախ՝ որովհետև ճշմարտությունը մեկն է և ոչ թե բազում [մասերի] ճեղքված, ինչպես չարը: Երկրորդ՝ «որովհետև Աստված մեկն է, և մեկն է Աստծո և մարդկանց միջնորդը՝ Մարդ Հիսուս Քրիստոսըե (Ա Տիմ. 2։5), Ով թեպետ մեր մարդկային բնությունն առավ՝ միավորելով Իր աստվածությանը, սակայն Աստծո և կույսի մեկ Որդի է ասվում՝ Խոսքի հետ անշփոթ միության պատճառով անապական լինելով և մարմնական լուսատեսիլ էություն ունենալով՝ մարգարտի գույնի և մարմնի նմանությամբ:
Ստեփանոս Սյունեցի
Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում.
«Դարձյալ՝ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում» և այլն:
Կան գեղեցիկ մարգարիտների բազում տեսակներ. հնդկական ու պարսկական, իսկ արևմտյան ծովում՝ բրիտանական: Լինում են և օվկիանոսներում, ինչպես նաև Ակառնական ծովում և Բոսֆորում:
Արդ, այսքանը տեսանելի մարգարիտների մասին: Իսկ նա, ով որոնում է գեղեցիկը՝ հոգևոր մարգարիտը, և չի որոնում այլափառների և աղանդավորների աղջամղջային և սևաթույր խոսքեր, այլ ճշմարիտ օրենքներն ու գեղեցիկ ճրագները, Աստծու խորհուրդների հազարապետներին՝ առաքյալներին և մարգարեներին, և նրանց մեջ ամենից Անգինին՝ Քրիստոսին, և ով գտնում է այս մարգարիտը, իր ամբողջ ունեցվածքը վաճառում է, որպեսզի [այն] գնի և կորցնում է փոքրագույնը, որպեսզի վեհագույն գիտությունն ընդունի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:44

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: