Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:55

Հովհաննես Ծործորեցի

55-57․ Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա: Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»: Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»:
   
   Մի՞թե Սրա մոր անունը Մարիամ չէ, և Սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն: Եվ Սրա քույրերը բոլորն էլ մի՞թե մեզ մոտ չեն: Ուրեմն որտեղի՞ց Սրան այս ամենը: Եվ գայթակղվում էին Նրանով:

   Տեսնո՞ւմ ես, որ [Հիսուսը] Նազարեթում էր խոսում: Բայց դա ինչո՞ւ պիտի արգելք լիներ, որ նրանք հավատքի գային: [Նրանց արգելողը] նախանձն էր, որովհետև այն չար է և [նախանձողը] շարունակ ինքն իրեն վնասում է: Իսկ ի՞նչ է [նշանակում] «գայթակղվում էին Նրանով» [խոսքը]: Ինձ թվում է՝ [կարծում էին], թե ինչ-որ դիվական զորությամբ է Նա սովորեցնում ու հրաշքներ գործում և ոչ թե Աստծո Հոգով, որովհետև եթե համարեին, թե Սուրբ Հոգով է, երբեք չէին անպատվի: Բայց սա փարիսեցիներն էին ասում, և պարզամիտ ժողովուրդն էլ, որ զարմանում էր Նրա գործերի վրա, լսում [էր փարիսեցիներին] ու տխմար լինելու պատճառով գայթակղվում: Իսկ Տիրոջ եղբայրների մասին ավելի առաջ է ասվել 769:

   Հիսուսն ասում է նրանց. «Մարգարեն անարգ չէ, եթե ոչ՝ իր գավառում ու իր տանը»:

   Բացահայտորեն չի խայտառակում նրանց, բայց այնպես է ցույց տալիս, թե՝ «հին է ձեր այդ սովորությունը՝ միշտ անարգելու Աստծուց ուղարկվածներինե, որովհետև Անաթովթը չընդունեց Երեմիայ 770, Թեզբեն՝ Եղիային 771, Աբելմայուլան՝ Եղիսեին 772, Արիմաթեմը՝ Սամվելին 773, [Իսրայելի] ժողովուրդը՝ Մովսեսին, հրեաներն էլ՝ մեր Տիրոջը: Ուստիև Պողոսը Տարսոնում 774: չէր քարոզում, առաքյալներն էլ՝ Հրեաստանում: Որովհետև հարազատներից անարգանք էին կրում, իսկ օտարներից՝ մեծ պատիվ: Այս պատճառով էլ [Տերն] ասաց, որ մարգարեությունն անարգանքի պատճառ չէ, այլ [մարդկանց] գովեստի ու հարգանքի, բացի սեփական ժողովրդից՝ նախանձի պատճառով, որովհետև ովքեր պատիվ ընդունածներին հավասար պատիվ չեն ստանում անարժանության պատճառով, նախանձում են:

   Աստված Ադամին երեք շնորհ տվեց. թագավորություն՝ որովհետև ասաց. «Տիրե՛ք ամեն ինչի վրա» (հմմտ. Ծննդ. 1։28), քահանայություն՝ որովհետև [Ադամն] անուններ դրեց 775, և մարգարեություն՝ որովհետև մարգարեացավ իր կնոջ մասին 776: Բայց մեղանչելուց հետո կորցրին նաև շնորհները՝ ըստ այսմ. «Իմ Հոգին չի մնա դրանց մեջ» (հմմտ. Ծննդ. 6։3): Ուստի մեր Տերը դարձավ երկրորդ Ադամ, որպեսզի այդ շնորհները դարձյալ հեղի մարդկանց մեջ, և կոչվեց Թագավոր, Քահանա ու Մարգարե. «Կթագավորի Հակոբի տան վրա» (Ղուկ. 1։32), «Դու հավիտենական քահանա եսե (Սաղմ. 109։4), և՝ «Ձեր Տեր Աստվածը մարգարե կտա ձեզ» (հմմտ. Բ Օր. 18;15): Եվ քանի որ թագավոր էր, ասաց. «Հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33), և կապեց հզորին 777, իբրև քահանա՝ զոհ մատուցեց և առաքյալներին անուններ տվեց և իբրև մարգարե՝ խոսեց Երուսաղեմի ավերման և աշխարհի վախճանի մասին՝ տալով այս շնորհները մարդկանց, ինչպես և ասաց. «Մարգարեն անարգ չէ, եթե ոչ՝ իր գավառում [ու իր տանը] »: Երեք շնորհներից մեկը՝ մարգարեությունը, հիշատակեց և երկուսը՝ ոչ, որովհետև թագավոր ու քահանա կային, և կհակառակեին, [եթե նրանց մասին խոսեր]: Իսկ մարգարեությունը հիշատակեց, որովհետև կամ մարգարե չկար, կամ էլ, եթե լինեին [մարգարեներ], չէին հակառակի, ինչպես Հովհաննես [Մկրտիչը], «քանի որ մարգարեների հոգիները հնազանդվում են մարգարեներին» (Ա Կոր. 14։32): Եվ ասում է, որ մարգարեն անարգ չէ, որովհետև Աստված շնորհ տալու համար չի զղջում, ոչ ոքի չի մերժում, այլ [մարդն] իր ծուլությամբ է [շնորհը] կորցնում, ինչպես Սավուղը՝ մարգարեությունը 778, Ռոբովամը՝ թագավորությունը 779, և [հրեա] քահանաները՝ քահանայությունը: Որովհետև շնորհն անարգվում է [այն կրողի] մտքից ու զգայությունից: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Մարգարեն անարգ չէ, եթե ոչ՝ իր գավառում ու իր տանը»:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:54

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53