Ծննդոց գրքի մեկնություն 21:14

Ա. Լոպուխին

Աբրահամն առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց և տվեց Հագարին՝ դնելով նրա ուսերին, մանկանն էլ տվեց ու դուրս հանեց նրան: Նա գնաց ու մոլորված շրջում էր Բերսաբեի անապատում: [14] (Սինոդական թարգ․)
   
   «Աբրահամն առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց և տվեց Հագարին՝  դնելով նրա ուսերին»…Աստծուց առանձնահատուկ հայտնություն ստանալով՝ Աբրահամը շտապում է այն կատարել։ Իսկ ինչ վերաբերում է Հագարին զգեստավորելու տեսարանին, ապա այն լի է գեղարվեստական ռեալիզմով  և լիովին համապատասխանում է հին արևելյան սովորություններին: Մենք  այդ մասին գիտենք հին եգիպտական և ասորա–բաբելոնական հուշարձաններից, ինչպես նաև Հերոդոտոսի վկայությունից։  «Նա գնաց ու մոլորված շրջում էր Բերսաբեի անապատում…» Ինչպես  առաջին անգամ (Ծննդ. 16:6), հավանաբար նաև այս անգամ Հագարը ուղևորվեց դեպի իր հայրենի երկիր՝ Եգիպտոս, սակայն շատ չանցած մոլորվեց այն վայրում, որը հետագայում կոչվեց Բերսաբե և որը [ընկած էր] Քեբրոնից դեպի հարավ–արևմուտք` 12 մղոն հեռավորության վրա. (հմր. 31)։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց: Ագարը թափառում էր անապատում, Երդման ջրհորի մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն առավոտ կանուխ վեր կացավ, հաց և մեկ տիկ ջուր վերցրեց, դրեց Հագարի ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց: Եվ նա գնաց ու մոլորված շրջում էր Բերսաբեի անապատում:
(Գրաբար) Յարեաւ Աբրաամ ընդ առաւօտն՝ և ա՛ռ հաց և տիկ ջրոյ և ետ ցԱգար, և ե՛դ յուս նորա զմանուկն, և արձակեա՛ց զնա։ Եւ երթեալ մոլորեալ շրջէ՛ր յանապատի անդ առ Ջրհորովն երդման։