Մեկնություն Ծննդոց 13:8

Սրբ. Եփրեմ Ասորի

8-9. Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիւ չլինի իմ ու քո եւ իմ հովիւների ու քո հովիւների միջեւ, որովհետեւ մենք եղբայրներ ենք: Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»: 

   

   Աստված ասել էր նրան, թե. «Քեզ և քո զավակներին կտամ այս երկիրը» և չէր ասել, թե Ղովտին քեզ հետ վերցրու, բայց նա ասաց Ղովտին. «Մենք եղբայրներ ենք, ահա երկիրը քո առջև է, ընտրիր քեզ համար մի վայր և բնակվիր այնտեղ»: Ղովտը մի բարեբեր երկիր ընտրեց, մինչդեռ հարկ էր Աբրահամին պատվել և նրան թողնել ընտրության հարցը: Բայց Աբրահամի խոնարհությունից և հեզությունից օգտվելով զրկեց և անտեսեց նրան, որով մեզ ցույց է տալիս, թե անցավոր ունեցվածքի համար չագահանանք: «Ղովտը գնաց արևելք» -ի փոխարեն եբրայեցիներն ասում են. «Ղովտն առաջինը գնաց և բնակվեց դաշտի քաղաքում Աքարի փոխարեն»:

   Աբրահամն ունեցվածք և ստացվածք չվերցրեց, ինչպես ասաց նրան սոդոմացիների արքան, քանզի ունեցվածքն ու ստացվածքը խառն էին սոդոմացիների հետ և նրանք Քանանի որդիներ չէին: Եւ դրանով հայտնի դարձավ, որ ոչ ունեցվածքը նրան ագահեցրեց և ոչ էլ նրանց առաջարկած վարձը. «Բարձրացնում եմ ձեռքն իմ առ Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը»: Դրանով հայտնեց, որ ուխտ է արել Աստծո հետ, թե թելից մինչև կոշիկի կապն անգամ չի վերցնի, եթե նա հաղթանակ պարգևի իրեն: Եւ նրա գնալու պատճառը, ինչպես Սուրբ Գիրքն է տեղեկացնում, իր եղբորորդի Ղովտն էր: Եւ այն ամենից, ինչ ետ վերադարձրեց, տասանորդ տվեց Աստծուն ի դեմս Մելքիսեդեկի: Եւ որ ասում է, բացի բոլորից, սա թող լինի իր գերված եղբոր որդու համար. Ինչո՞ւ է ասում՝ բոլորից: Նա սոդոմացիների արքային ասաց. «Որպեսզի չասես, թե ես հարստացրեցի Աբրահամին»:
   

Ա. Լոպուխին

Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք: [8]
   
   «Եվ Աբրամն ասաց Ղովտին.-«թող գժտություն չլինի իմ ու քո միջև»... «Այս պարզ ու հասարակ բառերի միջոցով, որքա՜ն հրաշալիորեն պատկերվում է Աբրամի վեհ ու ազնիվ կերպարը։ Այս բառերից արդեն պարզ է դառնում, որ Ղովտը պատրաստ էր միանալ հովիվների վեճին։ Հանդարտոեն և արժանապատվությամբ Աբրամը հիշեցնում է նրան, որ իրենք ազգականներ են, և ակնարկում է, որ պատշաճ չէ նրանց միանալ ծառաների վեճին, և վտանգավոր է այն առումով, որ շրջապատված են այլազգիներով» (Վլաստով)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիւ չլինի իմ ու քո եւ իմ հովիւների ու քո հովիւների միջեւ, որովհետեւ մենք եղբայրներ ենք:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամն ասաց Ղովտին. «Թող վեճ չլինի իմ ու քո միջև, իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք:
(Գրաբար) Ասէ Աբրամ ցՂովտ. Մի՛ լիցի կռիւ ընդ իս և ընդ քեզ, և ընդ հովիւս իմ և ընդ հովիւս քո. զի արք եղբա՛րք եմք մեք.