Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:23

Հովհաննես Ծործորեցի

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել:

 

   Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ տասանորդում եք անանուխը, սամիթը, չամանը և թողել եք Օրենքի ծանր [պատվերները]` դատաստանը, ողորմությունն ու հավատը. պետք էր և սա անել, և նա չթողնել:

    Տես և ուրիշ ախտ նրանց մեջ. այն, որ մանր բաները պարտադիր պահանջում էին, իսկ կարևորներն անտեսում: Որովհետև ի՞նչն է ավելի մեծ, քան դատաստանը, որն Աստծուն է [վայել], և որն [Աստված] զգուշացնում էր առանց կաշառքի ու ակնառության կատարել և աղքատի իրավունքը չոտնահարել: Իսկ «ողորմությունը» [գործվում է] ընկերների հանդեպ, մանավանդ աղքատների, և դա է, որ [Աստված] ավելի է կամենում, քան զոհը` ըստ մարգարեի. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» (Ովսե 6։6): Եվ «հավատը» կամ այն է, որ երբ մեկը ողորմություն է գործում, հավատում է, որ Աստծուն փոխ տվեց և մարդկանց փառքի համար չի անում, այլ Նրա, Ով ողորմության օրենքը սահմանեց, կամ [Տերը] «հավատ» է կոչում Աստծո դավանությունը` ըստ այսմ. «Ես եմ Աստված, և չկա այլ մեկը, Ինձնից բացի» (հմմտ. Բ Օր. 32։39), կամ էլ աղոթքն է «հավատ» կոչում: Ուրեմն` պետք էր այսպիսի մեծ գործերը կատարել. դա անելն օգուտների պատճառ է, իսկ արհամարհելը` պատիժների, մանավանդ որ տասանորդ տալը չէր խափանում ողորմություն գործելը: Ուստի չպետք է [տասանորդելն] իբրև օրենք պահեին, իսկ այս մյուս բաները խափանեին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13