Ծննդոց գրքի մեկնություն 14:13

Ա. Լոպուխին

Ճողոպրածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց եբրայեցի Աբրամին, որ Եսքողի և Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնու մոտ էր բնակվում, որովհետև նրանք Աբրամի դաշնակիցներն էին։ (Սինոդական թարգ․) [13]
   

   Ճողոպրածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց եբրայեցի Աբրամին… Աբրամը եբրայեցի է անվանվում որպես Սեմի ծոռ Եբերի շառավիղ, ճիշտ նույն իմաստով (պատումում հիշատակվող ոչ եբրայեցիներից տարբերելու համար), որով այս մակդիրն ավելի ուշ կիառվում է Հովսեփի համար (Ծննդ. 39:17)։

   Եսքողի և Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնու մոտ էր բնակվում, որովհետև նրանք Աբրամի դաշնակիցներն էին: Այստեղ հիշատակված ամորհացիները, ամենայն հավանականությամբ, քանանական «թագավորիկներ» հիշեցնող բավականին հզոր սեփականատերեր էին։ Նրանք հաստատապես Սուրբ Գրքում հիշատակվում են այն պատճառով, որ Աբրամի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էին, որի հետ, ըստ երևույթին, հարձակողական և պաշտպանական դաշինքներ էին կնքել։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ճողոպրածներից մէկն եկաւ ու այդ մասին պատմեց միւս կողմում գտնուող Աբրամին: Նա բնակւում էր Աբրամի դաշնակիցներ Եսքողի եղբօր եւ Օնանի եղբօր՝ ամորհացի Մամբրէի կաղնու մօտ:
(Արարատ թարգ․) Եվ եկավ փրկվածներից մեկն ու այդ մասին պատմեց եբրայեցի Աբրամին: Նա բնակվում էր Մամբրեի կաղնիների մեջ՝ ամորհացի Եսքողի եղբոր և Աների եղբոր մոտ, որովհետև նրանք Աբրամի դաշնակիցներն էին:
(Գրաբար) Եւ եհա՛ս ոմն ի զերծելոց անտի, և պատմեաց Աբրամու յայնկոյս կացելոյ. և նա էր բնակեալ առ կաղնեաւն Մաբրէի Ամովրհացւոյն՝ եղբօրն Էսքողայ՝ և եղբօրն Աւնանայ, որ էին դաշնաւորք Աբրամու։