Հովհաննես Ծործորեցի
27-28. Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ:
Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք ծեփապատ գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, իսկ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն պղծությամբ:Այդպես էլ դուք եք դրսից արդար երևում մարդկանց, իսկ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրինությամբ:
Տակավին սնափառության ախտն է նախատում, որն [ունեցողներին] «կեղծավոր» է կոչում, և որը բազմաթիվ չարիքների և կորստյան պատճառ է: Ուստի ոչ միայն «ծեփապատ գերեզմաններ» կոչեց [սնափառներին], այլև «պղծությամբ լի», այսինքն` ժահահոտ ոսկորներով ու նեխած անդամներով, որոնք զազրելի խորհուրդներն ու մեռելոտի գործերն են: [Տերն ուզում է ասել]` շատերին արդար եք երևում մարմնի մաքրությամբ, բայց հոգով անպատմելի բաներ եք բարբառում, ինչը շատ ողբերի և հետին թշվառության է արժանի: Եվ դա էլ պատճառ դարձավ չհավատալու Քրիստոսին, ինչպես որ այժմ էլ կան շատեր, որ արտաքին մարդով կեղծում են, իսկ [ներքուստ] լցվում չար ցանկությունների խորհուրդներով: Նրանք որդերից էլ պիղծ են, և նրանց մեջ ոչ Քրիստոսն է բնակվում, ոչ էլ Սուրբ Հոգու զորությունն է գործում: Որովհետև այժմ մարմնով կենդանի են, բայց հոգով` մեռած, իսկ երբ մարմինն էլ վախճանվի, հոգով ու մարմնով կորստյան կմատնվեն: [Տերը] սկզբում չար ախտը հանդիմանեց, իսկ այժմ ասում է, որ [այն ունեցողները] նաև մեռած են` առանց խղճմտանքի մնալով դրա մեջ` ըստ այսմ. «Կա մեղք, որ մահացու է» (Ա Հովհ. 5։17): Այդ պատճառով էլ [այսպիսիներին] գերեզմանների հետ է բաղդատում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: