Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:15

Հովհաննես Ծործորեցի

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում:
   

    1260 Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ հածում եք ծովով ու ցամաքով` մեկին դարձի բերելու համար, և երբ դարձի է գալիս, նրան դարձնում եք գեհենի որդի` ձեզնից կրկնակի անգամ ավելի:

    Երկու կերպ է պախարակում նրանց: Առաջին` որ անպիտան էին շատերին փրկելու համար, շատ քրտինք թափելու կարիք ունեին և մինչև իսկ մեկ հոգու չէին [կարողանում] դյուրավ որսալ, և երկրորդ` նաև ծույլ էին գտածը պահպանելու մեջ, որովհետև եթե ուռկանի մեջ հազիվ [մի հոգի] էր ընկնում, հորդորում էր [նրանց] խնայել իրեն. և ոչ միայն այսքանը. այլև իրենց չար ընթացքով մատնում էին նրան ապականության: Իսկ ի՞նչ է «ծովով ու ցամաքով» [խոսքը նշանակում]: Նշանակում է` խորհրդով ու մարմնով տաժանում եք և հազիվ մի հոգու եք աշակերտ դարձնում, ինչպես ասում է. «Երբ դարձի է գալիս, նրան դարձնում եք գեհենի որդի` [ձեզնից] կրկնակի անգամ ավելի»: Որովհետև երբ աշակերտն այդպիսի ուսուցիչ է տեսնում, չարության մեջ ավելի է առաջ գնում` չսահմանափակվելով ուսուցչի չար գործերով, իսկ երբ ուսուցիչն առաքինի է լինում, աշակերտը հազիվ նմանվում է նրան: Այս պատճառով էլ [Տերն] ասում է` նրան կրկնապատիկ չարությամբ եք դարձնում գեհենի ժառանգ, այսինքն` նախկինում ունեցածին ձեզնից սովորածն էլ [ավելացնելով]: Կամ էլ` ինչպես որ դուք եք գեհենի որդի, այդպես էլ նրան եք դարձնում: [Տերը] սա ասաց, որպեսզի նրանք վախենային, իսկ [աշակերտները] սարսափեին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13