Հովհաննես Ծործորեցի
քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի:
 Որովհետև Մարդու Որդին գալու է Իր Հոր փառքով, Իր հրեշտակներով հանդերձ, և այնժամ կհատուցի յուրաքանչյուրին ըստ նրա գործերի:
 Նախ՝ [Տերը] սա ասում է Պետրոսին քաջալերելու համար, թե՝ ինչո՞ւ ես վախենում, ո՛վ Պետրոս, Իմ Հոր փառքով ես Ինձ տեսնելու: Ուրեմն եթե Ես փառքի մեջ եմ լինելու, ապա դու էլ ես փառա վորվելու, որովհետև ձեր կյանքը միայն այս աշխարհում չէ, ավելի լավի մեջ եք փոխադրվելու:
 «Հոր փառք» է կոչում կամ լույսի պայծառությունը, կամ հրեշտակների բազմությունը, որովհետև «Թագավորի փառքը նրա բազմաքանակ զորքի մեջ է» (Առակ. 14։28): Եվ [Տերը] գալու է ոչ թե փրկելու համար, այլ դատելու. որովհետև առաջին [գալստյանը] լռելյայն եկավ փրկելու, իսկ երկրորդին [գալու է] հայտնապես և դատելու համար՝ ըստ այսմ. «Գալիս է, և գալիս է Նա դատելու երկիրը» (Սաղմ. 95։13): Նաև [հրեշտակների] զորքերով է գալու, որոնք էլ մարդկանց գործերի վկաներն են, ուստի ասում է. «Կհատուցի յուրաքանչյուրին ըստ նրա գործերի»: Սրանով հիշեցնում է ատյանը, անշարժ բեմը և անվրեպ դատաստանը: Բայց «ըստ գործերի» ասելը ոչ միայն չարերի տանջանքն է հիշեցնում, այլև բարիների ու արժանավորների պարգևներն ու պսակները, որ [Տերը] բաշխելու է ըստ [մարդկանց] արդար վաստակի՝ ոմանց կյանք և ոմանց՝ պատիժներ: Այլև «յուրաքանչյուրին» ասելը նշանակում է, որ ինչպես փառքն է զանազան, այդպես էլ տանջանքը, որովհետև [Տերը] երկուսն էլ ըստ գործերի է կշռելու՝ ըստ Դավթի. «Հատուցում է ըստ գործերի» (հմմտ. Սաղմ. 61։13), որը մեծ արդարություն է:
 Երկրորդ՝ քարոզում է, որ Ինքը բնութենակից է Հորը. եթե Հոր փառքով է գալու, ուրեմն պարզ է, որ էությամբ նույնն են, քանի որ մեկ բնությունը չունի տարբեր փառքեր, ինչպես և հակառակը՝ տարբեր բնություններ մեկ փառք չեն ունենում: Ուստի, քանի որ այստեղ մեկ փառքի [մասին է խոսվում], ապա պարզ է, որ բնությունն էլ է մեկ, որովհետև [Տերը] չասաց, թե գալու է Հոր փառքի նմանությամբ, այլ՝ «Հոր փառքո՛վ», որպեսզի միությունը լիովին ցույց տար:
 Երրորդ՝ ասում է, որ Մարդու Որդին է գալու Հոր փառքով: Որպեսզի չկարծվի, թե Նրա խոսքերը [միայն Նրա] մարմնին են վերաբերում, հաստատում է, որ Ինքն իսկապես Նա է, Ով վերցվեց Ադամի նյութից, և հավասարապես Աստված է՝ վերցվածի հետ, որը միացավ [աստվածությանը], նաև դատավոր է լինելու Մարդու Որդին, ով Խոսքի հետ անշփոթ միության պատճառով համարձակությամբ դավանվում է Աստծո ճշմարիտ Որդի և ողջերի ու մեռյալների Դատավոր: [Տերն Իր աստվածության] փառքի օրինակն աղոտ կերպով հայտնում է աշակերտներին, ինչպես և [ավետարանիչը] պատմում է ըստ կարգի:
Մաղաքիա արք. Օրմանյան
քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: