Հովհաննես Ծործորեցի
32-33. Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»:
 Այդժամ նրա տերը կանչեց նրան և ասաց. «Չա՛ր ծառա, ամբողջ պարտքդ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ : Ուրեմն վայել չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի»:
 Երբ վկաներով հաստատվեց [պատահածը], այդ ժամանա՛կ կանչեց՝ որպես խրատ մեզ: «Կանչել»-ը կամ [Սուրբ] Գրքով դաստիարակությունն է, որով [Տերն] ամենքին կանչում է դեպի ճշմարտությունն ու Աստծո հաճությունը, կամ օրհասական մահը, որով այս կյանքից դուրս է հանում՝ ըստ սաղմոսի. «Վերադարձի՛ր, հոգի իմ, դեպի քո հանգիստը, քանզի Տերը կանչեց քեզ» (հմմտ. Սաղմ. 114։7): Բայց դու դարձյա՛լ տես [թագավորի] հեզությունը, որ թեպետ կանչեց, սակայն ըստ իր իշխանությա՛ն չի դատում, այլ իրավունքն է պարզում, թեպետ վերցնելու էր [նրանից] իր պարգևը. ավելի ճիշտ՝ ոչ թե Նա է վերցնում, այլ ով վերցրեց, վերադարձնում է: Նաև կանչեց ոչ թե հարցաքննության, այլ ծեծի ու անարգանքի, ինչպես ասում է. «Չա՛ր ծառա»: Երբ իր պարտքն էր պահանջում՝ բյուր քանքարը, այսպես չդիմեց, իսկ երբ [ծառան] ընկերոջը վշտացրեց, [տերն] այսպես դիմեց, որովհետև [Աստված] վրեժխնդիր է լինում մեզ համար և մեր ամեն ինչն Իրենը համարում՝ ինչպես բարի բաները, այդպես էլ չար: «Չար ծառա»՝ ո՛չ բնությամբ, այլ կամքով. դա երևում է հաջորդ [խոսքից]. «Որովհետև քո այդքան պարտքը շնորհեցի,- ասում է [թագավորը],- իսկ դու չկամեցար սակավը շնորհել, այն էլ՝ ծառայակցիդ»: Ուստի [Տերն] իրավացիորե՛ն ասաց այլուր. «Երանի՜ ողորմածներին, քանզի նրանք ողորմություն կգտնեն» (Մատթ. 5։7):
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: