Ծննդոց գրքի մեկնություն 22:1

Ա. Լոպուխին

Եվ եղավ որ այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»: Նա ասաց.«Այստեղ եմ»: [1] (Սինոդական թարգ․)

   

   «...այս դեպքերից հետո...» Սա ոչ այնքան ժամանակի, որքան դեպքերի հաջորդականության սովորական և բավականին անորոշ սուրբգրային ցուցում է: Համենայն դեպս, հետագա շարադրանքից (6–րդ համար) երևում է, որ Իսահակի զոհաբերությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա ի վիճակի էր ողջակեզի համար անհրաժեշտ քանակությամբ փայտ տանել. Այսինքն մոտավորապես 12–15 տարեկան էր:

   «Աստված փորձեց Աբրահամին»…   Սբ. Ֆիլարետը տարբերում է երկու տեսակի փորձություն. «Փորձություն չարի միջոցով կամ փորձություն, որը դրդում է մարդուն իրագործելու իր մեջ թաքնված չար հակումները, և փորձություն բարու միջոցով կամ փորձություն, որ  մարդու մեջ եղած բարուն ուղղորդում է բացահայտ պատերազմելու չարի դեմ՝ հաղթանակի ու փառքի հասնելու համար: Առաջինն Աստծուց չէ, այլ հետևանքն է Աստծո թողտվության (Բ Մնաց. 32:31), իսկ երկրորդն Աստծուց է և հոգևոր ուժերի միջոցով տրվում է որպես շնորհ նրանց, որոնք արժանի են ընդունելու «շնորհ շնորհի փոխարեն»: «Աստված փորձեց Աբրահամին,– ասում է երանելի Թեոդորետոսը,– ոչ թե իր չիմացածը իմանալու համար, այլ որպեսզի անգետներին տեղեկացնի, որ  արդարացիորեն  սիրեց նահապետին»:
Փորձությունը որպես աստվածային սիրո դրսևորում և որպես առաքինության զարգացում ու ամրապնդում  ներկայացնելու նման մոտեցում տեսնում ենք նաև Սուրբ Գրքի մի շարք այլ հատվածներում (Ելք. 16:4, Բ Օր. 8:2, 13:3, Բ Մնաց. 32:31, Սաղմ. 25:2, Հակ. 1:12, Ա Պետ. 1:7, Ա Կորնթ. 10:13 և այլն):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց.«Այստեղ եմ»:
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
(Գրաբար) Եւ եղև յետ բանիցս այսոցիկ, փորձեա՛ց Աստուած զԱբրաամ՝ և ասէ ցնա. Աբրաա՛մ Աբրաա՛մ։ Եւ նա՛ ասէ. Ա՛ւասիկ եմ։