Հովհաննես Ծործորեցի
Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»:
Ամբոխը սաստեց նրանց, որ լռեն, բայց նրանք է՛լ ավելի աղաղակեցին` ասելով. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Որդի՛ Դավթի»:
Կամ նախանձից էին սաստում, որ չբժշկեր նրանց Նա, Ում մասին բարի համբավ էր տարածվել, կամ էլ լռեցնում էին [Հիսուսին] պատվելու դիտավորությամբ, ինչպես որ մի անգամ էլ մանուկներին էին [առաքյալներն արգելում մոտենալ Հիսուսին]: Բայց [կույրերը] չդադարեցին և է՛լ ավելի աղաղակեցին, քանի որ այդպիսին է ժուժկալների հոգին. որքան մեկն ավելի է նրանց արգելում, այնքան ավելի են մղվում դեպի [ժուժկալության գործերը]: Եվ Քրիստոսը թույլ տվեց ըմբերանել նրանց, որպեսզի նրանց հոժարությունն ավելի լավ երևար և սովորես, որ արժանի էին այդ երախտիքը վայելելու, ուստիև հավատ չպահանջեց նրանցից, ինչպես շատ ուրիշներից, քանի որ նրանց աղաղակելն ու առաջ մղվելը բավական էին` ցույց տալու նրանց հավատն ու հոժարությունը: Որովհետև ոչ աղքատությունը, ոչ կուրությունը, ոչ չլսվելն ու ոչ սաստող բազմությունը կամ վարքի անհամարձակությունը չկարողացան կասեցնել նրանց, որպեսզի իրականանար այն խոսքը, [որ ասում է]. «Լույսն աշխարհ եկավ, որպեսզի կույրերին տեսնել տա» (հմմտ. Հովհ. Գ 19, Ես. ԽԲ 7): Այստեղից սովորում ենք, որ թեկուզ չափազանց արհամարհված ու խոտան էլ լինենք, եթե հավատով մոտենանք Աստծուն, անձամբ կարող ենք հասնել մեր խնդրածին, և եթե Աստված ուշացնի պարգևը կամ էլ մեկը ստիպի [մեզ] հետ քաշվել, չդադարենք խնդրելուց, որովհետև այդպես ավելի՛ կհավանեցնենք Աստծուն, ինչպես այս [կույրերը], որ աղաղակում էին` ասելով. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ»:
Ոչ միայն աղաղակ բարձրացրին, այլև խոսքով պանծացրին [Տիրոջը]. «Տե՛ր,-ասացին,-ողորմի՛ր մեզ», որովհետև Դու, Ում նախ «Դավթի որդի» կոչեցինք, նույն ինքը նրա Տերն ես, և ողորմությունը հավետ Արարչիդ է վայել: «Տեր» [ասելով]` խոստովանեցին Նրա մշտնջենական աստվածությունը, իսկ «Դավթի Որդի»ով` մարդեղությունը, որովհետև Հիսուսը ոչ սոսկ մարդ է, ոչ էլ միայն Աստված, այլ մարմնին անճառապես միացած Աստված: Եվ քանի որ [կույրերը] Նրան դավանեցին այնպես, ինչպես կար, այդ պատճառով էլ իրենց խնդրածը ստացան:
Իսկ ըստ [մեկնության] երկրորդ եղանակի` ամբոխ հասկացիր դևերի բազմությունը կամ հրեաների խառնամբոխը, որոնք փորձություններ էին բերում սրբերի վրա, որպեսզի [վերջիններս] նեղությունից թերևս լռեին ու դադարեին Քրիստոսին պաղատելուց կամ հավատալուց: Բայց նրանք է՛լ ավելի էին աղաղակում. «Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք [Քեզ]» (Ես. 26։16), «Նեղությանս մեջ Տիրոջը դիմեցի» (Սաղմ. 17։7), «Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նրանց վշտերից փրկեց նրանց.... ուղարկեց Իր խոսքն ու բժշկեց նրանց» (Սաղմ. 106։6, 20) Նա, Ով եկավ ու դարձավ Դավթի Որդի` ըստ նրանց խնդրանքի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:29
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: