Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:37

Հովհաննես Ծործորեցի

«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք:

 

    Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էր մարգարեներին և քարկոծում նրա մոտ ուղարկվածներին:

    Այս խոսքը և ողբ է, և սպառնալիք: Ողբ է, որովհետև ինչպես որ բժիշկը, որ բազում անգամ զգուշացնում է հիվանդին մահվան պատճառ հանդիսացող վնասակար կերակուրներից [հեռու մնալ], իսկ նա չի զգուշանում, սկսում է այնուհետև ողբալ հիվանդին, որովհետև վերջինս ինքն իրեն սպանում է, այդպես էլ Տերը զգուշության բազմաթիվ [հրավերներից] հետո ասում է.«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ», ինչը սիրո և ցավակցության դրսևորում է: Իսկ սպառնալիք է [այսպես ընկալելու դեպքում]` «Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ, այս ու այն բանն արեցիր, ուստի այսուհետև վրեժների ժամանակն է»: Եվ [«Երուսաղեմ» բառը] կրկնելը կամ պատահելիք իրերի ստույգ լինելն է ցույց տալիս, կամ էլ [Տերը] «Երուսաղեմ» է կոչում երկու բան` քաղաքն ու բնակիչներին, որովհետև քաղաքն ավերվելու էր, իսկ բնակիչները` գերեվարվելու:

    «Որ կոտորում էր մարգարեներին և քարկոծում ուղարկվածներին»:

    Արդարությունն է պարզում նրանց առաջ. թեպետ պատժվելու ես, ասում է, սակայն ո՛չ առանց հանցանքի, այլ որովհետև արդար մարդկանց ապիրատ սպանող եղար: Որովհետև սպանեցին մարգարեներից շատերին, ինչպես Եսայուն, Զաքարիային, քարկոծեցին Երեմիային, հետո Ստեփանոսին, ովքեր նրանց չարիք չէին հասցրել, այլ գալիքն էին պատմում, ինչպես մարգարեները, և նրանց փրկության ավետիսը տալիս, ինչպես առաքյալները: Արդարության այս [քննությունն Աստված] նաև մարգարեների համար էր անում. «Վերադարձի՛ր Ինձ մոտ, ասում էր [Իսրայելին], և չվերադարձավ» (Երեմ. 3։7), այդ պատճառով էլ [Աստված] պատժում էր: Նույն կերպ էլ այստեղ է հանվանե կանչում, անիրավ սպանությունը ցույց տալիս և ապա վճիռ կայացնում: Իսկ ասելը` «կոտորում էր մարգարեներին», նշանակում է [երուսաղեմացիների կատարած] առատ ու անխնա սպանությունները, այն, որ խողխողում էին մարգարեներին, ինչպես [տրորում են] դաշտի խոտը:

    Քանի՜ անգամ կամեցա ժողովել քո մանուկներին, ինչպես թռչունն է ժողովում իր ձագերին թևերի տակ, և չկամեցաք:Սրանով Իր [պատժելու] իրավունքն է ցույց տալիս, թե` «Նաև ոչ այսպիսի միջոցներով դարձի եկար», որովհետև «քանի անգամ» ասելը նշանակում է [Աստծո] անչափ ու անհաշվելի խնամքը [Երուսաղեմի հանդեպ], ինչպես սովորեցինք թզենու առակից. «Այս երեք տարի է` գալիս եմ պտուղ գտնելու և չեմ գտնում» (հմմտ. Ղուկ. 13։7): Եվ այդ խնամքը թռչունի օրինակով է ցույց տալիս, որովհետև թռչունը ջերմ է իր որդիների հանդեպ, և օրհնություններում 1283 [և այլուր] նույնն ասվեց, թե [Տերը] տարածեց Իր թևերը [նրանց վրա] 1284, ընդունեց հոգատարության տարբեր ձևերով` մարգարեների, թագավորների և պարգևների միջոցով, մանավանդ Իր գալստյամբ Իր մարմինը հովանի դարձրեց նրանց վրա, այլև խաչը, բայց չկամեցան փրկության հասնել և Նրա խնամքը վայելել, ուստիև ասում է.
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:33